Կլեոպատրա (ֆիլմ, 1963)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլեոպատրա (այլ կիրառումներ)
«Կլեոպատրա», ռեժիսոր Ջոզեֆ Մանկևիչի նկարահանած դրաման, պեպլումը, Էլիզաբեթ Թեյլոր և Ռիչարդ Բարթոն դերասանական զույգի ամենահայտնի գործերից[Ն 1]։
Ֆիլմը ներկայացնում է մ.թ.ա. 48-30 թվականների իրադարձությունները՝ պատմելով Կլեոպատրայի կյանքի ու մահվան պատմությունը, նրա հարաբերությունները Հուլիոս Կեսարի և Մարկոս Անտոնիոսի հետ։ Ֆիլմի նկարահանումներն անցել են Իտալիայում, Իսպանիայում և Անգլիայում։ «Կլեոպատրա»-ն համարվում է կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆիլմերից մեկը[6]։ Ֆիլմի արտադրությունը տևեց ավելի քան չորս տարի, իսկ նկարահանումներին ծախսվեց ավելի քան 44 միլիոն դոլար (2006 թվականի գներով՝ 290 միլիոն)։ Էլիզաբեթ Թեյլորը որպես հոնորար պահանջեց ավելի քան 1 միլիոն դոլար և ըստ որոշ գնահատականների՝ ընդհանուր առմամբ նկարահանումներին մասնակցելիս ստացավ մինչև 7 միլիոն դոլար[7]։ Ֆիլմը համարվում է կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենահայտնի ֆինանսական ձախողումներից մեկը։ 1963 թվականին վարձույթում հավաքեց մոտավորապես 63 միլիոն դոլար, բայց փոխհատուցման ցուցանիշներն ի հայտ եկան միայն 1967 թվականին, երբ վաճառվեցին հեռուստատեսային ցուցադրության իրավունքները։ Ձգձգված արտադրությունը, մի քանի ռեժիսորների փոփոխությունը, պրոդյուսերի հեռացումը, բյուջեի գերածախսը 20th Century Fox ընկերությանը կանգնեցրին սնանկության եզրին և ավարտվեցին ընկերության նախագահ Սփիրոս Սքոուրասի պաշտոնանկությամբ։ Մամուլի ակնդետ ուշադրությունը գրավեց նկարահանման հրապարակում Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի սկանդալային սիրավեպը։
Ֆիլմը ստացավ մասնագետների հակասական գնահատականներ։ Հիմնական թերությունը դարձավ ֆիլմի երկու մասերի ոճական և ժանրային անմիօրինակությունը։ Առաջին մասը նկարահանված է պատմական ֆիլմի ավանդույթներով, իսկ երկրորդը՝ որպես մելոդրամա։ Բարձր գնահատականի արժանացավ ֆիլմի տեսողական բաղադրիչը, Գայոս Հուլիոս Կեսարի կերպարը մարմնավորած Ռեքս Հարիսոնի և երկրորդ պլանի դերակատարների դերասանական խաղը։ Չնայած հաղթած չորս Օսկար մրցանակին՝ ֆիլմը նախանշեց պեպլումների դարաշրջանի և կինեմատոգրաֆիայի ողջ ստուդիական համակարգի արևամուտը։
Դիպաշար (սյուժե)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի իրադարձությունները սկսվում են մոտավորապես մ.թ.ա. 48 թվականին Ֆարսալոսի ճակատամարտում Գնեոս Պոմպեոսի պարտությամբ[8]։ Պոմպեոսը փախչում է Եգիպտոս դաշնակցի որոնումներով ի դեմս՝ երիտասարդ փարավոն Պտղոմեոս XIII-ի և նրա քույր Կլեոպատրայի։ Հետապնդելով Պոմպեոսին՝ զինվորական ջոկատով Ալեքսանդրիա է գալիս Գայոս Հուլիոս Կեսարը։ Եգիպտոսում հռոմեական տիրակալին մատուցում են Պոմպեոսի գլուխը, և հետագայում նա ներքաշվում է դինաստիական հակամարտության մեջ։ Պտղոմեոսը հայտարարում է, որ Կլեոպատրան աքսորված է և սպանված, բայց պարզվում է, որ նա ողջ է։ Խորամանկությամբ եգիպտական տիրուհին թափանցում է հռոմեացու հանգստարանները։ Գայոս Հուլիոս Կեսարը գերված է Կլեոպատրայի գեղեցկությամբ ու խելքով և ընդունում է նրա կողմը։ Ունենալով սահմանափակ ռազմաջոկատ՝ Կեսարն այնուամենայնիվ պահեց Ալեքսանդրիան՝ ջախջախելով ապստամբներին, բայց ռազմական գործողությունների արդյունքում հրդեհից վերանում է հայտնի գրադարանը։ Կլեոպատրան Կեսարի օգնությամբ վերականգնում է իր ազդեցությունը և դե-ֆակտո դառնում է պետության կառավարողը և Կեսարի սիրուհին։ Հռոմեացին երկար է մնում Եգիպտոսում։ Որդին, որին ծնում է Կլեոպատրան Կեսարից, հոր կողմից հռչակվում է որպես ժառանգորդ և պետք է Եգիպտոսում լիներ Հռոմի դրածո կառավարողը։ Կեսարը վերադառնում է Հռոմ և մի քանի տարուց իր մոտ է կանչում Կլեոպատրային։ Եգիպտոսի թագուհին կայսրության մայրաքաղաքում իր այցը կազմակերպում է անասելի շքեղությամբ։ Կլեոպատրան որդու հետ ապրում է Կեսարի վիլլայում։ Հռոմի քաղաքական գործիչներին դուր չէր գալիս, որ Կեսարն այդպիսի պատվի էր արժանացնում իր նահանգային սիրուհուն։ Քաղաքական բարդ պայքարն ավարտվում է Կեսարի դեմ մահափորձով և նրա մահով։ Կլեոպատրան ստիպված է արագորեն և գաղտնի թողնել Հռոմը։
Ֆիլմի երկրորդ մասը սկսվում է անմիջապես Փիլիպոպոլիսի ճակատամարտի ավարտից հետո, որտեղ Անտոնիոսն ու Օգոստոս Օկտավիանոսը հաշվեհարդար տեսան Կեսարի սպանողների հետ։ Կայսրության նահանգների կառավարումը դիկտատորի մահից հետո բաժանվում է մի քանի բարձրաստիճան հռոմեացիների միջև, և Եգիպտոսի կառավարումը անցնում է Մարկոս Անտոնիոսին: Իր քաղաքական և ռազմական նկրտումներն իրականացնելու համար Անտոնիոսին անհրաժեշտ են փող և միջոցներ, և միակ վայրը, որտեղ դրանք կարող է ստանալ, Եգիպտոսն է։ Անտոնիոսն ու Կլեոպատրան հանդիպում են ու կնքում են սիրային ու քաղաքական դաշինք։ Իրավիճակը ոչ մի կերպ Օկտավիանոսի ծրագրերի մեջ չէր մտնում, և Անտոնիոսի Հռոմ վերադառնալուց հետո հաշվարկով ամուսնություն է կնքվում իր քրոջ և Անտոնիոսի միջև։ Իմանալով սիրեկանի դավաճանության մասին՝ Կլեոպատրան հրաժարվում է կայսրությանը հարկ վճարել։ Փոխզիջումներ որոնելու նպատակով Անտոնիոսը վերադառնում է եգիպտուհու մոտ, և նրանք հանդիպում են Տարսոնի խարսխակայանում՝ շքեղ արքայական նավի վրա։ Նրանց սիրային հարաբերությունները նոր ուժով են բռնկվում, և հռոմեացին ենթարկվում է Կլեոպատրայի կամքին։ Սենատում այս լուրը տարակուսանքների առիթ է հանդիսանում, որոնք Օկտավիանոսն այն աստիճան է թեժացնում, որ Հռոմը պատրաստ է անցնել ռազմական գործողությունների։ Հասունացած քաղաքացիական որոշիչ պարզեցումը տեղի է ունենում Ակտիումի ծովամարտում։ Ցամաքային կռիվներում ավելի վարժ Անտոնիոսը պարտվում է։ Որոշիչ պահին Կլեոպատրան, որին հայտնել էին Անտոնիոսի մահվան մասին, լքում է ծովամարտի ջրային տարածքը։ Անտոնիոսին, որի նավը ծուղակի մեջ էին վերցրել, հաջողվում է փրկվել, և փախչում է Եգիպտոս։ Նա չի կարողանում ներել Կլեոպատրայի դավաճանությունը, և նրանց միջև տարաձայնություններ են ծագում։ Այդ ժամանակ Օկտավիանոսի բանակը, չհանդիպելով դիմադրության, գալիս է դեպի Եգիպտոս և արագորեն հասնում մայրաքաղաքին։ Անտոնիոսն անհաջող փորձ է կատարում դիմակայել Օկտավիանոսին, բայց նրա սակավաթիվ ջոկատն առանց մարտի հանձնվում է հակառակորդին՝ ի գթասրտություն։ Անտոնիոսի համախոհ Ռուֆիոնն ինքնասպան է լինում[9]։ Անտոնիոսը վերադառնում է Ալեքսանդրիա, բայց Կլեոպատրային չի գտնում ապարանքում։ Որոշելով, որ սիրելին նույնպես լքել է իրեն, ինքն իրեն սրախողխող է անում։ Մահացու վիրավոր Անտոնիոսին բերում են տաճար, որտեղ թաքնվել էր Կլեոպատրան, և մահանում է վերջինիս ձեռքերի վրա։ Հռոմեական զորքերը գրավում են քաղաքը։ Օկտավիանոսը փորձում է գործարք կնքել Կլեոպատրայի հետ և կենդանի հասցնել Հռոմ, բայց Կլեոպատրան նրա մատին նկատում է իր որդու մատանին։ Կլեոպատրան հասկանում է, որ Կեսարիոնն այլևս ողջ չէ։ Թագուհին, որը չի ցանկանում որպես գլխավոր մրցանակ հասնել հաղթող Օկտավիանոսին, նույնպես մահանում է՝ ձեռքը դնելով թունավոր օձով զամբյուղի մեջ[10]։
Ստեղծագործական խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սա վաթսունական թվականների պատմություն էր՝ ստուդիական համակարգի նախկին շքեղության մնացորդները. մի կողմից պատվախնդրության համար, մյուս կողմից, որ Հոլիվուդը յուրօրինակ կառավարվող քաոս էր։ Հեռուստատեսության հետ պատերազմը տանուլ տվեցին։ Մեծ ստուդիաները դեռ պահպանվում էին, բայց արդեն խաղից դուրս էին։ Աստղերը, որոնք միայն իրենց անունով ունակ էին դահլիճներ լցնել, հեռացան անցյալ։ Նոր կինոն Հին էր բոլոր առումներով։ Այնուամենայնիվ ինչո՞ւ ռիսկի չդիմել ու չնկարահանել Մեծ Ֆիլմ։ Այնպիսի աղմուկ բարձրացնե՞լ, որ հանդիսատեսն ուղղակի հետաքրքրասիրությունից գա դիտելու։ Ինչո՞ւ չնկարահանել, օրինակ, Կլեոպատրան»։
This is a sixties form, partly out of post-Studio exuberance, partly out of ambition, and partly because Hollywood was in a kind of controlled chaos. The war on television has been lost. The energizing moguls who kept their hosts of cameras turning are almost entirely defunct. The audience-baiting stars are dispersed. And New Cinema continually beats out Old. So why not pour fortunes into gigantic versions of Old Cinema, Big Film? Why not raise up such a noise with the size of the thing that the crowds will come simply out of curiosity? Why not make, for instance, Cleopatra?
1950-ական թվականների վերջին, երբ հեռուստատեսությունը սկսեց լուրջ մրցակցություն ցուցաբերել կինոթատրոններին, կինոստուդիաները ստիպված էին նոր հնարավորություններ փնտրել հանդիսատեսներին դեպի կինոդահլիճներ հրավիրելու համար։ Նման բարդ իրավիճակում մեծ բյուջե ունեցող ֆիլմերի նկարահանումը ավելի քան երբևէ ռիսկային էր, բայց խոշոր ընկերությունները ստիպված ծախսում էին։ Հանդիսատեսին դեռ կարող էին գրավել շքեղ բեմադրություններն ու կինոաստղերը. այն, ինչ հեռուստատեսությունը դեռ իրեն թույլ տար չէր կարող[11]։ Կինեմատոգրաֆիայի տեխնիկական հնարավորությունները դեռ ամբողջովին սպառված չէին։ 1950-ական թվականների սկզբից հաջողությամբ զարգանում էր լայնէկրան և լայնաֆորմատ կինոյի տեխնոլոգիաները, որոնք լավագույնս համապատասխանում էին նման բեմադրություններին[12]։ 1955 թվականին Todd-АО (en) տեխնոլոգիայով նկարահանվեց առաջին լայնաֆորմատ ֆիլմը։ Առաջավոր մտահղացումը տարածում գտավ վարձույթի ոլորտում մեկ այլ նորարարության՝ roadshow (en) հետ միաժամանակ։ Տարածորդները փորձեցին այսպիսի տարբերակ, երբ ի սկզբանե ժապավենը հանձնում էին ընտրյալ, թվաքանակով փոքր, այն ժամանակվա համար թանկարժեք՝ 65-70մմ ժապավենի համար նախատեսված վարձութային սարքավորումներով կինոթատրոնների ցանց։ Roadshow-ի տոմսերն անհամեմատ թանկ արժեին, քան սովորական կինոթատրոնների տոմսերը և վաճառվում էին տեղերի նախապես ամրագրման համակարգով[13]։
1950-ական թվականների վերջին, 1960-ական թվականների սկզբին ծանր ժամանակաշրջան էր 20th Century Fox կինոստուդիայի համար։ 1960 թվականին նրա ֆինանսական կորուստները կազմեցին 2,9 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 1961 թվականին՝ 22,5 միլիոն ԱՄՆ դոլար։ 1960 թվականի նախագիծ «Կանկան» (en) ֆիլմը՝ նկարահանված Todd-AO տեխնոլոգիայով, վարձույթում ձախողվեց, և ստուդիան նոր անուններ էր փնտրում[13]։
Սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կլեոպատրա»-ի ստեղծման պատմությունը սկիզբ է առնում 1958 թվականի սեպտեմբերից։ Համարյա քառասուն տարի աշխատելով ԱՄՆ խոշորագույն կինոստուդիաներում՝ Ուոլթեր Վանգերն ամփոփում էր կինոարտադրությունում լիովին հաջողված կարիերան։ Նա պրոդյուսերն էր Ջոն Ֆորդի և Ֆրից Լանգի ֆիլմերի, հայտնի էր ժամանակին Ռուդոլֆո Վալենտինոյին բացահայտելու համար։ Լինելով անկախ պրոդյուսեր՝ մասնակցել էր «Ես ապրել եմ ուզում» ֆիլմի նկարահանումներին, որը ստացել էր քննադատության բարձր գնահատականը։ 1958 թվականին Վանգերը տեղափոխվեց 20th Century Fox կինոստուդիա։ Սեպտեմբերի 30-ին՝ իր առաջին աշխատանքային օրը նոր պաշտոնում, նյույորքյան իր գրասենյակում Վանգերը հանդիպեց Fox-ի նախագահ Սփիրոս Սքոուրասի և փոխնախագահ Ջոզեֆ Մոսկովիցի հետ։ Քննարկվում էին նկարահանվելիք ֆիլմերի պլանները, և Վանգերն առաջարկեց երկար ժամանակ ունեցած գաղափարը՝ «Կլեոպատրա»-ի էկրանավորումը[14]։
Սքոուրասն այն ժամանակ աստվածաշնչյան թեմաներով ֆիլմերի առաջնայնության օգտին էր։ «Պատմուճան» ֆիլմի հաջողությունն ու MGM-ի նախապատրաստվող թանկարժեք Բեն-Հուր նախագիծը բոլոր հիմքերը տալիս էին։ Այնուամենայնիվ, առաջարկը դուր եկավ։ Ընկերության ղեկավարը հիշեց Թեդա Բարայի դերակատարությամբ 1917 թվականի ֆիլմի մասին։ Վանգերը հոռետեսորեն մոտեցավ ֆիլմի վերարտադրման գաղափարին։ Ի պատասխան՝ Սքոուրասը քարտուղարուհուն ուղարկեց պահոց քառասուն տարի առաջ նկարահանված ֆիլմի նյութերի հետևից՝ հպանցիկ նշելով, որ սցենարն արդեն համարյա պատրաստ է և անհրաժեշտ է ուղղակի մի փոքր լրացումներ կատարել։ Մոսկովիցը հեգնորեն նետեց. «Մեզ անհրաժեշտ չէ Լիզ Թեյլորը։ Ցանկացած էպիզոդային դերասանուհի շաբաթական հարյուր դոլարով կկերտի այս դերը»[14]։ Վանգերը չառարկեց ղեկավարին (չնայած խոսքը համր ֆիլմի սցենարի մասին էր, որտեղ ըստ ամենայնի բացակայում էին երկխոսությունները)։ Նա միայն ձեռնամուխ եղավ աշխատանքին, և արդեն նրան էին ներկայացնում արտադրության մի մեծ նախագիծ[14]։ Վանգերն պատկերացնում էր, որ Fox-ի աշխատանքային պայմաններում կբախվի հնացած ստուդիական համակարգի հետ, երբ ֆիլմը պետք է նկարահանվեր մեկ կինոընկերության ջանքերով։ Ստեղծագործական նախաձեռնության հետ խնդիրներ կլինեն, և ցանկացած գործողություն պետք է հաստատվեր[15]։
Նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերված։ Վանգերի առաջին գործը 15 հազար դոլարով Կարլո Մարիա Ֆրանզերոյի «Կլեոպատրայի կյանքն ու ժամանակը» գրքի հեղինակային իրավունքների գնում էր[7]։ 1958 թվականի հոկտեմբերի 20-ին Վանգերն ուներ աշխատանքի նախագծի առաջին ուրվագծերը։ Ստուդիայի արտադրության բաժնի ղեկավար Բադի Ադլերն (en) առաջարկեց նրան կողմնորոշվել «բյուջետային» պեպլումի վրա 2 միլիոն դոլարի սահմաներում՝ դիտարկելով գլխավոր դերի համար Ջոան Վուդվարդին, Ջոան Քոլինզին կամ Սյուզի Փարքերին (en) հրավիրելու հնարավորությունը[15]։ Այս դերասանուհիներն հաստիքային աշխատողներ էին Fox ստուդիայում և նրանց ներգրավումը նախագծում շատ չէր ազդի նախագծի արժեքի վրա[16]։ Վանգերն ապացուցում էր, որ բյուջեն 2 միլիոն դոլարից զգալի ավելի կլինի, հակառակ դեպքում ցանկալի արդյունք չի լինի։ Ադլերը սկսեց շուկայաբանել՝ պնդելով, որ հեշտությամբ կգտնի մասնագետի, ով կնկարահանի ֆիլմը 800 հազար դոլարով, բայց որոշ ժամանակ անց համաձայնեց։ Վանգերի հետ «Կլեոպատրա» ֆիլմի պորդյուսերի պայմանագիրը կնքվեց 1958 թվականի հոկտեմբերի վերջին[14]։ Նախատեսվում էր, որ ֆիլմի բյուջեն կկազմի 3 միլիոն դոլար (առանց անձնակազմի և դերասանների ծախսերի)։ Ֆիլմը պետք է արտադրության հանվեր 1959 թվականին և 64 նկարահանման օրից և մոնտաժից հետո հաջորդ տարի պետք է դուրս գա էկրաններ[16][14]։
Ստեղծագործական կազմի և դերասանների ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի սկզբին ստեղծագործական կազմին որպես նկարիչ միացավ Ջոն Դեքուրը և զբաղվեց դեկորացիաների ուրվանկարներով և կադրաշարով։ Փետրվարի 14-ին տնօրենների խորհրդին ներկայացվեցին առաջին էսքիզներն ու դեկորացիաների մոդելները։ Ապագա ֆիլմի ըմբռնումները փոխվում էին. պրոդյուսերն ավելի շատ էր հակվում այն մտքին, որ ֆիլմը կլինի թանկարժեք և առաջնակարգ դերասանական կազմով[17]։ Սցենարը դեռ չկար, ռեժիսորի տեղը դեռևս թափուր էր, իսկ Վանգերն արդեն հող էր նախապատրաստում և համաձայնեցնում գլխավոր դերակատարուհու թեկնածությունը։ Ապագա Կլեոպատրայի որոնումները նախապատրաստական աշխատանքի ամենադժվար մասը դարձան։ 1951 թվականին, «Տեղ արևի տակ» ֆիլմում տեսնելով Էլիզաբեթ Թեյլորին, Վանգերն արդեն այն ժամանակ կայացրեց ընտրությունը[7]։ 1958 թվականի նոյեմբերին նա հանդիպեց Էլիզաբեթի այն ժամանակվա ամուսին Մայքլ Թոդի հետ և թողեց նրան Կլեոպատրայի կյանքի մասին գիրքը[17]։ Ընկերությունը դեմ էր թեկնածությանը։ Սքոուրասը թերահավատորեն արտահայտվեց Էլիզաբեթի մասին.
«Նրանից միայն խնդիրներ սպասի՛ր»[18]
|
Այդ ընթացքում՝ մինչ 1959 թվականի ամառը, Թեյլորը զբաղված էր անձնական կյանքով. մարտին ավիավթարում զոհվեց Մայքլ Թոդը, իսկ մայիսին Թեյլորը նորից ամուսնացավ։ Սեպտեմբերին Վանգերն առաջին անգամ կապ հաստատեց Լոնդոնում «Անսպասելի անցած ամռանը» ֆիլմի նկարահանումներում զբաղված դերասանուհու գործակալի հետ։ Թեյլորն այն ժամանակ աշխարհի ամենաբարձր վարձատրվող կինոաստղերից էր և դրեց իր պայմանները։ Առաջին քննարկման ժամանակ դերասանուհին կանխապայման դրեց 750 000 հազար դոլար հոնորար և 10 % վարձույթից, բայց հետո վերանայեց պայմանները։ Առաջնային թեկնածուն Թեյլորն էր, բայց մերժման դեպքում ստուդիայի ցուցակում էին առաջին մեծության աստղեր՝ Բրիջիդ Բարդո, Սոֆի Լորեն, Օդրի Հեփբերն և այլք։ Նրանցից ոմանց հետ նախնական բանակցություններ էին եղել։ Մասնավորապես, Լորենը պահանջ ներկայացրեց, որ նկարահանումները կարող են ընթանալ միայն Իտալիայում[14]։ Մինչ վերջին պահը ցուցակում էին Օդրի Հեփբերնը (ի դեպ ֆիլմում մասնակցելու համաձայնություն տված) և Սյուզեն Հեյվորդը[14]։
Երկար բանավեճերից և առևտրից հետո Fox-ի ղեկավարությունը համաձայնեց Թեյլորի մասնակցությանը։«Կլեոպատրա»-ում Թեյլորի մասնակցության պայմանագիրը կնքվեց 1959 թվականի հոկտեմբեր 15-ին «Բաթերֆիլդ, 8» ֆիլմում նրա մասնակցությանը զուգահեռ։ Ռեկորդային համաձայնագիրը նախատեսում էր 16 շաբաթ նկարահանումների ընթացքում շաբաթական 125 000 դոլար՝ գումարած վարձույթից տոկոս և այլ լրացուցիչ պայմաններ[14]։ Դերասանուհին առաջ քաշեց նաև մի քանի այլ պայմաններ, մասնավորապես, որ նկարահանումները կանցկացվեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս, որպեսզի քչացներ իր հարկային պարտավորությունները[16]։ Թեյլորը կարդաց սցենարի նախնական տարբերակը և գտավ այն չափազանց անպարկեշտ. առաջին տարբերակում սյուժեն միանգամից սկսվում էր Կլեոպատրայի և Կեսարի հանդիպման տեսարանից։ Իր կերպարի մասին նա ասաց. «Գլխավոր հերոսուհին մարմնավաճառ է»։ Նա խնդրեց վերամշակել սցենարը ավելի պահպանողական տեսանկյունից[14]։
Այս սկզբունքային որոշումից հետո համաձայնեցվեցին այլ կադրային հարցեր։ Ռեժիսորի ընտրությունը չքննարկվեց Վանգերի հետ, և անմիջականորեն որոշվեց ստուդիայի տնօրինության կողմից։ Ֆիլմի ռեժիսորական աթոռը զբաղեցրեց հոլիվուդյան վետերան Ռուբեն Մամուլյանը՝ Սքոուրասի մոտ ընկերը[14]։ Մինչ պատերազմը Մամուլյանն ամենապահանջված մասնագետներից էր, բայց «Լորա» ֆիլմից հեռացումից հետո, հաճախ չէր գլխավորում նկարահանումներ[19]։ Սցենարի վրա աշխատելու համար ներգրավեցին հայտնի գրականագետներ՝ Նայջել Բալչին (en), Դեյլ Վասերման և Լորենս Դարել։ Գործընթացը ղեկավարում է Լուդի Քլերը[14]։ Ֆիլմի օպերատոր դարձավ Ջեք Հիլյարդը։
Դերասանների ընտրության գործընթացը կանգնեցվեց 1960 թվականի սկզբին։ SAG առաջին համընդհանուր գործադուլը մարտ-ապրիլ ամիսներին կաթվածահար արեց ԱՄՆ խոշորագույն ստուդիաների աշխատանքը, և դերակատարների ընտրության օգնականները ստիպված էին սպասել դրա ավարտին։ Գործադուլը ևս մի պատճառ էր հիմնական նկարահանման հրապարակը Եվրոպա տեղափոխելու համար։ Երկրորդ պլանի դերերի համար լայնորեն ընդգրկվեցին բրիտանական և եվրոպական դերասաններ։ Հուլիոս Կեսարի կերպարի վերամարմնավորման հնարավորությունը քննարկեցին Լոուրենս Օլիվիեի հետ՝ շնորհիվ Օլդ Վիկ թատրոնում Շոուի «Կեսար և Կլեոպատրա» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ աղմուկ հանած դիկտատորի դերակատարման։ Այնուամենայնիվ Օլիվիեին գրավում էր Բեքեթ ֆիլմում նկարահանվելու հեռանկարը։ Բանակցություններ անցկացվեցին Ֆրեդերիկ Մարչի հետ. հաջողությամբ չպսակվեցին։ Վերջիվերջո Կեսարի դերի համար հրավիրվեց Փիթեր Ֆինչը, Անտոնիոսի դերի համար՝ Սթիվեն Բոյդը, Օկտավիանոսի՝ Քիթ Բաքսթերը (en)[14]: Բոլոր շտկումներից և դերասանական անձնակազմում փոփոխություններից հետ ֆիլմի բյուջեն գնահատվում էր 5 միլիոն դոլար[16][20]։
