Կամքի ազատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամքի ազատություն, մարդու ներաշխարհի և վարքի դետերմինացվածության օրինաչափությունները, նրա գործունեության և ակտիվության սահմանները բացահայտող ուսմունք։

Փիլիսոփայության մեջ[խմբագրել]

Փիլիսոփայության մեջ շաղկապվելով նպատակայնության, ազատության և անհրաժեշտության խնդիրներին՝ լուծում է որոշակի գոյաբանական և իմացաբանական խնդիրներ։ Սոցիոլոգիական առումով կամքի ազատությունը քննարկվում է որպես մարդու իմացական ու բարոյական կյանքի կանխադրույթ և պայմանավորվում է տվյալ սոցիալական իրականության շնորհած ընտրողականության մակարդակով։

Բարոյագիտության մեջ[խմբագրել]

Բարոյագիտությունը կամքի ազատությունը ուսումնասիրում է հակադիր բարոյական սկզբունքների, նորմաների, արժեքների մեջ օպտիմալորեն կողմնորոշվելու տեսանկյունից՝ դրանց ավտոնոմ և հետերոնոմ բնույթը վերլուծելու ընթացքում։

Իրավագիտության մեջ[խմբագրել]

Իրավագիտությունը բացահայտում է այն ներքին օրինաչափությունները, որոնք առկա են կամքի ազատության, հանցագործության և պատժի միջև։

Հոգեբանության մեջ[խմբագրել]

Հոգեբանությունը կամքի ազատությունը քննարկում է մարդու ներաշխարհի և վարքի հարաբերական ինքնուրույնության և այն դետերմինացնող, կանխորոշող գործոնների հարաբերությունների համակարգում։

Աստվածաբանության մեջ[խմբագրել]

Աստվածաբանության մեջ կամքի ազատությունն օգտագործվում է չարիքի գոյությունը մարդկային բացասական վարքագծով բացատրելու և դրա պատասխանատվությունից աստծուն ազատելու համար։ Միջնադարյան առաջադիմական ուսմունքներում այդ մոտեցումը հաճախ հիմք է մարդու խնդիրն ու նրա ակտիվությունը ընդգծելու, աստվածային նախախնամության դերը նվազեցնելու և առաջին մեղքի ճակատագրական նշանակությունը մերժելու համար։

Որոշ փիլիսոփաներ ընդհանրապես ժխտել են կամքի ազատությունը` մի դեպքում բացարձականացնելով անհրաժեշտությունն ու մերժելով պատահականությունը (Դեմոկրիտ, Սպինոզա), մյուս դեպքում ընդունելով կրկնակի նախախնամությունն ու առաջին մեղքի ճակատագրականությունը (Օգոստոս ԵրանելիՎոլյունտարիզմը կամքի ազատությունը բացարձականացնում է, ելնելով այն բանից, որ իբր մարդու վարքը, կամքը օբյեկտիվորեն դետերմինացված չեն կամ ունեն լոկ հոգեկան հիմնավորվածություն (Ա. Շոպենհաուեր]], Ֆրիդրիխ Նիցշե, Բադենյան դպրոցի, Վիեննական խմբակի, էկզիստենցիալիզմի ներկայացուցիչներ)։ Դետերմինիզմի շրջանակներում կամքի ազատությունը դիտվել է մարդու կենսաբանական, հոգեբանական, սոցիալական, աշխարհագրական-կլիմայական պայմանավորվածության տեսանկյունից։ Մակայն այդ հիմքերից որևէ մեկի բացարձականացումը հանգեցնում է միակողմանիության (սոցիալ դարվինիզմ, բիհևիորիզմ, ֆրեյդիզմ ևն)։ Այդպիսի հարցադրմանը դեմ են անցյալի մատերիալիստները, հատկապես հեղափոխական դեմոկրատները։ Մարքսիզմը կամքի ազատությունը քննարկում է հասարակական-արտադրական գործունեության, նյութականի գաղափարականացման և գաղափարի նյութականացման, սուբյեկտ-օբյեկտ փոխներգործության պրոցեսում։ Կամքի ազատությունը դիտվում է սուբյեկտի հարաբերական ինքնուրույնության, ակտիվության արդյունք՝ դետերմինացված մարդու տվյալ տիպաբանության հիմքով։

