Հովհաննես Դամասկոսցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Դամասկոսցու սրբապատկերը, 19-րդ դար

Հովհաննես Դամասկոսցի (արաբ.՝ يوحنا الدمشقي‎‎ Յուհաննա ադ-Դամաշկի, հուն.՝ Ἰωάννης ὁ Δαμασκηνός; լատ.՝ Iohannes Damascenus , մոտ 675, Դամասկոս -750), բյուզանդական աստվածաբան, իմաստասեր, բանաստեղծ, հունալեզու հայրաբանության համակարգող և եզրափակող, պատկերապաշտական ուղղության հոգևոր առաջնորդ: Ապրել և ստեղծագործել է Բյուզանդական կայսրության սահմաններից դուրս՝ խալիֆայության տարածքում: Եղել է Դամասկոսի խալիֆի պալատական գիտնականը (սկզբնաղբյուրները պահպանել են նրա արաբական անունը կամ մականունը՝ Մանսուր), այնուհետև դարձել է վանական և մինչև իր կյանքի վերջն ապրել Երուսաղեմի մոտ գտնվող Սուրբ Սաբայի մենաստանում: Հովհաննես Դամասկոսցու աստվածաբան-իմաստասիրական հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Արիստոտելի, նորպլատոնականների, մասնավորապես Դավիթ Անհաղթի փիլիսոփայական-տրամաբանական ուսմունքները և Արևելյան եկեղեցու հայրերի կրոնաիմաստասիրական վարդապետությունները: Իր ստեղծագործություններում կարողացել է զուգակցել անտիկ և քրիստոնեական մտածելակերպի բնորոշ գծերը: Դրա արտահայտությունն է նրա հանրագիտարանային աշխատությունը՝ «Գիտելիքի աղբյուրը»: Թեև իմաստասիրության էության, սահմանումների հարցում հետևել է Դավիթ Անհաղթին, սակայն, ի տարբերություն վերջինիս, իմաստասիրությունը ծառայեցրել է կրոնական սկզբունքների հիմնավորմանը, այսինքն՝ հիմք դրել մտածողության սխոլաստիկական մեթոդին: Պատկերամարտության դեմ մղված պայքարում մշակել է նյութի աստվածաբանությունը և պաշտամունքի իմաստասիրությունը: Հովհաննես Դամասկոսցու «Դիալեկտիկա» («Տրամաբանություն») աշխատությունը թարգմանվել և օգտագործվել է որպես տրամաբանության ձեռնարկ նաև միջնադարյան Հայաստանում: X դ. Բագարատ Մամիկոնյանը կատարել է դրա համառոտ թարգմանությունը, իսկ XIII դ. Սիմեոն Պղնձավանեցին թարգմանել է ամբողջ աշխատությունը վրացերենից:

Աղբյուր [խմբագրել]

Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները