Զառանցանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զառանցանք
Տեսակհոգեախտաբանական ախտանիշ և ախտանիշ կամ նշան
Պատճառզառանցական խանգարում և փսիխոզ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն

Զառանցանք, հոգեկան խանգարումների դեպքում առաջ եկող կեղծ, իրականությանը չհամապատասխանող դատողություններ և ընկալումներ, որոնք հաճախ հիվանդներին բացարձակ ճշմարտություններ են թվում և այլևս չեն փոխվում կամ վերանում։ Հոգեբանության բնագավառում տարբերակում են զառանցանքի մի քանի տասնյակ տեսակներ։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զառանցանքը գիտակցական հոգեկան գործունեության ավելի լուրջ խանգարում է։ Այն մտնում է որոշ հոգեկան լուրջ հիվանդությունների (օրինակ՝ շիզոֆրենիայի) ախտանշանների (սինդրոմի) համակարգի մեջ։ Զառանցանքը որոշ դեպքերում իրականության ճիշտ ընկալումների սխալ մեկնաբանությունների, իրականության մասին սխալ դատողությունների համակարգ է։ Այդ դատողությունները սովորաբար տիրում են մարդու գիտակցությանը և չեն կարող այլևս վերացվել։

Զառանցանքի տեսակների դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերաբերման զառանցանք - երբ հիվանդը համոզված է, որ շրջապատում գոյություն ունեցող իրերը և երևույթները առնչվում են իր հետ։ Սկսում են տեսնել իրենց հասցեին ուղղված ազդանշաններ, սպառնալիքներ։
  • Հետապնդման զառանցանք - հիվանդը համոզված է, որ ինքը թշնամի ունի և իրեն հետապնդում են՝ նպատակ ունենալով իրեն վնասել։
  • Ֆիզկական ազդեցության զառանցանք - սրա դեպքում հիվանդը կարող է ասել, որ իր վրա ներգործում են էլեկտրական հոսանքներով, մագնիսական դաշտով և այդ ներգործությունը իրականացվում է հատուկ սարքերի և գործիքների միջոցով։
  • Խանդի զառանցանք - այս դեպքում հիվանդը համոզված է լինում ամուսնական անհավատարմության մեջ։ Ստուգում է կնոջ պայուսակը, հեռախոսազանգերը, հետևում է նրան, փորձում է ստուգել և ուշադիր նայում է թե ինչպես են նրան նայում այլ տղամարդիկ։
  • Հայցամոլական զառանցանք - հիվանդը համոզված է, որ մարդիկ անընդհատ փորձում են ոտնահարել իր անձնական իրավունքները։
  • Հիպոխոնդրիկ զառանցանք - հիվանդները համոզված են լինում, որ տառապում են ծանր անբուժելի հիվանդությամբ։ Սակայն նույնիսկ երկարատև ուսումնասիրություններից հետո, եթե այդ փաստը ժխտվում է, մեկ է նրանք չեն հավատում։
  • Դիսմորֆոֆոբիա - հիվանդները համոզված են, որ իրենց մարմինը տձևանում է, կարող է հայտարարեն, որ մարմինը ամբողջությամբ մազակալել է, քիթը մեծացել է և այլն։
  • Ինքնամեղադրման զառանցանք - ծագում է տրամադրության դեպրեսիվ ֆոնի վրա։ Նրանք կարծում են, որ դժբախտացրել են լրիվ անմեղ մարդկանց, իրենց պատճառով դժբախտանում են իրենց հարազատները։ Կատարում են ինքնասպանության փորձեր։
  • Մեծամոլական զառանցանք - զարգանում է բարձր տրամադրության ֆոնի վրա, դրանց մեջ են մտնում բարձրաշխարհիկ ծագման, սիրային զառանցանքները։
  • Մնացորդային զառանցանք - սուր պսիխոզի հետևանք է, որի ժամանակ հիվանդը շարունակում է պնդել, թե իր մորը փոխել են։
  • Ինդուկցված զառանցանք - դրսևորվում է այն առողջ մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ շփում են ունեցել հիվանդ անձանց հետ, նրանք դառնում են ավելի ներշնչվող, ունեն ցածր զարգացած ինտելեկտ և քննադատական դիտողությունների աստիճան։ Լինում է նաև, այսպես կոչված, զգայական զառանցանք, որի դեպքում գիտակցության գիտակցության ոլորտում առաջ եկող շատ պայծառ ու ֆանտաստիկ պատկերների ազդեցության տակ աղճատվում է շրջապատող աշխարհի ընկալումը։ Զառանցանքվ տառապող հիվանդն ամենուրեք իր համար վտանգներ է տեսնում, ուժեղ տագնապ ու սարսափ է զգում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240 էջ.
  • Նալչաջյան Ա․ Ա․ (1991). Ընդհանուր հոգեբանության հիմունքներ («Լույս» ed.). Երևան. էջ 512.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) ISBN 5-545-00785-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 660