Կամքի ազատության խնդիրը հայ իրականության մեջ[խմբագրել]

Հայ իրականությունում ևս կամքի ազատության խնդիրը ստացել է տարբեր մեկնաբանություններ։ Դեռևս հայկական դիցաբանական մտածողության մեջ և հելլենիզմի շրջանում չկան մարդու ճակատագրի անվերապահությունն ընդգծող պատկերացումներ ու տեսություններ։ Քրիստոնեական գաղափարախոսության մուտքով ուժեղանում են ճակատագրի ներգործության սահմաններն ընդարձակող պատկերացումները, որոնց սակայն հակադրվում է ազատագրական պայքարը՝ մարդու իմացական և սոցիալական ակտիվության բարձրացման ու ստեղծագործական մոտեցման անհրաժեշտության պահանջով։ Առաջադիմական մտածողներն անձնիշխանության կատեգորիայի միջոցով վերլուծում են կամքի ազատության հարցերը։

Մեսրոպ Մաշտոցը մարդու ստեղծագործական, նորարարական գործունեության, Կորյունը՝ անհատի դերի բարձրացման եղանակով սկսում են հարցադրումը, որն իր աստվածաբանական, բարոյական, իրավաբանական, հոգեբանական ու սոցիալական առումներով քննում է Եզնիկ Կողբացին։ Եղիշեն շարունակում է Եզնիկյան գիծը՝ իր հարցադրումով հիմնավորելով ապստամբության անհրաժեշտությունը։ Փավստոս Բուզանդը կամքի ազատության հարցն առավելապես կապում է հայրենասիրության, իսկ Ղազար Փարպեցին՝ անհատական արժանապատվության ու պատասխանատվության հետ։

Մովսես Խորենացին կամքի ազատությունը քննարկում է հասարակության օրգանական կառուցվածքի, ֆունկցիոնալ բաժանման, մարդու բանական գործունեության առումով։ Դավիթ Անհաղթը այն դիտում է որպես կատարելության համար մարդու մղած պայքարի անհրաժեշտ բաղադրամաս, միմեսիսի հիմք և արտահայտության ձև։ Զարգացած ֆեոդալիզմի պայմաններում գիտության և արվեստի վերելքի, մշակույթի ընդհանուր աշխարհականացման, կրոնի ազդեցության թուլացման, հարցերին բանական բացատրություն տալու հակման ուժեղացմանը զուգահեռ կամքի ազատությունը ինչպես փիլիսոփայության, այնպես էլ իրավագիտության, գրականության, բժշկագիտության ու մանրանկարչության մեջ ստանում է նոր լուծումներ։ Գրիգոր Նարեկացու և «Սասունցի Դավիթ» էպոսի մարդաբանությունը, Հովհաննես և Կոստանդին Երզնկացիների սիրո և Ֆրիկի սոցիալական քնարերգությունները, Քուչակի հայրենները, Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները տարբեր ձևով արտահայտում են մարդուն ճակատագրի գործիք դարձնելու հակումների դեմ պայքարը։ Բանականության ու փորձի նշանակության Հովհաննես Սարկավագի ընդգծումը, ղեկավարի ու ենթակայի փոխհարաբերության, նրանց իրավունքների ու պարտականությունների մասին Վահրամ Րաբունու, Ներսես Շնորհալու և Մխիթար Գոշի դրույթները, աշխատանքի, տնտեսական ու քաղաքական գիտությունների նշանակության մասին Գրիգոր Տաթևացու հարցադրումները, երկակի ճշմարտության ուսմունքի և նոմինալիզմի ճանապարհով մարդու անհատականության խնդիրը մշակելու Տաթևի համալսարանի ներկայացուցիչների փորձերը, նոր գեղագիտական իդեալի Պիծակի, Թորոս Ռոսլինի ըմբռնումը, ռացիոնալ բժշկագիտություն մշակելու, մարդկային գիտակցության ֆիզիոլոգիական հիմքերը բացահայտելու Մխիթար Հերացու և Գրիգորիսի ձգտումները կամքի ազատության հարցերին ավելի բանական լուծում տալու և ճակատագրության ուսմունքը մերժելու առաջադիմական քայլեր էին։

Աղանդավորական քողով հանդես եկող հակաֆեոդալական գյուղացիական շարժումների գաղափարախոսության մեջ կամքի ազատությունը ստանում է հակասական լուծումներ։ Արիոսականները, մծղնեականները, կարպոկրատները և գնոստիկյան այլ մտածողներ հակվում են կամքի ազատության ժխտմանը, իսկ մարկիոնականները և հատկապես պավլիկյաններն ու թոնդրակյանները տարբեր ձևերով ընդարձակում են մարդու ակտիվության սահմանները։

17-րդ դարում Սիմեոն Ջուղայեցին, Ստեփանոս Լեհացին ձգտում են վերականգնել անցյալի առաջավոր ավանդույթները։ Ազատագրական շարժման նոր փուլում (18-րդ դարի վերջ) ազգային բուրժուազիայի գաղափարախոսության ներկայացուցիչները (Շահամիր Շահամիրյան, Մովսես Բաղրամյան, Հովսեփ Էմին) սկսում են կամքի ազատության մեկնության նոր շրջանը։ 19-րդ դարի առաջին կեսի հայ առաջավոր մտածողները (Խաչատուր Աբովյան, Նիկողոս Զորայան, Մ. Վիչենյան, Ա. Փափովիչ) մարդու ներքնաշխարհն ու վարքը ձգտելով պայմանավորել միջավայրով (սոցիալական, աշխարհագրական) ավելի գիտականորեն են բացատրում կամքի ազատության հարցերը և գրեթե հրաժարվում աստվածաբանական մեկնաբանությունից։

Միքայել Նալբանդյանը կամքի ազատությունը լուծում է մատերիալիստական և հեղափոխական դեմոկրատիայի ոգով, մարդու կամքը պայմանավորված է իր կենսաբանական կառուցվածքով, սոցիալական միջավայրով, հոգեբանության յուրահատկությամբ ու գիտակցության ակտիվության սոցիալական ուղղվածությամբ։ Մասնավոր սեփականատիրական հասարակությունը գնում է հեղափոխական գիտակցության, որը դառնում է լայն զանգվածների կամքի ազատության արտահայտությունը։

19-րդ դարի երկրորդ կեսին Նալբանդյանական հարցադրումը ծնունդ է տալիս հայ ժողովրդի ազատագրական պայքարը կազմակերպող նոր գաղափարների, որոնց թվում զգալի դեր են խաղում նաև լուսավորական, դեմոկրատական թևի ներկայացուցիչները (Ս. Նազարյանց, Գ. Կոստանդյան, Ս. Ոսկանյան, Ա. Գարագաշյան, Մ. Մամուրյան, Ե. Տեմիրճիպաշյան, Ն. Տաղավարյան, Րաֆֆի

19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին սուբյեկտիվ սոցիոլոգիայի ջատագովները կամքի ազատությունը մեկնաբանում են վոլյունտարիզմի ոգով (Ե. Ֆրանգյան, Մ. Վարդանյան, Վ. Ծորենի)։

19-րդ դարի 80-ական թթ. հայ իրականության մեջ մարքսիզմի ներթափանցմամբ առաջանում են կամքի գիտակցության գիտական լուծման հնարավորություններ, որոնք իրականացնում են Ալեքսանդր Սպանդարյանը, Ստեփան Շահումյանը, Սարգիս Կասյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը։ Զարգացած սոցիալիզմի շրջանում կամքի ազատության հարցը ուսումնասիրվում է ավելի համակողմանիորեն, տրվում է կամքի ազատության խնդրի դիալեկտիկա-մատերիալիստական լուծումը, քննադատվում են իդեալիստական դրույթները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png