Մոսկվայի հայկական գերեզմանոց
Մոսկվայի հայկական գերեզմանոց | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն և ճարտարապետական հուշարձան |
Տեղագրություն | Պրեսնենսկի շրջան |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնման տարի | 1805 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1] |
ritual.ru/poleznaya-informacia/kladbisha/armyanskoe_kladbishe/(ռուս.) |
Հայկական Վագանկովյան գերեզմանոց (ռուս.՝ Армянское Ваганьковское кладбище), գերեզմանատուն Մոսկվա քաղաքի Պրեսնենսկի շրջանում, Սերգեյ Մակեևի փողոցի 12 հասցեում, Վագանկովյան գերեզմանոցի դիմաց։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանոցը հիմնադրվել է 1805 թվականին, Մոսկվայի հայկական համայնքի տոհմավագ Մինաս Լազարևի միջնորդությամբ։ Վերջինիս նախաձեռնությամբ, 1808-1815 թվականների ընթացքում կառուցվել է նաև Սուրբ Հարություն եկեղեցին։ Եկեղեցին զուրկ է զանգակատնից, քանի որ մինչև 1860-ական թվականները, Մոսկվայի և Պետերբուրգի հայկական եկեղեցիներում եկեղեցական զանգերի ղողանջն արգելված էր[2]։ Տաճարի կրոնական պատկանելիության մասին է վկայում գլխավոր մուտքի վերնամասում գտնվող խաչքարը, իսկ ներսում` զոհասեղանը, որը, ինչպես ընդունված է հայկական տաճարներում, տեղադրված է բարձրության վրա։ Եկեղեցու շինության ողջ ներքնահարկում գտնվում է Լազարյանների դամբարանը` գերեզմաններով (ներկայումս որմնաշարված, զնդանված և փակված է)։
1850-ական թվականներին գերեզմանոցը շրջափակվել է ճարտարապետ Միխայիլ Բիկովսկու նախագծած պարսպով։ Գերեզմանոցն ունի շեղանկյան ձև և եզրապատված է աշտարակներ ունեցող աղյուսաշար պարսպով։ Այն ճարտարապետական հուշարձանների պահպանվող համակարգ է։
Գերեզմանատունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետության կողմից պահպանվում է ընդամենը 12 տապանաքար և ընտանեկան դամբարան։ Այդ հուշարձանների ամենավաղ կառույցներից է Ա. Լոռիս-Մելիքովի գերեզմանին` 1844 թվականին կառուցված կոթողը։ Գերեզմանների մեծամասնությունը պատկանում են 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին։ Նրանցից երեքը (Անանովների տոհմի հանգստարանները) ժամատներ են, որոնք կառուցված են հայկական միջնադարյան ճարտարապետական ոճով։ Առկա են գերեզմանաքար-խաչքարեր (օրինակ` Դ. Մելիք-Բեգլյարովի գերեզմանը, 1913 թ.):
Ամենահայտնի տապանաքարերից էր նավթարդյունահանող մեծահարուստ Նիկոլայ Տարասովի (Նիկողայոս Թորոսյան) գերեզմանաքարը, որը ռուս քանդակագործ Նիկոլայ Անդրեևի մոդեռն ոճի աշխատանքներից էր։ Այդ հուշարձանը ամբողջովին կորսված է, պահպանվել է միայն Տարասովի գլուխը, որը պահպանվում է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի թանգարանում։ 1991 թվականին գերեզմանի վրա տեղադրվել է քանդակի կրկնօրինակը (քանդակագործներ` Յուրի Օրեխով և Սուրեն Մալյան)[3]։
Գերեզմանատան մուտքի ձախ կողմում 1998 թվականին կանգնեցվել է «Լքված գերեզմանների» հուշարձանը, որի սպիտակ քարե հուշատախտակի վրա գրված է․ «Կառուցված է ի պատիվ նրանց, ովքեր այլևս կենդանի չեն և ում վերջին ապաստանի վայրերը հասանելի չեն հարազատների և ընկերների կողմից երկրպագության համար»։ Աշտարակի խորշի կենտրոնում կա հուշատախտակ՝ չորս աստիճաններով պոդիումի վրա և արծիվ, խաչեր և հնգաթև աստղեր պատկերող քարե սալերի ֆոնի վրա կա թիկնոցով մի աղջիկ, որը խնամքով պահում է իր դիմացի խաչքարը։ Ֆոնային սալաքարի վրա փորագրված է տեքստ․ «Շինարարությունն իրականացվել է պրոֆեսոր Գրիգորի Արկադևիչ Գաբրիելյանցի մտահղացմամբ և միջոցներով։ Քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան, 1998»[4]։ Հուշարձանի մոտ են գալիս հայ փախստականները, ովքեր ստիպված են եղել լքել հայրենի հողն ու հարազատների շիրիմները, այստեղ կարող են նաև ծաղիկներ դնել և հարգել օտար երկրում գտնվող իրենց ննջեցյալների հիշատակը[5]։
2017 թվականին գերեզմանոցների տարածքների բարեկարգման ծրագրի շրջանակներում բարեկարգվել է դեպի թաղման վայր տանող ճանապարհը[6]։
Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հարություն եկեղեցին պահպանվել է մինչև մեր օրերը։ Խորհրդային տարիներին շենքը հանձնվել է գրանիտի արտադրամասին, սակայն 1956 թվականին այն վերադարձվել է ՀԱԵ ծխականներին[5]։ Եկեղեցին վերաբացվել է 1956 թվականի մայիսի 5-ին։ Շենքի արտաքին մասում տեղ է հատկացվել հավատացյալների մոմավառության համար, այնտեղ տեղադրված են նաև սրբապատկերներ։ Մուտքը զարդարված է հրեշտակների և սրբերի փորագրություններով։ Եկեղեցու մոտ տեղադրվել է խաչքար[7]՝ նվիրված հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձություններին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների, Ադրբեջանում ջարդերի զոհերի, ստալինյան բռնաճնշումների զոհերի և 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Սգո օրերին խաչքարին ծաղկեպսակներ են դրվում[5]։
Եկեղեցու ճարտարապետությունը հիշեցնում է 19-րդ դարի առաջին քառորդի ճարտարապետության ուղղությունները։ Եկեղեցու դասական տաճարի դավանաբանական պատկանելությունը մատնանշվում է գլխավոր մուտքի վերևում գտնվող խաչքարով և սրբապատկերի բացակայությամբ։ Զոհասեղանը տեղադրված է բարձր հատվածում։ Եկեղեցու գերեզմանատանը թաղված Լազարեւների ընտանիքի անդամների մարմինները տեղափոխվել են եկեղեցու շենքի տակտակ գտնվող ընտանեկան դամբարանում, որտեղ 23 ներկայացուցիչների գերեզմանները ներկայումս որմնաշարված են։ Լազարևների ընտանիքը մեծ դեր է խաղացել 18-19-րդ դարերի հայ ազգային-ազատագրական շարժման պատմության և Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու գործում[8]։
Եկեղեցում չկա զանգակատուն. մինչև 19-րդ դարի կեսերը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիներում զանգերի ղողանջն արգելված է եղել[9]։
Վերջին տարիներին ընդունված է հանգուցյալի հուղարկավորությանը քահանա հրավիրելը։ Արարողությունը տեղի է ունենում Հայ Եկեղեցու կանոնների համաձայն՝ սկզբում տանը, ապա գերեզմանի մոտ։ Գերեզմանատանը, մարմինը թաղելուց առաջ քահանան օրհնում է գերեզմանը և խունկ ծխում։ Հուղարկավորությանը մասնակցում են հանգուցյալի հարազատները, որոնք կարող են սգալ ոչ միայն նոր հանգուցյալի, այլև այն հանգուցյալ հարազատների համար, ովքեր թաղված են այլ վայրերում[10]։
Հայտնի մարդիկ, ովքեր թաղված են գերեզմանոցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Ադամով (1874-1946) - երաժիշտ և մանկավարժ
- Ալեքսանդր Ալլեգրով (Սարգսյան 1915-1994) - կրկեսի արտիստ, Իրինա Ալլեգրովայի հայրը
- Լև Ատամանով (1905-1981) - ռեժիսոր
- Անդրեյ Բաբաև (1923-1964) - հայ կոմպոզիտոր
- Լևոն Բադալյան (1929-1994) - ակադեմիկոս
- Զարուհի Դոլուխանյան (1918-2007) - երգչուհի
- Ալեքսեյ Դուշկին (1903-1977) - ճարտարապետ
- Յուրի Կատին-Յարցև (1921-1994) - դերասան
- Վասիլի Քաթանյան (1924-1998) - կինովավերագրող
- Գևորգ Լիանոսյան (1835-1907) - մեծահարուստ գործարար
- Մարիա Լիսիցյան (1908-1995) - մարզիչ
- Պավել Լիսիցյան (1911-2004) - երգիչ
- Մարիա Մարիչ (1893-1961) - գրող
- Նիկոլայ Մայսուրյան (1896-1967) - բուսաբույծ, ակադեմիկոս
- Սամվել Մաթևոսյան (1912-2003) - երկրաբան, Սոցիալիստական աշխատանքի հերոս
- Կորյուն Նահապետյան (1926-1999) - նկարիչ
- Աշոտ Նալչան (1905-1971) - հաստոցաշինարար
- Տիգրան Պետրոսյան (1929-1984) - շախմատիստ
- Անդրեյ Պլատոնով (1899-1951) - գրող
