Լիդդել Հարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
B H Liddell Hart.jpg

Սըր Հենրի Բեզիլ Լիդդել Հարտ (անգլերեն` Sir Basil Henry Liddell Hart, 1895 հոկտեմբերի 31–1970 հունվարի 29, մինչև ասպետի կոչմանն արժանանալը հայտնի էր որպես կապիտան Հ. Բ. Լիդդել Հարտ), անգլիացի ռազմական պատմաբան և տեսաբան, մեծ ազդեցություն է գործել 20-րդ դարում մեքենայացված պատերազմի, ինչպես նաև ընդհանրապես ռազմավարագիտության զարգացման վրա:

Ծնվել է Փարիզում հրեական ընտանիքում, սովորել է Քեմբրիջում, ավարտելով` ընդունվել է Յորքշիրի թեթև հետևակային գունդ: Բրիտանական բանակի սպայի աստիճանում մասնակցել է Առաջին աշխարհամարտին, որտեղ հնարավորություն է ունեցել ուսումնասիրել դիրքային պատերազմի ընթացքը: Մասնակցել է Սոմմա գետի մոտ ճակատամարտին, պարգևատրվել է խիզախության համար: Հաջորդ տարիներին սկսել է խորհել պատերազմի ընթացքում բարձր մարդկային կուրուստների պատճառների մասին, ինչի արդյունքում մշակել է լավ ռազմավարության հիմքում ընկած սկզբունքները, սկզբունքներ, որոնք իր խոսքերով արհամարհվել են Առաջին աշխարհամարտի բոլոր զորավարների կողմից:

Իր սկզբունքները ամփոփել է «ոչ ուղղակի գործողություններ» արտահայտության և երկու հիմնական կանոնների մեջ: Դրանք են`

  • Ամրացված դիրքերի վրա կանգնած հակառակորդի վրա ուղղակի գրոհը գրեթե երբեք արդյունք չի տալիս և հետևաբար` չպետք է կիրառվի.
  • Հակառակորդին հաղթելու համար պետք է նրան հավասարակշռությունից հանել, ինչին հնարավոր է հասնել հիմնական ճակատային գրոհին նախորդող գործողությունների միջոցով: