Jump to content

Կալպուրնիա (Կեսարի կին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալպուրնիա
լատին․՝ Calpurnia
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 1-ին դար
Ծննդավայրանհայտ
Մահացել էանհայտ
Մահվան վայրանհայտ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունգրող
ԱմուսինՀուլիոս Կեսար[1][2][2]
Ծնողներհայր՝ Լուցիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս[1][2][2], մայր՝ Rutilia?[2][2]
 Calpurnia Pisonis Վիքիպահեստում

Կալպուրնիա (լատին․՝ Calpurnia), Հուլիոս Կեսարի կին, որի հետ վերջինս ամուսնացած է եղել իր սպանության ժամանակ։ Ըստ ժամանակակից աղբյուրների՝ առաքինի և հավատարիմ կին է եղել, չնայած իր ամուսնու դավաճանություններին, և նախազգուշացված լինելով նրա կյանքին սպառնացող վտանգի մասին՝ ապարդյուն փորձել է կանխել այն[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտավորապես մ․թ․ա․ 76 թվականին և հանդիսացել Լուցիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինի դուստրը․ հայրը կոնսուլ է եղել մ․թ․ա․ 58 թվականին։ Եղբայրը նույնպես կոնսուլ է դարձել (մ․թ․ա․ 15 թվական)[4]։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարի հետ ամուսնացել է մ․թ․ա․ 59 թվականի վերջին, վերջինիս կոնսուլության շրջանում[5][6][7][3]։ Եղել է մոտավորապես տասնյոթ տարեկան և հավանաբար իր խորթ աղջկանից՝ Հուլիայից, տարիքով փոքր։ Հուլիան Կեսարի միակ դուստրն էր առաջին կնոջից և այդ ժամանակ ամուսնացած էր Գնեոս Պոմպեոսի հետ, որը Սուլլայի նախկին աջակիցներից էր ու մ․թ․ա․ 70 թվականին կոնսուլ էր եղել, իսկ վերջերս դարձել էր Կեսարի մտերիմ քաղաքական դաշնակիցներից մեկը[Ն 1][6]։

Նախքան այս ամուսնությունը Կեսարը երկու կամ երեք անգամ ամուսնացած էր եղել։ Մանկության տարիներին նշանված է եղել հարուստ հեծյալի դուստր Կոսուցիայի հետ[9][10], սակայն որոշակի անորոշություն կա կապված այն բանի հետ, թե արդյոք իրականում այդ ամուսնությունը տեղի է ունեցել[Ն 2]։ Ըստ պատմագիր Սվետոնիոսի՝ Կեսարն ստիպված է եղել հրաժարվել նշանադրությունից, երբ տասնվեց տարեկանում[Ն 3] առաջադրվել է որպես Յուպիտերի ավագ ֆլամին․ բարձրաստիճան քրմի պաշտոն, որը պահանջում էր ամուսնացած լինել կոնֆարեատո կոչվող արարողությամբ (միայն պատրիկների համար նախատեսված ավանդական հանդիսավոր ամուսնական արարողություն, որտեղ հարսն ու փեսան կիսում էին մաքրած ցորենից պատրաստված թխվածք, ու որտեղ ներկա էին լինում ֆլամիններ, ավագ քահանա ու տասը վկա)[10]։

Դրանից հետո Կեսարն ամուսնացել է պատրիկյան դասին պատկանող և այդ ժամանակ Հռոմում ամենաազդեցիկ մարդու՝ Լուցիուս Կոռնելիուս Ցիննայի դուստր Կոռնելիայի հետ։ Բոլոր առումներով նրանց ամուսնությունը երջանիկ է եղել, և ծնվել է Կեսարի միակ օրինական երեխան՝ Հուլիան։ Ցիննայի տապալումից ու մահից հետո բռնակալ Սուլլան պահանջել է Կեսարից ամուսնալուծվել իր թշնամու աղջկանից․ պահանջ, որը Կեսարը հրաժարվել է կատարել՝ վտանգի ենթարկելով անգամ իր կյանքը[10][11][12]։ Կոռնելիան մահացել է մ․թ․ա․ 69 կամ 68 թվականին, երբ նրա ամուսինը պատրաստվում էր մեկնել Հռոմեական Իսպանիա։

