Ուիլյամ Օկկամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
William of Ockham.png

Ուիլյամ Օկկամ (Ockham կամ Occam, William) (շուրջ 1284 թ. – շուրջ 1350 թ.), անգլիացի փիլիսոփա-սքոլաստ, «օկկամիստական» միջնադարյան աստվածաբանական-փիլիսոփայական ուղղության հիմնադիր, այսօր առավելապես հայտնի է իր կողմից առաջարկած մտածողության տնտեսման սկզբունքի՝ այսպես կոչված «Օկկամի ածելիի» շնորհիվ։ Ծնվել է շուրջ 1284 թ. Օկկամ վայրում (Սուրեյ կոմասություն, Անգլիա)։ Ֆրանսիսկանցիների միաբանություն ընդունվելուց հետո սովորել է Օքսֆորդի համալսարանում, որտեղ ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան և ինցեպտորի՝ այսինքն ցածր աստիճանի դասախոստի պաշտոնը։ Հետագայում նրա հետևորդները կոչել են նրան «հարգարժան ինցեպտոր» (Inceptor venerabilis)։ Նրա այլ պատվավոր տիղոսն էր «անհաղթ ուսուցիչ» (Doctor invincibilis)։

Օքսֆորդում Օկկամը գրել է իր մի քանի կարևորագույն փիլիսոփայական և աստվածաբանական երկերը։ Օկկամիզմը հակադիր էր թոմիզմին ու սկոտիզմին (Թոմաս Աքվինացու ու Դունս Սկոտի փիլիսոփայական համակարգերին) և հեղինակություն էր վայելում ուշ միջնադարում որպես փիլիսոփայելու «նոր» մեթոդ (via moderna)։ Օկկամի ուսմունքը կարելի է բնութագրել որպես մաքուր նոմինալիզմ, քանի որ Օկկամը գտնում էր, որ «ունիվերսալիաները» (ընդհանուր հասկացությունները) իրենցից ներկայացնում են լոկ անուններ, բանականության մեջ առկա բանավոր ու գրավոր լեզվի «հասկացություններ» ու «խոսքեր»։ Իրական գոյությամբ օժտված են ոչ թե դրանք, այլ ինդիվիդուալ, այսինքն եզակի իրերը։ Այդ շեշտը եզակիի վրա որպես միակ իրականության արտահայտում է օկկամիզմի բուն էությունը։

Բացի դրանից, Օկկամը պնդում էր, որ ցանկացած իրական բացատրություն, ցանակցած աստվածաբանական ու փիլիսոփայական համակարգ պետք է առավելագույնս պարզ լինի։ Մտածողության տնտեսման այս սկզբունքը ստացավ «Օկկամի ածելիի» անունը։ Ինքը՝ Օկկամը ձևակերպել է իր այդ սկզբունքը հետևյալ կերպ. «հարկ չէ առանց անհրաժեշտության բազմապատկելհասկացությունները»։