Գաղտնի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որոշ հիվանդությունենրի ժամանակ, ինչպես ցույց է տրված գրաֆիկում, լատենտ շրջանն ավելի կարճ է քան գաղտնի շրջանը։

Գաղտնի շրջան, թաքնված շրջան, վարակիչ հիվանդություններով մարդու վարակվելու պահից մինչև հիվանդության ակնհայտ ախտանշանների ի հայտ գալը։ Այդ ընթացքում մարդն արտաքնապես առողջ է երևում։

Գաղտնի շրջանի տևողությունը տարբեր հիվանդությունների ժամանակ տարբեր է՝ մի քանի ժամից մինչև մի քանի ամիս և նույնիսկ տարի, բայց յուրաքանչյուր հիվանդության Գաղտնի շրջանի ունի իր տևողությունը (օրինակ՝ որովայնային տիֆի գաղտնի շրջանը 3-25 օր է, գրիպինը՝ մի քանի ժամից մինչև 3 օր, կապույտ հազինը՝ 2-15 օր), որը պայմանավորված է մանրէների ախտածնության աստիճանով, հիվանդությանը դիմադրելու օրգանիզմի հնարավորություններով և այլն։

Գաղտնի շրջանի տևողությունից է կախված մինչ այդ վարակիչ հիվանդների հետ շփված անձանց մեկուսացման, ինչպես նաև այլ հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար սահմանված կարանտինի ժամկետը։ Որոշ հիվանդությունների դեպքում մարդը կարող է վարակի աղբյուր լինել գաղտնի շրջանի վերջում, այսինքն մինչև հիվանդության ախտանշանների ի հայտ գալը, և վարակել շրջապատող մարդկանց, որն ունի կարևոր համաճարակային նշանակություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։