Իսպանիայից վերադառնալուց հետո Կեսարն ամուսնացել է Սուլլայի թոռնուհի Պոմպեայի հետ, սակայն նրանց ամուսնությունը սկանդալով է ավարտվել։ Մ․թ․ա․ 63 թվականին Կեսարն ընտրվել է ավագ քահանայի պաշտոնում (լատ.՝ Pontifex Maximus) և պաշտոնական բնակավայր ստացել Հռոմի Վիա Սակրա գլխավոր փողոցում։ Այդտեղ մ․թ․ա․ 62 թվականի ձմռանն անցկացվել են «Լավ աստվածուհու» (լատին․՝ Bona Dea) սրբազան ծեսերը, որտեղ տղամարդկանց մուտքն արգելված է եղել։ Սակայն Պուբիլոս Կլոդիոս Պուլչեր անունով մի փառամոլ երիտասարդ ազնվական ներս է մտել կանացի հագուստով ծպտված՝ հավանաբար Պոմպեային գայթակղելու նպատակով։ Նրա հայտնաբերումը ցնցել է հռոմեական ազնվականությանը և բամբասանքներ են տարածվել Պոմպեայի հավատարմության մասին[7]։ Կեսարն այլ ելք չի ունեցել, բացի ամուսնալուծվելը․ ոչ այն պատճառով, որ ինքն անձամբ հավատացել է այդ բամբասանքներին, այլ նրա համար, որ ավագ քահանայի կինը պետք է կասկածից վեր լիներ[Ն 4].[13][14][15]

Այնուհետև Կեսարն ամուսնացել է Կալպուրնիայի հետ, որն իր ժամանակակիցների նկարագրությամբ համեստ, հաճախ՝ ամաչկոտ կին էր[16]։ Բոլոր առումներով Կալպուրնիան հավատարիմ և առաքինի կին է եղել, որը հանդուրժել է Կեսարի բոլոր սիրավեպերը[3]։ Բամբասանքներ կային, որ վերջինս գայթակղել է մի շարք նշանավոր մարդկանց, այդ թվում՝ առաջին եռապետության իր երկու դաշնակիցների կանանց[17]։ Որոշ ժամանակ մտերիմ է եղել Սերվիլիայի հետ և այդ կապը բաց գաղտնիք էր Հռոմում[17]։ Բամբասանքներ կային, որ Կեսարն է Սերվիլիայի որդու՝ Բրուտոսի հայրը[18], թեև սա ժամանակագրական առումով անհնար էր[Ն 5][19], և որ Սերվիլիան փորձել է Կեսարի մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի իր դուստր Յունիա Տերցիան, որն, ըստ բամբասանքների, դարձյալ Կեսարի դուստրն էր[Ն 6][17]։ Կեսարը սիրավեպեր է ունեցել նաև Մավրետանիայի թագուհի Էվնոյայի, ինչպես նաև Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ․ վերջինս պնդել է, որ Կեսարն է իր որդու՝ Պտղոմեոս XV-ի հայրը, որը պատմության մեջ հայտնի է որպես Կեսարիոն[21][22]։ Կալպուրնիայի հետ ամուսնությունից Կեսարը զավակներ չի ունեցել։

Ըստ հռոմեացի պատմագիրների՝ Կեսարի սպանությունը կանխագուշակվել է մի քանի վատ նախանշաններով, ինչպես նաև էտրուսկացի գուշակ-քուրմ Սպուրինայի կողմից, որը նախազգուշացրել է Կեսարին մ․թ․ա․ 44 թվականի մարտի 15-ին կամ դրա մոտակայքում իրեն սպասվող մեծ վտանգի մասին[23][24][25]։ Կեսարի սպանության նախորդ գիշերը Կալպուրնիան երազում տեսել է, որ Կեսարին դանակահարել են, և որ նա մահացել է իր գրկում։ Առավոտյան նա աղաչել է ամուսնուն չգնալ սենատ, ինչպես ինքն էր պլանավորել, և տեղի տալով կնոջ մտահոգությանն ու աղաչանքներին՝ Կեսարը որոշել է չգնալ[23][24][25][26][27]։ Սակայն նրա մտերիմ ընկերներից մեկը՝ Դեցիմուս Յունիուս Բրուտոսը, որին Կեսարը վերջերս էր պրետոր նշանակել, և որը նրա դեմ գաղտնի դավադիրներից մեկն էր, եկել է Կեսարի տուն ու համոզել նրան ուշադրություն չդարձնել նախանշանների վրա ու գնալ սենատ[23][26][28][29]։

Ամուսնու սպանությունից հետո Կեսարի բոլոր անձնական փաստաթղթերը, այդ թվում և նրա կտակն ու գրառումները, ինչպես նաև նրա ամենաարժեքավոր ունեցվածքը Կալպուրնիան փոխանցել է կոնսուլ Մարկոս Անտոնիոսին, որը Կեսարի ամենավստահելի դաշնակիցն էր ու դավադրության մեջ ներգրավված չէր[30]։ Կեսարից հետո այլևս չի ամուսնացել։

Պատկերումներ մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիր Գարսոնը Կալպուրնիայի դերում
  • Ուիլյամ Շեքսպիրի Հուլիոս Կեսար» ողբերգությունում Կալպուրնիան երազ է տեսնում, որ Կեսարի արձանն արյունահոսում է և շատ հռոմեացիներ իրենց ձեռքերն են լվանում այդ արյամբ։ Նա նաև տեսնում է իր երազում, որ Կեսարը մահանում է իր գրկում։
  • Կալպուրնիային մարմնավորել են տարբեր դերասանուհիներ, այդ թվում՝ Գրիր Գարսոնը Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» պիեսի 1953 թվականի էկրանավորման մեջ և Գվեն Վատֆորդը «Կլեոպատրա» ֆիլմում։
  • Ստիվեն Սայլորի հեղինակած «Մարգարեությունների մշուշ» (2002) սերիալում Կալպուրնիան ներկայանում է որպես ծանրակշիռ խելքով ու աշխատունակությամբ օժտված կին, որն անսահման նվիրված է իր ամուսնուն և ապագան կանխագուշակելու անկոտրում ձգտում ունի։
  • Հեյդն Գուինի հեղիանակած և HBO ամերիկյան կաբելային հեռուստացանցով թողարկված «Հռոմ» պատմական սերիալում Կալպուրնիան ներկայացվել է որպես հպարտ ու ավանդական կին, որը կանխատեսել է Կեսարի մահը։
  • Վայնի և Շուստերի «Մաքրիր արյունն իմ պատմուճանից» կատակերգական հեռուստասերալում Կալպուրնիային մարմնավորել է Սիլվիա Լենիքը, որը հիստերիկ ու Բրոնքսի առոգանությամբ խոսող իտալա-ամերիկացի տնային տնտեսուհու կերպարում բազմիցս աղաղակել է․ «Ես ասացի նրան՝ Հուլիոս, մի գնա»[31]։
  1. Կեսարի, Պոմպեոսի և Մարկոս Կրասսոսի կողմից Առաջին եռապետության ձևավորումը սովորաբար թվագրվում է մ․թ․ա․ 60 թվականով, իսկ մ․թ․ա․59 թվականին Հուլիայի ամուսնությունը Պոմպեոսի հետ դիտարկվում է որպես դաշինքն ամրապնդող քայլ[6]։ Մ․թ․ա․ 54 թվականին Հուլիայի մահը, որին հաջորդ տարի հաջորդել է նաև Կրասոսի մահը, դարձել են այն երկու նախադրյալները, որոնք մեծ լարվածություն են առաջացրել Կեսարի և Պոմպեոսի հարաբերություններում՝ ի վերջո հանգեցնելով 49 թվականի քաղաքացիական պատերազմին[8]։
  2. Պլուտարքոսը Պոմպեայի մասին խոսել է որպես Կեսարի երրորդ կնոջ, նկատի ունենալով, որ Կոռնելիան երկրորդն էր, իսկ Կոսուցիան՝ առաջինը։
  3. Սվետանիոսի գրվածքում անորոշություն կա նրա առաջադրվելու ժամկետի հետ կապված, սակայն նշված է, որ Կեսարն իր տասնվեցերորդ տարում էր (այսինքն՝ տասնհինգ տարեկան էր), երբ մահացել է իր հայրն ու հաջորդ տարի նա հրաժարվել է Կոսուցիայի հետ նշանադրությունից, երբ առաջադրվել է որպես ֆլամին։
  4. Այստեղից ծագել է «Կեսարի կինը պետք է կասկածից վեր լինի» անգլիական ասացվածքը։
  5. Բրուտոսը ծնվել է մ․թ․ա․ 85 թվականին, երբ Կեսարն ընդամենը տասնհինգ տարեկան էր։
