Հիստերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիստերիա ( հին հունարեն՝ ὑστέρα (hystera)՝ «արգանդ», հին հույները համարում էին արգանդի ախտահարման հետևանք), նևրոզների խմբի հիվանդություն, բնորոշվում է հոգեկան աշխարհի, շարժողական ոլորտների, զգացողության և ներքին օրգանների գործունեության բազմատեսակ խանգարումներով։

Ըստ Իվան Պավլովի հիստերիան զարգանում է, երբ կենտրոնական նյարդային համակարգում դրդման գործընթացները գերակշռում են արգելակման գործընթացներին։ Գլխուղեղի կեղևի թուլությամբ և առաջին ազդանշանային համակարգի գերակշռությամբ է պայմանավորված ռեակցիաների քաոսայնությունը, դյուրագրգռությունը, իմպուլսիվությունը և այլն։

Հիստերիան դրսևորվում է հիստերիկ բնավորությամբ, հիստերիկ նոպաներով, գիտակցության հիստերիկ և ներքին օրգանների ֆունկցիաների խանգարումներով։ Հիստերիկ բնավորությամբ անձանց հատուկ է հոգեկան ոլորտի անկայունությունը, քմահաճությունը, փոփոխական հակումները, հուզականությունը, հակասական արարքները, սեթևեթանքը, սեփական ոչ լիարժեքության զգացումը, ուշադրություն գրավելու և շրջապատում որևէ դեր խաղալու ձգտումը, մտացածինը որպես իրականություն ըմբռնելը, բանականությունը և կամքը աֆեկտիվ (գերհուզիչ, գերզգայական) գրգիռներին ենթարկելը, շրջապատի հանդեպ դյուրափոփոխ վերաբերմունքը, համակրանքի և հակակրանքի ակնթարթային հերթափոխությունը։ Հոգեկան գործունեության խանգարումներն արտահայտվում են պսիխոտիկ երևույթներով, առաջանում է գերգրգռվածություն, ընկճվածություն, անշարժություն, շրջապատի հանդեպ անտարբերություն, կամային խանգարումներ։

Հաճախ առաջանում են պարոքսիզմային և հիստերիկ նոպաներ, որոնք սովորաբար սկսվում են որևէ գրգռող առիթից։ Հիստերիկ մեծ նոպայի դեպքում հիվանդը նախօրոք փնտրելով հարմար տեղ (իրեն չվնասելու համար)՝ ճչոցով վայր է ընկնում, ուժեղ սեղմում կոպերը (բիբերի ռեակցիան լույսի հանդեպ պահպանվում է), պոկում է մազերը, լաց է լինում, դեմքի մկանները և ձեռքերը ցնցվում են։ Առաջանում են գիտակցության խանգարման արտաքին նշաններ կամ լրիվ կորուստ։ Երբեմն հիստերիայի նոպան կարող են համարել էպիլեպտիկ նոպա։ Սակայն հիստերիայի նոպաները երբեք չեն հանգեցնում մարմնական ծանր վնասվածքների։ Զգացողության խանգարումներն ընդգրկում են մարմնի կեսը, երբեմն աոանձին վերջույթներ կամ դեմքը։ Նկատվում են շարժողության, խոսքի ֆունկցիոնալ փոփոխություններ, ժամանակավոր կուրություն և համրություն, ստամոքս–աղիքային, սիրտ–անոթային, շնչառական և միզասեռական համակարգերի խանգարումներ։ Ծանր դեպքերում առաջանում է գիտակցության մթագնում, որն ուղեկցվում է տեսողական վառ հալուցինացիաներով, զառանցանքներով։

Հիստերիայի կանխարգելումն ու բուժումը[խմբագրել]

Հիստերիայի կանխարգելումը . ճիշտ դաստիարակություն ընտանիքում , դպրոցում և հասարակական միջավայրում։

Հիստերիայի բուժումը . հոգեթերապիա, աշխատանքային թերապիա , մտավորկամային մարզում , նյարդային համակարգը հանգստացնող միջոցներ , ֆիզիոթերապևտիկ ընթացակարգ։ Հիստերիայի դեպքում , որպես կանոն , աշխատունակությունը պահպանվում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png