Մոսկվայի հայկական գերեզմանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի հայկական գերեզմանոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն և ճարտարապետական հուշարձան
ՏեղագրությունՊրեսնենսկի շրջան
Երկիր Ռուսաստան
Հիմնման տարի1805
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
ritual.ru/poleznaya-informacia/kladbisha/armyanskoe_kladbishe/(ռուս.)

Հայկական Վագանկովյան գերեզմանոց (ռուս.՝ Армянское Ваганьковское кладбище), գերեզմանատուն Մոսկվա քաղաքի Պրեսնենսկի շրջանում, Սերգեյ Մակեևի փողոցի 12 հասցեում, Վագանկովյան գերեզմանոցի դիմաց։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանոցը հիմնադրվել է 1805 թվականին, Մոսկվայի հայկական համայնքի տոհմավագ Մինաս Լազարևի միջնորդությամբ։ Վերջինիս նախաձեռնությամբ, 1808-1815 թվականների ընթացքում կառուցվել է նաև Սուրբ Հարություն եկեղեցին։ Եկեղեցին զուրկ է զանգակատնից, քանի որ մինչև 1860-ական թվականները, Մոսկվայի և Պետերբուրգի հայկական եկեղեցիներում եկեղեցական զանգերի ղողանջն արգելված էր[2]։ Տաճարի կրոնական պատկանելիության մասին է վկայում գլխավոր մուտքի վերնամասում գտնվող խաչքարը, իսկ ներսում` զոհասեղանը, որը, ինչպես ընդունված է հայկական տաճարներում, տեղադրված է բարձրության վրա։ Եկեղեցու շինության ողջ ներքնահարկում գտնվում է Լազարյանների դամբարանը` գերեզմաններով (ներկայումս որմնաշարված, զնդանված և փակված է)։

1850-ական թվականներին գերեզմանոցը շրջափակվել է ճարտարապետ Միխայիլ Բիկովսկու նախագծած պարսպով։ Գերեզմանոցն ունի շեղանկյան ձև և եզրապատված է աշտարակներ ունեցող աղյուսաշար պարսպով։ Այն ճարտարապետական հուշարձանների պահպանվող համակարգ է։

Գերեզմանատունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության կողմից պահպանվում է ընդամենը 12 տապանաքար և ընտանեկան դամբարան։ Այդ հուշարձանների ամենավաղ կառույցներից է Ա. Լոռիս-Մելիքովի գերեզմանին` 1844 թվականին կառուցված կոթողը։ Գերեզմանների մեծամասնությունը պատկանում են 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին։ Նրանցից երեքը (Անանովների տոհմի հանգստարանները) ժամատներ են, որոնք կառուցված են հայկական միջնադարյան ճարտարապետական ոճով։ Առկա են գերեզմանաքար-խաչքարեր (օրինակ` Դ. Մելիք-Բեգլյարովի գերեզմանը, 1913 թ.):

Ամենահայտնի տապանաքարերից էր նավթարդյունահանող մեծահարուստ Նիկոլայ Տարասովի (Նիկողայոս Թորոսյան) գերեզմանաքարը, որը ռուս քանդակագործ Նիկոլայ Անդրեևի մոդեռն ոճի աշխատանքներից էր։ Այդ հուշարձանը ամբողջովին կորսված է, պահպանվել է միայն Տարասովի գլուխը, որը պահպանվում է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի թանգարանում։ 1991 թվականին գերեզմանի վրա տեղադրվել է քանդակի կրկնօրինակը (քանդակագործներ` Յուրի Օրեխով և Սուրեն Մալյան)[3]։

Գերեզմանատան մուտքի ձախ կողմում 1998 թվականին կանգնեցվել է «Լքված գերեզմանների» հուշարձանը, որի սպիտակ քարե հուշատախտակի վրա գրված է․ «Կառուցված է ի պատիվ նրանց, ովքեր այլևս կենդանի չեն և ում վերջին ապաստանի վայրերը հասանելի չեն հարազատների և ընկերների կողմից երկրպագության համար»։ Աշտարակի խորշի կենտրոնում կա հուշատախտակ՝ չորս աստիճաններով պոդիումի վրա և արծիվ, խաչեր և հնգաթև աստղեր պատկերող քարե սալերի ֆոնի վրա կա թիկնոցով մի աղջիկ, որը խնամքով պահում է իր դիմացի խաչքարը։ Ֆոնային սալաքարի վրա փորագրված է տեքստ․ «Շինարարությունն իրականացվել է պրոֆեսոր Գրիգորի Արկադևիչ Գաբրիելյանցի մտահղացմամբ և միջոցներով։ Քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան, 1998»[4]։ Հուշարձանի մոտ են գալիս հայ փախստականները, ովքեր ստիպված են եղել լքել հայրենի հողն ու հարազատների շիրիմները, այստեղ կարող են նաև ծաղիկներ դնել և հարգել օտար երկրում գտնվող իրենց ննջեցյալների հիշատակը[5]։

2017 թվականին գերեզմանոցների տարածքների բարեկարգման ծրագրի շրջանակներում բարեկարգվել է դեպի թաղման վայր տանող ճանապարհը[6]։

Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հարություն եկեղեցին պահպանվել է մինչև մեր օրերը։ Խորհրդային տարիներին շենքը հանձնվել է գրանիտի արտադրամասին, սակայն 1956 թվականին այն վերադարձվել է ՀԱԵ ծխականներին[5]։ Եկեղեցին վերաբացվել է 1956 թվականի մայիսի 5-ին։ Շենքի արտաքին մասում տեղ է հատկացվել հավատացյալների մոմավառության համար, այնտեղ տեղադրված են նաև սրբապատկերներ։ Մուտքը զարդարված է հրեշտակների և սրբերի փորագրություններով։ Եկեղեցու մոտ տեղադրվել է խաչքար[7]՝ նվիրված հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձություններին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների, Ադրբեջանում ջարդերի զոհերի, ստալինյան բռնաճնշումների զոհերի և 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Սգո օրերին խաչքարին ծաղկեպսակներ են դրվում[5]։

Եկեղեցու ճարտարապետությունը հիշեցնում է 19-րդ դարի առաջին քառորդի ճարտարապետության ուղղությունները։ Եկեղեցու դասական տաճարի դավանաբանական պատկանելությունը մատնանշվում է գլխավոր մուտքի վերևում գտնվող խաչքարով և սրբապատկերի բացակայությամբ։ Զոհասեղանը տեղադրված է բարձր հատվածում։ Եկեղեցու գերեզմանատանը թաղված Լազարեւների ընտանիքի անդամների մարմինները տեղափոխվել են եկեղեցու շենքի տակտակ գտնվող ընտանեկան դամբարանում, որտեղ 23 ներկայացուցիչների գերեզմանները   ներկայումս որմնաշարված են։ Լազարևների ընտանիքը մեծ դեր է խաղացել 18-19-րդ դարերի հայ ազգային-ազատագրական շարժման պատմության և Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու գործում[8]։

Եկեղեցում չկա զանգակատուն. մինչև 19-րդ դարի կեսերը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիներում զանգերի ղողանջն արգելված է եղել[9]։

Վերջին տարիներին ընդունված է հանգուցյալի հուղարկավորությանը քահանա հրավիրելը։ Արարողությունը տեղի է ունենում Հայ Եկեղեցու կանոնների համաձայն՝ սկզբում տանը, ապա գերեզմանի մոտ։ Գերեզմանատանը, մարմինը թաղելուց առաջ քահանան օրհնում է գերեզմանը և խունկ ծխում։ Հուղարկավորությանը մասնակցում են հանգուցյալի հարազատները, որոնք կարող են սգալ ոչ միայն նոր հանգուցյալի, այլև այն հանգուցյալ հարազատների համար, ովքեր թաղված են այլ վայրերում[10]։

Հայտնի մարդիկ, ովքեր թաղված են գերեզմանոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лапа В. Ф. Некрополь Ваганьково. — М.; СПб.: Нестор-История, 2016. — 448 с. — 1000 экз. — ISBN 978-5-4469-0806-6.
  • Снежкова И. А. Армянская церковь в Москве. — М.: ИЭА РАН, 2015. — 28 с. — 100 экз. — ISBN 978-5-4211-0140-6.
  • Памятники архитектуры Москвы. Окрестности старой Москвы (северо-западная и северная часть территории). — М.: Искусство XXI век, 2004. — 296 с. — ISBN 5-98051-011-7.
  • Зиновьев А. З. Исторический очерк Лазаревского института восточных языков. — М., 1864.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Протокол секции № 1 «Историко-культурная экспертиза объектов» ИКЭС при МКН № 1/37 от 19.02.2009
  2. Памятники архитектуры Москвы. Окрестности старой Москвы (северо-западная и северная часть территории). М., «Искусство XXI век», 2004, ISBN 5-98051-011-7, с. 68
  3. Памятники архитектуры Москвы. Окрестности старой Москвы (северо-западная и северная часть территории). М., «Искусство XXI век», 2004, ISBN 5-98051-011-7, с. 71
  4. Некрополь Ваганьково, 2016, էջ 42
  5. 5,0 5,1 5,2 Александр Ерканян (2015 թ․ հուլիսի 30). «История и сегодняшний день Армянского кладбища». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «Новые дорожки уложат на 20 крупнейших кладбищах Москвы, включая Ваганьковское». ТАСС. 2017 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. Армянская церковь в Москве, 2015, էջ 9
  8. Александр Ерканян (2015 թ․ հոկտեմբերի 21). «История армян Москвы». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. Памятники архитектуры Москвы, 2004, էջ 68
  10. Армянская церковь в Москве, 2015, էջ 14