Պեսցենիոս Նիգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:56, 30 Մայիսի 2020 տարբերակ, Nooberella (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)


Պեսցենիոս Նիգեր
Gaius Pescennius Niger Augustus
Հռոմեական կայսրության ուզուրպատոր
Նիգերի մետաղադրամներից
Իշխանություն193 թվականի ապրիլի 9 - 194 թվականի մայիս
Լրիվ անունԳայոս Պեսցենիոս Նիգեր Ավգուստոս
Զինվորական կոչումԴուքս
Ծնվել է՝135/40 թվական
ԾննդավայրԱկվինո, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա
Մահացել է՝194 թվական (53-59 տարեկան)
Վախճանի վայրԱնտիոք, Հռոմեական կայսրություն
ԵրկիրՀին Հռոմ
Ազգությունհռոմեացի
Հարստությունչունի
ՆախորդԴիդիոս Հուլիանոս
ՀաջորդողՍեպտիմիոս Սևերոս
քաղաքական գործիչ
ՀայրԱնիոս Ֆուսքոս
ՄայրԼամպրիդիա
Երեխաներանհայտ
Հավատքհեթանոսություն

Պեսցենիոս Նիգեր (լատին․՝ Gaius Pescennius Niger Augustus[1], մոտ 135/140-194 թվականներ), Հռոմեական կայսրության ինքնակոչ կայսր 193-194 թվականների՝ Հինգ կայսրերի տարվա ընթացքում։ Նա կայսերական իշխանություն է հռչակել Պերտինաքսի սպանությունից և Դիդիոս Հուլիանոսի գահ բարձրանալուց հետո, սակայն շուտով հաղթվեց և սպանվեց իր քաղաքական հակառակորդի՝ Սեպտիմիոս Սևերոսի կողմից, երբ փորձում էր փախուստի դիմել Անտիոքից։

Վաղ գործունեություն

Նիգերի հատած դրամներից

Չնայած Նիգերը ծնվել է ձիավորի հին իտալական ընտանիքում մոտ 135 թվականին[2]՝ նա իր ընտանիքի առաջին անդամն էր, որը հասավ հռոմեական սենատորի պաշտոնին[3]։ Իր վաղ տարիների գործունեության վերաբերյալ քիչ բան է հայտնի․ հնարավոր է, որ նա Եգիպտոսում զբաղեցրել է ղեկավար պաշտոն և Կոմմոդոսի կառավարման սկզբնական շրջանում մասնակցել է Դակիայի դեմ արշավանքին[4]։ 180-ական թվականների վերջին Նիգերը ընտրվել է կոնսուլ, ինչից հետո՝ 191 թվականին, Կոմմոդոսը նրան նշանակել է Սիրիայի կառավարիչ[5]։

Կոմմոդոսի սպանությունից հետո նա դեռևս շարունակում էր կառավարել Սիրիան, երբ լուրեր են հասել Պերտինաքսի սպանության մասին, ինչին հաջորդել է կայսերական գահի փաստացի գնումը Դիդիոս Հուլիանոսի կողմից[6]։ Նիգերը Հռոմում քաղաքական հարգված գործիչ էր[4], ինչի արդյունքում Դիդիոսի դեմ տղեղի ունեցող քաղաքացիական ցույցերից ժամանակ քաղաքացիները Նիգերին կոչ արեցին գալ Հռոմ և ստանձնել կայսրի կոչումը[7]։ Այս ամենը հետևանք հանդիսացավ այն բանի, որ Հուլիանոսը իր ցենտուրիոններից մեկին ուղարկեց Արևելք՝ Անտիոքում Նիգերին սպանելու[8]։

Հռոմում տեղի ունեցած ցույցերի արդյունքում Նիգերը 193 թվականի ապրիլին[9], հիմնվելով արևելյան լեգեոնների վրա, իրեն հռչակում է կայսր։ Հռչակվելով կայսր՝ Նիգերը իր համար ընտրում է «Justus» մականունը[4]։ Չնայած հետագայում Սևերոսը հայտարարեց, որ Նիգերն առաջինն է ապստամբել ընդդեմ Դիդիոս Հուլիանոսի[10]՝ Սևերոսը ապրիլի 9-ին նույնպես հռչակել է իրեն Հռոմեական կայսրության կայսր[3]։ Նիգերը պատվիրակություն է ուղարկել Հռոմ, որպեսզի հայտարարի իր՝ կայսերական գահի հանդեպ հայտարարված իշխանության մասին, սկայան այդ պատվիրակությունը բռնվում է Սևերոսի կողմից[4]։ Մինչ Նիգերը արևելյան պրովինցիաներում ուժեր էր հավաքագրում, Սևերոսը ուղղվում է դեպի Հռոմ և 193 թվականի հունիսի սկզբին՝ Հուլիանոսի սպանությունից հետո, մուտք գործում այնտեղ[11]։

