Կոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմա (այլ կիրառումներ)

Կոմա (անգլ.՝ coma), օրգանիզմի ծայրահեղ ծանր ախտաբանական վիճակը, որը բնորոշվում է կենտրոնական նյարդային համակարգի խոր ընկճումով և գիտակցության կորստով, արտաքին գրգիռների հանդեպ ռեակցիայի թուլացմամբ կամ բացակայությամբ, ռեֆլեքսների մարմամբ մինչև լրիվ անհետանալը, օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների կարգավորման խանգարումով (շնչառության խորության և հաճախականության, ջերմակարգավորման խանգարմամբ, անոթային տոնուսի փոփոխություններով, պուլսի դանդաղեցմամբ կամ հաճախացմամբ)։

Առաջացման պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմայի զարգացման հիմնական պատճառը գլխուղեղի արյան շրջանառության խանգարումն է, որն առաջացնում է իշեմիա կամ հիպերեմիա, կանգային պրոցեսներ գլխուղեղում, ինչպես նաև ողնուղեղային հեղուկի (լիքվոր) շրջանառության խանգարում։

Կոմայի ժամանակ նյարդային հյուսվածքում առաջանում են թթվահիմնային հավասարակշռության խանգարումներ, թթվածնային քաղց, իոնային փոխանակության խանգարումներ և նյարդային հյուսվածքի էներգետիկական քաղց։

Գլխուղեղի նորմալ կենսագործունեության խանգարման հետևանքով առաջացող հիպօքսիան, ացիդոզը, էկզոգեն և էնդոգեն տոքսիններով թունավորումը առաջացնում են գլխուղեղի կեղևի, նրա թաղանթների այտուց, բարձրացնում ներգանգային ճնշումը, որոնք էլ բերում են կենսական կարևոր կենտրոնների ընկճման և գիտակցության խոր խանգարման։ Կախված նյարդային համակարգի ախտահարման խորությունից, տարբերում են կոմայի հետևյալ աստիճանները.

I° (չափավոր) կոմա - գիտակցությունն ընկճված է, հարցերին չի պատասխանում, կամային շարժումներ չկան, բբերը նեղացած են, ունեն թույլ լուսային ռեակցիա, աչքերը չի բացում ուժեղ ցավային գրգիռի դեպքում հիվանդը ցուցաբերում է չկոորդինացված պաշտպանական շարժական ռեֆլեքս, ցավային միմիկա, բբերի լայնացում։ Կլման ակտը դժվարացած է մկանային տոնուսն ընկած է, ջլային և մաշկային ռեֆլեքսները նույնպես։ Սրտային գործունեությունն ու շնչառությունը խանգարված են աննշան չափով։

II° (խորը) կոմա - գիտակցությունը խիստ ընկճված է և բացակայում է, արտահայտված` ազդակների նկատմամբ պաշտպանական ռեակցիան բացակայում է, բբերը նեղացած են և աննշան են արձագանքում լույսին, մնացած ռեֆլեքսները խիստ ընկճված են, հաճախ առկա է ախտաբանական Բաբինսկի ռեֆլեքսը։ Կլման ակտը, միզարձակումն ու կղազատումը խանգարված են։ Սրտխփոցը խլացած է, առիթմիկ, պուլսը հազիվ շոշափվող, Զ/Ճ ընկած է, կա ցիանոզ։

III° (տերմինալ կամ «ատոնիկ» կոմա) - բնորոշ է անգիտակից վիճակը, լրիվ ուժասպառություն (պրոստրացիա), առեֆլեքսիա, մկանների ատոնիա։ Սրտխփոցը խիստ խլացած, պուլսը չի շոշափվում (անոթային տոնուսի անկում), Զ/Ճ չի որոշվում, շնչառությունը առիթմիկ, Չեյն Ստոքսյան կամ Բիոտի տիպի, կա ցիանոզ և հիպոթերմիա։ Ցանկացած կոմայի հիմքում ընկած է ուղեղի թթվածնային քաղցը, փոխանակության պրոցեսների (ջրա-աղային, ածխաջրատային, սպիտակուցային, վիտամինային ևն) խանգարումները։

Ախտորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմայի ախտորոշումը բավականին բարդ և պատասխանատու խնդիր է, որից կախված է հիվանդի ճիշտ բուժումը։ Հիվանդի անգիտակից վիճակն անհնար է դարձնում անամնեզի հավաքումը, ուստի մինչև բժիշկ ռեանիմատոլոգի կողմից անամնեստիկ տվյալները հավաքելը հարազատներից, ուղեկցող անձանցից, կարևոր է նրանց տեղեկությունների հայտնելը բուժքրոջը, որը պետք է կարևորը զատի երկրորդայինից, ռեանիմատոլոգին տեղյակ պահելով միայն հիվանդության հետ կապված կարևոր փաստերին և մանրամասներին։ Կլինիկական պրակտիկայում ընդունված է կոմաները բաժանել հինգ հիմնական խմբերի.

  1. կոմաներ, որոնք պայմանավորված են ԿՆՀ առաջնային ախտահարմամբ, կոչվում են նևրոլոգիական կոմաներ, դրանցից են ապոպլեքսիկ կոման (ինսուլտների ժամանակ), վնասվածքային կոման (գանգուղեղային վնասվածքների ժամանակ), էպիլեպտիկ (էպիլեպսիայի ժամանակ) և գլխուղեղի, նրա թաղանթի բորբոքումներով և գլխուղեղի ուռուցքներով պայմանավորված կոմաներ
  2. կոմաներ էնդոկրին հիվանդությունների ժամանակ՝ պայմանավորված են նյութափոխանակության խանգարումներով (մետաբոլիկ), այս տեսակը առավել հաճախ հանդիպում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ
  3. տոքսիկ կոմաներ, որոնք առաջանում են էնդոգեն թունավորումների հետևանքով՝ վարակիչ հիվանդությունների ժամանակ (օրինակ՝ վիրուսային հեպատիտ) լյարդային և երիկամային անբավարարություններից ևն
  4. կոմաներ, որոնք պայմանավորված են օրգանիզմից էլեկտրոլիտների, որի Էներգետիկ նյութերի առաջնային կորստով քլորհիդրոպենիկ
  5. կոմաներ, որոնք պայմանավորված են գազափոխանակության խանգարումներով՝ հիպօքսիկ կոմաներ (պայմանավորված, օրինակ խեղդվելու կամ անեմիաների հետ), ռեսպիրատոր կոմաներ, որոնք պայմանավորված են շնչական անբավարարությամբ որը զարգանում է թոքերում գազափոխանակության զգալի խանգարումներով։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված կոմայի տեսակից՝

  • պատճառի վերացում,
  • սիպտոմատիկ թերապիա,
  • կենսական կարևոր օրգաների աշխատանքի կարգավորում,
  • թթվահիմնային հավասարակշռության և շնչառության վերականգնում,
  • պայքար թթվածնային քաղցի դեմ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 532