Հայկական օպերա
Հայկական օպերայի ակունքները գալիս են 19-րդ դարի երկրորդ կեսից և 20-րդ դարի սկզբներից[1]։
Ակունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական, գուսանա-աշուղական ստեղծագործության որոշ նմուշներ ստացել են երաժշտա-թատերական ծավալուն ներկայացման բնույթ՝ սյուժետային զարգացմամբ, երգերով, զուգերգերով և մասսայական տեսարաններով։ Այդպիսին են նավասարդի տոների, դյուցազնական երգերի հետ կապված ծիսական երգ ու պարերը։ (Հայկ ու Բել, Արա Գեղեցիկ և Շամիրամ, Սասունցի Դավիթ և այլն)[2][3][4][5][6][7]։ Երգը, խոսքը, շարժումն ու պարը համադրելու վկայություն են երգային, պարային ու արտասանության ձևերի հնագույն անունները ժողովրդական ու գուսանական արվեստում, ինչպես օրինակ «Թվելյաց երգերը»[8][9]։
Երաժշտական-դրամատիկական ձևերի զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել աշուղական հեքիաթների ժանրը, որի մեջ համադրվում են պատմողական, երկխոսային, էպիկական ու լիրիկական դրվագներ, արտասանություն, երգ, երաժշտական ավարտուն հատվածներ։ Հաճախ ներկայացնում էին երբեմն ժամեր տևող ցիկլային զարգացման ստեղծագործություններ («Ասլի և Քյարամ», «Աշուղ Ղարիբ», «Սմբատ և Սոֆիա»)։
Ձմեռվա երկար գիշերները, նստած տաք օդաներում, պատմում են ու երգում այս ինքնօրինակ օպերաները[10] - \оирдьпбр
|
Հայկական օպերային արվեստի մայր հողը եղել է դրամատիկակական թատրոնը։ Իր բազմադարյան պատմության ընթացքումհայ թատրոնը զարգացել է բազմապիսի տեսակներով ու ձևերով։ Հին և միջնադարյան թատրոնի շատ ներկայացումներ տեղի էին ունենում նվագակցությամբ։ 19-րդ դարից սկսած հայ դրամատիկական թատրոնը թևակոխեց զարգացման մի նոր շրջան, երաժշտությունը հետզհետե ավելի մեծ նշանակություն ստացավ այնտեղ։ Գործողությունների ընթացքում, գործող անձանց բնութագրման, բեմական դրությունների և դրամատիկական գագաթնակետերի հուզականությունն ուժեղացնելու կապակցությամ, կատարում էի ժողովրդական տարբեր երգեր, աշուղական եղանակներ, ռուս և եվրոպական կոմպոզիտորների գործեր, հետագայում էլ հատկապես հորինված երաժշտությունը։
Հայկական թատերախմբերից մի քանիսն ունեին սեփական կոմպոզիտորներ։ Նրանց հորինած թատերական երաժշտությունըերբեմն մարմնավորված էր լինում այնպիսի մեծ ծավալներով և այնքան գեղարվեստապես ավարտված էր, որ հաճախ կատարում էին ինքնուրույն համերգներում[1]։
Ստեղծման նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի երկրորդ քառորդում ձևավորվում է հայկական կոմպոզիտորական դպրոցը։ Հայտնվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են Տիգրան Չուխաճյանը, Մակար Եկմալյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Նիկողայոս և Արմեն Տիգրանյանները, Ռոմանոս Մելիքյանն ու ուրիշները։
Ժամանակի առաջավոր գաղափարներն առավել ուժով և տաղանդով արտահայտել են իրենց ստեղծագործություններում Կոմիտասն ու Ալեքսանդր Սպենդիարյանը։
Հասարակական կյանքում մեծ նշանակություն են ձեռք բերում երաժշտությունը, գրականությունն ու թատրոնը։ Հասարակական իրադրությունն ու ազատագրական շարժման պայմաններընպաստում են, որ կոմպոզիտորները դիմեն երաժշտական թատրոնին, որպես հանդիսատեսի հետ շփվելու միջոցի։ 19-րդ դարի կեսին սկսեցին հանդես գալ առաջին սիրողական և պրոֆեսիոնալ երաժշտա-թատերական խմբերը։
Օպերայի ժանրին մշակույթի գործիչների ուշադրությունն է հրավիրել Միքայել Նալբանդյանը, ով օպերայի սիրահար լինելով, կարևորել է ազատագրական, սոցիալական անարդարության դեմ պայքարի հետ կապված օպերաների թարգմանությունը հայերեն։ 1864 թվականին Պետերբուրգում լույս տեսած «Տրուբադուր» օպերայի հայերեն կլավիրը նվիրված էր Նալբանդյանին։ Հայկական օպերաների ստեղծմանը շատ են նպաստել Հովհաննես Թումանյանը, նկարիչներ Վարդգես Սուրենյանցը և Մարտիրոս Սարյանը[1]։
19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդի սկզբին առաջ են գալիս առաջին հայկական օպերային լիբրետոները։ Ասպարեզ են գալիս մի շարք հայտնի երգիչներ՝ Նադեժդա Պապայանը, Ե․ Տերյան-Կորդանովան, Մագդալինա Գենջյանը, Ներսես Շահլամյանը, Բեգլար Ամիրջանյանը, Տիգրան Նալբանդյանը, Արմենակ Շահմուրադյանը, Արշակ Կոստանյանը, Շարա Տալյանը և ուրիշներ։
Օպերային թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայում, տնօրեն Անուշավան Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ, հիմնվեց օպերային ստուդիան, որի երգչախմբի (Ռոմանոս Մելիքյան, Ս. Մելիքյան), սիմֆոնիկ նվագախմբի (Ա.Ադամյան) և մեներգիչների կազմերով էլ 1932 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ազգային օպերային թատրոնը։ Թատրոնը բացվեց 1933 թվականին Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմականությունով։ Ազգային օպերային խաղացանկի ստեղծման գործում կարևոր նշանակություն ուներ նաև նոր ընդարձակված և վերամշակված խմբագրությամբ «Անուշ» օպերայի բեմադրությունը[11]։
1940 թվականին Ազգային օպերային թատրոնն ունեցավ հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով նորակառույց շենքը[12]։
Հայկական բեմադրված օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված են հայ կոմպոզիտորնրի գրած և երբևէ ներկայացված օպերաները ըստ ստեղծման տարեթվերի։
19-րդ դարի օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արշակ Բ (1868), Տիգրան Չուխաճյանի օպերան, լիբրետտո իտալերեն Թովմաս Թերզյանի և հայերեն Արմեն Գուլակյանի։ Հանդիսանում է հայկական ազգային դասական առաջին օպերան։ Նորացված տեսքով օպերան առաջին անգամ ներկայացվել է հանդիսատեսին 1945 թվականին։
20-րդ դարի օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին օպերաներ են գրել Վարդան Սարգսյանը («Անուշ»), Եղիշե Բաղդասարյանը («Անուշ», «Արտավազդ Բ»), Ստեփան Դեմուրյանը («Հարեմ») և ուրիշներ։
- Ալմաստ, Ալեքսանդր Սպենդիարյանի օպերան։ Լիբրետոն (ռուսերեն), ըստ Հովհաննես Թումանյանի Թմկաբերդի առումը» պոեմի, գրել է Սոֆյա Պարնոկը 1917-1918 թվականներին[13]։ Կլավիրն ավարտվել է 1923 թվականին, գործիքավորումը շարունակվել է մինչև 1928 թվականը (IV գործողությունը գործիքավորել է Մ. Շտեյնբերգը)։ Առաջին նագամ բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին[14][15]։
- Անուշ, հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, որ ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։ Երաժշտությունը և լիբրետոն Արմեն Տիգրանյանի (ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի)։ Գրվել է 1908-1912 թվականներին Ալեքսանդրապոլում[11]։ 1912 թվականին Ալեքսանդրապոլում սիրողական ուժերով դաշնամուրի նվագակցությամբ ներկայացվել են մեներգեր օպերայից։ Առաջին պրոֆեսիոնալ և լիարժեք կատարումը ներկայացվել է 1935 թվականին Երևանում։
- Քաջ Նազար, Հարո Ստեփանյանի օպերան բեմադրվել է 1935 թվականին։ Երգիծական օպերա ստեղծելու փորձ է։
- Սասունցի Դավիթ, Հարո Ստեփանյանի էպիկական օպերան է, բեմադրվել է 1936 թվականին։ Օպերայում միավորված են հին գուսանական և հոգևոր երաժշտության տարրերը։
- Թափառնիկոս, Արտեմի Այվազյանի կոմիկական օպերան բեմադրվել է 1937 թվականին
- Լուսաբացին, Հարո Ստեփանյանի օպերան, հայկական օպերաներից առաջինն է, որ անդրադարձել է ժամանակակից թեմային։ Անդրադարձել խորհրդային իշխանության համար պայքարին, բեմադրվել է 1938 թվականին։
- Մարջան, Կարո Զաքարյանի օպերան (1939, բեմականացում 1941)
- Սաֆա, Ա․ Մայիլյանի օպերան բեմադրվել է 1941 թվականին Բաքվում։
- Շուշան, Քրիստափոր Կարա-Մուրզա (անավարտ)
