Զրադաշտականություն
Զրադաշտականություն, Պարսկաստանում (Իրանում) տիրապետող նախամահմեդական, դոգմատիկական կրոն: Հիմնադիրը համարվում է Զրադաշտը:
[խմբագրել] Ուսմունքը
Զրադաշտականությունն վերաիմաստավորված ներառել է հին մազդեզականության որոշ գաղափարներ և ծեսեր, իսկ առանձին աստվածներին փառաբանող պաշտամունքային երգեր մտել են Ավեստա: Ըստ Զրադաշտականության նախապես գոյություն է ունեցել երկու սկզբունք՝ բարի, ստեղծարար ոգի Սպենտա Մանյուն՝ Ահուրամազդան (Ահուրա Մազդա)՝ միակ գերագույն աստվածությունը, և չարը անձնավորող՝ Ահրիմանը (Անգրի Մանյու): Ահուրամազդայի արարչությունն են յոթ աստվածային զորությունները՝ Ամահրասպանդները (Ամեշա Սպենտա), բնաշխարհի առանձին մասերի արարիչներն ու հովանավորները և աստվածային էակները` Յազատները, որոնցին են նաև հին դիցարանի աստվածները Միթրան, Անահիտը և այլն: Ահուրամազդայի արարչագործությունը հանգեցրել է չար սկզբունքի գործունեությանը: Ահրիմանը գործի է դրել իր էմանացիաները` Չար Մտքին, Ցասմանը, Կեղծիքին: Նրան են հարել դևերը, որոնք ձգտում են ավերել Ահուրամազդայի արարչությունները: Այսպես են առաջացել մահը, հիվանդությունները, աղետները: Այս պայքարում, որ պիտի վերջանա Ահուրամազդայի հաղթանակով մեծ տեղ է զբաղեցնում մարդը: Մարդն ունակ է ընտրություն կատարել չարի ու բարու միջև: Ճիշտ ընտրության դեպքում, որը համապատասխանում է Զրադաշտական բարոյական երրորդությանը՝ «Բարի Խոսք», «Բարի Միտք», «Բարի Գործ», մարդն իր կյանքի նպատակն է համարում չեզոքացնել, ոչնչացնել չարիքը, օժանդակել աշխարհում արդարությունը վերականգնելուն։ Այդ նպատակին հասնելու միակ ուղին Արտան է՝ վարքի և պաշտամունքի բարձրագույն և արդար կարգը։ Մարդը պարտավոր է բազմացնել և պահպանել բարի արարչությունները, այն, ինչ օգտակար է, լինել զուսպ և կարգապահ, կատարել կրոնական կանոնները, պաշտամունքային և մաքրագործական ծեսերը: Կրոնաբարոյական օրենքների խախտումով մարդն օժանդակում է չարիքին և մեղք գործում իր հոգու դեմ: Մահացածի հոգին, համապատասխան մարդու արդար և անարդար խոսքերի, մտքերի և արարքների ուղարկվում է դրախտ կամ դժոխք: Զրադաշտության կրոնա-փիլիսոփայական համակարգում կարևոր է և’ հոգևոր և’ մարմնավոր` բարոյապես ոչ հակադիր վիճակների և երեք ժամանակների մասին ուսմունքը: Կան Անեզրական և Եզրական ժամանակներ, վերջինս իր հերթին բաժանվում է երկու հատվածի` Արարչագործության (երբ Ահուրամազդան ստեղծել է ողջ աշխարհը) և Միախառնության (որ սկսվել է Ահրիմանի հարձակումով Ահուրամազդայի արարչության վրա, և ավարտվելու է Զրադաշտից 3000 տարի հետո` Փրկչի գալստյամբ, վերջին դատաստանով, Չարիքի ոչնչացմամբ և Անեզրական ժամանակի վերադարձով): Զրադաշտականությունը թերի միաստվածություն է և սահմանափակ դուալիզմ:
[խմբագրել] Պատմությունը
Աքեմենյան շրջանում, մարական մոգերի ակտիվ մասնակցությամբ Զրադաշտականությունը արևելքից տարածվել է Իրանի արևմտյան նահանգները: Սակայն Զրադաշտականությունը վերջնականապես ձևավորվել և պաշտոնական կրոն է դարձել Սասանյանների օրոք` մրցակից կրոնների` քրիստոնեության և մանիքեության դեմ պայքարում: Շապուհ Բ-ի և Հազկերտ Բ-ի օրոք քաղաքական նպատակներով, դաժան, բայց ոչ արդյունավետ փորձեր են արվել զրադաշտականացնելու Սասանյան Իանի տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին` հատկապես ասորիներին և հայերին: Զրադաշտականության պաշտոնական դավանաձևի հետ գոյություն են ունեցել նաև աղանդներ, որոնցից ամենատարածվածը զրվանականությունն էր: Զրվանականները Ահուրամազդային և Ահրիմանին համարում էին նախնական աստվածային սկզբունքի` ժամանակի (Ջրվանի) ծնունդ: Զրադաշտականության այս տարբերակն է ներկայացված քրիստոնեական հեղինակների գործերում, մասնավորապես` Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում: Զրադաշտականությունն ազդել է քրիստոնեության, մանիքեության, մահմեդականության, ինչպես նաև ստոիկյան ու գնոստիկյան ուսմունքների ձևավորման վրա: Զրադաշտականությունն իր տեղը զիջեց մահմեդականությանը սակայն Իրանում (Քերմանի նահանգ) և Հնդկաստանում (Բոմբեյը և շրջակայքը) պահպանվել են զրադաշտականների փոքր համայնքներ: