Ռազմական ստրատեգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2008 թվականին ռազմական ծախսերի ծավալը. որքան մուգ է գույնը, այնքան ավելի բարձր է ռազմական ծախսերը երկրի ՀՆԱ-ի հաշվեկշռում

Ռազմական ստրատեգիա կամ Ռազմական ռազմավարություն (հ․–հուն στρατηγία, stratēgós – ստրատեգոս, որ բառացի նշանակում է զորքը առաջնորդել, ռազմավարություն), պատերազմը վարելու հմտություն, ռազմական գործողությունները վարելու «հրամանատարական արվեստ», ռազմարվեստի բարձրագույն բնագավառ[1](էջ 69)։ Ընդգրկում է զինված ուժերը պատերազմի նախապատրաստելու, պատերազմը պլանավորելու և վարելու տեսական և գործնական հարցեր, ուսումնասիրում պատերազմի օրինաչափությունները, հանդիսանում է ռազմական գործի բաղկացուցիչ մասը, մշակում է ստրատեգիական գործողություններ նախապատրաստելու և վարելու եղանակները, որոշում ռազմաճակատների, նավատորմների և բանակների նպատակներն ու խնդիրները և այլն՝ նպատակային ուժի կիրառման կամ բռնության սպառնալիքով թիրախային քաղաքական նպատակներով[2]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է հունարեն strategos, ստրատեգոս բառից, իսկ στρατηγία, ստրատեգիա տերմինը կիրառության մեջ է մտել 18–րդ դարի ընթացքում[3] ձեռք բերելով նեղ իմաստ, որպես «գեներալի արվեստ» կամ հրամանատարական արվեստ[4] կամ զորքի «տեղակայման արվեստ»[5]։

Ռազմական ռազմավարության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմավարական մշակույթը ընդգրկուն և խորը, խիստ պրագմատիկ դիսցիպլին է (գիտաճյուղ)։ Սակայն գործնականում այն առավելապես պատերազմի ոլորտին և պատերազմական ժամանակին է վերաբերվում, քան մեծ ռազմավարությանը և ազգային անվտանգության խնդիրներին։ Ռազմավարությունը պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհ է, ընդհանուր պլանի և համակարգված միջոցառումների իրականացման միջոցով՝ պատրաստ լինելով անընդհատ փոփոխվող հանգամանքներին և պայմաններին, ռազմավարական անսպասելիությանը[6]։

Մարտավարության և օպերատիվ մակարդակի սխալները կարող են ուղղվել ընթացիկ պատերազմի ընթացքում, մինչդեռ ռազմավարության սխալները կարող են ուղղվել միայն հաջորդի ժամանակ։

Ռազմավարությունը ներառում է պատերազմին նախապատրաստվելու արվեստի և զինված ուժերի (զորք) կառույցների հաջորդական գործողությունների միահամուռ, համակարգված աշխատանք ռազմավարական նպատակներին հասնելու համար[7]։ Ռազմավարությունը լուծում է թշնամու նկատմամբ հաղթանակի հասնելու համար ինչպես զինված ուժերի, այնպես էլ երկրի ողջ ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրներ։

Որոշ պետություններում ստրատեգիան բաժանվում է․

  1. մեծ սրատեգիա (ամբողջությամբ պատերազմի ստատեգիա)
  2. փոքր ստրատեգիա (պատերազմի հետ կապված տարբեր ծավալի ամեն տեսակ պլանավորման, նախապատրաստման և գործողությունների վարման հարցեր)։

Ռուսական ռազմական գործում փոքր ստրատեգիան կոչվում է օպերատիվ արվեստ (ОИ), որը ստրատեգիայի և տակտիկայի միջև ընկած միջանկյալ ռազմարվեստ է և որի որոշումները բխում են ստրատեգիական որոշումներից։

Որպես ռազմագիտություն ստրատեգիան գիտելիք է տալիս իրավիճակային ռազմավարական գործողությունների վերաբերյալ։ Սակայն գիտելիքների իրագործումը ռազմավարից (հրամանատար, քաղաքական գործիչ) պահանջում է ստրատեգիական գիտելիքներից բացի անհատական ռազմավարական հատկանիշներ։

Անհնար է ռազմավար դառնալ միայն տեսական գիտելիքներով, քանի որ ստրատեգիան առնչվում է կիրառական ոլորտին և դրսևորվում է միայն պրակտիկ գործունեության մեջ։ Այդ իսկ պատճառով ստրատեգիան արվեստ է, որտեղ ստրատեգիական գիտելիքները գործիք են ռազմավարի ձեռքում։ Ռազմավարի անհատականությունը և հմտությունը ռազմավարության գլխավոր տարրերն են։

Ռազմական ստրատեգիան սերտորեն կապված է պետության քաղաքականության հետ և բխում է ռազմական դոկտրինայի (գաղափարախոսություն) պահանջներից։ Քաղաքականությունը ռազմական ստրատեգիայի առջև դնում է որոշակի խնդիրներ, իսկ ստրատեգիան ապահովում դրանց կատարումը։ Արդիական է մնում այս հին ասույթը․

«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»

Սակայն պարադոքս է․ այս պատրաստության մեջ չափից ավելի ջանալը կարող է թուլացնել իշխանության տնտեսական, հոգեբանական և քաղաքական բաղադրիչները՝ դրանով իսկ պատերազմ սանձահարել։

Պետք է ընդհանուր նպատակները, եղանակները (ուղիները, մեթոդները) և միջոցներն այնպես հաշվեկշռվեն, որպեսզի ազգային անվտանգության ոլորտում ներքին և արտաքին քաղաքականությունների միջև բնական լարվածությունը հասցվի նվազագույնի՝ ընդսմին նվազագույն ռիսկով ապահովելով կենսականորեն կարևոր ազգային շահերի անվտանգությունը[1][էջ 123]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուն Ցզի, «Երկ ռազմարվեստի մասին»[8] գրքի ժամանակակից հրատարակություն

Ռազական ռազմավարության հիմնական խնդիրներն անփոփոխ են մնում Հին Հռոմի և Բրիտանական կայսրության ժամանակներից ի վեր։

Հին աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհում պատերազմները կրում էին կարճաժամկետ արշավների բնույթ համեմատաբար ոչ մեծ տարածությունների վրա, բայց հետագայում Ալեքսանդր Մակեդոնացին (մ. թ. ա. 356-323), Հուլիոս Կեսարը (մ. թ. ա. 100-44), այլ զորավարներ սկսեցին ձեռնարկել երկարաժամկետ արշավներ դեպի հեռավոր վայրեր։

Ըստ Սուն Ցզիի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուն Ցզին (մ.թ.ա. 6-5-րդ դար) եղել է չինական գեներալ, ռազմական ստրատեգոս և փիլիսոփա։ Նրա «Երկ ռազմարվեստի մասին» գիրքը[8]։|Սուն Ցզի»}} ռազմավարության վերաբերյալ ամենավաղ գրված գիրքն է և շարունակում է մնալ այս թեմայի առավել կարևոր աշխատություններից մեկը։

Նա առանց բախումների՝ մանևրների կամ հակառակորդին հոգեբանական խառնաշփոթի մատնելու միջոցով հաղթանակի հասնելու կողմնակից է[8][էջ 84], որն այնքան էլ բնորոշ չէ Հին Չինաստանին։ Նա նաև հակառակորդի ուժերը ջլատելու և մաս առ մաս ջախջախելու կողմնակից է[8][էջ 95]։ Նա համարում է հարձակումը պատերազմող կողմի ուժի արտահայտություն, իսկ պաշտպանությամբ հնարավոր չէ հաղթանակի հասնել[8][էջ 87]։

Եթե գիտես նրան (թշնամուդ) և գիտես քեզ, մարտնչիր թեկուզ հարյուր անգամ, վտանգ չկա. եթե գիտես քեզ, բայց նրան չգիտես, մի անգամ կհաղթես, մյուս անգամ պարտություն կկրես. եթե չգիտես ո՛չ քեզ, ո՛չ նրան, յուրաքանչյուր անգամ, երբ մարտնչես, պարտություն կկրես[8][էջ 84]։

Յուլիուս Ֆրոնտինոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոնտինուսի «Ստրատագեմաներ»

Ֆրոնտինուսը (լատին․՝ Sextus Julius Frontinus; մոտ 30 - 103 թվականներ) իր «Ստրատագեմաներ» աշխատությունում ներմուծեց «ստրատեգիկոն» տերմինը, որը նշանակում է ստրատեգաբանություն, այսինքն պատերազմ վարելու մեթոդներ։ Այն իրենից ներկայացնում է տակտիկական և հոգեբանական հնարքների համակարգված ժողովածու, որը կիրառվել է կոնկրետ իրավիճակներում ինչպես հին դարերի, այնպես էլ հեղինակի ժամանակաշրջանի տիրակալների և ռազմական հրամանատարների կողմից։ Ընդ որում այդ հնարքները նախապես մտածված չեն եղել, այլ կիրառվել են անսպասելի ստեղծված իրավիճակներում դրանցից խուսափելու կամ նույնիսկ իրենց օգտին շրջելու նպատակով[9]։

Ըստ Մին դինաստիայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մին կայսրության (1368–1644 թթ.) ընթացքում անհայտ հեղինակը գրել էսսե, որը հետագայում ճանաչում է ստացել որպես «36 ստրատագեմաներ» տրակտատ (հին հունարեն στρατήγημα, ստրատագեմա - «ռազմական խորամանկություն») անվամբ։ 36 թիվը սիմվոլիկ բնույթ է կրում և նշանակում է բազմակի, մեծ քանակություն[10]։ Սա ռազմավարական տեխնիկական գաղտնիքների և անուղղակի տակտիկական քայլերի ալգորիթմ է, խորամանկ գործողությունների հաջորդականություն, որն օգտագործվում է թաքնված թիրախներին հասնելու, առավելություններ ստանալու և նախաձեռնությունը գրավելու նպատակով, անպայման հաշվի առնելով հակառակորդի հոգեբանությունը, դիրքը, տիրող իրավիճակը և այլ իրավիճակային առանձնահատկություններ։ Այս հասկացությունը Չինաստանի կուլտուրայում գոյություն ունի ավելի քան երեք հազար տարի։

