Քաղց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղցը սննդի նկատմամբ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջն է և բնորոշ է բոլոր կենդանիներին ու մարդուն։ Փորձառական եղանակով հաստատվել է քաղցի և հագեցածության կենտրոնների առկայությունը կենտրոնական նյարդային համակարգում։ Էլեկտրական հոսանքով քաղցի կենտրոնի գրգռումը, օրինակ, կուշտ կենդանիներին ստիպում է կեր որոնել և ուտել, իսկ հագեցածության կենտրոնի գրգռման դեպքում քաղցած կենդանիները դադարում են կեր ընդունել։

Քաղցի զգացումը կարող է դրսևորվել այրոցի, ճնշման, նույնիսկ սրտագդալի շրջանում ցավի զգացումով, երբեմն՝ սրտխառնոցով, գլխապտույտով, գլխացավերով։ Քաղցած ժամանակ մեծանում է ստամոքսի և աղիների մկանների լարվածությունը (տոնուս), առաջանում է քաղցի գալարակծկանք, արյան մեջ սննդանյութերի պարունակությունը նվազում է («քաղցած արյուն»)։ Քաղցի զգացման բավարարումը տեղի է ունենում, երբ ընդունած սնունդը ներգործում է մարսողական համակարգի առաջնային բաժնի վրա և գրգռում նյարդային վերջույթները, որոնք դրդման ազդանշանները հաղորդում են հագեցածության կենտրոն։ Սննդի ընդունումից 1,5-2 ժամ անց սննդանյութերը ներծծվում են, և տեղի է ունենում իրական հագեցածություն. արյունը դադարում է «քաղցած» լինելուց և արդեն պարունակում է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութերի բավարար քանակ։

Քաղցի վիճակի կարգավորման և հետագա հագեցածության համար կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի սննդանյութերի պահեստները (դեպոներ), որոնք հարմարվողական մեխանիզմներով մարդուն ու կենդանիներին պաշտպանում են հյուծումից և ստիպում սնունդ որոնել սեփական պահեստների դատարկվելուց շատ առաջ։ Քաղցի և հագեցածության փոխհարաբերության խանգարումները կարող են հանգեցնել ճարպակալման կամ հյուծման, որոնք կարելի է կանխել սննդի կանոնավոր ընդունմամբ և ժամանակին կազմակերպված հանգստով։ Ախորժակի խանգարումների (օրինակ՝ բացակայության) դեպքերում պետք է դիմել բժշկի։

Քաղցածությունը կամ սովը, որպես ֆիզիոլոգիական երևույթ, բնության մեջ հաճախ հանդիպում է որոշ կենդանիների (արջ, գետնասկյուռ, ոզնի և այլն) ձմեռային քնի ընթացքում, նաև ցրտի հետևանքով քնափության դեպքում (գորտեր, ձկներ, միջատներ)։ Դա կապված է օրգանիզմի նյութափոխանակության կտրուկ նվազման հետ, ինչը կենդանիներին հնարավորություն է տալիս տարվա անբարենպաստ շրջաններում երկար ժամանակ կյանքը պահպանել էներգիայի չնչին ծախսի պայմաններում։

Այսօր մեծ խնդիր է սովի հիմնահարցը. աշխարհի բնակչության 13 %-ը մշտական թերսնվածության մեջ է, տարեկան 8–10 մլն մարդ մահանում է սովից։

Ախտաբանական քաղցածությունն առաջանում է սննդի բացակայության, անբավարարության կամ անլիարժեքության դեպքերում։ Երբեմն քաղցածությունն առաջանում է բնական աղետների, պատերազմների ժամանակ (սով) և այլն։ Հատկապես աղետալի են քաղցածության հետևանքները երեխաների համար. նման դեպքերում դանդաղում է նրանց ֆիզիկական և մտավոր զարգացումը։

Քաղցածությունը լինում է լրիվ (երբ օրգանիզմը սնունդ չի ստանում), բացարձակ (առանց սննդի ու ջրի) և ոչ լրիվ (թերսնում), այսինքն՝ անլիարժեք կամ միատեսակ սնուցում։

Լրիվ և բացարձակ քաղցածության դեպքերում օրգանիզմի կենսունակությունը պահպանվում է եղած պաշարների (հիմնականում՝ ճարպի), այնուհետև՝ օրգանիզմի մյուս հյուսվածքների ծախսման հաշվին։ Էներգիա ստեղծելու հատկությունն աստիճանաբար նվազում է մարմնի քաշի անկմանը զուգընթաց, իսկ ընդհանուր նյութափոխանակության վիճակը մնում է բնականոնի սահմաններում։ Այդ պատճառով քաղցածության ժամանակ նյութափոխանակությունը խթանող գործոնները (ֆիզիկական աշխատանք, շրջապատի ջերմաստիճանի նվազում, օրգանիզմի գերտաքացում, տարբեր հիվանդություններ) մեծացնում են սննդանյութերի կորուստը և արագացնում օրգանիզմի մահը։

Լրիվ քաղցածության հանդեպ տարբեր տեսակի կենդանիների դիմացկունությունը տարբեր է։ Օրինակ՝ մանր թռչունները կարող են դիմանալ 2 օր, հավերը՝ 14-20 օր, շները՝ 40-60 օր, ձիերը՝ մինչև 80 օր, հասուն մարդիկ՝ 65-70 օր։

Աճող երիտասարդ օրգանիզմները մահանում են շատ ավելի շուտ, քան հասունը և ծերը։ Դա կապված է ծեր օրգանիզմում նյութափոխանակության ավելի ցածր մակարդակի հետ։ Կանայք ավելի հեշտ են դիմանում քաղցին, քան տղամարդիկ։

Ոչ լրիվ քաղցածության՝ սննդի անբավարար ընդունման դեպքում օրգանիզմը կարող է ավելի երկար գոյատևել։ Պարզվել է, որ քաղցածությունը կարելի է օգտագործել նաև բուժիչ նպատակներով։ Ռուս գիտնական Ա. Բակուլևը քաղցաբուժությունն օգտագործել է ենթաստամոքսային գեղձի և լեղուղիների սուր բորբոքումների, խոցային հիվանդությունների, ճարպակալման բուժման համար։ Քաղցաբուժության ժամանակ կիրառվում է նաև սահմանափակող սննդակարգ (դիետա), բեռնաթափող օրաբաժին։ Քաղցաբուժության ընթացակարգի ավարտից հետո պետք է օգտագործել կաթնային, բուսական, վիտամիններով և հանքային նյութերով հարուստ սնունդ՝ բժշկի նշանակմամբ։

Հայկական Հանրագիտարան