  6. Հիմնվելով այս և նման բամբասանքների վրա՝ Պոմպեոսը Կեսարին անվանել է «Էգիսթուս»։ Հունական դիցաբանության մեջ Էգիսթուսը բեղմնավորվել է արյունապիղծ միության ընթացքում, երբ իր հայր Թիեսթեսը բռնաբարել է իր սեփական աղջկան՝ Պելոպիային, ելնելով այն մարգարեությունից, որ այդ կերպ ծնված որդին Թիեսթեսի համար վրեժխնդիր է լինելու վերջինիս եղբայր Ատրեոսից, որը խլել էր Միկենեի գահը։ Մանուկ հասակում լքվելով՝ Էգիսթուսը դաստիարակվել է իր հորեղբոր կողմից, որին ևս նա հետագայում սպանելու է։ Ատրեոսի որդի Ագամեմնոնի կողմից Միքենեից արտաքսվելով՝ Էգիստուսը վերջինիս կնոջը՝ Կլիթեմնեստրային, Տրոյական պատերազմի ընթացքում դարձնում է իր սիրուհին և նրա օգնությամբ վերադառնալուն պես սպանում Ագամեմնոնին։ Ագամեմնոնի որդի Օրեսթեսը լուծում է հոր վրեժը՝ սպանելով և՛ Էգիսթուսին, և՛ իր սեփական մորը[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.strachan.dk/family/calpurnius.htm
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Digital Prosopography of the Roman Republic
  3. 3,0 3,1 3,2 Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. I, p. 582 ("Calpurnia", No. 2).
  4. Caesar's Gallic War, Book 1, Julius Caesar, Hinds & Noble, 1898, pg. 83.
  5. Suetonius, "The Life of Caesar", 19, 21.
  6. 6,0 6,1 6,2 Plutarch, "The Life of Caesar", 13, 14; "The Life of Pompeius", 47.
  7. 7,0 7,1 Appian, "Bellum Civile", ii. 14.
  8. Plutarch, "The Life of Caesar", 23, 28.
  9. Plutarch, "The Life of Caesar", 5.
  10. 10,0 10,1 10,2 Suetonius, "The Life of Caesar", 1.
  11. Plutarch, "The Life of Caesar", 1, 5.
  12. Velleius Paterculus, Roman History, ii. 41.
  13. Plutarch, "The Life of Caesar", 9, 10.
  14. Suetonius, "The Life of Caesar", 6.
  15. Cassius Dio, Roman History, xxxvii. 45.
  16. Carcopino, Cicero: The Secrets of his Correspondence, Vol. 1, pg. 352.
  17. 17,0 17,1 17,2 Suetonius, "The Life of Caesar", 50.
  18. Plutarch, "The Life of Brutus", 5.
  19. Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. III, pp. 792, 793 ("Servilia", No. 2).
  20. Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. I, p. 26 ("Aegisthus")
  21. Suetonius, "The Life of Caesar", 52.
  22. Plutarch, "The Life of Caesar", 49.
  23. 23,0 23,1 23,2 Suetonius, "The Life of Caesar", 81.
  24. 24,0 24,1 Plutarch, "The Life of Caesar", 63.
  25. 25,0 25,1 Cassius Dio, Roman History, xliv. 17.
  26. 26,0 26,1 Appian, Bellum Civile, ii. 115.
  27. Velleius Paterculus, Roman History, ii. 57.
  28. Plutarch, "The Life of Caesar", 64.
  29. Cassius Dio, Roman History, xliv. 18.
  30. Plutarch, "The Life of Antonius", 15.
  31. "Sylvia Lennick, Wayne & Shuster sidekick, dies at 93" Արխիվացված 2009-08-13 Wayback Machine. The Globe and Mail, August 10, 2009.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալպուրնիա (Կեսարի կին)» հոդվածին։