Ով աշխատում է կանխատեսել, կորցնում է զգոնությունը։
Այն ինչ տեսնում ես ամեն օր, կասկած չի հարուցում։
Պարզ օրը թաքցնելու ավելի լավ միջոց է, քան՝ մութ գիշերը։
Ամեն ինչ բացեիբաց ցույց տալ, նշանակում է ամեն ինչ թաքցնել[11]։

Արևմտյան պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքում «ռազմավարություն» բառը, չնայած հին հունական ծագում ունի, բայց միայն 6-րդ դարի բյուզանդական գրականության մեջ այն օգտագործվել է ինչպես «հրամանատարին արտաքին և ներքին թշնամուց պաշտպանելու, թշնամուն պարտության մատնելու միջոց», այնպես էլ ռազմական տակտիկայի՝ մարտավարության հիերարխիկ հարցեր[12]։

Ըստ Լևոն VI Իմաստասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառը օգտագործվել է Բյուզանդական գրականության մեջ այս առումով, հատկապես Լևոն VI Իմաստասերի (866-912 թթ.) աշխատություններում որպես «ռազմարշավի արվեստ», որը ենթադրում է ի թիվս շատ այլ արվեստների կամ օժանդակ գիտությունների, պաշարման արվեստի, աշխարհագրության, ռազմական լոգիստիկայի և այլնի մարտավարություն։ Այդ ժամանակաշրջանում չի հիշատակվում որևէ լատինական համարժեք։ Միայն 1777 թվականին «ռազմավարություն» տերմինը առկա է Լևոն VI–ի աշխատությունների գերմաներեն թարգմանությունում[13]։ Գրեթե միաժամանակ Լևոն VI–ի աշխատությունները թարգմանվել են ֆրանսերեն և տերմինը կրել է ռազմարվեստ կամ ռազմագիտություն իմաստը[14]։

Միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում սովորական էին սահմանափակ նպատակներով և չափերով քաղաքացիական պատերազմները։ Մարտնչող կողմերի գործողությունները որպես կանոն, բնութագրվում էին անվճռականությամբ և կենտրոնացված ռազմավարական ղեկավարության բացակայությամբ։ Բերդերի ու ամրոցների պաշարումը շարունակվում էր տարիներով, և հազվադեպ էին տեղի ունենում խոշոր մարտեր։ Ի հակադրություն, Չինգիզ խանի (1162-1227 թթ.) և այլ մոնղոլական հրամանատարների, որոնք գործում էին վճռական, իրականացնելով համակարգված ռազմավարական հարձակողական գործողություններ մեծ խորությամբ։

17-18–րդ դարերում եվրոպական զորքերը ձգտում էին պատերազմը շահել հմտորեն մանևրելով թշնամու հաղորդակցության միջոցների վրա, այդպիսով դժվարացնելով նրա բանակի մատակարարման գործը, նաև շրջափակման և նրա ամրոցների գրավման ճանապարհով։ Այս ռազմավարական ագրեսիային արժանի հակահարված տալու նպատակով հիմնական զորախմբերը տեղակայվում էին պետական սահմանների երկայնքով և ստեղծվում էին պաշտպանական ամրոցների համակարգ։

Պյոտր Ռումյանցևը (1725-1796 թթ.) և Ալեքսանդր Սուվորովը (1730-1800 թթ.) ստրատեգիական նպատակներն իրագործում էին ուժերը կարևոր ուղությունների վրա կենտրոնացնելով, վճռորոշ հարձակման, համարձակ մանևրների միջոցով։

Ըստ Նապոլեոնի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնը (1769-1821 թթ.) ռազմավարությունը սահմանում է որպես «ժամանակի և տարածության օգտագործման արվեստ»[15]։ Նապոլեոնը վճռական էր գործում և ձգտում էր թշնամուն հաղթել մեկ՝ գլխավոր ճակատամարտով։ Նապոլեոնյան պատերազմներից հետո ռազմավարության ընկալումը հետզհետե բարդացավ։

Կարլ Կլաուզևից

Ըստ Կարլ Կլաուզևիցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Կլաուզևիցի (1780-1831 թթ.) «Պատերազմի մասին»[16] աշխատությունը վերաբերվում է ստրատեգիական հետազոտություններին, որը հրատարակվել է հետմահու (1832-1834 թթ.)։ Ըստ Կլաուզևիցի «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»[17]։ Ի տարբերություն Սուն Ցզիի, ռազմական տեսաբան Կլաուզևիցն իր պատերազմի հայեցակարգում ընտրում է ոչ թե «հակառակորդի մտահղացումների կոտրումը», այլ ճակատամարտը։ Նա մտցրել է վճռորոշ ճակատամարտի հասկացությունը, որից կախված է պատերազմի ելքը[18][էջ 393]։

Նա պատերազմական մի քանի հնարավոր սցենարներ դիտարկելով եկել է այն եզրակացության, որ լավագույնը հակառակորդի (որն առավել հաճախ համընկնում է զինված ուժերի հետ) ծանրության կենտրոնի վրա հարձակումն է և նրա ջախջախումը։ Այնուհետև անհրաժեշտ է գրավել երկրի մայրաքաղաքը, հետո հարձակվել նրա դաշնակիցների վրա[18][էջ 237]։

Պատերազմի ժամանակ բեկումնային պահն անվանում է հարձակման գագաթնակետ կամ կուլմինացիա, որին եթե չի հաջորդում ավելի մեծ ուժով հարձակումը, ապա ուժերը բավականացնում են պաշտպանական իրավիճակը պահելուն և խաղաղության կնքմանը սպասելուն, որին հաջորդում է բեկումը, ռեակցիան։ Այս ռեակցիայի ուժը սովորաբար զգալիորեն գերազանցում է դրան նախորդող հարվածի ուժին[18][էջ 310]։

Կուլմինացիայի օրինակ Ղարաբաղյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նման օրինակ կարող է ծառայել 1991-1994 թթ. Ղարաբաղյան պատերազմը[19]
Հայկական պետությունների զինված ուժերը, հասնելով կուլմինացիոն կետին և ռազմական հաղթանակի, համաձայնեցին զինադադար կնքել և պաշտպանողական դիրք գրավեցին։ Հաջորդ բնական քայլը պետք է դառնար ձեռք բերված հաղթանակին համարժեք հաշտության պայմանագրի կնքումը և հաջորդող անխուսափելի ռեակցիային պատրաստ լինելը[20]։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

19–րդ դարի երկրորդ կեսից զենքի կատարելագործման շնորհիվ զորքի մարտական հնարավորություններն ավելացան, երկաթուղին հնարավորություն ստեղծեց արագացնել զորքի, զենք-զինամթերքի տեղաշարժը, սպասարկումը, իսկ հեռագրական կապի շնորհիվ հեշտացավ տարբեր ուղություններով գործող զորքի կառավարումը։ Այս փոփոխությունների հետևանքով զարգացավ ռազմական տեսությունը։ 20-րդ դարը ռազմավարության նկատառումներում մեծ առաջընթաց գրանցեց, որը հանգեցրեց ռազմական ստրատեգիա եզրույթի լրջագույն վերաիմաստավորման։

Առաջին աշխարհամարտ։ Փորձ ու տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ եվրոպական երկրների մեծ մասի ստրատեգիական կոնցեպցիան կարճաժամկետ, ջախջախման պատերազմ վարելն էր։ Սակայն պատերազմը ձգձգվելով վերաճեց դիրքային հյուծիչ պատերազմի, և կողմերը երկար ժամանակ չէին կարողանում «դիրքային փակուղուց» դուրս գալու ելք գտնել։

Ալֆրեդ Շլիֆենը (1833-1913) Գերմանիայում զարգացրեց հզոր ստրատեգիական շարասյան ուժերի մեկ կամ երկու թևերին վճռական հարված հասցնելով հակառակորդին շրջապատելու և ոչնչացնելու տեսությունը, որը կոչվում էր «Կանների» տեսություն։ Այս տեսությունը իր տեսակով ջախջախման պատերազմի տեսություն էր։

Ֆերդինանդ Ֆոշ, Ֆրանսիայի մարշալ, 1921

Ֆերդինանդ Ֆոշը (ֆրանսերեն Ferdinand Foch, 1851-1929) Ֆրանսիայում ստրատեգիական գործողությունների հիմնական ձև համարում էր հարձակումը և պահանջում էր ուժերը ներքին օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելով հակառակորդի կարևորագույն խմբավորումներին ջախջախիչ հարված հասցնել։

Առաջին համաշխարհային պատերազմի փորձը ցույց տվեց օդագնացության, տանկերի և սուզանավերի հնարավորությունները։ Դա սկզբնավորեց հաղթանակի հասնելու տեսություններ․

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ հրամանատարությունը Խաղաղ օվկիանոսյան ռազմածովային ուժի ստրատեգիայի կողմնակից էին, ֆրանսիական հրամանատարությունը դիրքային պատերազմի, իսկ նացիստական Գերմանիան կայծակնային պատերազմի պլաններ էին մշակում (գերմաներեն Blitzkrieg)։ Խորհրդային ստրատեգիան համարում էր, որ ապագա պատերազմի նպատակներին հասնելու է վճռական հարձակմամբ և բոլոր տեսակի զինված ուժերի համաձայնեցված ջանքերի միջոցով՝ «օտար հողում հզոր հարվածով, քիչ արյուն թափելով» թշնամուն ջախջախել[21]