Հակամարտություն ընդդեմ Սեպտիմիոսի

Սևերոսը, ժամանակ չկորցնելով, ամրապնդեց իր իշխանությունը Հռոմում և հրամայեց Գայոս Ֆուլվիոս Պլավտիանոսին գերի վերցնել Նիգերի երեխաներին և նրանց պահել որպես պատանդներ[12]։ Նույն ժամանակ Նիգերը աշխատանքներ էր տանում ասիական բոլոր պրովինցիաների, ինչպես նաև Ասիայի պրոկոնսուլի՝ Ասելիոս Աեմիլիանոսի աջակցությունը ստանալու համար․ վերջինս Նիգերի անունից օկուպացրել էր Բյուզանդիոնը[13]։ Այնուհետ Նիգերը փորձել է իր իշխանությունը պահպանել Եգիպտոսի վրա, մինչ Սևերոսը իր ուժերի ներածի չափով ամեն ինչ արել է, որպեսզի պահպանի ցորենի մատակարարումը այնտեղից։ Նա հրամայել է իրեն հավատրիմ զորքերին վերահսկողություն սահամանել Եգիպտոսի արևմտյան սահմանի վրա և թույլ չտալ այնտեղ տեղակայված II Անվախ Տրայանոսյան լեգեոննին օգնություն ցուցաբերել Նիգերին։

Չնայած այս տարածքները ունեին ցորենի մեծ ռեսուրսներ՝ Նիգերի զորքերը իրենց մարտունակությամբ և որակով զիջում էին Սևերոսի զորքերին։ Սևերոսը իր տրամադրության տակ ուներ 16 դանուբյան լեգեոններ, մինչ Նիգերը ուներ ընդամենը 6 լեգեոն, որոնցից 3-ը տեղակայված էին Սիրիայում, 2-ը՝ Արաբական թերակղզում, 1-ը՝ Մելիտինեում[12]։ Այդ ժամանակ Նիգերը սկսում է ագրեսիվ գործել և զորքեր է ուղարկում Թրակիա, որոնք Պերինթոսի մոտ պարտության են մատնում Սևերոսի՝ Լուցիոս Ֆաբիոս Ցիլոյի կողմից գլխավորվող զորքերի մի մասին[14]։

Այս ամենից հետո Սևերոսը Հռոմից ուղղվում է դեպի Արևելք՝ իր զորավարներից մեկին՝ Կլաուդիոս Կանդիդոսին, իրենից շուտ ուղարկելով այնտեղ[15]։ Նիգերը իր իշխանության կենտրոնը դարձնում է Բյուզանդիոնը և Ասելիոս Աեմիլիանոսին հրամայում պաշտպանել Մարմարա ծովի հարավային ծովափը[15]։ Երբ Սևերոսը մոտենում է Նիգերին, առաջարկում է վերջինիս ինքնակամ հանձնվել և աքսորվել, բայց Նիգերը հրաժարվում է՝ հույսը դնելով ռազմական բախման արդյունքի վրա[16]։ 193 թվականի աշնանը Կանդիդոսը Կիզիկոսի ճակատամարտում պարտության է մատնում Նիգերի զորքերին, որոնք ղեկվարվում էին Աեմիլիանոսի կողմից․ վերջինս էլ զոհվում է ճակատամարտի ժամանակ[17]։ Շուտով պաշարվում է նաև Բյուզանդիոնը, ինչից հետո Նիգերը թողնում է քաղաքը և նահանջում դեպի Նիկեա[15], սակայն Բյուզանդիոնը հավատարիմ է մնում Նիգերին, ինչի արդյունքում Սևերոսը մինչև 195 թվականի ավարտ չէր կարողանում գրավել այն[18]։

Մեկ այլ ճակատամարտ տեղի է ունենում 193 թվականին Նիկեայում, որտեղ Նիգերը նորից պարտություն է կրում։ Այնուամենայնիվ, նա կարողանում է իր զորքերի հետ միասին նահանջել դեպի Տավրոսի լեռներ, որտեղ մի քանի ամիսներ շարունակ զորքերը պաշտպանում էին Կիլիկիայի դարպասները, իսկ Նիգերը վերադառնում է Անտիոք[19]։ Նիգերի համար այդժամ խնդիրներ են առաջանում, քանի որ իրեն ուղղված աջակցությունն Ասիայում նվազում էր։ Նախկինում Նիգերին հավատարիմ եղած քաղաքները՝ մասնավորապես Տյուրոսը և Լաոդիկեան, որոշում են փոխել սեփական դիրքորոշումը[18]։ Շուտով՝ 194 թվականի փետրվարի 13-ին Եգիպտոսը հայտարարեց Սևերոսին աջակցելու մասին։ Շուտով նույնը տեղին ունեցավ նաև Արաբիայի դեպքում, ինչն էլ սկսեց նվազեցնել Նիգերի շանսերը[20]։

Այն բանից հետո, երբ Կլաուդիոս Կանդիդոսը Սևերոսի կողմից փոխարինվեց մեկ այլ հրամանատարով՝ Պուբլիոս Կոռնելիոս Անուլինոսոս, 194 թվականի մայիսին տեղի ունեցավ Անուլինոսի և Նիգերի ճակատամարտը Իսոսի մոտ, որի երկար և բարդ ընթացքից հետո Պեսցենիոս Նիգերը վճռական պարտություն կրեց[21]։ Նա ստիպված փախչում է Անտիոք, սակայն շուտով բռնվում է, երբ փորձում էր փախուստի դիմել Պարթևստան[22]։ Շուտով Նիգերը գլխատվում է, իսկ նրա գլուխը տարվում է Բյուզանդիոն, սակայն քաղաքը հրաժարվում է անձնատուր լինել։ Սևերոսը գրահով վերցնում է քաղաքը, ապա հիմնահատակ ավերում, սակայն հետագայում վերանորոգում է այն[18]։ Նիգերի գլուխը տարվում է նաև Հռոմ, որտեղ ցուցադրվում է[14]։

Արևելքում հաղթանակ տանելու հետո Սևերոսը պատժում է Նիգերի բոլոր աջակիցներին[23]։ Նա մահապատժի է ենթարկում նաև Նիգերի կնոջը և երեխաներին, ապա առգրավում նաև նրանց կալվածքները[24]։

Անուն

«Նիգեր» անունը նշանակում է «սև», որով նա հակադրվում էր գահի համար մղվող պայքարում իր հակառակորդին՝ Կլոդիոս Ալբինոսին, որի անունը նշանակում է «սպիտակ»[25]։ Ըստ «Historia Augusta»-ի՝ նրան Նիգեր մականունն են տվել նրա սև վզի պատճառով[26]։

Մշակույթում

«Հռոմեական կայսրության անկումը» ֆիլմում Նիգերի դերակատարն է Դուգլաս Ուիլմերը, որտեղ Նիգերը ներկայացվում է որպես Կոմմոդոսի խառնակիչ կողմնակից։ Ֆիլմի ավարտին Նիգերը, Դիդիոս Հուլիանոսը և Կոմմոդոսի մեկ այլ մտերիմ աճուրդի ժամանակ մրցակցում են Հռոի գահի համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. In Classical Latin, Niger's name would be inscribed as GAIVS PESCENNIVS NIGER AVGVSTVS.
  2. Potter, pg. 101; Meckler, Pescennius Niger, Cassius Dio, 75:6:1
  3. 3,0 3,1 Potter, pg. 101
  4. 4,0 4,1 4,2 4,3 Meckler, Pescennius Niger
  5. Meckler, Pescennius Niger; Southern, pg. 28
  6. Bowman, pg. 2; Meckler, Pescennius Niger
  7. Meckler, Pescennius Niger; Potter, pg. 101; Bowman, pg. 2
  8. Potter, pg. 99
  9. Southern, pg. 28; Bowman, pg. 2
  10. Potter, pg. 99
  11. Bowman, pg. 4; Meckler, Pescennius Niger
  12. 12,0 12,1 Potter, pg. 103
  13. Southern, pg. 32; Meckler, Pescennius Niger
  14. 14,0 14,1 Potter, pg. 104
  15. 15,0 15,1 15,2 Bowman, pg. 4
  16. Meckler, Pescennius Niger
  17. Bowman, pg. 4; Potter, pg. 104; Southern, pg. 33
  18. 18,0 18,1 18,2 Southern, pg. 33
  19. Meckler, Pescennius Niger; Bowman, pg. 4; Potter, pg. 104
  20. Bowman, pg. 4; Potter, pg. 104
  21. Southern, pg. 33; Potter, pg. 104; Bowman, pg. 4
  22. Meckler, Pescennius Niger; Southern, pg. 33
  23. Potter, pg. 106
  24. Historia Augusta, Life of Pescennius Niger, 6:1
  25. Southern, pg. 28
  26. Historian Augusta, Life of Pescennius Niger, 6:6

Աղբյուրներ

Առաջնային աղբյուրներ

Երկրորդային աղբյուրներ

  • Southern, Pat. The Roman Empire from Severus to Constantine, Routledge, 2001
  • Potter, David Stone, The Roman Empire at Bay, AD 180-395, Routledge, 2004
  • Bowman, Alan K., The Cambridge Ancient History: The Crisis of Empire, A.D. 193-337, Cambridge University Press, 2005
  • http://www.roman-emperors.org/pniger.htm Meckler, Michael L, "Pescennius Niger (193-194 A.D.)", De Imperatoribus Romanis (1998)

Արտաքին հղումներ

  • Herbermann, Charles, ed. (1913). «Pescennius Niger» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  • Պեսցենիոս Նիգերը Livius.org կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեսցենիոս Նիգեր» հոդվածին։