Զրադաշտականությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարսկահայաստանը Սասանյան կայսրության ներքո, 428-646 թթ.

Զրադաշտականությունը կամ մոգ Զրադաշտի ուսմունքը Հայկական լեռնաշխարհում սկսվել է տարածվել Աքեմենյան Պարսկաստանի գերիշխանության հաստատումից հետո՝ մ.թ.ա. 521 թվականին, երբ Աքեմենյան արքա Դարեհ Ա-ին հաջողվեց պատերազմում վերջնական հաղթանակ տանել Երվանդյան Հայաստանի արքաների նկատմամբ։

Քսերքսեսի Ա -ի կրոնական բարեփոխումներն ու Հայաստանը[խմբագրել]

Աքեմենյան Դարեհ Ա-ի որդի և հաջորդ Քսերքսես Ա արքան, ով հայտնի դարձավ Ահուրամազդայի պաշտամունքին նվիրված իր կրոնական բարեփոխումներով՝ իր գործունեությանը վերաբերվող բացառիկ արձանագրություններից մեկը թողել է նաև Հայկական լեռնաշխարհի տարածքում։
Վանի ժայռի հարավային կողմում՝ գետնից շուրջ 18 մ բարձրությամբ վրա, Քսերքսես Ա-ն թողել է եռալեզու՝ պասկերեն, բաբելոներեն և էլամերեն մի արձանագրություն, որտեղ անդրադառնում է իր և իր հոր՝ Դարեհ Ա-ի գործունեությանն ու դրա գովաբանությանը։[1]
Արձանագրությունը կարևոր վկայագիր է Հայաստանի մ.թ.ա. 6-5 -րդ դարերի պատմության վերաբերյալ. այն անուղղակիորեն կարող է վկայել Ահուրամազդայի Զրադաշտականության պաշտամունքին նվիրված կրոնական բարեփոխումների մասին։ Պատմական նշանակությունից բացի, այս արձանագրությունը նախամաշտոցյան Հայաստանում հայտնաբերված միակ եռալեզու արձանագրությունն է։ [2]

Aquote1.png
— Մեծ աստված է Ահուրամազդան՝ մեծագույնն աստվածներից, որ արարեց այս աշխարհը, որ արարեց այն երկինքը, որ ստեղծեց մարդուն, որ մարդկանց համար հաճույքներ ստեղծեց, որ Քսերքսեսին դարձրեց թագավոր՝ միակ թագավոր բոլորին, միակ հրամանատար բոլորին։

Ես Քսերքսեսն եմ՝ արքա մեծ, արքա արքաների, արքա բազում ժողովուրդների երկրների, արքա այս մեծ աշխարհի և որդին Դարեհ արքայի Աքեմենյան։ Քսերքսես արքան ասում է, - Դարեհ արքան, որն իմ հայրն էր, շնորհիվ Ահուրամազդայի բազում վայելչություններ կատարեց և այստեղ հրամայեց քանդակել, սակայն արձանագրություն գրել չտվեց. ապա ես հրամայեցի այս արձանագրությունը գրել։

Թո´ղ Ահուրամազդան (մյուս) աստվածների հետ պաշտպանի ինձ և թագավորությունն իմ և ինչ հիմնել եմ ես։ [3]
Aquote2.png


Արամազդ և Ահուրա Մազդա[խմբագրել]

Այս աստվածներին առաջին հերթին միավորում է անունների նույնականությունը՝ Արամազդը փոխառյալ իրանական անուն է, ապա և նրանց՝ պարսիկների, գերագույն աստված լինելու հանգամանքը։ Դիցանվան հին պարսկական ձևն է Ահուրա Մազդան (Ahura Mazdā(h)), որը տարբեր հեղինակների կողմից մեկնաբանվում է որպես «Տեր Իմաստուն» կամ «Իմաստության տեր»։ Աքեմենյան Պարսկաստանի ժամանակաշրջանից գործածության մեջ է մտնում դիցանվան մեկ՝ միասնական անվանաձևը Ահուրամազդա Ahuramazda , որն էլ հիմնականում հանդիպում է այդ շրջանի սեպագիր արձանագրություններում։ Սրան համապատասխանում են տառադարձված Արշակունյաց պահլավերեն Օրմազդ Ohrmazd, Սասանյան Հորմիզդ Hormizd, որից էլ հայերեն տառադարձված Որմիզդ ձևերը։

Իրանական անուններով հայոց աստվածների համալիրը գալիս է պարթևական դարաշրջանից՝ Արամազդ, Միհր և Վահագն։ Արամազդի անմիջական իրանական նախատիպն էլ ավադված է պարթևական դարաշրջանից։ Միջագետքից հայտնի մ.թ.ա. 22-21 թթ. մի հունարեն վավերագրում երկու անգամ հիշատակվում է Ահուրամազդայի Արամաոզես տարբերակով, որտեղից թույլ է տալիս եզրակացնելու, որ հին՝ Ահուրա Մազդա տարբերակից անցումը Արամազդ(ես) ի տեղի է ունեցել նախ պարթևերենում, ապա և Արշակունյաց Հայաստանի թագավորության շրջանում փոխառնվել հայերեն։[4][5]

Հայկական Զրադաշտականության առանձնահատկությունը[խմբագրել]

Ժամանակակից ուսումնասիրողները այն կարծիքի են, որ չնայած Աքեմենյանների, Արշակունների և Սասանյանների գերիշխանությունը Հայաստանում երկար ժամանակ է տևել, սակայն իրանական մշակույթի կրոնական գործոնը երբեք հիմնավորապես չի տարածվել ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Ընդհակառակը, բազում օրինակներ գալիս են ապացուցելու, որ հայերը փոխառնությամբ սեփականցրել են դիցաբանական էակների և աստվածությունների անունները, կցել սեփականներին, յուրացրել որոշ «աստվածային» գործառույթներ և իրենց հիմքում պահպանել սեփական հեթանոսական պատկերացումներն ու դավանաբանական առանձնահատկությունները։

... Ըստ այսմ կրնանք նաև հետևություն անել, թե կարելի է, որ այն գերագույն աստվածույն նախկին բնիկ անունն՝ Արամազդ չէ եղեր, այլ ուրիշ անուն մ'ունցեր է նախապարթևական շրջանին մեջ, որ հետո կորսվեր է։

[6]

Զրադաշտականությունը և Քրիստոնեությունը[խմբագրել]

«Ավարայրի ճակատամարտ», 1482 թ., Ականց անապատ, գործ Կարապետ Բերկրեցու:

Մ.թ. 301 թվականին Արշակունյաց Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո հայ-պարսակական հարաբերությունները նոր որակի սրություն են ստանում։ Եթե նախկինում դրանք հիմնականում աշխարհաքաղաքական բնույթի էին, ապա Արշակունյաց թագավորության անկումից հետո երկու ժողովուրդների միջև բաժանարար սահման է անցկացնում նաև դավանաբանական տարբերությունը։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո քանդվել կամ որպես քրիստոնյա եկեղեցիներ էին վերագործարկվել հեթանոսական գրեթե բոլոր տաճարները։ Սասանյան Պարսկաստանի գերիշխանության օրոք Հազկերտ Բ արքան որոշեց այդ հանգամանքը պատճառ դարձնել հայերին ի զրադաշտականություն կրոնափոխ անելու համար։‌[փա՞ստ]
Մ.թ. 449 թվականի աշնանը հայ նախարարները և նրանց ուղեկցող մոգերը Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնից հասան Բագրևանդ գավառի Անգղ ավանը ու փորձեցին մեհյանի վերածել տեղի եկեղեցին։ Բորբոքված բնակչությունը չհանդուրժելով այդ քայլը՝ Ղևոնդ Երեցի գլխավորությամբ հալածեց մոգերին ու արտաքսեց նրանց։ Հարևան Զարեհավան գյուղաքաղաքում զայրացած բազմությունը կործանեց նորակառույց մեհյանն ու սպանեց մոգերին։
Վարդանանց պատերազմ անունը ստացած ապստամբության արդյունքում պարսիկները թուլացրեցին իրենց հակահայկական քաղաքականությունը և հրաժարվեցին հայ ժողովրդին՝ որպես ամբողջություն, վերստին նախկին հավատին բերելու իրենց ծրագրերից։

Զրադաշտականությունը Հայաստանում միջին դարերում և այսօր[խմբագրել]

Քրիստոնեության ընդունումից և հեթանոսական տաճարների ավիրումից հետո հայկական լեռնաշխարհի մի շարք հատվածներում դարեր շարունակ հայ հեթանոսական կրոնն ու Զրադաշտականությունը շարունակվում էին պահպանվել։ Հայ հեթանոսական խոշոր համայնքների մասին հիշատակումներ հայ մատենագիրներն արել են անգամ 9-րդ դարում։
Տարատեսակ կրոնական հոսանքների ազդեցության տակ, որոնք միջին դարերում շատ արագ հաջորդում էին մեկը մյուսին, իսկ տիրապետող քրիստոնեական գաղափարախոսությունը դառնում էր ավելի դոգմատիկ, հեթանոսական համայնքներն ավելի էին նոստրանում՝ արդյունքում ստանալով գրեթե ձևական բնույթ։ Հեթանոսական վերջին համայնքների համար մահացու եղավ հատկապես Իսլամը, որը նույնպես տարածվեց Հայաստանի հարավային գավառներում արդեն Արաբական Խալիֆայության հաստատման ժամանակահատվածում ու դրան հաջորդած դարերում, որոնց ընթացքում հայկական լեռնաշխարհում հաստատվում էին տարբեր քոչվոր ժողովուրդներ՝ դավանող հիմնականում մուսուլմանություն։
Արդեն 20-21-րդ դարերում հայ հեթանոսական գաղափարախոսությունը վերաիմաստավորվեց Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուխտերի և Ցեղակրոնության գաղափարախոսության շնորհիվ։ Ժամանակի ընթացքում առաջ եկան նոր հեթանոսական շարժումներ, ինչպիսիք են արորդիները, Հայ արիական միաբանությունը և այլն։ Զրադաշտներ, որպես այդպիսին, հայ հասարակությունում պահպանվել են հատուկ կենտ օրինակներով։ Նրանք էլ հիմնականում չեն անդամակցում վերոնշյալ որևէ միավորման կամ միաբանության։ Զրադաշտականությունը ներկայիս Հայաստանի Հանրապետությունում որևէ կարգավիճակ չունի, չեն գործում որևէ կազմակերպություններ այդ կամ նմանատիպ անվանումների տակ։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Արտակ Մովսիսյան - Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը. հոդվածների ժողովածու «Եթեր» շաբաթաթերթ Երևան 2005 թ.
  2. Աղբյուրը. Նույն
  3. Երեք բաժիններում տարբերություններ էական չկան. միայն տարբերվում են անձնանունները գրված երեք տարբեր լեզուներում։ Այստեղ բերված է պարսկերեն բաժնի թարգմանությունը գիտության մեջ տարածված անձնանուններով. հղումը Նույն
  4. Արմեն Պետրոսյան - Արամազդ. Արամազդի և հին աստվածների ընդհանրությունները. Երևան 2006 թ. էջ 80
  5. Մեյե, Ա. - Հայագիտական ուսումնասիրություններ. Երևան 1978 թ. էջ 117
  6. Գելցեր, Հ. - Հետազոտություն հայ դիցաբանութեան Վենետիկ 1897 էջ 22-24