Կիլիկիայի դարպասներ
Կիլիկիայի դարպասներ[1] կամ Դրունք Կիլիկիոյ, Գյուլեք Բողազը[2][3] (թուրքերեն՝ Gülek Boğazı, որոշ աղբյուրներում թուրքերեն՝ Külek Boğazı[3][4][5]), լեռնանցք Թուրքիայի հարավային հատվածում, Տավրոսյան լեռնահամակարգի Բոլգար և Ալադաղլար լեռնաշղթաների միջև, որն իրար է կապում երկրի ներքին շրջանները, որոնք գտնվում են Անատոլիական սարահարթում։ Լեռնանցքը գտնվում է Միջերկրական ծովի մերձափնյա շրջանում՝ Չուքուրովա անունը կրող տեղանքում[2][3][4][5]։ Հայտնի է դեռևս հին ժամանակներից որպես Փոքր Ասիան Սիրիային կապող ամենահարմար ճանապարհ։ Պահպանվել է տեղեկություն այն մասին, որ լեռնանցքով անցել են Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը, իսկ միջնադարում արդեն՝ 1096-1099 թվականներին, Խաչակրաց առաջին արշավանքի մասնակիցները (Կիլիկյան Հայաստանի հետ ունենալով դաշնակցային հարաբերություններ)[2][4]։
Ընդհանուր նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնանցքը հանդիսանում է նեղ միջանցիկ կանյոն, որով հոսում է Չաքըթ գետը։ Կանյոնն ունի շուրջ 1800 մետր խորություն, 70 կիլոմետր երկարություն և 0,1-2 կիլոմետր լայնությունը (որոշ տեղանքներում 10-20 մետր)[2][4]։ Շրջակա լեռների լանջերն ուղղաբերձ են և զառիթափ՝ 20-35° թեքությամբ։ Լեռներն ունեն շուրջ 1200-1300 մետր բացարձակ բարձրություն, պատված են փշատավոր և խառը տիպի անտառներով[2]։ Չաքըթ գետի խորությունը կազմում է մեկ մետր, լայնությունը մինչև 10 մետր։ Հատակը քարքարոտ է, իսկ գետի արագությունը վայրկյանում 1,5—3,0 մետր[2]։ Ձնհալի ժամանակ (մարտից մայիս) գետի մակարդակը բարձրանում է 2-3 մետրով[2]։
Տրանսպորտային ենթակառուցվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնանցքի ողջ երկարությամբ կառուցված են ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, որոնք Ստամբուլը կապում են Բաղդադին[2][4]։ Երկաթուղային գծերը կառուցված են երկրի մակերևույթի և կանյոնի նեղ քիվերի վրա՝ անցնելով բազմաթիվ թունելների միջով, որոնց թիվը հասնում է 80-ի[2]։ E5 ասֆալտապատ ավտոճանապարհը մտնում է եվրոպական մագիստրալների կազմում և ունի շուրջ 7-9 մետր լայնություն[2]։ Կիլիկիայի դարպասների հյուսիսային հատվածում, ընդհուպ մինչև Փոզանթը քաղաքը, ավտոճանապարհն անցնում է երկաթուղային գծին զուգահեռ[4], սակայն դեպի հարավ, այն անցնում է Գյուլեք լեռնանցքի (1275 մետր) և Քյուլեք կիրճի միջով։ Կիրճից հետո ավտոճանապարհը թեքվում է դեպի ձախ՝ անցնելով երկաթգծից շուրջ 15 կիլոմետր հեռավորությամբ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկիայի հյուսիսային և արևմտյան հատվածներով անցնում է Կենտրոնական Տավրոսի լեռնաշղթան, որի առանձին գագաթների բարձրությունն անցնում է 3500 մետր բարձրությունը։ Այդ պատնեշը շրջանն առանձնացնում է փոքրասիական մյուս նահանգնեից և համարվում բնական պաշտպանական գոտի հյուսիսից և արևմուտքից։ Անտիտավրոսի լեռնաճյուղերը Կիլիկիան եզերում են հյուսիս-արևելքից, իսկ Ամանոս լեռնաշղթան հարավ-արևելքում շրջանն անջատում են Սիրիայից։ Այդպիսով, հարակից շրջաններից ցամաքային ճանապարհով մուտքը Կիլիկիա հնարավոր էր միայն մի քանի լեռնանցքների և «Կիլիկիայի դարպասների» միջոցով։ Վերջինս համարվում է Կապադովկիայից Կիլիկիա ամենահարմար անցուղին, որն անցնում է Կիլիկյան Տավրոսով[6]։
Յումուքթեփե անունը կրող բլրի բերդը (ժամանակակից Մերսին), որն Ադանայի կողմից պաշտպանել է դարպասները, թվագրվում է մ․թ․ա․ 4500 թվականին։ Բերդը համարվում է աշխարհի ամենահին ամրաշինական բնակավայրերից մեկը։ Աքեմենյան տիրության ժամանակ այստեղով անցել է, այսպես կոչված, «Արքայական ճանապարհը», որը ձգվում էր Շոշից մինչև Լիդիայի Սարդես քաղաք։ Քսենոփոնի վկայությամբ՝ մ․թ․ա․ 401 թվականի ամռանը Կյուրոս Կրտսերը, շարժվելով Բաբելոն, անցել է իր տաս հազարանոց զորքով։ Այս նույն ճանապարհով էլ մ․թ․ա․ 333 թվականին Գրանիկեի ճակատամարտից հետո, իր զորքերին առաջնորդել է նաև Ալեքսանդր Մակեդոնացին։
Հռոմեական ժամանակաշրջանում Կիլիկիայի դարպասները եղել են խաչմերուկ, որտեղ հատվում էին Փոքր Ասիայի հռոմեական ճանապարհները։ Համաձայն Աստվածաշնչի՝ սուրբ Պողոս և Սիլաս առաքյլաները անցել են այս ճանապարհով՝ ճանապարհորդելով Սիրիայով և Կիլիկիայով։
Բյուզանդա-արաբական պատերազմների ժամանակաշրջանում, երբ քրիստոնեական և մուսուլմանական աշխարհների միջև սահմանագիծն անցնում էր Տավրոսի լեռներով, լեռնանցքն ուներ ընդամենը մի քանի մետր լայնություն և համարվում էր միակն երթուղին, որով Կիլիկիայից կարելի էր անցնել բյուզանդական Կապադովկիա։ Ինչպես նախորդ դարերում, ուշ միջնադարում ևս այն եղել է քարավանների հիմնական երթուղիներից մեկը[7]։ Խաչակիրների զորաջոկատները Կոստանդնուպոլսից Փոքր Ասիա ճանապարհի ընթացքում նույնպես ստիպված էին անցնել այս երթուղով։
Դեպի հարավ-արևմուտք, լեռնանցքի ժայռերից մեկի վրա գտնվում է ներկայումս «Գյուլեք» անունը կրող ամրոցը։ Պահպանվել են տեղեկություններ ամրոցի բյուզանդական և արաբական գերակայության վերաբերյալ, սակայն այն XII-XIII դարերի հայկական ամրոց է[8]։ Դարպասներին բավականին մոտ գտնվում է մի ամրոց, որը թվագրվում է 1830-ական թվականներին և կառուցվել է Եգիպտոսի Իբրահամ փաշայի հրամանով՝ օսմանների դեմի սիրիական արշավանքի ժամանակ[9]։
Երբ գերմանացի ինժեներները ձեռնամուխ են եղել Բաղդադի երկաթուղու կառուցմանը, որն իրար էր կապելու Ստամբուլն ու Բաղդադը, հասկացել են, որ չեն կարող ճանապարհը կառուցել թեք, նեղ և հին ճանապարհներով։ Մի շարք ջրանցույցներ և թունելներ, որոնք կառուցվել են տեղաբնակների կողմից խնդրի լուծման նպատակով, համարվում են երկաթուղային տեխնիկայի հրաշքներից մեկը[10]։ Այդ երթուղին անցնում է Փոզանթըից հարավ-արևելք ընկած երկրորդական ճանապարհով։ Ճանապարհն անցնում է Անաշդա լեռան վրա կառուցված հայկական ամրոցի մոտով[8]։ Երկաթուղին բացվել է 1918 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին երկաթուղին օսմանյան զինվորականներին տեղափոխել է Միջագետքի պատերազմական թատերաբեմեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Турция: Справочная карта / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1997 г.; гл. ред. Я. А. Топчиян; ст. ред. Н. Н. Рюмина. — 1:2 000 000, 20 км в 1 см. — М.: Роскартография, 2001.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Киликийские Ворота // Военная энциклопедия / И. Д. Сергеев. — Москва: Военное издательство, 1999. — Т. 4. — С. 39. — ISBN 5-203-01876-6
- ↑ 3,0 3,1 3,2 Киликийские Ворота // Большая советская энциклопедия / А.М. Прохоров. — 3-е издание. — Большая советская энциклопедия, 1973. — Т. 12. — С. 107. — 624 с.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Киликийские Ворота // Советская военная энциклопедия. — Москва: Военное издательство Министерства обороны Союза СССР, 1979. — Т. 4. — С. 172.
- ↑ 5,0 5,1 Киликийские Ворота // Географический энциклопедический словарь / Гл. ред. А. Ф. Трёшников. — Изд. 2-е, дополненное. — Москва: Советская энциклопедия, 1989. — С. 233. — 592 с. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6
- ↑ Микаелян Г.Г. История Киликийского армянского государства — Ереван: Издательство АН Армянской ССР, 1952. – 555 с.
- ↑ Κυριακίδης, Π.Ι., «Τα Τύανα της Καππαδοκίας», Μικρασιατικά Χρονικά 6 (1955) (Кириакидис П.И. «Тиана Каппадокийская». Малоазийские Хроники, №6 (1955))
- ↑ 8,0 8,1 Edwards, Robert W. (1987). The Fortifications of Armenian Cilicia: Dumbarton Oaks Studies XXIII. Washington, D.C.: Dumbarton Oaks, Trustees for Harvard University. էջեր 62–65, 139–142, 281, 283, pls.6a-8b, 91a–94a. ISBN 0-88402-163-7.
- ↑ M. Canard, “Cilicia,” The Encyclopaedia of Islam, new edition, 1960-85, p.38.
- ↑ http://www.trainsofturkey.com/w/pmwiki.php/Network/CilicianGates
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Фотообзор велопробега через Киликийские Ворота (2011 год)» (ռուսերեն). Веб-страница www.lejebokatrophy.narod.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիլիկիայի դարպասներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 457)։ |