Կատաղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատաղություն (rabies, lyssa), ջրվախություն (hydrophobia), կենդանիների և մարդկանց սուր վարակիչ հիվանդություն, արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով, անդամալուծությամբ և վերջանում մահով։ Կատաղությունը առաջինը գիտականորեն ուսումնասիրել է Լ. Պասայորը և առաջարկել հակակատաղության վակցինան։ Կատաղության հարուցիչը նեյրոտրոպ վիրուսն է։ Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ կենդանիներն են (եղջերավորներ, շուն, կատու)։ Բնական պայմաններում կատաղությունով հիվանդանում են կաթնասունները, առավելապես՝ շնազգիները, իսկ գյուղատնտեսական կենդանիներից՝ խոշոր եղջերավորները (55%)։ Հիվանդությունը փոխանցվում է հիմնականում կծելու միջոցով։ Գաղտնի շրջանը տևում է 1—2, հազվադեպ՝ 6 ամիս։ Կենդանիների կատաղությունը ընթանում է կլինիկական 5 ձևով՝ աբորտիվ, ետադարձ, ատիպիկ կամ քրոնիկական, գրգռված և խաղաղ։ Կանխարգելումը հիվանդ և կասկածելի կենդանիներին ոչնչացնելն է։ Մարդու կատաղությունը ընթանում է կլինիկական հետևյալ շրջաններով. 1. կենտրոնական նյարդային համակարգի ընկճման շրջան (տևում է մի քանի ժամից 2 օր), 2. գրգռման, հալուցինացիաների և շարժողական անհանգստության շրջան (տևում է 4—7 օր), 3. լուծանքների շրջան (մի քանի ժամից 2—3 օր), ավարտվում է մահով։ Գաղտնի շրջանը սովորաբար տևում է 15—55 օր, երբեմն՝ մինչև 8 ամիս և ավելի։ Հատկապես վտանգավոր է, երբ կատաղած կենդանին կծում է մարդու գլուխը, դեմքը կամ վիզը։ Այս դեպքերում գաղտնի շրջանը կարճ է լինում, իսկ հիվանդությունն ընթանում է առավել ծանր։ Սկզբում կծած վերքի շրջանում առաջանում են բութ, ճմլող ցավեր, որոնք շարունակվում են նաև վերքը փակվելուց հետո։ Հիվանդի տրամադրությունը և քունը վատանում են, ունենում է վախի զգացում։ Հետագայում ի հայտ են գալիս տեսողական, լսողական ու հոտառական հալուցինացիաներ։ Կարճատև արգելակման շրջանին սովորաբար հաջորդում է շարժողական գրգռվածությունը։ Հիվանդը դառնում է անհանգիստ, շնչառությունը՝ աղմկոտ ու վատացած։ Այնուհետև զարգանում են մկանների ջղաձգություններ, շնչառական ու կլման մկանների ուժեղ կծկումներ՝ նույնիսկ ջրի ձայնից կամ բաժակի տեսքից (այստեղից էլ հիվանդության մյուս անվանումը՝ ջրվախություն)։ Սննդի և ջրի ընդունումը դառնում է անհնար։ Զգացողության բոլոր տեսակները խիստ բարձրանում են, որի հետևանքով ամենաթույլ գրգիռներն անգամ հիվանդի մոտ առաջացնում են ջղաձգության նոր նոպաներ։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց ջղաձգության նոպաները հաճախանում են։ Նկատվում է ուժեղ արտահայտված թքարտադրություն, առաջանում է վերին և ստորին վերջույթների անդամալուծություն, և հիվանդը մահանում է սրտի կաթվածից։ Բուժումը ախտանշանային է, դեղամիջոցներով կանխում են ջղաձգության նոպաների առաջացումը, հանգստացնում ցավերը և նպաստում քնի առաջացմանը։ Կանխարգելումը. կատաղությամբ հիվանդ կամ կասկածելի կենդանու կծելու դեպքում նախ կատարում են վերքի տեղական մշակում օճառի խիտ լուծույթով, այրում յոդի սպիրտային լուծույթով ու ծխացող ազոտական թթվով, ապա լցնում հակակատաղության գամմա-գլոբուլին, անմիջապես նշանակում հակակատաղության պատվաստումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png