Հույզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուզական պրոցեսները և վիճակները կամ հույզերը (այդ տերմինի նեղ իմաստով), իրենցից ներկայացնում են զգացմունքի, ապրման սովորական և բնորոշ ձև։ Այլ կերպ ասած, հույզը որևիցե զգացմունքի անմիջական ապրումն (ընթացումն) է։ Օրինակ՝ հույզ է կոչվում ոչ թե հենց երաժշտության նկատմամբ ունեցած սերը, որպես մարդու մեջ արմատացված առանձնահատկություն, այլև հաճույքի, հիացումի վիճակ, որն ապրում, զգում է վերջինս, երբ լսում է վարպետորեն կատարվող երաժշտական ստեղծագործություն։ Այդ նույն զգացմունքը ապրվում է վրդովմունքի, բացասական հույզի ձևով, երբ երաժշտական ստեղծագործությունը լսում ենք վատ կատարմամբ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել]

«Վիշտ», Վան Գոգ, 1882 թ.

Հույզը սուբյեկտի վերաբերմունքի արտացոլումն է շրջապատող աշխարհի նշանակալի օբյեկտների նկատմամբ: Սա պահանջմունքների գոյության սուբյեկտիվ ձև է: Հույզերը սուբյեկտին ազդանշանում են օբյեկտների պահանջմունքային նշանակալիության մասին և խթանում, որպեսզի գործունեությունն ուղղվի դրանց կողմ: Հույզերն արտացոլում են անձի վերաբերմունքն աշխարհի և հենց իր նկատմամբ, հաղորդում են պահանջմունքի բավարարման կամ անբավարարության և ապագայում այն բավարարելու հնարավորության կամ անհնարինության մասին: Բոլորին հայտնի վիսցերալ փոփոխությունները, որոնք ուղեկցում են հուզական գրգռմանը` սրտի զարկերի, շնչառության, աղեստամոքսային տրակտի փոփոխությունները ղեկավարվում են ուղեղի կողմից: Իսկ թե ինչպես է ուղեղն առաջացնում այդ փոփոխությունները և, ինչպես են դրանք կապված հույզերի հետ, որոնք ապրում է անձը, եղել և մնում է վիճաբանությունների առարկա: Ֆրոյդի կարծիքով գլխուղեղում նյարդային տարրերի գրգռման ցածր աստիճանը անհարմարության ենթագիտակցական զգացողություն է առաջացնում: Ենթակեղևին փոխանցվող այդ զգացողությունը կարող է առաջացնել արտաքին աշխարհի հետ փոխներգործության պահանջմունք, ինչպիսին են սնունդ ընդունելու կամ սեռական պահանջմունքները: Այդ փոխներգործությունն իր հերթին բերում է սկզբնական անհարմարության զգացողության նվազմանը, որի պատճառով էլ հաճույքի զգացում է առաջացնում: Իսկ երբ ենթակեղևն ընկալում է մոտիվները, դրանք դառնում են ցանկություններ: Որոշ դեպքերում հույզերն աչքի են ընկնում գործունեությամբ, ստենիկական (հունարեն sthenos - ուժ բառից) են։ Հույզերը դառնում են արարմունքների, խոսքային արտահայտությունների դրդիչներ, մեծացնում են մկանների և օրգանիզմի ուժերի լարումը։ Ուրախությունից մարդը պատրաստ է լեռներ շուռ տալ։ Կարեկցելով ընկերոջը՝ նա օգնության միջոցներ է փնտրում։ Գործուն հույզի դեպքում մարդու համար դժվար է լռելը, դժվար է ակտիվորեն չշարժվելը։ Այլ դեպքերում հույզերը բնորշվում են պասիվությամբ կամ հայեցականությամբ, զգացմունքները թուլացնում են մարդուն։ Երբեմն, ուժեղ զգացում ունենալով, մարդը պարփակվում է իր մեջ, ինքնամփոփ է դառնում։ Նրա մոտ կարեկցանքն այս դեպքում թեպետև մնում է ոչ դատապարտելի, բայց անպտուղ հուզական ապրում, ամոթը վերածվում է միայն ներքնապես ապրվող խղճի թաքուն և տանջալից խայթոցների։

Կատարվող գործողությունների դրդապատճառներ լինելով՝ հույզերը որոշ դեպքերում գործունեությունը կազմակերպող պահեր են, իսկ այլ դեպքերում կազմալուծում են այն։ Հուզական բթության վիճակում մարդու գործունեությունը կորցնում է նպատակաուղղվածությունը, մտածողությունը և երևակայությունը անհրաժեշտ ազդակներ չեն ստանում։ Մյուս կողմից խիստ հուզականությունը ամենուրեք իր հետևից բերում է օբյեկտների աղավաղած արտացոլում, փաստերի սուբյեկտիվ մեկնաբանություն, եզրակացությունների հանգելիս և արժեքավորելիս՝ տրամաբանական սխալներ։

Մարդն իր առօրյա կյանքում ունենում է տխրության, ուրախության, հաճույքի և տհաճության պահեր։ Այսինքն մարդը շրջապատող առարկաների, երևույթների նկատմամբ արտահայտում է իր վերաբերմունքը։ Զգացմունքը այն ապրումն է, որ նա ունենում է այս կամ այն օբյեկտի նկատմամբ՝ կապված պահանջմունքների բավարարման հետ։ Պահանջմունքների բավարարումը կամ անհաջող ավարտը մարդու մեջ առաջացնում են համապատասխան ապրումներ՝ զգացմունքներ, որոնք և արտահայտվում են տարբեր տիպի հույզերում, այսինքն զգացմունքը կարող է իրագործվել տարբեր հույզերում։ Օրինակ՝ հայրենիքի նկատմամբ սիրո զգացմունքը կարող է ծնել բերկրանքի կամ թախիծի հույզեր։

Արտաքին դրսևորում[խմբագրել]

Հույզերի արտաքին արտահայտությունները դրսևորվում են դեմքի վրա, դեմքը գունատվում է կամ կարմրում։ Այդ այնքան ցայտուն է արտահայտում հոգեվիճակը, որ Հուլիոս Կեսարը, զինվոր ընտրելիս, առաջնորդվում էր հենց դրանով. վտանգի ժամանակ ում դեմքը կարմրում էր, նրան վերցնում էր, ումը գունատվում՝ մերժում էր։

Յուրաքանչյուր հույզ կամ հուզական վիճակ ունի երեք կողմ.

1. Հույզերի զուտ հոգեբանական, այսինքն այս կամ այն չափով գիտակցվող և ապրումների ձև ունեցող կողմ (ուրախություն, զայրույթ, վախ, հիասթափություն

2. Հույզերի ֆիզիոլոգիական կողմ։ Հուզական վիճակների ժամանակ մարդու էնդոկրին, շնչառական և այլ համակարգերում բարդ գործընթացներ են կատարվում։

3. Հույզերը դրսևորվում են մարդու դիմախաղում և այլ արտահայտիչ շարժումներում։

Հուզական վիճակների ֆիզիոլոգիական հիմքում մեծ է ուղեղի տարբեր բաժինների դերը։ Այսինքն մարդու կողմից զգացմունքների ապրումը կեղևի և ենթակեղևային կենտրոնների համատեղ աշխատանքի հետևանքն է։ Մեծ կիսագնդերի կեղևից ցած գտնվող ուղեղային բաժիններում տեղավորված են օրգանիզմի ֆիզիոլոգիական գործունեության տարբեր կենտրոններ՝ շնչառական, սրտանոթային, մարսողական, արտազատման և այլն։ Այդ պատճառով ենթակեղևային կենտրոնների գրգռումը առաջանում է մի շարք ներքին օրգանների բուռն գործունեություն։ Սրա հետևանքով հույզերը ուղեկցվում են հետևյալ փոփոխություններով՝ շնչառական ռիթմի, սրտի գործունեության, օրգանիզմի տարբեր մասերին արյան մատակարարման, արտազատման գեղձերի աշխատանքի խախտմամբ և այլն։

Գործառույթներ (ֆունկցիաներ)[խմբագրել]

Հույզերը մարդու կյանքում կատարում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են առարկաներն ու իրադրությունները գնահատելը, գործողության դրդող ներքին ուժերի դեր, կարող են նաև անկազմակերպ դարձնել մարդու գործունեությունը, հույզերը խոր ազդեցություն են գործում հիշողության և մյուս ճանաչողական գործընթացների վրա, կարգավորում են մարդկանց վարքը և այլն։

Դասակարգում[խմբագրել]

Մարդկային հույզերը դասակարգելու ամենատարբեր փորձեր են կատարվել։ Ծանոթանանք նորագույն դասակարգումների հետ, որոնք այսօր էլ օգտագործվում են հոգեբան-հետազոտողների կողմից։

Ա. Հիմնական կամ առաջնային հույզեր[խմբագրել]

Մարդկանց հույզերի աշխարհը շատ հարուստ է ու բազմազան։ Բայց ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ հիմնական հույզերը մի քանիսն են, իսկ մյուսները ստացվում են դրանց խառնումից։ Հիմնական հույզերի հնարավոր զուգորդությունների թիվը շատ մեծ է, քանի որ մարդու հոգեկանում զուգորդվում են յուրաքանչյուր հիմնական հույզի տարբեր ինտենսիվության տարբերակներ։ Հիմնական են կոչվում այն հույզերը, որոնք կազմված են 3 գլխավոր բաղադրիչներից՝ 1. հատուկ նյարդային հիմքից 2. դիմախոսական բարդություններից 3. հատուկ սուբյեկտիվ ապրումից (զուտ ներհոգեկան կողմից)։

Լայնորեն ընդունված է Ռոբերտ Պլուչիկի տեսակետը, ըստ որի մարդու հիմնական հույզերն են՝ կանխազգացումը, հետաքրքրվածությունը, ուրախությունը, համակրանքը, վախը, զարմանքը, տխրությունը, զզվանքն ու զայրույթը։ Սրանք անհրաժեշտ են ինչպես անհատի, այնպես էլ տեսակի պահպանման համար։ Այդ հույզերից յուրաքանչյուրը, ըստ Պլուչիկի, առաջ է բերում այնպիսի ակտիվություն, որը ֆունկցիոնալ նշանակություն ունի կյանքի պահպանման համար։ Օրինակ՝ վախը կամ սարսափը պաշտպանական հուզական հակազդում է և անհատին հեռու է պահում վտանգներից։ Զայրույթն առաջ է բերում ավերիչ, ագրեսիվ վարք և վերացնում է օրգանիզմի պահանջմունքների բավարարման ճանապարհին հանդիպող արգելքները։ Մնացած հույզերը կամ ավելի բարդ են, կամ էլ թվարկված հույզերի ուժգնության տարբեր աստիճաններն են։ Ինչո՞ւ են սրանք կոչվում հիմնական կամ առաջնային։ Դրա պատճառն այն է, որ դրանք նախ մարդուն տրված են ժառանգականորեն և հոգեկանում ծագում են ինքնաբերաբար, այլ ոչ թե ուսուցման հետևանքով։ Երկրորդ՝ դրանցից յուրաքանչյուրը մարդուն մղում է այնպիսի գործողությունների, որոնք էական նշանակություն ունեն կյանքի պահպանման համար։

Միևնույն հույզը մարդու կյանքում տարբեր իրադրություններում ունենում է ուժգնության տարբեր աստիճաններ։ Դրանք տարբեր անուններ են կրում։ Օրինակ՝ վրդովմունքը, զայրույթը ու կատաղությունը միևնույն հույզի ուժգնության տարբեր աստիճաններն են։ Դրանք առաջ են գալիս, օրինակ, այն դեպքում, երբ մարդու նպատակասլաց գործունեության ճանապարհին արգելքներ են հանդիպում, կամ երբ նա իրեն այլ մարդկանց անարդար գործողությունների զոհի դերում է զգում։ Բայց թե հիշյալ հույզի երեք տարբերակներից որը կծագի մարդու մեջ, կախված է նրանից, թե ինչպիսի նշանակություն է նա տալիս իր նպատակին, ինչ ուժ ունի իր կրած վիրավորանքը և այլն։ Այստեղ պետք է նկատենք նաև, որ մեկ հույզից կարող են ծնվել նորերը։ Օրինակ՝ վիրավորանք կրելով՝ մարդիկ զայրանում են։

Միևնույն հույզի տարբեր աստիճաններ են նաև տագնապը, վախը և սարսափը։ Որքան ավելի ուժգին է հույզը, սովորաբար այնքան ավելի ակտիվ գործողությունների է մղում մարդուն։ Կան, իհարկե, նաև բացառություններ։ Օրինակ՝ մարդը սարսափից կարող է քարանալ։ Ի մի բերելով մեծաթիվ հետազոտողների արդյունքները՝ հույզերի հոգեբանության ժամանակակից մասնագետ Քերոլ Իզարդը հանգել է այն տեսակետին, որ մարդիկ ունեն 10 հիմնական հույզեր, որոնք ամենայն հավանականությամբ ժառանգական պայմանավորվածություն ունեն։ Դրանք են՝ հետաքրքրություն-հուզմունք, ուրախություն, զարմանք, վիշտ-տառապանք, զայրույթ, զզվանք, արհամարհանք, սարսափ, ամոթ և մեղավորություն։