- Լեոնիդ Ռամզին (1887-1948) - գիտնական
- Նադեժդա Ռումյանցևա (1930-2008) - դերասանուհի
- Վսևոլոդ Սեմենցով (1941-1986) - արևելագետ
- Բորիս Սիբոր (1880-1961) - ջութակահար
- Միքայել Թարիվերդիև (1931-1996) - կոմպոզիտոր
- Նիկոլայ Տարասով (1882-1910) - նավթարդյունահանող
- Բորիս Տուրժանսկի (1900-1948) - ԽՍՀՄ հերոս
- Տիգրան Խաչատուրով (1906-1989) - տնտեսագետ
- Միքայել Չայլախյան (1902-1991) - ֆիտոֆիզիոլոգ, ակադեմիկոս
- Բորիս Չայկովսկի (1925-1996) - կոմպոզիտոր
- Մարիետա Շահինյան (1888-1982) - գրող
- Սմբատ Շահազիզ (1841-1908) - բանաստեղծ
- Ալեքսանդրա Յաղուբյան (1829-1914) - Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի մայրը
- Նինա Տեր-Օսիպյան (1909-2002) - դերասանուհի
- Համո Բեկնազարյան (1892-1965) - կինոռեժիսոր
- Դավիդ Դելյանով (1763-1837) - ռուսական բանակի հայ զորավար
- Գրիգոր Ջանշյան (1851-1900) - հայ հրապարակախոս
- Վաչե Իսագուլյանց (1893-1973) - քիմիկոս
- Ստեփան Կինոսյան (1900-1965) - զորավար
- Մարտին Մերժանով (1900-1974) - հայազգի լրագրող
- Գրիգոր Մկրտչյան (1925-2003) - հոկեյիստ
- Ստեփանոս Նազարյան (1812-1879) - գրականագետ
- Ռուբեն Օրբելի (1880-1943) - հնագետ
- Ստեփան Սիտարյան (1930-2009) - տնտեսագետ
- Իվան Ուֆիմցև (1928-2010) - ռեժիսոր
- Իվան Շահումյան (1910-1992) - ԽՍՀՄ հերոս
- Մկրտիչ Էմին (1815-1890) - պատմաբան
- Ալեքսանդր Յակուլով (1927-2007) - հայազգի ջութակահար
- Ուլյան Փիրումով (1931-2015) - գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի հայազգի գիտնական
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կոպմոզիտոր Անդրեյ Բաբաևի գերեզմանը
-
Անդրեյ Պլատոնովի գերեզմանը, 2015 թվական
-
Շախմատիստ Տիգրան Պետրոսյանի գերեզմանը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лапа В. Ф. Некрополь Ваганьково. — М.; СПб.: Нестор-История, 2016. — 448 с. — 1000 экз. — ISBN 978-5-4469-0806-6.
- Снежкова И. А. Армянская церковь в Москве. — М.: ИЭА РАН, 2015. — 28 с. — 100 экз. — ISBN 978-5-4211-0140-6.
- Памятники архитектуры Москвы. Окрестности старой Москвы (северо-западная и северная часть территории). — М.: Искусство XXI век, 2004. — 296 с. — ISBN 5-98051-011-7.
- Зиновьев А. З. Исторический очерк Лазаревского института восточных языков. — М., 1864.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Протокол секции № 1 «Историко-культурная экспертиза объектов» ИКЭС при МКН № 1/37 от 19.02.2009
- ↑ Памятники архитектуры Москвы. Окрестности старой Москвы (северо-западная и северная часть территории). М., «Искусство XXI век», 2004, ISBN 5-98051-011-7, с. 68
- ↑ Памятники архитектуры Москвы. Окрестности старой Москвы (северо-западная и северная часть территории). М., «Искусство XXI век», 2004, ISBN 5-98051-011-7, с. 71
- ↑ Некрополь Ваганьково, 2016, էջ 42
- ↑ 5,0 5,1 5,2 Александр Ерканян (2015 թ․ հուլիսի 30). «История и сегодняшний день Армянского кладбища». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Новые дорожки уложат на 20 крупнейших кладбищах Москвы, включая Ваганьковское». ТАСС. 2017 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Армянская церковь в Москве, 2015, էջ 9
- ↑ Александр Ерканян (2015 թ․ հոկտեմբերի 21). «История армян Москвы». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Памятники архитектуры Москвы, 2004, էջ 68
- ↑ Армянская церковь в Москве, 2015, էջ 14
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոսկվայի հայկական գերեզմանոց կատեգորիայում։ |