Գնոստիցիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փորագրություն Աբրաքսաս քարի վրա
Գնոստիկական աստվածապատկեր քարի վրա
Մարկիոն (2-րդ դար)

Գնոստիցիզմ (հունարեն՝ γνωσις (գնոսիս), գիտելիք, իմացություն, ճանաչողություն), կրոնափիլիսոփայական (թեոսոֆիական) համակարգերի ամբողջություն։ Ծագել է 1-2-րդ դարեր հեթանոսական տարբեր կրոնների ու հույն փիլիսոփաների ուսմունքների խառնուրդից, մուտք է գործել քրիստոնեության մեջ, փորձելով քրիստոնեական ուսմունքը միացնել արևելքի դիցաբանության, հեթանոսության, վաղքրիստոնեական հերետիկոսության վարդապետությունների, հելլենիզմի, պլատոնականության, նորպլատոնականության և նորպյութագորականության գաղափարների հետ։

Նախաքրիստոնեական և Քրիստոնեական գնոստիցիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաքրիստոնեական գնոստիկականության հիմքում ընկած էին տարբեր ժողովուրդների կրոնական, տիեզերաբանական և մարդաբանական գաղափարները, նորպլատոնականությունը, մովսիսականությունը։ Քրիստոնեական գնոստիցիզմը, որի կենտրոնը Ասորիքն էր, ընդունել է քրիստոնեական որոշ դրույթներ, բայց՝ հեթանոսական ըմբռնմամբ, մերժել Հին կտակարանը և դրանով՝ քրիստոնեության պատմական հողը։

Գնոստիկական 2 խմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնոստիցիզմը բաժանվում է երկու մեծ խմբի՝

  • Անանուն գնոստիկականություն (կոչվում է նաև օֆիտականություն, նախաչականություն (օձապաշտություն), հետևորդների մի մասը՝ պերատներ են), որը չունի հիմնադիրներ, մարգարեներ, փիլիսոփաներ և դպրոցներ։
  • Գնոստիկյան դպրոցներ (Հայտնի են Մենանդրոսի, Սատորնիլոսի, Բասիլիդեսի, Վալենտինոսի, Կարպոկրատեսի և այլոց դպրոցները, որոնք ներկայացնում էին գնոստիցիզմի առավել զարgացած համակարգերը։

Գնոստիկական գաղափարները և ձգտումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հարցը, որ զբաղեցրել է գնոստիկյաններին, այն է, թե ինչպես է հոգին կամ երկնային կայծն ընկել ու բանտարկվել այս գռեհիկ նյութական աշխարհի մեջ և ինչպես կարող է կրկին ազատվել։ Հոգին սկիզբ է առել միանգամայն այլ տեղում, հավերժական մի աշխարհում, մի ուրիշ աստծո լուսավոր բնակատեղիում, քանզի այս սխալաշատ, նյութական և անկատար աշխարհը, բարձրագույն աստծո գործը չէ։ Գնոստիկյանները մերժել են նախնական քրիստոնեության գաղափարները, ապա գայի կամ հանդերձյալ կյանքի ակնկալությունները, ինչպես Քրիստոսի վերջին գալուստը, մեռելների հարությունը, Քրիստոսի հազարամյա թագավորությունը և այլն։ Ամեն բանի վերջը հոգու ազատությունն է նյութից և տանջանքներից, նյութը պետք է ոչնչանա և ճգնության միջոցով կամ սանձարձակությամբ արհամարհվի։ Դա հանգեցրել է ծայրահեղ դրսևորումների՝ բարոյականության մեջ. կա՛մ անհեթեթության հասնող խանդավառ ճգնական կյանք, կա՛մ սանձարձակություն և կենցաղային բոլոր օրենքների ու կանոնների ժխտում։ Գնոստիկյան տարաբնույթ հոսանքների, ուղղությունների, ուսմունքների, դպրոցների մեջ ընդհանուրը ` այլաբանության եղանակով (հիմնականում մտահայեցական փիլիսոփայության վերածված քրիստոնեության այլափոխման ճանապարհով) կատարյալ իմաստությունը (գնոսիսը) գտնելու ձգտումն էր, որը ձեռք է բերվում «հայտնության» միջոցով և մարդուն ցույց տալիս «փրկության» ուղին։ Գնոստիկականության հիմնական գաղափարներն ընդհանուր գծերով հանգում են գնոստիկյան վարդապետությանը։

Այն ՝

  • Ընդունում էր հոգեկան նախասկզբի անճանաչելիությունը, որը հակադրում էր նյութականին՝ «չարի» աղբյուրին
  • Առաջ է քաշում չարի և բարու դուալիստական ուսմունքը
  • Քրիստոնեական փրկության գաղափարը փոխում է և վերածում հոգին նյութից ազատվելու վարդապետության
  • Հոգին և մարմինը բացարձակապես հակադրում է և դարձում միմյանց դեմ կանգնած տիեզերական ուժեր

