Լոուրենս Արաբացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոուրենս Արաբացի (այլ կիրառումներ)
Լոուրենս Թոմաս Էդվարդ
Thomas Edward Lawrence
Օգոստոս 16, 1888 թ. - Մայիս 19, 1935 թ.
ԾննդավայրԹրեմադոկ, Ուելս
Մահվան վայր{{{2}}} Մեծ Բրիտանիա
ԳերեզմանSt Nicholas Church[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԶորատեսակԲրիտանական բանակ և Թագավորական ռազմաօդային ուժեր
Կոչումփոխգնդապետ[2] և գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Արաբների ապստամբություն, Siege of Medina?, Ակաբայի գրավում, Մեգիդոյի ճակատամարտ և Դամասկոսի գրավում (1918)
ԿրթությունՀիսուսի քոլեջ (1910), Մագդալեն քոլիջ և City of Oxford High School for Boys?
Պարգևներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշան Մարտական խաչ 1914-1918 Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Բատի շքանշանի ասպետ

Լոուրենս Արաբացի (իրական անունը՝ Թոմաս Էդվարդ Լոուրենս, անգլ.՝ Thomas Edward Lawrence, օգոստոսի 16, 1888(1888-08-16)[3][4][2][…], Թրեմադոգ, Porthmadog, Գվինեդ, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6] - մայիսի 19, 1935(1935-05-19)[3][4][5][…], Բովինգթոն Ճամբար, Wool, Դորսետ, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի հնէաբան, զինվորական, լրտես և գրող։

Հայտնի է դարձել 1916-1918 թվականներին՝ Արաբական Մեծ ապստամբության ժամանակ։ Ամերիկյան լրագրողի դերում նա գրում է իր ինքնակենսագրությունը, որով զեկուցում է իրավիճակը արաբական աշխարհում։ Նրա մասին պատմող Պիտեր Օ’Թուլի մասնակցությամբ ռեժիսոր Դևիդ Լինի «Լոուրենս Արաբացի» ֆիլմը 1962 թվականին մեծ հաջողություններ է ունենում՝ արժանանալով յոթ Օսկարի։

Չնայած փառքին ու ճանաչվածությանը՝ նրա մասին կարծիքները բավականին տարբեր են և հակասական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թ.Է. Լոուրենսը ծնվել է 1888 թվականի օգոստոսի 16-ին։ Հայրը՝ Թոմաս Չեպմենը, Իռլանդիայի մեծահարուստներից մեկն էր, որը, լքելով կնոջը, ամուսնանում է Սառա Լոուրենսի՝ իր դստրերի դայակի և Լոուրենսի մոր հետ։ Լոուրենսը նրանց հինգ որդիներից երկրորդն էր։ Նա սովորում է Օքսֆորդի Տղաների բարձրագույն դպրոցում, որի չորս շինություններից մեկը հետագայում անվանվում է նրա անունով։ Դպրոցական տարիքում հետաքրքրվում է պատմությամբ և հեծանիվով հեռավոր ճամփորդություններ է կատարում դեպի հին ամրոցներ, եկեղեցիներ և պատմական այլ վայրեր։ Այդ ընթացքում Լոուրենսը և իր եղբայրներից մեկը ծառայում են են եկեղեցու տղա սպասավորների բրիգադում։

1909 թվականին նա մեկնում է Լիբանան և Սիրիա՝ ծանոթանալու Խաչակիրների կողմից կառուցված ամրոցներին։ Ոտքով ճանապարհորդում է գրեթե 1000 կմ, 3 ամսվա ընթացքում։ Վերադառնալով Անգլիա՝ փայլուն պաշտպանում է դիսերտացիան՝ նվիրված խաչակրաց արշավանքների ազդեցությանը եվրոպական ռազմական ճարտարապետության վրա։ Նա հրաժարվում է մնալ և դասավանդել Անգլիայում և որոշում է զբաղվել հնէաբանությամբ Մերձավոր Արևելքում։ 1910 թվականին նա տեղափոխվում է Լիբանան, որտեղ ամերիկացի միսիոներներից սովորում է արաբերեն։ Մասնակցում է մի շարք պեղումների, մեծ շրջագայություններ է անում Սիրիայում, ուսումնասիրում է արաբական մշակույթը, սովորույթները, կրում է նրանց հագուստները, սովորում է արաբերենի տարբեր բարբառները, որոնք հետագայում նրան շատ պետք են գալիս։

1914 թվականին հնէաբանական հետազոտության պատրվակով Վուլլին և Լոուրենսը ուղարկվում են Սինայի թերակղզի՝ այնտեղից տեղեկատվություն տրամադրելու համար։ Լոուրենսը այդ ընթացքում լինում է Ակաբայում և Պետրայում։ 1932 թվականին ավարտվում է նրա պայմանագիրը Բրիտանական ռազմական ուժերի հետ և նա վերադառնում է հայրենիք։ Մահանում է 1935 թվականին, մոտոցիկլետի վթարից, իր տան մերձակայքում։

Արաբական ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ արդեն խորապես ծանոթ էր արաբական աշխարհին, 1916 թվականին նա համոզում է արաբական տարբեր պարտիզանական ջոկատներին ու ուժերին միահամուռ ջանքերով պայքարել Օսմանյան տիրապետության դեմ՝ դրանով հանդերձ նպաստելով Անգլիայի դերի մեծացմանը Մերձավոր Արևելքում։ Լոուրենսի խորհրդով՝ արաբական միացյալ ուժերը իրենց հսկողության տակ են վերցնում Հիջազի երկաթուղին, որի վերջնական կայարանը Մեդինան էր՝ Օսմանյան զինված ուժերի գլխավոր կայանատեղին։ Քաղաքը, երկար ժամանակ կտրվելով հաղորդակցությունից, մթերքից և դրսի օգնությունից, 1919 թվականին ազատագրվում է։ Այդ ընթացքում Լոուրենսը ծանր վիրավորվում է։ 1917 թվականին նրան հաջողվում է գրավել Ակաբան, որը հեշտացնում է բրիտանական զորքերի մուտքը դեպի Պաղեստին։ Որպես չերկեսական նորակոչիկ՝ նա ընդգրկվում է թուրքական բանակ հետախուզության։ Այդ ընթացքում նա թուրք զինվորների կողմից ենթարկվում է սեքսուալ բռնությունների։ Հետագայում՝ բրիտանական զորքերի կողմից Գազան գրավելուց հետո, Լոուրենսը բրիտանական զորքերով մտնում է Դամասկոս։ Պատերազմի ավարտից հետո նա հրաժարվում է իրեն շնորհված Բրիտանական կայսրության շքանշանից։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Լոուրենսը մասնակցում է Փարիզի խաղաղության կոնֆերանսին՝ Ֆեյսալի պատվիրակության կազմում։ 1922 թվականին նա ավարտում է իր գործունեությունը՝ որպես մերձավորարևելյան հարցերով խորհրդատու, և 1923 թվականին ընդունվում է բրիտանական տանկային կորպուս։ 1925 թվականին նրան վերջապես թույլատրում են միանալ Թագավորական օդային ուժերին, որոնց կազմում նա մեկնում է Հնդկաստան՝ Աֆղանստանի հետ սահմանային Միրամշահ քաղաք, որտեղ սկսում է հետևել օսմանյան պարտիզանական ջոկատների գործունեությանը։ Այստեղ մինչև օրս էլ կան տարբեր կարծիքներ՝ կապված նրա գործունեության հետ։ Ոմանք պնդում են, որ Լոուրենսը գործում էր հօգուտ Բրիտանիայի շահերի, իսկ մյուս մասն էլ գտնում է, որ նա ուներ հակաբրիտանական գործելաոճ։

Որպես գրող[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Էդվարդ Լոուրենսը համարվում է «Իմաստության յոթ սյունաքարեր» գրքի հեղինակը, որն ունի ինքնակենսագրական բնույթ։ Բացի այդ նա նամակագրական կապեր է ունեցել մասնավորապես Չարլզ Դաուտիի, Դ.Գ. Հոգարտի, Ջորջ Բեռնարդ Շոուի, Ուինսթոն Չերչիլի և շատ հանրաճանաչ այլ անձանց հետ։ Այդ էպիստոլյար ժանրի ստեղծագործությունների որոշ հավաքածուներ հետագայում տպագրվել են հրատարակչությունների կողմից։ Նա թարգմանել է նաև Հոմերոսի Իլիականը։