Ըստ Լիդդել Հարթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդդել Հարթը (1895–1970) ռազմավարությունը սահմանում է որպես «ռազմական միջոցների բաշխման և կիրառման արվեստ՝ քաղաքականության նպատակների իրականացման համար»[23][էջ 335], խոսում է մեծ ռազմավարության (grand strategy) մասին` որպես առավելապես չբացահայտված ոլորտ (terra incognita), որն սպասում է հետազոտության և ընկալման»[23][էջ 322]։ Հարթն իր սկզբունքներն ամփոփել է «ոչ ուղղակի գործողություններ» արտահայտությամբ (հակառակորդի կամքը կոտրելու համար կիրառել ֆինանսական, դիվանագիտական, առևտրային ճնշում, նաև էթիկական ճնշում)։

Իսկական նպատակը ոչ այնքան ճակատամարտն ընտրելն է, որքան այնքան շահավետ ռազմավարական իրադրության ստեղծումը, որպեսզի եթե այն նույնիսկ չհանգեցնի էլ լուծման, ապա նրա շարունակությունը ճակատամարտի ձևով միանշանակորեն թույլ տա հասնել դրան։ Այլ խոսքերով՝ տարատեղումը (դիսլոկացիան) ռազմավարության նպատակն է[23][էջ 339]։

Անուղղակի մոտեցման ռազմավարության առավելությունը հանկարծակիության, հոգեբանական խառնաշփոթի էֆեկտի միջոցով, առանց հակառակորդի հետ ուղղակի բախման մեջ մտնելու հաղթանակի ձեռքբերումն է։ Այս առումով անուղղակի մոտեցումը նման է Սուն Ցզիի փիլիսոփայությանը։ Սակայն, քանի որ ձեռք բերված առավելությունը ժամանակավոր բնույթ է կրում, ապա այս իմաստով անուղղակի մոտեցումն ամբողջական չի, հետևաբար հաղթանակի համար ուղղակի մոտեցումներ են պետք, այսինքն՝ ռազմական ուժի կիրառման վրա հիմնաված գործողություններ[21]։

Ռազմավարությունն ըստ Հովարդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Հովարդի (Michael Howard, ծնված 1941 թվականին) ռազմավարությունը հենվում է զարհուրեցնելու, հարկադրելու և համոզելու (reassurance) վրա։ Առաջարկվում է ռազմական ուժի կիրառման ստրատեգիան նաև որպես միջոց այլ պետություններին վախեցնելու համար՝ հարկադրելով նրանց հրաժարվել որևէ քայլ ձեռնարկելուց կամ կապիտուլյացիայի ենթարկել։ Այդպիսով ռազմական ուժը կարող է փոխակերպվել կայուն և տևական խաղաղության։ Այս ռազմավարությունը հաջող կիրառություն է գտավ, երբ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմը ծովերի նկատմամբ վերահսկողություն սահմանելով գլոբալ անվտանգություն ապահովեց, որը փոխակերպվեց ընդհանուր խաղաղության[24]։ Նման օրինակ է 1999 թվականին ՆԱՏՕ-յի և հակամարտությունը Հարավսլավիայում։

Էդվարդ Լյութվակ

Ռազմավարությունն ըստ Լյութվակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Լյութվակը (Edward Luttwack, ծնված 1942 թվականին) ռազմավարության ձև է համարում

  1. ուժասպառ անելը
  2. հարաբերական մանևրը։

Հարաբերական մանևրի միջոցով (ֆիզիկական, հոգեբանական կամ կազմակերպական) հակառակորդի թույլ կողմերը բացահայտել, ուղղակի բախումից խուսափելով շարքից հանել հակառակորդի համակարգերը (հրամանատարական և կառավարման համակարգեր, գործող բանակ կամ նույնիսկ ռազմական դոկտրինը)։ Որոշ դեպքերում հարձակման կարող են ենթարկվել հակառակորդի տեխնիկական համակարգերը[25][էջեր 92-94]։

Պարադոքսային տրամաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմավարության տրամաբանությունը պարադոքսային է և ընդգրկում է․

  • պատերազմի հինգ մակարդակ․
  1. տեխնիկական
  2. մարտավարական
  3. գործառնական
  4. ռազմավարական (ռազմական գործողությունների թատերաբեմ)
  5. մեծ ռազմավարություն
  • երկու չափում․
  1. հորիզոնական (մակարդակներից յուրաքանչյուրի ներսում)
  2. ուղղահայաց (մակարդակի միջով)։

Պարադոքսային տրամաբանությունը տարբերվում է բնական տրամաբանությունից նրանով, որ սովորական մարդկային գործունեության մեջ ընտրում ենք որակյալ ճանապարհը, սակայն «ռազմավարության կոնֆլիկտային ոլորտում վատ ճանապարհը լավն է համարվում հենց այն պատճառով, որ եթե վատն է, ուրեմն լավ պաշտպանված չէ կամ նույնիսկ առանց պաշտպանության է»։ Պարադոքսային տրամաբանությունն ապահովում է առավելություն, որը պատերազմի բնույթի հետևանքն է[25]։[էջ 4]։ Պարադոքսային վարքագիծը հանկարծակիությունը ապահովելու և մարտում առավելություն ձեռք բերելու նպատակ է հետապնդում։ Հանկարծակիության ապահովումը դառնում է ռազմավարության և նույնիսկ ռազմավարական գիտության մի ամբողջ ուղղության առանցքային տարրերից մեկը։

Սակայն կան իրավիճակներ, երբ ուղիղ տրամաբանական որոշումներն առավել ընդունելի են։ Եթե հակառակորդն այնքան է թուլացել, որ նրա ուժերը կարող են դիտարկվել որպես թիրախների պասիվ բազմություն, որոնք միևնույն ժամանակ նաև զրկվել են շարժունակությունից, ռազմավարության պարադոքսային տրամաբանությունը՝ անտեղի է։ Պետք է գործել բնական տրամաբանությամբ[25] [էջեր 10-15, 17]։

Ըստ Մարտին վան Կրևելդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին վան Կրևելդի (Martin van Creveld, ծնված 1946 թվականին) «Պատերազմի փոխակերպումը» մենագրությունը աշխատությունում գրում է, որ պատերազմն այլևս պետության ռացիոնալ քաղաքական ակտ չի հանդիսանում։ Պատերազմների նպատակներն այլևս սովորական չեն, և դրանք չեն վարվում դասական պատերազմների համար սովորական և բոլորի համար ընդունելի կանոններով[26]։ Արդի պատերազմն ընդունում է զանազան ձևեր, և Կլաուզևիցի եռամիասնության ձևը ընդամենը դրանցից մեկն է, ընդ որում՝ ոչ գերիշխողը։

Ըստ Լոուրենս Ֆրիդմանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորության քաղաքագետ, ռամական պատմաբան Լոուրենս Ֆրիդմանը (անգլ.՝ Lawrence David Freedman ծնված 1948 թվականին) համարում է, որ «ռազմավարությունը սերտորեն կապված է նպատակների (քաղաքական) և միջնորդ գործակալների (ռազմական, տնտեսական, քաղաքական, և այլն) միջև հարաբերություններից։ Այն իշխանություն ստեղծելու արվեստ է[27]։

Խորհրդային տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական ստրատեգիան կապված է էկոնոմիկայի հետ, որոշվում է երկրի հասարակական-տնտեսական կարգով, ժողովրդի բարոյական հնարավորություններով։ Բուրժուական ռազմական ստրատեգիան ծառայում է իմպերիալիզմի դասակարգային շահերին, կապիտալիզմի ամրապնդման, պահպանման նպատակով պատերազմ նախապատրաստելու և վարելու նպատակներին։ Խորհրդային ռազմական ստրատեգիան բխում էր Խորհրդային Սոցիալիստական Կոմունիստական Կուսակցության և խորհրդային պետության քաղաքականությունից, մշակվում մարքսիզմ-լենինիզմի հիմքի վրա։ Խորհրդային Միության և սոցիալիստական մյուս պետությունների ռազմական ստրատեգիան ծառայում է աշխատավորների հեղափոխական նվաճումների պաշտպանության և ամբողջ աշխարհում խաղաղությունն ամրապնդելու գործին։ Ստրատեգիան առաջին համաշխարհային պատերազմում՝ «օտար հողում հզոր հարվածով, քիչ արյուն թափելով» թշնամուն ջախջախելն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Երրորդ Ռայխի «Բարբարոսա» ռազմական ռազմավարություն իրականացնելու Հիտլերի վերջնական նպատակը մնաց անհասանելի։ Հիմնական պատճառը Կարմիր բանակի ուժերի թերագնահատումն էր[28]։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Ռազմավարությունների և դրանց տարբեր մակարդակների հարաբերություններն ու դերերը զգալիորեն փոխվել են։ Ռազմավարությունների և դրանց ենթակա կատեգորիաների փոխհարաբերությունները ներկայումս կարելի է նկարագրել հետևյալ կերպ։

Սխեմայում պահպանված է կարևոր մի քանի սկզբունք։ Նախ այստեղ ոլորտները այնպես են դասավորված, որ հստակ երևա դրանց փոխկապակցվածությունը։ Ըստ էության, բոլորը բոլորի հետ ուղիղ ու անուղղակի կերպով կապ ունեն և միմյանց հետ հարաբերվում են միաժամանակ մի քանի կետով ու համապատասխանաբար նաև բաժանվում։ Գույներով երևում են նաև դրանց կապը և տարանջատման սահմանները։ Այս սխեման կազմված է նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակակից ռազմարվեստը ապրում է մեծ փոփոխությունների ժամանակաշրջան։ Ինտենսիվորեն վերանայվում են մարտավարության, օպերատիվ արվեստի և ռազմավարության սահմաններն ու հարաբերությունները։ Սխեման կազմելիս հաշվի է առնված նաև այն հանգամանքը, որ ժամանակակից գիտությունը, ռազմական և առհասարակ կառավարման արվեստում ուղղահայաց ենթարկվածության ու վերադասության մոդելի հետ զուգահեռ, դիտարկում է նաև հորիզոնական և փոխադարձ կապվածության կառավարման մոդելները։ Չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում ուղղահայաց ինստիտուտներին գալիս են առնվազն լրացնելու, եթե ոչ փոխարինելու, փոխադարձ կապվածության ինստիտուտները։

