Առանցքային ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Առանցքային ժամանակ (գերմ.՝ Achsenzeit), եզրույթ՝ ներմուծված գերմանացի փիլիսոփա Կառլ Յասպերսի կողմից՝ մարդկային պատմության այն ժամանակահատվածի նշանակման համար, որի ընթացքում առասպելաբանական աշխարհայացքին փոխարինելու է գալիս ռացիոնալ-փիլիսոփայականը՝ ձևավորելով ներկայիս մարդուն։ Առանցքային ժամանակը թվագրվում է մ.թ.ա. 800-200 թվականներին, երբ աշխարհի տարբեր մասերում՝ Հունաստան, Պաղեստին, Միջագետք, Հնդկաստան, Չինաստան, գրեթե միաժամանակ անցում եղավ մարդկության հոգևոր զարգացման բարձր աստիճանի՝ առասպելաբանական դարաշրջանից դեպի բարդ սոցիալական կառույցներ։ Յասպերսի կարծիքով առանցքային ժամանակի բոլոր ուսմունքները (որոնք գոյություն ունեն մինչւ այժմ) տարբերվում են ռացիոնալիզմով և մարդու ձգտմամբ՝ վերաիմաստավորելու եղած ավանդույթները, նորմերը, սովորությունները։ Նախաառանցքային որոշ քաղաքակրթություններ (Հին Եգիպտոս, Ասորա-բաբելոնական քաղաքակրթություն) չեն կարողացել հարմարվել փոփոխություններին և դադարել են գոյություն ունենալ։

Յասպերսը գտնում է, որ առանցքային ժամանակն է սկիզբ դրել փիլիսոփայությանը՝ որպես ինքնուրույն գիտակարգի

«Առանցքային ժամանակ» հասկացությունը Յասպերսը ներմուծել է իր «Պատմության նշանակությունը և իմաստը» (գերմ.՝ Vom Ursprung und Ziel der Geschichte)[1] գրքում՝ հրապարակված 1949 թվականին: Յասպերսը չի ընդունում մշակույթների ցիկլների մասին տեսությունները, որ սկզբից մշակվել է Օսվալդ Շպենգլերի, հետո Առնոլդ Թոյնբիի կողմից, որոնց համաձայն՝ մշակույթները միմյանցից անկախ են։ Նա համարում է, որ մարդկությունն ունի ընդհանուր հիմքեր և ընդհանուր նպատակ: Այդ հիմքերը, նպատակը մեզ անհայտ չեն, համենայն դեպս՝ որպես հավաստի գիտություն։ Ի տարբերություն նպատակի՝ նրա իմաստը մեկն է՝ միասնություն։

Հեղինակը առաջ է քաշում համաշխարհային պատմության չորս փուլ.

  • Նախապատմականից անցում՝ դեպի հին մշակույթներ։
  • Անցում հին մշակույթներից՝ առանցքային ժամանակի
  • Առանցքային ժամանակից անցում՝ դեպի գիտատեխնիկական
  • Անցում գիտատեխնիկականից։ (Յասպերսը չի տալիս հստակ պատասխան, թե ու՞ր)։

Միայն ամբողջ մարդկության պատմությունն ուսումնասիրելով՝ կարող ենք իմաստավորել այն, ինչ կատարվում է այժմ։ Այն, որ մենք ընդհանրապես պատմություն ունենք, որ այդ պատմությունը մեզ այսպիսին է դարձրել, որպիսին այժմ ենք, մեզ բազում հարցերի առաջ է կանգնեցնում։ Որտե՞ղից է այն, ու՞ր է գնում, ի՞նչ է այն նշանակում։ Մարդն իր համար միշտ էլ ստեղծել է ունիվերսումներ, սկզբում առասպելերի տեսքով, ապա աստվածային գործունեության տեսքով, որն առաջ է տանում աշխարհի քաղաքական ճակատագիրը. ներմուծելով մարգարեների գաղափարը՝ ավելի ուշ՝ պատմությունը ընկալվում է աշխարհաստեղծման ժամանակից մինչև աշխարհի վերջ՝ ահեղ դատաստան[1]:

Հասկացության բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պատմության առանցքը, եթե այն իրականում կա, կարող է հայտնաբերվել միայն գործնականում՝ որպես բոլոր մարդկանց համար ակնհայտ փաստ։ Այդ առանցքը կարելի է գտնել այնտեղ, որտեղ ծնվել են այն նախասկիզբերը, որ մարդուն հնարավորություն են տվել դառնալ այնպիսին, ինչպիսին նա կա, որտեղ իրականանում է մարդկային կենցաղի կազմավորման սկիզբը։

Արևմուտքում պատմության փիլիսոփայությունը առաջացել է քրիստոնեական հավատքի հիման վրա։ Օգոստինոս Երանելուց մինչև Հեգել, տեսել են պատմության մեջ Աստծո արարչագործությունը։ Հեգելն ասում էր, որ ամբողջ մարդկության պատմությունը հասնում է դեպի Քրիստոս և գալիս նրանից։ Աստծո որդու հայտնվելը հենց համաշխարհային պատմության առանցքն է։ Բայց միևնույն ժամանակ, քրիստոնեական հավատքը ընդամենը մեկն է, այլ ոչ ամբողջ մարդկությանը։ Նրա թերությունը այն է, որ աշխարհի նման ընկալումը համոզիչ է միայն հավատացյալի համար, առավել ևս Արևմուտքում քրիստոնյան պատմության մասին իր էմպիրիկ ձեռքբերումները չի կապում այդ կրոնի հետ։ Եվ հավատացյալ քրիստոնյան կարող է վերլուծել ամբողջ քրիստոնեական ավանդույթը, ինչպես ցանկացած էմպիրիկ օբյեկտ։

Համաշխարհային պատմության առանցքը, եթե այն կա, անհրաժեշտ է փնտրել այնտեղ, որտեղ ծագում են նախանշաններ, որ հնարավորություն է տվել մարդուն դառնալու այնպիսին, ինչպիսին կա։ Այնպիսի մի առանցք, որ ընդհանուր լինի բոլոր ժողովուրդների համար, անկախ հավատքից, և Արևմուտքի, և Արևելքի, առհասարակ մարդկության։ Ու համաշխարհային պատմության այս առանցքը անհրաժեշտ է հասցնել, մ.թ.ա 500 թվական, այն ժամանակը, երբ առաջացավ այն մարդը, ով պահպանվել է մինչև այժմ։ Հենց այդ ժամանակն էլ առացքային ժամանակն է։

Aquote1.png Այդ ժամանակ Չինաստանում ապրում էին Կոնֆուցիոսը և Լաո Ցզին, առաջացավ համաշխարհային չինական փիլիսոփայությունը: Հնդկաստանում առաջացել են Ուպանիշադները, ապրել է Բուդդան: Եվ Հնդկաստանում նույնպես փիլիսոփայական բոլոր ձեռքբերումներն եղան: Իրանում Զրադաշտը սովորեցնում էր աշխարհի մասին, որտեղ պայքար է գնում բարու և չարի միջև: Հունաստանում ժամանակն էր Պարմինիդեսի, Հերակլիտեսի, Պլատոնի, ողբերգակների, Թուկիդիդեսի և Արքիմեդի[2] Aquote2.png

Այս ամենն առաջացավ միևնույն ժամանակային ընթացքում, բայց իրարից անկախ։ Այս մշակույթներում նման փիլիսոփայության առաջացումը վկայում է, որ մարդն արդեն ընկալում է գոյն ամբողջությամբ, ինքն իրեն և իր սահմանները, զգում է սեփական չնչինությունը աշխարհի առջև։ Կանգնած լինելով անդունդի առաջ՝ նա իր առջև դնում է արմատական հարցեր, պահանջում է ազատում, փրկություն։ Գիտակցելով իր սահմանները՝ իր առջև դնում է գերնպատակներ, ինքնագիտակցության մեջ գտնում է բացարձակումներ և տրանսցենդենտալության պարզություն։

Այդ ամենն իրականանում էր ռեֆլեքսիայի արդյունքում։ Գիտակցությունը ճանաչում էր գիտակցությանը, մտածողությունը իր օբյեկտ էր համարում մտածողությանը։ Սկսվեց հոգևոր պայքար, որի ընթացքում յուրաքանչյուրը փորձում էր համոզել դիմացինին իր գաղափարները, հիմնավորումները, իր փորձը։ Այս դարաշրջանում մշակվում են այնպիսի հիմնական կատեգորիաներ, որով մենք մտածում ենք մինչև օրս, դրվում է համաշխարհային կրոնների հիմքը։ Բոլոր ուղղություններում կատարվում է անցում դեպի ունիվերսալություն։ Առասպելաբանական դարաշրջանին և նրա հանդարտությանը վերջ տրվեց։ Հունական, հնդկական, չինական փիլիսոփաների հիմնական գաղափարները, բուդդայականությունը, մարգարեների մտքերը Աստծո մասին հեռու էին առասպելից։ Մարդն արդեն իր մեջ ամփոփված չէ։ Նա վստահ չէ, որ ինքն իրեն լավ գիտի, և այդ պատճառով նա բաց է նոր հնարավորությունների առաջ։ Նա արդեն ընդունակ է լսել և հասկանալ այն, ինչ մինչ այդ ոչ ոք չէր հարցնում ու չէր բարձրաձայնում։

Առաջին անգամ ի հայտ եկան փիլիսոփաները։ Մարդ իր մեջ գտավ հիմքեր, որ հնարավորություն էին տալիս բարձրանալ աշխարհից և ինքն իրենից վեր։ Նա կարող էր հրաժարվել աշխարհիկ վայելքներից, գնալու անապատ, անտառ, լեռներ, միայնանալ, գտնել ստեղծագործական ուժ և վերադառնալ աշխարհ՝ տիրապետելով գիտելիքների ու մարգարեությունների։ Առանցքային ժամանակում եղավ այն բանի բացահայտումը, որը հետագայում անվանեցին գիտակցություն և անհատկանություն։ Այն ինչ հասնում է անհատին, չի դառնում այս ժամանակաշրջանում ընդհանուրի ձեռքբերման մաս։ Այն ժամանակներում մարդկային հնարավորությունների գագաթի և զանգվածի միջև տարածությունը մեծ էր։ Բայց այն, ինչ դառնում է առանձին մարդը, անուղղակի կերպով փոխում է մյուս մարդկանց։ Մարդկությունը ցատկ է անում։ Նոր հոգևոր աշխարհին համապատասխանում էր սոցիալական նոր կառույցներ։

Այս ժամանակաշրջանում գոյություն ունեին բազմաթիվ փոքր պետություններ ու քաղաքներ, պայքար էր ընթանում ընդհանուրի դեմ, բայց դրան զուգահեռ հնարավոր էր ծաղկում, հզորության աճ և հարստություն։ Սրանց միջև մշտական շփումները բերեց ինտենսիվ հոգևոր շարժման այս երեք աշխարհներից յուրաքանչյուրում։ Չինական փիլիսոփաները տեղից տեղ էին գնում, որպեսզի հանդիպեն միմյանց՝ հայտնի, հոգևոր կյանքի համար նպաստավոր կենտրոններում, նրանք հիմնադրում էին դպրոցներ, որոնց չինագետները անվանում են ակադեմիաներ, այնպես ինչպես թափառում էին սոփեստները և հունական փիլիսոփաները և ինչպես իր ամբողջ կյանքը թափառել է Բուդդան։