Հայերը՝ ըստ Լոուրենս Արաբացու[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական մեծ ապստամբության ժամանակ հետախուզական գործունեության շրջանակներում Լոուրենսը բավականին մոտիկից ծանոթացել է Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայերի հետ, նրանց կեցությանն ու ազգային առանձնահատկություններին։ 1919 թվականին՝ Փարիզի կոնֆերանսի օրերին, նա բացառիկ հարցազրույց է տալիս ամերիկացի լրագրող Լինքոլն Սթեֆենսին, որն առաջին անգամ հրապարակվում է 1931 թվականին «Աութլուք ընդ ինդեփենդընթ» ամսագրում։ Անդրադառնալով այն հարցին, որ հայերը կարող են բրիտանական հովանավորությամբ ազատագրվել Օսմանյան տիրապետությունից՝ Լուրենսը պատասխանում է․ «Հայերը չեն աշխատելու։ Դա է ցավոտ կետը ձեր ծրագրի և հայերի։ Դա է ցավոտ կետը այն բոլոր հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը և մի ժամանակ տիրած լինելով աշխարհին և աշխատեցրած՝ կորցրել են իշխանությունը և դեգրադացվել։ Նրանք առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության և բնախոսության մեջ։ Նրանց պետք չէ ծանր աշխատանքը։ Դրանով են նրանք տարբերվում այն երեխայանման, իսկապես հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ։ Պրիմիտիվ ժողովուրդները պարզապես ծույլ են, նրանց կարելի է ստիպել աշխատել և զարգանալ, նրանց հնարավոր է շահագործել, եթե ուզում եք։ Նրանք անհույս չեն, նրանցից ինչ-որ օգուտ կա։ Բայց այս առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը, ծույլ չեն՝ նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար։ Իրենք իսկ շահագործողներ են՝ բնազդական բնածին, անհուսալի։

Բոլոր ազգերը բաղկացած են զարգացող մարդկանցից։ Նրանք խոսում են իրենց երկրները զարգացնելու մասին, բայց հակառակն է. նրանց երկրներն են զարգացնում իրենց։ Իսկ հին ազգերը ներկայացնում են մարդկանց այն տեսակը, որ այժմ նոր ազգերը կերտում են։ Այս հին ժողովուրդները էվոլյուցիայի արդյունք են։ Դուք կարող եք Միջերկրականի ափին տեսնել այն տիպը, որ ինքներդ այժմ ընտրասերում, դաստիարակում, աճեցնում եք ձեր հայրենիքում։ Գոյությունը պահպանած հնագույն ցեղերն իրենց բնույթով առևտրական են, ինչպես ձերը»[7]։ Նրա վերաբերմունքը հայերի նկատմամբ ունի երկակի բնույթ. մի կողմից նա ընդունում է հայերի մեծությունը՝ քաղաքակրթության, մտածողության և հավատքի առումներով, բայց մյուս կողմից էլ գտնում է, որ թուրքերը պիտի ոչնչացնեն հայերին, քանի որ դա նպաստում է Արևմուտքի, մասնավորապես, Բրիտանիայի շահերին, որն էլ հետագայում կարող է շահարկել այդ գործոնը. «Հայերը,- ասաց նա,- չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը։ Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար։ Ուզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար։ Մինչև իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի նրանք։ Արտոնագրությամբ վարձով կտան ուրիշներին։

Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում՝ ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթերի առուծախով ձեռք բերված շահի և դրամագլխով ու աշխատուժի կիրառմամբ վաստակած դրամի... Իհարկե, ուրիշներ էլ կան, որ կուզեին այդպես անել։ Ֆրանսիական բուրժուազիան այդ ուղղությամբ է շարժվում, ու մեր անգլիացիներն էլ գալիս են դրան, հատկապես, այսպես կոչված, բարձր դասը։ Դա նրանց իդեալն է։ Նրանք կուզեին ոչինչ չանել, բայց չեն կարող։ Անվնաս են նրանք։ Նրանք ցանկանում են միայն ծախսել։ Եվ ծախսում են, ինչպես տեսնում եք։ Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող։

Բայց ձեր հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի։ Ձեռք են բերում ու խնայում։ Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելի ու ավելի ձեռք բերելու համար։ Իսկական առևտրական ոգու այսպիսի կատարելության զարգացումը էվոլյուցիայի արդյունք է, իսկ էվոլյուցիան աստիճանական զարգացման խնդիր է։ Ու հայերն ամենաբարձր աստիճանին են հասել։ Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը։ Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրանց»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրենս Արաբացի» հոդվածին։