Սխեմայում Մեծ ռազմավարությունը միաժամանակ հարաբերվում է Միջին ռազմավարությանն ու Թատերաբեմի ռազմավարությանը և Օպերատիվ արվեստին, այն ուղիղ կերպով չի ազդում միայն Մարտավարության վրա. ազդեցությունը միջնորդավորված է։ Նույն սկզբունքով ռազմավարությունների բոլոր օղակները առնչվում են միմյանց հետ և Օպերատիվ արվեստի հետ։ Միաժամանակ Օպերատիվ արվեստի առնչությունն էլ ցուցադրում է դրա անհստակությունն ու տարալուծումը ռազմավարությունների օղակների և Մարտավարության հետ։ Խորհրդային դպրոցը, օրինակ, մեծ տեղ տալով Օպերատիվ արվեստին և շատ հարցեր կոնկրետացնելով հստակ թվական տվյալներով, այդպես էլ չէր կարողանում հստակեցնել Օպերատիվ արվեստի ու Ռազմական ռազմավարության սահմանները։ Կաղում էր ռազմագործողություն-ճակատամարտ կապի հստակ բացատրությունը։ Արևմտյան ռազմատեսական դպրոցն այս հարցերին նայում է ավելի շատ որպես արվեստ և խուսափում է մաթեմատիկական կոնկրետություններից։ Մենք ևս աշխատել ենք պահպանել այդ սկզբունքը, որն ավելի ճիշտ ենք համարում։ Միևնույն է ժամանակի ընթացքում հայկական ռազմագիտական դպրոցը գնալու է այս ճանապարհով, դրա համար կան մի քանի պատճառներ։

  • Խորհրդային, ռուսական դպրոցի մաթեմատիկական կոնկրետության պահանջները մեր տեղանքում և մեր պայմաններին չեն համապատասխանում։
  • Ռուսական ռազմագիտական դպրոցը հաճախ ամենաառաջադեմը չէ և հետևում է արևմտյան դպրոցներին։
  • Մեր ազգային մտածելակերպը ավելի ազատ է, ավելի ստեղծարար, իրական կյանքում մենք միևնույն է գործում ենք այլ կանոններով։

Կապույտ գույնը՝ որպես բարձր աստիճանի, ազնվական դասի խորհրդանիշ, արտահայտում է ամենաբարձր մակարդակը։ Միջին հատվածում, որտեղ կատարվում է հիմնական կազմակերպչական ու իրականացման ամենամեծ ծավալի աշխատանքը, արտահայտում է կարմիր գույնը, որը նաեւ ընդհանուր ռազմական ռազմավարության տիրույթն է։ Ամենաներքևի աստիճանը, որն արտահայտում է դաշտային աշխատանքի մակարդակը, ներկված է կանաչ գույնով։ Այդ գույնի ներքո հիմնական գործն իրականացվում է մարտավարության մակարդակում, սակայն թեկուզ մասնակի դրսևորվում են նաև այլ մակարդակներ։

Այս բաժանումը մի փոքր տարբերվում է ավանդական մոտեցումներից։ Ըստ այս բաժանման պետական քաղաքականության և մեծ ռազմավարության բաժանումը որքան էլ տարօրինակ է, պետք է հստակ նշել։ Իհարկե, բոլոր ոլորտներն ու մակարդակները իրար հետ շփման, նույնիսկ ձուլման հարթություններ ունեն, միմյանց վրա ազդում են ուղղակի և անուղղակի, սակայն միևնույն է դրանք լիովին նույնը չեն։

Միևնույն ժամանակ այս սխեմայով ցուցադրվում է հեղինակի մոտեցումը Ռազմական ռազմավարության հարցում։ Հեղինակը գտնում է, որ զուտ Ռազմական ռազմավարությունը այլևս այնքան էլ ակտուալ չէ. այն արդեն վաղուց զուտ ռազմական չէ, այն միաժամանակ տնտեսական է, քաղաքական է, քարոզչական է և այլն։ Թեկուզ միայն այն պատճառով, որ որպես մարտական կամ բախման հարթություն՝ կա նաև վիրտուալ տիրույթը, այն այլևս զուտ ռազմական լինելով՝ լիովին չի արտահայտում իրավիճակը։ Հեղինակը այդ ռազմավարությունը անանում է Միջին ռազմավարություն։ Միևնույն ժամանակ զուտ Ռազմական ռազմավարության տիրույթ է մտնում Թատերաբեմի ռազմավարությունը, որն էլ Միջին ռազմավարությունից կտարբերվի զուտ ռազմական բնույթով։ Այսինքն՝ մի կողմից թատերաբեմի ռազմավարական գործողությունները կան որպես առանձին երևույթ, սակայն մյուս կողմից դրանք չեն ընթանում մեկուսի՝ առանց վիրտուալ, տնտեսական և այլ հարթությունների։ Այսինքն ռազմական ռազմավարության ընդհանրական ոլորտը արդեն բազմաշերտ է ու փոխկապակցված։ Սխեմայում առանձին սլաքներով բոլոր մակարդակներն ու բոլոր ոլորտները միմյանց ազդում են, և այդ ազդեցությունը հենց արտահայտվում է ոչ զուտ ռազմական գործոններով։ Ահա այս հակասությունն ու հարաբերություններն էլ ձևավորում են սխեման։

Սխեմայից կարող ենք եզրակացնել, որ հակամարտությունը և պատերազմը, չհաշված առանձին բացառությունները, ռազմավարության մակարդակի գործողություն են և բոլոր օղակների հետ գրեթե ուղիղ առնչություն ունեն[29]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Jablonsky David, «Why Is Strategy Difficult.» in Bartholomees, J. Boone Jr., (ed.) U.S. Army War College Guide to National Security Policy and Strategy Revisited, Strategic Studies Institute (SSI), U.S. Army War College, Carlisle Barracks, June 2006. 1 September 2006 [1] Արխիվացված 2016-04-21 Wayback Machine
  2. Colin Gray: War, Peace and International Relations․ An Introduction to Strategic History. Routledge, Oxon 2007
  3. Carpenter (2005), էջ 25
  4. Matloff (1996), էջ 11
  5. Wilden (1987), էջ 235
  6. Gray Colin S.Transformation and Strategy Surprise.(չաշխատող հղում) Strategic Studies Institute (SSI), U.S.Army War College, Carlisle Barracks, April 2005. 1 September 2006.
  7. Gartner (1999), էջ 163
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Սուն Ցզի[2] արաբ․՝ Երկ ռազմարվեստի մասին‎‎
  9. Sextus Julius Frontinus Ստատագեմաներ (լատին․՝ {{{1}}} և անգլ.՝ {{{1}}})
  10. [Зенгер Х. фон. Стратагемы. О китайском искусстве жить и выживать. - М.: Эксмо, 2004. - Т. 1. - С. 39.]
  11. Тридцать шесть стратагем Древневосточная литература, Изд․ «Белые альвы», 2000, Электронная библиотека RoyalLib.com
  12. Beatrice Heuser: Den Krieg Denken: Die Entwicklung der Strategie seit der Antike. Paderborn: Schöningh, 2010, Kap. 1. գերմաներեն
  13. Johann W.von Bourscheid, Kaiser Leo des Philosophen Strategie und Taktik in 5 Bänden (Wien: 1777–1781).
  14. Für eine umfassende Bibliographie, siehe Heuser: Entwicklung der Strategie, էջ 469–515. գերմաներեն
  15. Chandler David G., The Campaigns of Napoleon, New York: Macmillan, 1966., էջ 161
  16. Клаузевиц К. О войне. - М.: Госвоениздат, 1934.; переиздание: М.: Эксмо, 2007. - ISBN 978-5-699-24697-7
  17. Jordan LindellClausewitz: War, Peace and Politics. Նոյեմբեր 26, 2009
  18. 18,0 18,1 18,2 Clausewitz Carl von, On War, Michael Howard and Peter Paret, trans., Princeton: Princeton University Press, 1976.
  19. 1991-1994 թթ. պատերազմը Արխիվացված 2008-06-15 Wayback Machine Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արտաքին գործերի նախարարություն
  20. Հրաչյա Արզումանյան Ռազմավարության ռազմական ասպեկտները «21-րդ ԴԱՐ» հանդես, թիվ 1 (15), 2007 թ.
  21. 21,0 21,1 21,2 J. Boone Bartholomees, JrA SURVEY OF THE THEORY OF STRATEGY(չաշխատող հղում), CHAPTER 2
  22. Giulio Douhet, The Command of the Air, trans. by Sheila Fischer, Rome: Rivista Aeronautica, 1958.
  23. 23,0 23,1 23,2 Liddell Hart, Basil H., Strategy, 2nd edition, 1954, reprint, New York: Frederick A. Praeger, 1967.
  24. Howard Michael., «Lessons of the Cold War,» Survival, Vol. 36, No., 4, Winter 1994-1995, էջ 165
  25. 25,0 25,1 25,2 Luttwack Edward N., Strategy: The Logic of War and Peace. The Belknap Press of Harvard University Press, Cambridge, 1987.
  26. Creveld Martin Van, The Transformation of War, New York: The Free Press, 1991
  27. Heuser: Den Krieg Denken. էջ 48.
  28. Gray Colin S. Has War Changed Since the End of the ColdWar?» Արխիվացված 2007-06-09 Wayback Machine Parameters, U.S. Army War College, Spring 2005. 1 September 2006.
  29. Արծրուն Հովհաննիսյան Ռազմարվեստ։ Հատոր երկրորդ, Երեւան 2020, էջ 42-45.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 152