Նախկինում մարդկանց հոգևոր վիճակը համեմատաբար անփոփոխ էր, նրանում չնայած աղետներին, ամեն ինչ կրկնվում էր աննկատ և բավականին դանդաղ հոգևոր հոսանքով, ինչը չէր գիտակցվում և հետևաբար չէր ճանաչվում։ Հիմա արդեն, հակառակը, լարվածությունը մեծանում է և դառնում բուռն շարժում։ Եվ այս շարժումն արդեն գիտակցվում է. մարդկային գոյությունը պատմության տեսքով արդեն դառնում է մտածողության առարկա։ Մարդիկ հասկանում են, որ ներկայում, սկսվում է ինչ որ յուրահատուկ բան, որն էլ բերում է այն գիտակցության, որ դրան նախորդել է անսահման անցյալը։ Մարդկային հոգու արդեն այդ սկզբնական փուլում, մարդը լեցուն է հիշողություններով, նրա մոտ առաջանում է տպավորություն, որ նա ապրում է զարգացման ուշ մակարդակում, առավել ևս անկման ժամանակաշրջանում։ Մարդիկ զգում են աղետի մոտիկությունը և ձգտում են օգնել հասկացողությամբ, դաստիարակությամբ, ռեֆորմներով։ Պլանավորելով՝ փորձում են իրադարձությունների ընթացքը վերահսկողության տակ պահել։ Պատմությունն իր ամբողջականությամբ ենթադրվում է՝ որպես աշխարհի տարբեր կերպերի հերթափոխ՝ կամ դեպի մշտական վատացում, կամ որպես վերելք։ Ստեղծվում են տեսություններ, որոնք պետք է որոշեն, թե ինչպես կազմակերպել մարդկանց համատեղ կյանքը, ղեկավարել ու կառավարել նրանց։ Փիլիսոփաները մի պետությունից մյուսն են գնում, հադես են գալիս, որպես խորհրդատուներ ու ուսուցիչներ, նրանցից խուսափում են, բայց միևնույն ժամանակ նաև փնտրում, նրանք մրցակցում են, բանավիճում։ Սոցիոլոգիական տեսանկյունից՝ ուղիղ համեմատական կախվածություն կա Վեյ պետության պալատի հետ Կոնֆուցիոսի անհաջողությունների և Պլատոնի՝ Սիրակուզում, ինչպես նաև Կոնֆուցիոսի դպրոցի, որտեղ դաստիարակվում էին պետական գործիչներ, և Պլատոնի ակադեմիայի, որ նույն նպատակն ուներ։ Այն դարաշրջանը, որտեղ այս ամենն էր իրականանում, զարգացման ժամանակաշրջան չէր։ Այն կործանման և միևնույն ժամանակ ստեղծման ժամանակաշրջան էր։ Առանձին անհատների ձեռքբերումները հանրային չեն դառնում և մարդկանց մեծ մասն այդ ուղով չէր գնում։

Գրեթե միաժամանակ նվաճման ընթացքում բռնի կերպով առաջանում են մեծ կայսրություններ՝ Չինաստանում՝ Ցին Շի-Հուանդի, Հնդկաստանում՝ Մաուրյա հարստությունը, Արևմուտքում՝ հելլենական պետություններն ու Հռոմեական կայսրությունը: Բայց դեռ պահպանվում էր նախորդ դարաշրջանի ոգին, այն դառնում է որպես օրինակ։ Խան հարստությունը հիմնվում էր կոնֆուցիականության, Աշոկիննը՝ բուդդիզմի, Օգոստոսինը՝ հելլենա-հռոմեական կրթվածության վրա։ Թվում էր, թե առանցքային ժամանակի վերջում ձևավորված համաշխարհային կայսրությունները հավերժ են, բայց, նրանց կայունությունը պատրանք էր։

Հաջորդ հազարամյակները բերեցին բազմաթիվ փոփոխություններ։ Այս տեսանկյունից մեծ կայսրությունների անկումն ու ծնունդը կազմում էր հետառանցքային ժամանակաշրջանի պատմությունը, և շարունակում էին հին մշակույթների պատմությունը, որը շարունակվում էր բազմաթիվ հազարամյակներ, տարբերությունը միայն այն էր, որ առանցքային ժամանակում ի հայտ եկած հոգևոր լարվածությունը չէր դադարեցնում իր ազդեցությունը մարդականց վրա՝ տալով նրանց գործողություններին նոր անորոշություն և նոր նշանակություն[3]:

Համաշխարհային պատմության կառուցվածքավորում՝ սկսած առանցքային ժամանակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե իրական համարենք առանցքային ժամանակը, ապա պարզ կդառնա, որ առանցքային ժամանակը, վեր է հանում մարդկության ողջ պատմությունը, այն ձևով, որ առաջ է գալիս ինչ-որ բան, որ նման է համաշխարհային պատմության կառուցվածքին։

Առանցքային ժամանակը նշանավորվում է հին մեծ մշակույթների վերացմամբ, որ հազարամյակներ գոյություն են ունեցել։ Այն ամենն ինչ գոյություն է ունեցել մինչ առանցքային ժամանակը, թեկուզ և այն եղել է հզորագույն, բաբելոնականին, եգիպտականին, հնդկականին կամ չինական մշակույթին նման, ընկալվում է որպես քնած, չզարթնող մի բան։ Հին մշակույթները գոյություն ունեն այն տարրերում, որոնցով մտել են առանցքային ժամանակի մեջ։ Համեմատած առանցքային ժամանակում մարդկային էության հստակության հետ՝ նրան նախորդած հին մշակույթներում այնպիսի տպավորություն է, որ մարդը դեռ իր իրական գիտակցության չի եկել։ Առանձին ստեղծագործությունները ոչինչ չեն փոխում։

  • Այն, ինչ իրականացել է այն ժամանակ, ինչ ստեղծվել և հնարվել է այն ժամանակ, մարդկությունը ապրում է մինչև այժմ։ Ցանկացած պոռթկման ժամանակ մարդիկ վերադառնում են առանցքային ժամանակին, օգտվում են այդ ժամանակի գաղափարներից։ Մինչև այժմ ընդուված է, որ առանցքային ժամանակի ծնունդը կամ վերածնունդը ՝ ռենեսանսը, բերում է հոգևոր վերելքի։ Վերադարձը այդ սկզբին մշտական երևույթ է Չինաստանում, Հնդկաստանում, Արևմուտքում։
  • Սկզբում առանցքային ժամանակը սահմանափակվում է տարածական հարաբերությամբ, բայց պատմականորեն այն դառնում է համընդգրկուն։ Ժողովուրդները, որ չէին ընդունել առանցքային ժամանակի գաղափարները, մնում են «բնական» գոյության մակարդակում։ Նրանք ովքեր այս երեք բնագավառից դուրս են, կամ մի կողմում են մնացել, կամ այս երեքից մեկի հետ որևէ հարաբերությամբ մտել են պատմության մեջ։ Այսպես օրինակ՝ Արևմուտքում՝ գերմանական և սլավոնական ժողովուրդները, Արևելքում՝ ճապոնացիները, մալազյացիները, սիամցիները։
  • Այս երեքի մեջ, եթե նրանք հարաբերվեն, հնարավոր է, խորը ըմբռնում։ Հանդիպելով՝ նրանք գիտակցում են որ իրենցից յուրաքանչյուրի խոսքը միևնույն բանի մասին է։ Միմյանցից այդքան հեռավորությամբ, նրանք զարմացնում են իրենց նմանությամբ[4]:

Առանցքային ժամանակի ստուգման թեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հին տեսակետներ այս հարցի շուրջ կարելի է գտնել Էռնստ Լազոյի և Վիլյամ Շտրաուսի մոտ[5]: Էռնստ Լազոն գրում է. «Չի կարող պատահականություն լիներ, որ գրեթե միաժամանակ մ.թ.ա. 600 թվականից որպես ռեֆորմատորներ՝ Պարսկաստանում հանդես է գալիս Զրադաշտը, Հնդկաստանում՝ Բուդդան, Չինաստանում՝ Կոնֆուցիոսը, հուդայականների մոտ՝ մարգարեները, Հռոմում՝ Նումա թագավորը, Հելլադայում՝ առաջին փիլիսոփաները»[6]:

Եթե բերենք առանցքայի ժամանակին հակասող որոշակի հակադրություններ, դրանցից մեկը կլինի այն, որ առանցքային ժամանակում հիմնականը համարվում է ընդհանուր, իսկ պատմական զարգացումը՝ առաջընթաց դեպի այսօրվա մարդկային կյանքի։

Մեր կողմից առաջ քաշված զուգահեռը չի կրում պատմական բնույթ, այն պատճառով, որ թեև հոգևոր տեսանկյունից՝ միմյանց մոտիկ, չեն մտնում ընդհանուր պատմական գործընթացի մեջ։ Այս հակադրությունը առաջ է բերվում դեռևս Հեգելի դեմ, որը դիտարկում էր Չինաստանը, Հնդկաստանը, Արևմտյան աշխարհը որպես դիալեկտիկ ձևով միմյանց հաջորդող համաշխարհային ոգու զարգացման աստիճաններ։ Բայց այստեղ խոսքը այլ ուղղությամբ է գնում։ Բայց մենք ժխտում ենք Չինաստանից Հունաստան հաջորդական զարգացումը, այստեղ կա միաժամանակյա զուգահեռ գույություն՝ առանց փոխազդեցության։

Առհասարակ, պատմության մեջ կարելի է գտնել բազմաթիվ զուգահեռ երևույթներ։ Եգիպտոսում, Միջագետքում, Ինդոսի հովտում և Հաունհեի հովտում, Չինաստանում առաջանում են իրենց ձևով միմյանց նման քաղաքակրթություններ՝ կենտրոնացված իշխանությամբ և կյանքի բարձր կազմակերպվածությամբ։ Ո՞րն է դրա պատճառը։ Ինչու՞ տարբեր շրջաններում միմյանցից անկախ տեղի է ունենում միևնույն բանը։ Թեկուզ այն, որ սրանք իրենց առաջացման շրջանում միմյանցից տեղյակ չեն, բայց այստեղ կա պատմական գաղտնիք։