Գնոստիկական աստվածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմիուրգ աստվածը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի ստեղծողն ու օրենսդիրը (կամ տիեզերաստեղծ զորությունը) Դեմիուրգն է՝ հրեաների աստվածը, որը տարբեր է անծանոթ, բարձրագույն աստծուց։ Դեմիուրգը Հին կտակարանի ներկայացուցիչն է, իսկ բարձրագույն աստվածը՝ Նոր կտակարանի։ Աստվածայինը նյութից ազատելու համար անծանոթ աստվածը երկիր է ուղարկում մի փրկչի, որն իրականացնում է հոգևորի և նյութականի, բարու և չարի վերջնական բաժանումը։ Գնոստիկյանները, տարանջատելով բացարձակ բարձրագույն աստծուն և տիեզերքն ու նյութական աշխարհը ստեղծող հրեաների աստծուն՝ Դեմիուրգին, իրարից բաժանել են նաև գնոսիոսի Քրիստոսին և պատմական Հիսուսին։

Էոն աստվածը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատարար կամ փրկիչ էոնը (զորությունը) Քրիստոսն է, իսկ պատմական Հիսուսը տարբեր է նրանից։ Էոնը Հիսուսի (այսինքն աստվածայինը՝ նյութականի) հետ միանում է միայն ժամանակավորապես (մկրտության ժամանակ և նրանից հեռանում է մահից առաջ), այլ կերպ ասած՝ երկրային Հիսուսը երկնային փրկչի երկրային երևույթն է, որ պետք է մարմին ընդուներ՝ տեսանելի դառնալու համար։ Այդ պատճառով էոնը Մարիամի միջով անցնում է ինչպես ջուրը խողովակի, առանց նյութի հետ առնչվելու կամ նրանով պղծվելու։ Այստեղից բխում էր գնոստիկյանների դոկետիզմը (երևութականություն)։ Նրանք չեն ընդունել Քրիստոսի մարմնացումը և իրական մարդ լինելը. նրան հատկացվել է գերմարդկային բնություն և երևութական մարմին, ուստի Քրիստոսի ծնունդը, կյանքը, չարչարանքները, խաչելությունն ու մահը համարել են երևութական։ Չեն ընդունել գայական նշանների կամ նյութական առարկաների հետ կապված խորհուրդները, պայքարել են հատկապես խաչի պաշտամունքի դեմ։

Գնոստիցիզմը և քրիստոնեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնոստիցիզմը ժամանակի ընթացքում մոտեցել է քրիստոնեությանը, այդ գործում կարևոր դեր են խաղացել Մարկիոնը (2-րդ դար), Տատիանոսը (2-րդ դար), Բարդայծան Եդեսացին (2-3-րդ դարեր) և ուրիշներ։ Գնոստիցիզմի գլխավոր վտանգը քրիստոնեական եկեղեցու համար այն էր, որ ներխուժելով քրիստոնեություն, փորձել է քայքայել քրիստոնեական եկեղեցին ներսից, փոխել նրա բնույթը, մանավանդ նրա փրկագործության գաղափարը, Փրկչի ավետարանական ուսմունքը և այն վերածել մասամբ տիեզերաստեղծական առասպելների, մասամբ էլ՝ հունական կրոնաիմաստասիրական աշխարհայացքի։ Բացի այդ, գնոստիկյանները, զգալի քանակությամբ գրականություն ստեղծելով, իրենց ուսմունքը լայնորեն տարածել են քրիստոնեական համայնքներում։ Եկեղեցին երկարատև և անզիջում պայքար է սկսել գնոստիկյան աղանդավորների դեմ՝ ստեղծելով իր առաջին աստվածաբանական դպրոցները, հրապարակ հանելով նրանց գաղափարների դեմ ուղղված բազմաժանր ու ծավալուն գրականություն, որտեղից էլ հիմնականում իմանում ենք գնոստիկյանների վարդապետության մասին (նրանց ստեղծած գրականությունը եկեղեցին ոչնչացրել էր)։ Միայն 1945 թվականին Վերին Եգիպտոսի Խենոբոսկիոն գյուղում հայտնաբերվել են 3-րդ դարի գնոստիկյան 44 ձեռագիր երկեր։

Գնոստիցիզմը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնոստիցիզմի ծաղկման շրջանում գնոստիկյան գաղափարները սակավաթիվ հետևորդներ են ունեցել Հայաստանում։

Գնոստիկյան աղանդները կամ նրա հիմքի վրա ստեղծվածները Հայաստան են մուտք գործել ավելի ուշ՝ 4-5-րդ դարեր։ Հիշատակելի են բորբորիտների, մծղնյաների, պավլիկյանների աղանդները, տարածված էին նաև եվստաթիոսականների՝ Սեբաստիայի հայազգի եպիսկոպոս Եվստաթեոսի անվան հետ կապված անապատական շարժումը, որն իր վարդապետության մեջ ներառել էր գնոստիկյան առանձին գաղափարներ։ Հավանաբար որոշ տարածում է ունեցել մարկիոնականությունը։ Թերևս այդ է պատճառը, որ Մարկիոնի ուսմունքի քննադատությանը Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց»-ում առանձին գլուխ է նվիրել։ Ենթադրվում է, որ գնոստիկյան է եղել Ղազար Փարպեցու հիշատակած «Հայոց աշխարհի աղանդը»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 140
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնոստիցիզմ» հոդվածին։