- Նունե, Հարո Ստեփանյանի, բեմականացում 1947
- Աղասի, Կարո Զաքարյանի օպերան ըստ Խաչատուր Աբովյանի, 1954
- Դավիթ Բեկ, Վ․ Արարատյան, բեմականացում 1950
- Դավիթ Բեկ, Տիգրանյանի օպերան բեմադրվել է 1956 թվականին
- Արծվաբերդ, Անդրեյ Բաբաևի օպերան բեմադրվել է 1957 թվական։
- Խաչատուր Աբովյան, Գևորգ Արմենյանի օպերան (1958, լիբրետտո՝ Գևորգ Արմենյանի և Ա․ Պողոսյանի, բեմադրվել է՝ 1960 Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում)
- Պարոն Մինթոևը Փարիզում կոմիկական օպերա։ (Արտեմի Այվազյան) Բեմադրվել է 1963 թվականին։
- Պաղդասար աղբար, Անդրեյ Բաբաևի օպերան ըստ Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի, 1964 թվական։
- Խորտակում Գևորգ Արմենյանի օպերան (լիբրետտո՝ Գևորգ Արմենյանի և Ռ․ Դավոյանի, բեմադրվել է՝ 1968, Օպերայի և բալետի թատրոն (Երևան)|Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում)
- Կրակե օղակը, Ավետ Տերտերյանի օպերան
- Երկրաշարժը, Ավետ Տերտերյանի օպերան
Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովան», «Շուշանիկը», Յուրի Ղազարյանի «Էռնստ Հեմինգուեյը», Գրիգոր Հախինյանի «Լեգենդի մարդը», Երվանդ Երկանյանի «Մոկաց Միրզան», Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը», Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահը», Վահրամ Բաբայանի «Համլետը» և «Բեթհովենի նամակները», Էդուարդ Սադոյանի «Մարիա Վոլկոնսկայայի օրագիրը», Արզաս Ոսկանյանի «Նարեկացու աղոթքը, Քուչակի սերը, Սևակի լույսը»
Մենակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր նվաճումներով է նշանավորվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Գոհար Գասպարյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Պավել Լիսիցյանի, Նար Հովհաննիսյանի, Միհրան Երկաթի ստեղծագործական ուղին։ Օպերային թատրոնում առաջատար տեղ են գրավել երգիչներ Ավագ Պետրոսյանը, Դավիթ Պողոսյանը, Արշավիր Կարապետյանը, Եվգենյա Խաչիկյանը, Գոհար Գալաչյանը, Անժելիկա Հարությունյանը, Էլվիրա Ուզունյանը, Ա․ Կարապետյանը, Գ․ Գրիգորյանը[11]։
Մանկական օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի, Թիֆլիսի և Բաքվի դպրոցներում ցուցադրվել են Ազատ Մանուկյանի «Չարի վերջը», Միքայել Միրզայանի «Ճպուռն ու մրջյունը», Ե Բաղդասարյանի «Անտառի մանուկ», Անտոն Մայիլյանի «Չարաճճի Միկիչը», «Գյուլնազ տատի հեքիաթը» և այլ մանկական օպերաներ[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Սովետական Հայաստանի երաժշտությունը (հոդվածների ժողովածու), «Հայաստան» հրատ․, Երևան, 1973
- ↑ Մ․ Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, Երևան, 1944
- ↑ Г.Гоян, 2000 лет армянского тетра, Москва, 1952
- ↑ С. Лисициян, Старинные пляски и тетральные представления армянского народа, Ереван, 1958, том 1
- ↑ К. Кушнарян, Вопросы истории и теории армянской монодической музыки, Ленинград, 1958
- ↑ Ю. Веселовский, Древнейший период истории армянского тетра, Ереван, 1941
- ↑ Սպ․ Մելիքյան, Ակնարկ հայ երաժշտության պատմության, Երևան, 1935
- ↑ А. Кочарян, Армянская народная музыка, Ленинград, 1939
- ↑ Р. Атаян, Армянская народная песня, Москва, 1966
- ↑ Սպիրիդոն Մելիքյան, Ակնարկ հայ երաժշտության պատմության, Երևան, 1935, էջ 10
- ↑ 11,0 11,1 11,2 Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ Երևանի քաղաքապետարանի կայք
- ↑ А. Барсамян, «Алмаст» А. Спендиарова, Мօсква, 1959
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն, ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երևան, 1967
- ↑ 100 опер, Издательство «Музыка»,1976
- ↑ «Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.