Aquote1.png Հարցն այսպիսին է՝ ինչու՞ ժողովուրդների ընդհանուր նախապատմական վիճակից Երկրագնդի երեք կամ չորս վայրում՝ Նեղոսի հովտում, Միջագետքում, Հնդկաստանում, որ զարգացել էին համարյա միաժամանակ (ամենաշատը երկու հազարամյակ տարբերությամբ), բերեց հին աշխարհի հզոր մշակույթների: Դրան, սովորաբար հետևյալ կերպ են պատասխանում. նմանատիպ խնդիրները՝ կապված գետերի վարարման հետ (ոռոգման մտահոգություն և ջրհեղեղների դեմ պայքար), բերել է նույնանման հետևանքների: Սակայն հարց է առաջանում՝ ինչու՞ միաժամանակ, և ինչու՞ հենց այս գետերի հովտում: Ինչու՞ այն նշանակալիորեն ավելի ուշ կրկնվեց Ամերիկայում[7] Aquote2.png

Ժողովուրդների միջև փոխշփումը կարող է ունենալ նմանատիպ հետևանք՝ կապված հացահատիկի մշակման հետ, գրային համակարգի տարածման հետ։ Բայց պարզ փոխառությամբ հնարավոր չէ բացատրել, այն, որ մի քանի վայրերում զարգացումը բերել է հին հազարամյակների հզոր մշակույթների առաջացման։ Էդուարդ Մայերը դա բացատրում է genus homo-ի զարգացման համապատասխան աստիճանով։ Այս ընկալմամբ արդեն, զուգահեռ երևույթների առաջացումը համարվում է մարդու կենսաբանական զարգացման հետևանք, և նրա էվոլյուցիայի առաջին աստիճան։ genus homo-ի զարգացումը չի համարվում ձեռք բերված ռեալություն, որը հնարավորություն կտար ինչ-որ բան հիմնավորել, բացի այդ, այդ կենսաբանական զարգացումը հատուկ կլիներ ցրված մարդկանց մի մասին, այլ ոչ թե համայն մարդկությանը[8]:

Ոչ ոք չի կարող ամբողջովին հասկանալ, ինչ է այստեղ կատարվել, ինչպես է առաջացել համաշխարհային պատմության առանցքը։ Այնուամենայնիվ, կա մի բան, որն անվիճելի է. առանցքային ժամանակի ձեռքբերումները որոշում են մեր այսօրվա իրավիճակների մասին իրազեկությունը և պատմական զարգացումը, բերելով այն՝ անկախ այն բանից, ընդունում ենք մենք այդ գաղափարը, թե չէ[9]:

Իրավիճակը ժամանակակից աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական մեր նոր իրավիճակը, իրենից ներկայացնում է երկրագնդի մարդկության իրական միասնություն։ Շնորհիվ ժամանակակից տեխնիկական հնարավորությունների՝ մեր երկիրը դարձել է մեկ ամբողջություն՝ հասանելի մարդուն։ Դրան բերեց մեծ հայտնագործությունների դարաշրջանը։ Չնայած մինչև 19-րդ դարի վերջը պատմությունը մեզ համար եղել է, իր էությամբ, միայն Արևմուտքի պատմություն։ Մնացած ամբողջ աշխարհը մնացել է եվրոպացիների գիտակցության մեջ՝ որպես երկրորդական նշանակության տարածություն։ Առավել ևս Երկրորդ համաշխարհային պատերազմը պահանջում էր բոլորի մասնակցությունը, և իսկապես գլոբալ էր։ Այդ պահից սկսվում է համաշխարհային պատմությունը, իսկ նրանից առաջվա պատմությունը ներկայանում է միմյանցից անկախ մարդկային հնարավորությունների աղբյուրներ։ Հիմա խնդիր է դիտարկել աշխարհն իր ամբողջությամբ։ Հայտնաբերվում են նոր վտանգներ ու հնարավորություններ։ Բոլոր էական խնդիրները դարձել են համաշխարհային, իրավիճակները՝ համամարդկային։

Մեր ժամանակներում ամեն ինչ այլ է, եթե մենք հայացք ենք նետում անցյալի մեր պատմությանը՝ գյուղացիների գոյատևման մեխանիզմներին, ապա դա ակնհայտ է։ Փոխվել են նաև սոցիալական մեխանիզմները։ Առանձին մարդն այսօր, թեև առավել անօգնական է, քան երբևէ, բայց որպես ընդհանուրի մաս, որ կազմում է «մենք», նա կարծես ազատություն է ձեռք բերում։ Բայց զանգվածներին անհրաժեշտ են գաղափաներ, կարգախոսներ։ Նրանց պետք է ասել, թե իրենք ինչ են ուզում։ Բայց որպեսզի նրանք ընկալեն ասվածն, անհրաժեշտ է հիմք։ Պետական գործիչը, արվեստագետը, բանաստեղծը պետք է դիմեն զանգվածի ուժերին, եթե ցանկանում են որևէ ազդեցություն ունենալ։ Սակայն միանշանակ չէ նաև զանգվածի ընկալումը, մի դեպքում այն կարելի է համարել համայն մարդկությունը, մեկ այլ դեպքում՝ մարդկանց ռեակցիան ու պահվածքը սուր իրավիճակներում։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է տարբերակում մտցնել զանգվածի և ազգի միջև։ Ժողովորդը կազմակերպված է, ունի ինքնագիտակցություն, մարդը այստեղ ունի անհատական բնավորության գծեր, որը կարող է բխել նաև տվյալ ազգից։ Հակառակն է զանգվածի դեպքում, այն ներշնչման ու պրոպագանդայի օբյեկտ է, չի տանում պատասխանատվության, և ունի գիտակցության ամենացածր մակարդակը։ Զանգվածն էլ տարբերակվում է հանրությունից, որը իրենից ներկայացնում է ազգի՝ զանգվածի վերածման առաջին փուլը։

Մեր ժամանակներում արդեն ժողովրդի վերածումը հանրության և զանգվածի (ամբոխի) անխուսափելի է։ Մնում է միայն այն, ինչ ընդունվում է զանգվածների կողմից։ Պատմության ճանապարհը գնում է զանգվածների միջոցով, կամ, համենայն դեպս, այդպես թվում է, ժողովրդական կրթությունը կարող է զանգվածին այնպիսի ճանապարհի դնել, որ կտանի հոգու արիստոկրատացման՝ մշտական ընթացող ընտրության շնորհիվ, ընդ որում, վերջում է կարող է ձևավորվել արիստոկրատիա: Աշխարհը կհասներ իր պատմության բարձունքին, եթե զանգվածներում իրականանար այն, ինչն առաջ սահմանափակվում էր արիստոկրատիայի շրջանակներում։

Մեր ժամանակներում աճում է անհավատությունը, ինչը բերում է նիհիլիզմի, որի մարգարեն դարձավ Նիցշեն: Նա դա առաջինը տեսավ և դարձավ դրա զոհը.

Aquote1.png Նիհիլիզմը աստիճանաբար դառնում է մտածողության գերակա տիպ: Ներկա ժամանակում հնարավոր է նույնիսկ, որ անցյալի ամբողջ ժառանգությունը՝ Հոմերոսից մինչև Գյոթե մատնվի մոռացության: Սա հնչում է որպես վտանգ, որը տանելու է մարդկության կործանմանը: Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ պետք է նշել, որը այժմ այնպիսի փիլիսոփայություն է, որը փորձում է իմաստ գտնել նիհիլիզմի մեջ[10] Aquote2.png

Ճգնաժամի հիմքերը չեն կարող միայն մեկ պատճառով բացատրվել։ Այսօր մենք գործ ունենք, ոչ թե ինչ-որ փոխկապակցված բաների հետ՝ իրենց ներքին նշանակությամբ, այլ տեխնիկայի դարն այսօր բերել է ունիվերսալության գաղափարը՝ գլոբալություն։ Մեր ժամանակը՝ իսկական տեխնիկական և քաղաքական վերաձևավորման ժամանակն է, այլ ոչ թե ստեղծագործման։ Մեր դարաշրջանն՝ իր մեծ տեխնիկական և գիտական բացահայտումներով և հայտնագործություններով, ավելի շատ նման է այն ժամանակներին, երբ ստեղծվեցին աշխատանքային գործիքները, ընտելացվեցին կենդանիները, օգտագործվեց ձին, որպես փոխադրամիջոց, քան Կոնֆուցիոսի, Լաո-Ցզիի, Բուդդայի և Սոկրատեսի ժամանակներին։ Բայց այն մասին, որ մենք մեր առաջ պետք է մեծ նպատակ դնենք (այն է, նորից փոխակերպել մարդկային բնությունը՝ համապատասխան իր ակունքների), մենք հանդիպում ենք այն սուր հարցին. «Ինչպե՞ս է մեզ հաջողվելու, հավատալով դառնալ իրական մարդիկ»: Հենց սրա մասին է վկայում մեր օրերում այն մեծ հակումը, որն ուղղված է՝ դիմելու դեպի մեր ակունքները՝ դեպի այն խորությունը, որտեղից մենք դուրս ենք եկել։ Մարդկության մեծ առանցքային ժամանակի հայելին ևս մեկ անգամ ծառայում է գուցե այն էականի հավաստմանը, որ ինքներս մեզ ճանաչելու ձգտման համար, մենք պետք է դիմենք այն խորքերին, որտեղից դուրս ենք եկել[11]:

Ապագայի հիմնախնդիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկության գոյության պատմական կոնցեպցիան իր մեջ պետք է ներառի նաև ապագան։ Դրան համապատասխանում է քրիստոնեության ներդրումը համաշխարհային պատմության մեջ, որի սահմաններն են աշխարհի ստեղծումն և ահեղ դատաստանի օրը։ Նրա մեջ է ճշմարիտը, և այն անփոփոխ է նույնիսկ նրանց համար, ովքեր անհավատ են[12]: Առհասարակ, առանց ապագայի գիտակցման չի կարող լինել պատմության փիլիսոփայական ընկալումը։ Բնականաբար, ապագան չի կարող ուսումնասիրված լինել։

Aquote1.png Ուսումնասիրության համար հասանելի է միայն այն, ինչը իրականություն ունի, այսինքն՝ այն, ինչն արդեն եղել է: Ապագան, իր հերթին, թաքնված է անցյալի և ներկայի միջև: Ըստ էության՝ մեր աշխարհայեցողության հիմքում ընկած է ապագայի գիտակցումը: Միևնույն ժամանակ, մեր մտքերը ապագայի մասին, ապացույցն են այն բանի, թե մենք ինչպես ենք ընկալում մեր ներկան ու անցյալը[13] Aquote2.png

19-րդ դարի ընթացքում, ապագայի մասին հոռետեսական տեսակետը ավելի էր ամրապնդվում։ Արդեն Գյոթեն 1825 թվականին կանխատեսելով մեքենայի դարաշրջանը՝ այն բնութագրում էր.

Aquote1.png Այն լինելու է ընդունակ, պրակտիկ հարցերում հեշտ կոմնորոշվող մարդկանց դարաշրջան, որոնք, ունենալով նախաձեռնողական մեծ ընդունակություններ, քան ուրիշները, զգում են իրենց առավելությունը ամբոխի նկատմամբ, թեև իրենք էլ մեծ տաղանդի տեր չեն:«Ես զգում եմ, որ կգա ժամանակ, երբ մարդիկ կդադարեն ուրախացնել Աստծուն, և նա երկրորդ անգամ կվերացնի նրանց՝ նոր արաչագործության համար»[14] Aquote2.png

1835 թվականին փիլիսոփա Ալեքսիս դե Տոկվիլն ապագայի կանխատեսման հարցում անդրադառնում է երկու ազգերի՝ անգլոամերիկացիներ և ռուսներ։ Նշվում է սրանց տարբերությունը. առաջինի համար առաջնային է անհատական հետաքրքրասիրությունը, մյուսի համար, այսպես ասած, մեկ մարդու մեջ հասարակության ամբողջ ուժը։ Մեկի համար գործողության հիմնական միջոց է ազատությունը, մյուսի համար հնազանդությունը։ Նրանց ծագման կետերը տարբեր են, ճանապարհները նույնպես, բայց նրանցից յուրաքանչյուրը նախատեսված է, երբևէ իր ձեռքերում կրելու աշխարհի կեսի ճակատագիրը[14]:

Նիցշեն հետևյալ նկարագիրն է տվել. «որպես գոյության օրինակ՝ մեքենան է իր գործողություններով, զանգվածների բարձրացում և նրանց համահարթեցում, կյանքի բեմականացում, որտեղ ամեն ինչ սուտ է և ըստ էության՝ չկա արժեքավոր և ոչ մի բան, մտածելու փոխարեն թմրություն. «Աստված մեռած է»: Ամրապնդվում է նիհիլիզմը. «մեր ամբողջ եվրոպական մշակույթն արդեն վաղուց առաջ է գնում տանջալից լարվածությամբ, որը տարեց տարի աճում է՝ կարծես տանելով աղետի՝ առանց վայրկյան իսկ մտածելու, հաստատակամ»: Հեռավոր ապագայի մարդկանց Նիցշեն այսպես է բնութագրում.

Aquote1.png Երկիր մոլորակը փոքր է դարձել, նրա վրա թռչկոտում է վերջին մարդը՝ իրագործելով իր մանր գործերը, նա նման է լվի, նա բոլորից երկար է ապրում: «Մենք ենք ստեղծել երջանկությունը, - ասում են վերջին մարդիկ՝ աչքով անելով…»

Ժամանակ առ ժամանակ մի փոքր թույն, սա ապահովում է հաճելի քուն, և ավելի շատն էլ վերջում, որպեսզի մահը հաճելի լինի: Մարդիկ դեռ աշխատում են. չէ՞ որ աշխատանքը զվարճանք է: Բայց, նրանք ջանում են, որ այդ զվարճանքը հոգնեցուցիչ չլինի: Հոտ առանց հովվի, բոլորը մի բան են ուզում, նրանք բոլորը հավասար են, ով համաձայն չէ, ինքնակամ գնում է հոգեբուժարան[15]

Aquote2.png

Նպատակ՝ ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր ժամանակի հակասական բոլոր ձգտումներում կա միայն մեկ պահանջ, որը միավորում է բոլորին։ Բոլոր ազգերը, բոլոր մարդիկ, բոլոր քաղաքական ռեժիմերի ներկայացուցիչները պահանջում են ազատություն։ Բայց, երբ առաջ է գալիս ազատության ընկալումը, այստեղ արդեն ամեն ինչ տարրալուծվում է։ Այսպիսով, ո՞րն է ազատության իմաստը։ Յասպերսը պատասխանում է.

Aquote1.png Ազատությունը այն արտաքինի հաղթահարումն է, որը ամեն դեպքում քեզ իրեն է ենթարկում: Ազատությունը առաջանում է այնտեղ, որտեղ այդ այլը արդեն ինձ համար օտար չէ, ընդհակառակը, ես ինձ ճանաչում եմ նրանում, կամ այնտեղ, որտեղ այդ արտաքինը դառնում է անհրաժեշտ պահ իմ գոյության համար, որտեղ այն ճանաչվել է, և համապատասխան ձև է ստացել[16] Aquote2.png

Ազատությանը չես կարող տիրանալ, մեկուսացաված ազատություն չկա, հետևաբար անհատը զոհաբերում է իրեն դատարկ ազատությամբ, հանուն այն ազատության, որը կարող է ձեռք բերվել միայն մյուսների հետ միասին։ Իսկ այդպիսի ազատություն կառաջանա մարդու փոփոխության դեպքում։ Անհնար է այն ստեղծել որոշակի կառույցների միջոցով։ Այն չի կարող պլանավորվել, սական մարդիկ կոնկրետ խնդիրների ճիշտ կազմակերպման դեպքում ձեռք են բերում ազատություն։ Այնուամենայնիվ, մենք չգիտենք, ինչ է այն։ Ազատությունը, որպես գիտական ուսումնասիրության օբյեկտ չկա, այդ պատճառով հասկացություններով այն չես կարող սահմանել, հետևաբար նրան կարող ես հասնել մտովի և դնել գործողության մեջ։ Ամեն ինչ, ինչի ձգտում են մարդիկ իրականցվում է ազատության անվան տակ։ Հանուն ազատության՝ նրանք նույնիսկ դիմում են ստրկության: Երբեմն նույնիսկ, այնպիսի տպավորություն է, որ մարդիկ խուսափում են հենց ազատության հնարավորությունից։