Բ. Երկրորդային հույզեր[խմբագրել]

Երկրորդային են կոչվում այն հույզերը, որոնք ծագում են առաջնային հույզերի հիման վրա, հաճախ նրանցից երկուսի ձուլման հետևանքով։ Օրինակ՝ ուրախության և համակրանքի հիման վրա կարող է սեր առաջ գալ, իսկ համակրանքի և վախի միացումը հանգեցնում է ենթակայության։ Ըստ այս տեսության ՝ լավատեսությունը կանխազգացման և ուրախության միացման արդյունքն է, իսկ զարմանքի և տխրության միացումից առաջանում է հուսախաբություն։ Զայրույթն ու զզվանքը միաձուլվելով հանգեցնում են արհամարհանքի։

Այսպիսով մենք տեսնում ենք, որ երկու կամ ավելի հույզերի զուգորդությունից կարող է ծագել որակապես այլ հույզ։ Բայց նման դեպքերում դժվար չէ նաև նկատել, որ այդ բարդ կազմավորումների մեջ կան իմացական գործողություններ և դրանց արդյունքներ՝ մտապատկերներ և մտքեր։ Օրինակ երբ մենք զարմանալով և տխրելով հուսախաբություն ենք ապրում, մենք նաև գիտենք, թե ինչն է մեզ հուսախաբ արել։ Եվ հենց դա էլ նշանակում է, որ հույզերն ու իմացական գործընթացները մեր կյանքում անբաժան են և կազմում են մտահուզական բարդույթներ։ Հույզերն անբաժան են նաև շարժումներից և մարդու օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական պրոցեսներից։

Գ. Երկարժեք հույզեր[խմբագրել]

Որակական առումով հույզերը լինում են հաճելի և տհաճ։ Որոշ հուզական վիճակներ մեզ հաճույք են պատճառում, այլ հուզական վիճակներ մեզ համար տհաճ են, և մենք կցանկանայինք որքան հնարավոր է արագ ազատվել դրանցից։ Օրիանկ եթե որևէ երևույթ մեզ զզվանք է պատճառում, ապա ձգտում ենք հեռանալ նրանից և վերացնել մեր մեջ առաջ եկած այդ տհաճ հույզը կամ գոնե մեղմացնել այն։ Ընկալվող օբյեկտների իրական կամ թվացյալ, վերագրվող հատկություններն են մեր մեջ ծնում այս կամ այն հույզը։ Իսկ երբ դրանք կրկնվում են, ապա կարող են կայուն զգացմունքներ, այսինքն՝ հուզական դիրքորոշումներ դառնալ։

Բայց կյանքի փորձ ձեռք բերելու ընթացքում կարելի է առանց դժվարության նկատել, որ շատ քիչ են այն մարդիկ, առարկաներն ու երևույթները, որոնք մեր մեջ առաջ են բերում միայն մեկ տեսակի, միանշանակ հույզեր։ Դա նշանակում է, որ շատ քիչ են զուտ տհաճ և զուտ հաճելի երևությները։ Որպես կանոն, շատ երևույթներ, ունենալով բազմաթիվ հատկություններ, ինչ-որ առումներով մեզ դուր են գալիս, հաճելի են, իսկ այլ առումներով՝ տհաճ և անցանկալի։ Ահա այսպիսի փաստերից ելնելով էլ հոգեբանները եզրակացրել են, որ բացի զուտ հաճելի և զուտ տհաճ հույզերից կան նաև երկարժեք կամ, ինչպես ընդունված է ասել հոգեբանության մեջ, ամբիվալենտ հույզեր։ Դա նշանակում է, որ որևէ օբյեկտ ընկալելիս մենք ապրում ենք բարդ հուզական վիճակ, որի մեջ միաձուլված են և´ հաճելին, և´ տհաճը։ Երկարժեք կամ նույնիսկ բազմարժեք հույզերն առաջանում են երկու խումբ պատճառների հիման վրա։ Առաջինը մեր պահանջմունքներն են, այն կարիքները, որ ունենք և ցանկանում ենք բավարարել, իսկ երկրորդը այն առարկաներն են, վիճակներն ու ընդհանրապես օբյեկտները, որոնք մենք ցանկանում ենք տիրել։ Դրանք մեր նպատակներն են։ Հույզի երկարժեքությունը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մարդու մեջ սովորաբար միաժամանակ ակտիվանում են մեկից ավելի դրդապատճառներ։ Երբ մենք բավարարում ենք դրանցից մեկը, ապա մյուսը ճնշվում է։ Ահա թե ինչու տհաճություն ենք զգում։ Երբ մենք որևէ նպատակ ենք ընտրում, որի միջոցով կարող ենք բավարարել մեր պահանջմունքը, ապա գոնե ժամանակավորապես հրաժարվում ենք այլ նպատակներից, իսկ դա միշտ տհաճ է։ Բացի այդ չկա այնպիսի կատարյալ օբյեկտ, որն իր մեջ ունենա միայն մեզ համար հաճելի հատկություններ։ Հետևաբար, ամեն մի օբյեկտ, որն ընտրում ենք որպես նպատակ, և´ հաճելի է, և´ տհաճ։

Դ. Ակտիվացնող և պասիվացնող հույզեր[խմբագրել]

Ինչպես հասկացանք, տարբեր հույզեր տարբեր կերպ են ազդում մարդու վարքի վրա, նրանում տարբեր փոփոխություններ են առաջ բերում։ Այս չափանիշից ելնելով՝ հոգեբաններն առանձնացրել են մարդկային հույզերի ևս երկու տեսակ՝ ակտիվացնող և պասիվացնող։

Ակտիվացնող հույզերը գիտական գրականության մեջ կոչվում են ստենիկ հույզեր (հունարեն sthenos - ուժ բառից)։ Իսկապես, կան հույզեր ոււ հուզական վիճակներ, որոնց ընթացքում մարդն իրեն ավելի ուժեղ ու ճարպիկ է զգում և իր գործողություններում հենց այդպես էլ դրսևորում է իրեն։ Օրինակ՝ ուրախության ու զայրույթի հուզական վիճակը գրգռում է մարդուն, նա շատ գործունյա ու շարժուն է դառնում և մեծ քանակությամբ եռանդ է ծախսում։ Այդ հույզերի ազդեցության տակ մարդու մեջ կարծես եռանդի նոր աղբյուրներ բացված լինեն։

Ստենիկ հույզերի ազդեցության տակ մարդիկ երբեմն այնպիսի արդյունքներ ու նվաճումներ են ցույց տալիս, որոնք սովորական, հանգիստ հոգեվիճակում անհասանելի են։ Ոգեշնչվածությունը, օրինակ, անհավատալի արդյունքների է հանգեցնում, քանի որ նրա ազդեցության տակ շարժման մեջ են դրվում մարդու իմացական և ֆիզիկական կարողություններիի թաքուն ռեզերվները, որոնք սովորական հոգեվիճակում նրա համար մատչելի չեն։ Նույնանման արդյունքի կարող է հանգեցնել նաև վախը։ Օրինակ՝ վայրի գազանից սարսափահար փախչող մարդը կարող է կապկի ճարպկությամբ ծառը բարձրանալ կամ բարձր պատի վրայից թռչել ու փրկվել՝ զարմանալով, թե դա ինչպես կատարվեց։ Մարդու էվոլյուցիայի ընթացքում ակտիվացնող հույզերը ծագել են որպես վտանգի պահին անհատի հոգեկան ու ֆիզիկական ուժերն ի մի բերելու, եռանդի պաշարներն ակտիվացնելու մեխանիզմներ։ Հասկանալի է, որ դրանք նպաստել են վտանգավոր պայմաններում մարդկանց հարմարվելուն։ Իսկ եթե մադրիկ անընդմեջ բարձր ակտիվության վիճակում լինեն, ապա արագորեն կսպառեն իրենց ուժերն ու կծերանան։ Անընդմեջ բարձր ակտիվությունը նպատակահարմար վարքագիծ չէ։

Մարդուն պասիվացնող, թուլացնող ու անգործունյա դարձնող հույզերին գիտնականները տվել են աստենիկ հույզեր անունը (հունարեն ա մասնիկը, ժխտելով sthenos - ուժ բառը, դարձնում է թուլություն)։ Օրինակ՝ թախիծն ու վիշտը, անկասկած, աստենիկ հույզեր են։ Վիշտ ապրող մարդը կարող է անգործունյա դառնալ և նոր նպատակադրումներ չկատարել։ Նա իրեն հոգնած, ուժասպառ է զգում և կարող է նույնիսկ կյանքի իմաստի կորուստ ապրել։ Ոմանց մոտ այդ աստենիկ վիճակը կայունանում և համանուն նևրոզի տեսք է ընդունում։

Բայց արդեն նշվել է, որ հույզերի ակտիվացնող կամ պասիվացնող ազդեցությունը կախված է նաև նրանց ուժից, ինչպես նաև մարդու այնպիսի անհատական առանձնահատկություններից, ինչպիսին խառնվածքի գծերն են։ Ահա թե ինչու սարսափը՝ որպես վախի բարձրագույն արտահայտություն, կարող է կաշկանդել մարդու գործողությունները։ Մինչդեռ միջին ուժի վախը սովորաբար ակտիվացնում է մարդուն՝ ստիպելով դիմել ինքնապաշտպանական, հարամարվողական գործողությունների։

Հույզերի հոգեֆիզիոլոգիա[խմբագրել]

Այլ կենդանի էակներից մարդը տարբերվում է ծիծաղելու ընդունակությամբ: Ադիսոն

Յուրաքանչյուր անհատի նյարդահոգեկան գործունեությունն ունի հուզական ֆոն, որի ուժգնությունը, արտահայտվածությունը, բովանդակությունը կախված են նրա ծագման աղբյուրի նկատմամբ մեր վերաբերմունքից: Հույզերը կարելի է բնորոշել մի քանի ձևով, սակայն մինչ այժմ միասնական համընդհանուր գիտական բնորոշում չկա. «Յուրաքանչյուրս գիտի՝ ինչ է հույզը, սակայն այդ վիճակին ճշգրիտ բնորոշում տալ հնարավոր չէ» (Ու.Ջեյմս):

Հետազոտողների մեծ մասը հույզերը բնութագրում են որպես բարդ հոգեֆիզիոլոգիական երևույթ, որը կարելի է կապել վերապրած և գիտակցված զգացողության, հույզերին ուղեկցող ընդերային (վիսցերալ) գործընթացների և հույզերի արտահայտչական բնութագրերի հետ (դեմքի արտահայտչականություն, խոսքի երանգավորում, շարժուձև, մարմնի դիրք):

Հույզը հոգեկան գործընթացի հատուկ տեսակ է, որն արտահայտում է մարդու հոգեկան ապրումները շրջապատող աշխարհի և ինքն իր նկատմամբ, ինչպես նաև կատարում է կապի գործառույթն իրականության և այն պահանջմունքների միջև, որոնցից կախված է անհատի վրա ազդող առարկաների և իրավիճակների կարևորությունը:

Հույզերը դիտարկելիս պետք է տարբերել հուզական վիճակը և անհատական հուզական բնութագիրը (հուզականությունը): Ռ. Քեթթելի և Ս. Սպիլբերգերի աշխատանքները ցույց են տալիս, որ օրինակ՝ «տագնապի վիճակը» էականորեն այլ կերպ է բնութագրվում, քան «տագնապը», որպես անհատական բնութագիր՝ չնայած, որ դրանք չեն տարբերվում ըստ զգացումների բովանդակության:

Հուզական վիճակները բաժանում են բարձրագույնների և ցածրագույնների: Բարձրագույն հուզական վիճակի էությունը մարդու սոցիալական պահանջմունքների բավարարումն է կամ մերժումը, իսկ ցածրագույնի դեպքում՝ անձնասիրական-օգտապաշտական (էգոիստա-ուտիլիտար) և մանկայնական(ինֆանտիլ)-գեդոնիստական պահանջմունքների բավարարումը կամ մերժումը:

Հույզերը կարելի է նաև բաժանել հուզական վիճակների, հարաբերությունների և հակազդումների: Հուզական վիճակը անհատի զգայական (պրոտոպատիկ) բնույթ ունեցող, ընդհանուր մարմնահոգեկան լարվածության հետ կապված հոգեկան վիճակի արտահայտություն է: Հուզական հարաբերությունը բնութագրում է անհատի կապը հատուկ օբյեկտի հետ և արտահայտում նրա ակտիվ դիրքորոշումը այդ օբյեկտի անձնական գնահատման մեջ: Հուզական հակազդումը ծագում է որպես որևէ ազդեցությանը կամ տպավորությանը անմիջական անձնական պատասխան:

Կախված ապրումների անմիջական ձևից, ուղղվածությունից, տևողությունից, ծագման աղբյուրից, լարվածության և արտահայտվածության աստիճանից՝ հուզական դրսևորումները բաժանվում են զգայական երանգի, տրամադրության, զգացմունքի, կրքի, գերհույզի (աֆֆեկտի) և հուզական-սթրեսսային վիճակների:

  • Զգայական երանգը հոգեկան գործընթացների ընթացքի համեմատաբար հաստատուն, ընդհանուր, չառանձնացված հուզական ֆոնն է: Այն արտացոլում է մարդու և օբյեկտի միջև հարաբերության աստիճանը և որակն ամբողջությամբ: Զգայական երանգի աղբյուր են հանդիսանում անմիջական զգացումները կամ առանձին օբյեկտների և ամբողջական աշխարհի ընկալումը:
  • Տրամադրություը երկարատև, համեմատաբար հավասարակշռված և կայուն ընդհանուր հուզական վիճակ է, որը երանգավորում է մարդու որոշ հոգեկան գործընթացները և վարքը: Տրամադրությունը կախված է ընդհանուր մարմնական լարվածությունից և արտաքին միջավայրից:
  • Զգացմունքը արտացոլում է որոշակի օբյեկտի նկատմամբ մարդու բովանդակալից, անձնական գնահատականը (ելնելով իր պահանջմունքներից) և առանձնանում է ժամանակային որոշակի սահմանափակումով, ապրումների ուժգնությամբ:
  • Կիրքը երկարատև, բավականաչափ արտահայտված և լարված հուզական վիճակ է, որոշակի օբյեկտի կամ գործունեության ձևի նկատմամբ զգացմունքների կենտրոնացմամբ և ուղղվածությամբ:
  • Գերհույզը կարճաժակետ, մեծ ուժգնությամբ հուզական հակազդումն է, որն արագ տիրում է մարդուն, ընթանում բուռն մնջախաղով (պանտոմիմիկա), վեգետատիվ ոլորտի փոփոխություններով և ուղեկցվում է սեփական վարքագծի կառավարման որոշ շեղումներով՝ ձևականորեն պարզ գիտակցության պայմաններում:
  • Հուզական-սթրեսսային վիճակը հուզական հակազդում է, որն արտահայտում է մարդու վերաբերմունքը իրականության նկատմամբ՝ հուզական լարվածություն առաջացնող իրավիճակներում: Այն արտահայտվում է որոշակի վարքային հակազդումներում, որոնք կոչվում են հուզասթրեսսային:

Արտաքինից հույզերն արտահայտվում են դիմախաղով, մնջախաղով, խոսքի յուրահատկություններով և մարմնավեգետատիվ երևույթներով: Դիմախաղը մարդու հույզերն արտահայտող դիմային մկանների համակարգված շարժումն է: Մնջախաղը և ձեռնածությունը (ժեստիկուլյացիան) մարմնի և ձեռքերի համակարգված շարժումներ են, որոնք ուղեկցում և արտահայտում են տարբեր հուզական ապրումներ և հոգեկան վիճակներ: Խոսքի հուզական ապրումներ արտահայտող երանգավորումներ են հանդիսանում ձայնի տեմպը, ուժն ու լարվածությունը, նրա արտահայտչականությունը, հնչերանգը, հնչեղությունը:

Կամային հսկողությանը չենթարկվող հուզականության արտահայտման բավական անկողմնակալ չափանիշ են հանդիսանում մարմնավեգետատիվ ցուցանիշները՝ մաշկ-գալվանական հակազդումը, աղեստամոքսային տրակտի կծկումները, քրտնարտադրությունը, արյան բաղադրության բջջային և կենսաքիմիական փոփոխությունները և այլն:

Հույզը, որպես անհատական ապրում, առկա է ցանկացած գործողության, ռեֆլեքսի մեջ: Վարքի կառուցվածքում՝ որպես գործառնական համակարգում, հույզերին տրվում է ամենաորոշիչ դերը: Այդ տեսակետից կարելի է առանձնացնել առաջատար և իրավիճակային հույզեր, որոնք կապված են վարքի տարբեր փուլերի հետ: Առաջատար հույզերը մարդուն ապահովում են իր պահանջմունքների ոչ լրիվ բավարարման մասին և խթանում փնտրելու նպատակային օբյեկտը որոշալի վարքագի համար: Խթանող ուժով է օժտված նաև անցյալում նմանատիպ պահանջմունքները հաջող բավարարելու գործունեության մասին հուզական հիշողությունը: Իրավիճակային հույզերը ծագում են վարքի գնահատման արդյունքում: Սրանք անհատին դրդում են գործել կամ նախկին ուղղությամբ կամ փոխել վարքագիծը, մարտավարությունը, նպատակին հասնելու ձևերը:

Հույզերի հոգեֆիզիոլոգիան և հոգեբանական պատկերացումները[խմբագրել]

Չ.Դարվինի հույզերի ծագման էվոլյուցիոն տեսությունը[խմբագրել]

Չ. Դարվինի «Հույզերի արտահայտումը մարդու և կենդանիների մոտ» գրքում շարադրված է նրա դիրքորոշումը հույզերի արտահայտման ընդունակության աստիճանական զարգացման մասին: Մարդու դիմախաղի «կենդանական» ծագման մասին Դարվինի պատկերացումները հիմնվում են մարդու և ընտանի կենդանիների հույզերի արտահայտման համեմատական ուսումնասիրության վրա ու հաջողությամբ լրացնում են նրա՝ մարդու ծագման էվոլյուցիոն տեսությունը: Չ. Դարվինը փորձում էր իր էվոլյուցիոն տեսությունը տարածել ոչ միայն մարդու հուզականության վրա: Նա նկարագրեց մարդկային հույզերին համանման հուզական վիճակներ ցածրակարգ կենդանիների՝ ընդհուպ մինչև անողնաշարավորների մոտ: Նրա կարծիքով «նույնիսկ միջատները իրենց ճռճռոցով կարող են կատաղություն, սարսափ, խանդ ու սեր արտահայտել»:

Սակայն ներկայումս գտնում են, որ անողնաշարավորների մոտ հույզերը բացակայում են, քանի որ հույզերի ծագման անհրաժեշտ պայման է ներքին օրգանների նյարդավորման համակարգի (վեգետատիվ նյարդային համակարգի) զարգացումը, ինչպես նաև դիմային և վերջութային մկանների ձևավորումը, որոնց օգնությամբ արտահայտվում են տարբեր հուզական վիճակներ: Այս տեսակետի համաձայն հույզերը ընկալելու, վերապրելու և արտահայտելու ընդունակությամբ օժտված են միայն ողնաշարավորները:

Հույզերի ծագման մարմնական տեսություն (Ջեյմս-Լանգեի տեսություն)[խմբագրել]

Ուսումնասիրելով հույզերի ֆենոմենը՝ հետազոտողները ուշադրություն են դարձրել այն բանին, որ հուզական ապրումները միշտ ուղեկցվում են որոշակի մարմնական դրսևորումներով: Օրինակ՝ հանդիպելով իրեն վիրավորողին՝ մարդը գունատվում կամ կարմրում է, սեղմում է բռունցքները: Շփոթվելիս մարդու մոտ կարող է խախտվել շնչառության ռիթմը և այլն:

Ամերիկացի հոգեբան Ու. Ջեյմսը և ռուս գիտնական Կ. Լանգեն առաջարկեցին հենց այդ մարմնական հակազդումները դիտարկել որպես հույզերի առաջացման պատճառ:

Մարմնական հակազդումները ծագում են ճանաչողական համակարգի ակտիվացման պայմաններում (ընկալում, հիշողություն, մտածողություն) և մարդու կողմից այդ հակազդումների գիտակցման ակտերը անձնապես վերապրվում են որպես հույզեր: Այսպիսով՝ ըստ Ջեյմս-Լանգեի տեսության՝ մենք վտանգավոր կենդանուց փախչում ենք ոչ թե այն պատճառով, որ վախենում ենք, այլ որ ընկալում ենք տեղեկատվությունը, հասկանում վտանգը, և կենտրոնական նյարդային համակարգը հրահանգում է «փախչել»: Իսկ որպեսզի շարժողական համակարգը ապահովվի անհրաժեշտ էներգիայով, բոլոր ընդերային մեխանիզմները ակտիվացնում են իրենց աշխատանքը՝ ակտիվանում է արյունատար համակարգը, հաճախանում է շնչառությունը, ներզատիչ գեղձերը արյան մեջ են մղում ադրենալին և այլն: Այս ընդերային գործընթացները օրգանիզմի կողմից վերապրվում է որպես հույզեր: Այսինքն՝ մենք զգում ենք վախ, որովհետև փախչում ենք, և ոչ թե հակառակը: Ջեյմս-Լանգեի տեսությունը գրավեց հետազոտողների ուշադրությունը, բայց շուտով քննադատվեց: Քննադատական գլխավոր հանգամանքը ընդերային (մարմնական) և հուզական հակազդումների զարգացման արագությունների անհամապատասխանությունն էր (հուզական հակազդումների հերթափոխվելու արագությունն ավելի մեծ է):

Արտաքին հղումներ[խմբագրել]