«Գյուրջիստանի վիլայեթի մեծ դավթարի» (էջ 202-203) վկայությամբ 1595 թ. Խանդոն Ախալքալաքի տարածաշրջանում, հանդիսանում էր ամենամեծ գյուղը և միավորում էր 61 ծուխ (տուն), բնակչությունը՝ 1525 մարդ, հարկվել 15 000 ակչե։ Գյուղը մտնում էր Անտառային Ջավախքի լիվայի (շրջանի) մեջ։ Մինչև 16-րդ դարի վերջը Խանդոյի հողատարածության մեծ մասը (1600 հա), շրջափակված էր սաղարթախիտ անտառով։
1830 Խանդո գյուղը առնում է նոր շունչ, այստեղ են ներգաղթել Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգի Խաչքավանք գյուղից, Բասենից նաև Կարսից։
1828 թվականի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմում գեներալ Բ. Ֆ. Պասկևիչի զորքերը գրավեցին Ջավախքի կենտրոն Ախալքալաքը, և այն ավարտվեց Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով (1829 թ. Սեպտեմբերի 2), որով Ռուսական կայսրությանն անցան Ախալցխա, Ախալքալաք և Ծալկա քաղաքները։
Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի շրջակայքում՝ վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի։ Այդ թվում էր Խանդո գյուղը և Խանդոյի Սուրբ Գևորգ եկեղեցին (վանքը)։
Պատմական հուշարձաններից կանգուն են մնացել Ս. Գևորգ եկեղեցին (XII - XIII դդ.), որը կառուցված է սրբատաշ կարծր քարով ու աչքի է ընկնում ճարտարապետական բարձր արվեստով, և իջևանատունը։ Կան նաև արհեստական քարանձավներ, որոնք իրար են միացած ստորգետնյա անցուղիներով (մեկը իջնում է դեպի Փարվանա գետը)։ Գյուղի Ս. Խաչ եկեղեցին կառուցվել է 1831 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 12)։