Յասպերսն առաջ է քաշում քաղաքական, կրոնական, տնտեսական ազատության գաղափարը։ Քաղաքական ազատությունը, արևմտյան աշխարհին հատուկ երևույթ է։ Բավական է միայն այն համեմատել Հնդկաստանում և Չինաստանում առկա պայմանների հետ, որպեսզի հասկանալ, թե ինչ մակարդակով է այստեղ ազատությունը եղել պատահական, կամ կրել զուտ անձնական բնույթ, և չի եղել ժողովրդի սկզբունք ու մշտական գործ։ Այդ պատճառով հարց է առաջանում, արդյո՞ք քաղաքական ազատությունը մարդկային հոգու մեծության անհրաժեշտ պայման է, որպես այդպիսին։ Պատմությանը նայելով, այդ հարցին ժխտական պատասխան ենք տալիս։ Մեզ հայտնի է, որ արևմուտքում քաղաքական անազատությունը հոգևոր անկման պատճառ է եղել մշտապես, բայց արևելքում այն երբեք չի խանգարել ստեղծագործական ոգուն, մտքի ազատությանը[17]:

Փիլիսոփայի կարծիքով, գլխավորն այն է, որ ամեն ինչ, ինչ կատարվում է, կախված է միայն մարդկանցից.

Aquote1.png Չկա ոչինչ, որ կարելի է համարել անխուսափելի: Ամբողջ մարդկային գործունեությունը, առաջին հերթին հոգևոր, ուղղված է գտնելու սեփական ճանապարհը՝ ընտրություն կատարելով առաջադրված հնարավորություններից: Մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե ինչ կկատարվի, թեև առանձին մարդը երբեք էլ չի կանխորոշում պատմության ընթացքը[17] Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Карл Ясперс Смысл и назначение истории (сборник)»:Политиздат; Москва; 1991.
  2. Ясперс К. Смысл и назначение истории. М.: Республика, 1994. Ч.1 с.32
  3. Ясперс К. Смысл и назначение истории. М.: Республика, 1994. Ч. 1 с.33-36
  4. Ясперс К. Смысл и назначение истории. М.: Республика, 1994. Ч. 1 с. 37-38
  5. Laotse. Der Weg der Tugend. Hrsg. von V. Strauss. Leipzig, 1870. S. LXIV.
  6. Lasulx E. Neuer Versuch einer alten Philosophie der Geschichte. Wien, 1952. S 137
  7. Ясперс К. Смысл и назначение истории. М.: Республика, 1994. Ч. 1 с.42
  8. Mayer E. Geschichte des Altertums. Stuttgart, 1884. Bd. l. Teil 2. S. 935.
  9. Ясперс К. Смысл и назначение истории. М.: Республика, 1994. Ч. 1 с.39-50
  10. Карл Ясперс Смысл и назначение истории (сборник)»:Политиздат; Москва; 1991.Ч.2 с. 96.
  11. Карл Ясперс Смысл и назначение истории (сборник)»:Политиздат; Москва; 1991.Ч.2 с.94-102.
  12. Карл Ясперс Смысл и назначение истории (сборник)»:Политиздат; Москва; 1991.Ч.2 с.103-109
  13. Карл Ясперс Смысл и назначение истории (сборник)»:Политиздат; Москва; 1991.Ч.2 с.103.
  14. 14,0 14,1 Карл Ясперс Смысл и назначение истории (сборник)»:Политиздат; Москва; 1991.Ч.2 с. 104.
  15. Карл Ясперс Смысл и назначение истории (сборник)»:Политиздат; Москва; 1991.Ч.2 с. 105-106.
  16. Карл Ясперс Смысл и назначение истории (сборник)»:Политиздат; Москва; 1991.Ч.2 с.112.
  17. 17,0 17,1 Карл Ясперс Смысл и назначение истории (сборник)»:Политиздат; Москва; 1991.Ч.2 с.115-130.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Панченко Д. В. Феномен осевого времени // Древний мир и мы: классическое наследие в Европе и России. Альманах (серия: Bibliotheca classica Petropolitana). - СПб.: Алетейя, 2003. - Вып. III. - С. 11-43.
  • А. Н. Гребёнкин «ОСЕВОЕ ВРЕМЯ» В ИСТОРИОСОФИИ КАРЛА ЯСПЕРСА. Госуниверситет-УНПК, г. Орёл, Россия [1].
  • Сафонов А. Л.ОСЕВОЕ ВРЕМЯ-2: ВОЗВРАЩЕНИЕ К ИСТОКАМ ИЛИ ПОГРУЖЕНИЕ ВО ТЬМУ? ВЕСТНИК БУРЯТСКОГО ГОСУДАРСТВЕННОГО УНИВЕРСИТЕТА.Выпуск № 14 / 2012. [2].
  • Павловский А. И. ПАРАДОКС «ОСЕВОГО ВРЕМЕНИ»: ПОПЫТКА АЛЬТЕРНАТИВНОГО ОБЪЯСНЕНИЯ. ВЕСТНИК ТЮМЕНСКОГО ГОСУДАРСТВЕННОГО УНИВЕРСИТЕТА. Выпуск № 5 / 2009. [3].
  • Фурс В. Н. Осевое время // Новейший философский словарь.
  • Эйзенштадт С. Н. Прорывы Осевого времени (фрагмент) // Цивилизации. Вып. 3. М., 1995. С. 54-61.
  • Hans Joas and Robert N. Bellah (Eds), (2012), The Axial Age and Its Consequences, Belknap Press.
  • Yves Lambert (1999). "Religion in Modernity as a New Axial Age: Secularization or New Religious Forms?". Oxford University Press: Sociology of Religion Vol. 60 No. 3. pp. 303–333. A general model of analysis of the relations between religion and modernity, where modernity is conceived as a new axial age.