Հոգեկան հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեկան հիվանդություններ, մարդու օրգանիզմի կենսագործունեության ընդհանուր խանգարում, բնորոշվում է գլխուղեղի և նրա հիմնական ֆունկցիայի՝ հոգեկան գործունեության, ախտաբանական փոփոխություններով։ Հոգեկան հիվանդությունների դեպքում խանգարվում են արտաքին (բնական, սոցիալական) և ներքին (մարմնային) միջավայրերի օբյեկտիվ իրականությունն արտացոլելու, միջավայրից ստացվող գրգիռները և ինֆորմացիան անալիզի ու սինթեզի ենթարկելու, գլխուղեղի ընդունակությունը։ Գլխուղեղի նեյրոններում և սինապսներում առաջ են գալիս կենսաբանական հիմնական պրոցեսների՝ դրդման և արգելակման խանգարումներ, դրանցից որևէ մեկի ախտաբանական գերակշռությամբ։ Պսիխոտիկ պրոցեսների դեպքում հիմնական դերը պատկանում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի խոր արգելակմանը, որն արտահայտվում է հիպնոսանման փուլային վիճակների ձևով։ Վերոհիշյալ ախտաբանա-ֆիզիոլոգիական մեխանիզմներն առաջացնում են հոգեկան խանգարումների կլինիկական տարբեր ձևեր, հոգեզգայական՝ ընկալման (պատրանք, զգայախաբություն՝ տեսողական, լսողական, հոտառական, շոշափելիքի, համի, ընդհանուր զգացողության և կեղծ զգայախաբություններ), մտածողության (դիսոցիացիա, պարալոգիգմ և այլն), զառանցական մտքեր (վերաբերման, խանդի, հետապնդման, մեծամոլական, ինքնամեղադրման և այլն), գիտակցության (տարբեր տեսողության և խորության մթագնումներ), անձի արատներ, ինտելեկտի իջեցում՝ բնածին (սակավամտություն) և ձեռքբերովի (թուլամտություն)։ Առաջանում են նաև նևրոտիկ ախտանշաններ, կպչուն մտքեր, վախ, երևակայական ծեսերի կատարում, հուզական ոլորտի խանգարումներ՝ ընկճվածություն, մոլագարություն, անտարբերություն, հակումների խանգարումներ և այլն։ Հոգեկան հիվանդությունների պատճառներ կարող են լինել ժառանգական նախատրամադրվածությունը, ներարգանդային զարգացման խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, ուռուցքները, ինֆեկցիաները, թունավորումները (ալկոհոլով, նարկոտիկներով), ներզատիչ և վեգետատիվ համակարգերի ներքին օրգանների հիվանդությունները, ավիտամինոզները, հոգեկան տրավմաները, ստրեսային վիճակները և այլն։ Հոգեկան հիվանդություններներն արտահայտվում են պսիխոտիկ օրգանական պրոցեսների, փուլային վիճակների, անձի ախտաբանական ռեակցիաների ձևով։ Ընդունված անվանակարգի համաձայն հոգեկան հիվանդություններ բաժանվում են 3 խմբի, պսիխոզներ՝ էքսոգեն (վարակական, վնասվածքային, ինտոքսիկացիոն և սոմատոգեն), էնդոգեն (շիզոֆրենիա, ցիկլոֆրենիա, էպիլեպսիա), որոնք կազմում են հոգեկան հիվանդությունների կարևոր խումբ։ Սահմանային նյարդահոգեկան խանգարումներ (նևրոզներ և պսիխոգեն ռեակցիաներ), պսիխոպաթիաներ, ոչպսիխոտիկ բնույթի հիվանդություններ (մասնավորապես նարկոմանիաներ) և մտավոր թերզարգացում (սակավամտություն)։ Հոգեկան հիվանդությունների ընթացքը բազմազան է. սովորաբար ընթանում է միանվագ, հազվադեպ՝ նոպայաձև, լիարժեք ռեմիսիաներով (միջնոպային շրջան) կամ քրոնիկական ծանր պսիխոզների ձևով։ Հոգեկան հիվանդությունների ելքը կարող է լինել լրիվ առողջացում, վարքագծի փոփոխություններ, անձի չափավոր արատ՝ աշխատունակության պահպանմամբ, անձի խոր արատ՝ թուլամտությամբ և աշխատունակության կորստով, մահ՝ այլ հիվանդությունների, դժբախտ պատահարների և ինքնասպանության հետևանքով։ XX դ. հոգեկան հիվանդությունների պրոբլեմը դարձավ տնտեսապես զարգացած երկրների բժշկական գիտությունների և առողջապահության ուսումնասիրության առարկան։ Հոգեկան հիվանդությունների աճը պայմանավորված է մարդկանց նյարդային գերբեռնվածությամբ, գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում կյանքի սոցիալական պայմանների բարդացմամբ, անհատների հանդեպ բարձր պահանջկոտությամբ և ժամանակակից կյանքի առանձնահատկություններով։ Այս առումով հոգեկան հիվանդությունները դասվում են այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհին բնորոշ հիվանդությունների շարքին (սիրտ-անոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների հետ միասին)։ Հոգեկան հիվանդությունների ցուցանիշների մեծացումը պայմանավորված է նաև բժշկության ախտորոշիչ լայն հնարավորություններով։

Բուժումը[խմբագրել]

Պսիխոտրոպ դեղամիջոցներով, որոշ պսիխոզների դեպքում՝ ինսուլինակոմատոզ և էլեկտրացնցումային մեթոդներով։ Պսիխոթերապիան գլխավորապես կիրառվում է նևրոզների և պսիխոպաթիաների ժամանակ։ ԽՍՀՄ-ում հոգեկան հիվանդներին օգնելու նպատակով ստեղծվել էր բժշկական մասնագիտացված հիմնարկների հանրամատչելի ցանց, հոգեբուժական հիվանդանոցներ, դիսպանսերներ, ցերեկային ստացիոնարներ, բժշկա-աշխատանքային արհեստանոցներ։ Տես նաև Հոգեբուժություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png