Ֆիլմի նկարահանման սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումներն ըստ նախատեսածի պետք է սկսվեին 1960 թվականի սկզբին։ Ինչպես և այն ժամանակի բարձրբյուջետային պեպլումները («Բեն-Հուր», «Լոուրենս Արաբացի») խնայողության տեսանկյունից ֆիլմի նկարահանումները տեղափոխվեցին Եվրոպա։ Իտալիայի և Իսպանիայի ստուդիաները հագեցած էին «Կլեոպատրա»-ի կարգի ֆիլմերի արտադրության համար անհրաժեշտ ամեն ինչով։ Կինոընկերության առաջին իսկ որոշումն աշխատանքների անցկացման վերաբերյալ Վանգերին փակուղու առջև կանգնեցրին։ Նրան հանձնարարված էր գործընթացին հետևել Նյու Յորքից, ուստի առաջին փուլում նրա անմիջական մասնակցությունն արտադրությանը սահմանափակ էր[14]։ Նկարահանումները պետք է տեղի ունենային Հռոմում, բայց ինչպես պարզվեց, 1960 թվականին Իտալիայի մայրաքաղաքում պետք է անցկացվեին Օլիմպիական խաղերը, որն անակնկալի բերեց նկարահանման խմբի ղեկավարությանը[14]։ Բոլոր հյուրանոցները զբաղված էին, դժվարություններ էին առաջանում վարձու անձնակազմի հարցում, և ստուդիան որոշեց հիմնական նկարահանման հրապարակը տեղափոխել Լոնդոնի մերձակայք[19]։ Ի հավելումն այս ամենի, բրիտանական կառավարությունն Անգլիայում ֆիլմարտադրությամբ զբաղվող օտարեկրյա կինոընկերություններին խոստացավ փոխհատուցում[17]։ Պրոդյուսերը փորձում էր համոզել ղեկավարությանը, որ Անգլիան լավագույն տեղը չէ Եգիպտոս պատկերելու համար, և որ հենց անգլիացի ռեժիսորները, որպես օրենք, բնականին մոտ լինելու համար երկրի սահմաններից դուրս են գալիս, օրինակ՝ Իսպանիա։ Հայտնի էր նաև, որ Էլիզաբեթ Թեյլորն աչքի չէր ընկնում ամուր առողջությամբ և հակված էր հարբուխի։ Բայց ամեն ինչ ապարդյուն էր[14]. 1960 թվականի հուլիսին վաղաժամ կյանքից հեռացավ Fox-ի արտադրության բաժնի ղեկավար Բադի Ադլերը, և ընկերության ղեկավար կազմում առաջացավ յուրօրինակ իշխանական վակուում։ Տեղի էին ունենում որոշումների ընդունման ուշացումներ կամ որոշումներն ընդունվում էին ոչ հավուր պատշաճի[18]։
1960 թվականի մայիսին Ռուբեն Մամուլյանն առաջին անգամ ժամանեց Լոնդոն։ Նա տեսավ այն, ինչ Վանգերն իր օրագրում նկարագրել էր ինչպես «լիովին ողբերգություն»։ Ամեն ինչ սկսվում էր նրանից, որ իրերն օդանավակայանում կորցրեցին, իսկ հյուրանոցում համարը պատվիրված չէր[14]։ Երբ ռեժիսորն առաջին անգամ տեսավ Pinewood (en) ստուդիայում վերարտադրված «Եգիպտոսը», իսկույն վատ զգաց իրեն։ Ստուդիան չէր տիրապետում ֆիլմի մասշտաբներին համապատասխան հզորություններով։ Չկային բավականաչափ ազատ տաղավարներ, իսկ ինչքան էլ կար, առաստաղը շատ ցածր էր։ Բրիտանական մյուս Denham (en) ստուդիան հանկարծակի դադարեցրեց գործունեությունը, և պրոդյուսերների ընտրությունը մեծ չէր[17][14]։ Բացի այդ նախատեսվում էր «Կլեոպատրա»-ն նկարահանել մեծ շքեղությամբ։ Ի սկզբանե, ըստ «բյուջետային» տարբերակի՝ պատրաստվում էին ֆիլմը նկարահանել 35մմ ժապավենի վրա՝ CinemaScope տեխնոլոգիայով։ Հունիսին որոշվեց օգտագործել Todd-Ao (en) տեխնոլոգիայի 65 մմ ժապավեն[Ն 2]։ Տեսողական լուծումներին մոտեցումը սկզբունքորեն փոփոխող տեխնոլոգիան ընտրվեց դարձյալ առանց պրոդյուսերի և ռեժիսորի գիտության[14]։ Ամառը նկարահանումների համար կորսված էր, և ստուդիայի ներկայացուցիչները զբաղվեցին դեկորացիաների վերաձևավորմամբ և արտադրության գործընթացի նախաատրաստություններով։ Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 1960 թվականի սեպտեմբերի 1-ին Լոնդոնի մերձակայքում, քանի որ ստուդիայի ղեկավարությունը հրամայել էր նկարահանել ցանկացած պայմաններում։ Ֆիլմի վրա արդեն ծախսվել էր շուրջ 6 միլիոն դոլար[20]։
Նկարահանման առաջին իսկ օրը սկսվեց տհաճությամբ։ Թեյլորը հրաժարվեց տեղացի բրիտանական ոճաբանի ծառայություններից և որոշեց սպասել Կալիֆորնիայից ժամանող իր անձնական վարսահարդարին։ Նկարահանումների երրորդ օրը նկարահանումները կրկին կանգնեցին. դերասանուհին հայտարարեց, որ հիվանդ է[18]. գործընթացին խառնվեց անգլիական ոչ կայուն եղանակը։ Անձրևները տեղում էին շաբաթներ շարունակ։ Դերասանների բերաններից գոլորշի էր դուրս գալիս. «այս ամենը հիշեցնում էր հյուսիսային բևեռ, բայց ոչ Եգիպտոսը»,- հիշում էր Մամուլյանը[19]։ Ռեժիսորը հասցրեց նկարահանել տեսարանի վեց կադրեր, որտեղ Կլեոպատրային գորգի մեջ փաթաթած բերում են Կեսարի մոտ։ Հետո դերասանուհու վիճակը վատթարացավ, և նրա մոտ սկսվեց տենդ։ Էլիզաբեթին զննեց թագուհի Եղիսաբեթ II-ի անձնական բժիշկը և նրա մոտ հայտնաբերեց ատամի թարախակալում։ Դեկտեմբերի 28-ին՝ վիճակի կարճատև լավացումից հետո դերասանուհին վերադարձավ նկարահանման հրապարակ, բայց ցուրտ ստուդիայում հնարավոր չեղավ շտապ կազմակերպել դրա ջեռուցումը։ Ամանորից հետո Թեյլորի վիճակը կրկին վատացավ[14]։ Ստուդիան արագորեն սկսեց փոխարինողի որոնումները։ Գլխավոր դերը կարող էր անցնել Մերիլին Մոնրոյին[21]։ Նախապատրաստական աշխատանքների վաղ շրջանում Մամուլյանն ավելի շատ առաջարկում էր թխամորթ դերասանների մասնակցություն և Կլեոպատրային դերի համար դիտարկում էր Դորոթի Դենդրիջի թեկնածությունը[19]։ Բայց Վանգերը համոզեց ստուդիայի ղեկավարությանը սպասել Թեյլորի առողջացմանը[15]։ Այդ ընթացքում ռեժիսորը զբաղվեց երկրորդական տեսարանների նկարահանումներով, բայց նույնիսկ դրանք չէր կարող ամբողջությամբ նկարահանել։ Հարցը ոչ միայն անգլիացի կապալառուների դանդաղաշարժությունն էր (ամերիկյան չափանիշներով), այլև սցենարի հետ խնդիրները[17]։
Վանգերը փոխեց մի քանի հեղինակի՝ լավագույն մասնագետներին, որոնց կարելի էր դիմել, բայց 1960 թվականի աշնանը ֆիլմի պրոդյուսերը դեռ չուներ ավարտուն սցենար։ Ֆիլմում ընդգրկվեց նոր սցենարի հեղինակ՝ Նանալի Ջոնսոնը (en)։ Այդ մասին որոշումն ընդունվեց «ներքին մղումով» հեռախոսային խոսակցության արդյունքում, չնայած Մամուլյանի ընդդիմանալուն։ Հոլիվուդի՝ էկրանավորումների ամենահեղինակավոր մասնագետներից մեկը ֆիլմի առաջին մասին համար գրեց 75 էջանոց սցենար, բայց դա էլ արդյունքում համարվեց չպահանջված[16]։ Ստուդիայի ներկայացուցիչները անարդյունք դիմեցին Փեդդի Չաեֆսկուն։ Գրողը կես տարի խնդրեց աշխատանքի համար, ինչն անընդունելի էր[14]։ Առանց որոշակի սցենարի հնարավոր չէր խնդիր դնել բեմադրող նկարչի, կապալառուների, դեկորացիաների կաոռւցման պատասխանատուների, զգեստավորողների և այլ մասնագետների առջև[17]։
Այսպիսով, պլաններն ավարտել նկարահանումներները 1961 թվականի փետրվարի իրականությունից հեռու թվացին, և նախագիծը ստիպված կանգնեցին՝ խնդրելով բյուջեի ընդլայնում։ Երկու տարի նկարահանումներից հետո ստուդիան վերջնական մոնտաժի համար պիտանի ընդամենը 12 րոպե նյութ ուներ։ 1961 թվականի գարնանը՝ կարճաժամկետ լավացումից հետո Էլիզաբեթ Թեյլորի վիճակը կտրուկ վատացավ։ Թոքաբորբը բարդացավ։ Դերասանուհու մոտ ախտորոշեցին թոքերի այտուցում և մարտի 15-ին ստիպված էին նրան արտակարգ կերպով կատարել շնչափողահատում։ Հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր էր, և նա գտնվում էր հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժնում[9][22]։ Ընթացքում տեղեկատվություն տարածվեց, որ դերասանուհին մահամերձ է, բայց Թեյլորն ուշքի եկավ և աստիճանաբար սկսեց կազդուրվել։ Հիվանդությունից հետո նա արձակուրդ վերցրեց և մեկնեց տուն՝ Կալիֆորնիա՝ մասնակցելու «Օսկար» մրցանակաբաշխությանը «Բաթերֆիլդ, 8» ֆիլմի համար։ Շնչափողահատման սպին այդպես էլ չանցավ դերասանուհու վզից, և դիմահարդարները ստիպված էին ծածկել այն։ Lloyd’s ապահովագրական ընկերությունը 2 միլիոն դոլար վճարեց Թեյլորի հիվանդության պատճառով նկարահանման ընթացքում խոչընդոտների համար[16]։
Ռեժիսորի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Fox ստուդիան ստիպված էր գնալ ծայրահեղ միջոցների ֆիլմի վրա աշխատանքները կենդանացնելու ուղղությամբ։ Ռուբեն Մամուլյանը համաձայն չէր նկարահանումների ընթացքի, սցենարի հետ և փոխըմբռնման չէր գալիս Էլիզաբեթ Թեյլորի հետ։ Նա սկսեց սպառնալ ստուդիային նրանով, որ կլքի նկարահանման հրապարակը։ Էլիզբեթ Թեյլորը նկարահանման հրապարակում ավելին էր, քան դերասանուհին. նա խոսքի իրավունք ուներ որոշիչ որոշումների ընդունման ժամանակ[14]։ Այս հակամարտության մեջ ստուդիան ընդունեց դերասանուհու կողմը և համաձայնեց ռեժիսորի պաշտոնաթողության հետ[19]։ Թեյլորը, հիշելով «Անսպասելի անցած ամռանը» ֆիլմում հաջող համատեղ աշխատանքը, ներկայացրեց Ջոզեֆ Մանկևիչի թեկնածությունը, և պրոդյուսերները պաշտպանեցին նրա գաղափարը։ Ջոզեֆն այդ պահին անկախ գործակալ էր և արձակուրդում լինելով Կարիբյան ծովի կղզիներում՝ անշտապ զբաղվում էր «Ջուսթին» (en) ֆիլմի սցենարի նախապատրաստումով։ Նա լսեց Սքոուրասի առաջարկությունն առանց որևէ խանդավառության։ Մանկևիչին չէր ոգևորում ուրիշի ձեռքերից վերցնել աշխատանքը, բայց Սքոուրասը բառացիորեն աղերսում էր նրան փրկել նախագիծը։ Fox-ը Մանկևիչին այնպիսի առաջարկություն արեց, «որից նա չէր կարող հրաժարվել»՝ ամբողջությամբ գնելով նրա Figaro Inc. կինոստուդիան և առաջարկելով տոկոսներ ապագա ֆիլմի վարձույթից։ Ընդհանուր առմամբ Մանկևիչի հոնորարն ու ստուդիայի վաճառքի գործարքը բերեցին նրան մոտավորապես 1 միլիոն դոլար, որը այդ պահին ռեժիսորի ծառայությունների դիմաց դարձավ ամենաբարձր վարձատրությունը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ[23]։ Կողմերը պայմանավորվեցին, որ նոր ռեժիսորը կարող է ամբողջությամբ վերանայել սցենարը և դերասանների ցուցակում անել ցանկացած փոփոխություն։ Փոփոխությունը Fox-ին արժեցավ լրացուցիչ 3 միլիոն դոլար[12][17]։ Բոլոր փոփոխություններով հանդերձ՝ ֆիլմն արդեն պետք է էկրաններ բարձրանար 1962 թվականի աշնանը[16]։
Սքոուրասը համոզում էր Մանկևիչին, որ սցենարը պատրաստ է, դեկորացիաները կառուցված են, իսկ դերասանները՝ ընտրված։ Ջոզեֆ Մանկևիչն իրեն չէր համարում «բլոկբաստերային» ռեժիսոր՝ կարծելով, որ իր ոճն ուղղված է ավելի կամերային բեմադրությունները, որտեղ հոգեբանությունն ու հերոսների երկխոսությունները առաջին պլան են մղվում։ Այդ իսկ պատճառով նա պայմանագրում իրեն վերապահեց պայման ստեղծագործական հիմնական մտքի կտրուկ փոփոխման համար[12]։
Կարդալով Մամուլյանի՝ «Կլեոպատրա»-ի սցենարի աշխատանքային տարբերակը՝ նոր ռեժիսորն ապշեց ֆիլմի թափից, չնայած գրականագիտական տեսանկյունից նյութը ոչ մի կերպ պիտանի չէր աշխատանքի համար։ Սցենարի մասին Մանկևիչն այսպես արտահայտվեց.
Ոչ միայն դրանով նկարահանել... կարդալ նույնիսկ անհնար էր[16]։ |
Մանկևիչը սկսեց աշխատանքները նոր սցենարի վրա, որն ավելի կհամապատասխաներ հնագույն պատմության իրադարաձություններին։ Որպես օգնական՝ նա ներգրավեց փորձառու Ռանալդ Մաքդուգալին (en)։ Հենց Մաքդուգալի ավանդն էլ ամենանշանակալին դարձավ բոլոր համահեղինակներից։ Հիմք ընդունվեցին Պլուտարքոսի, Սվետոնիոսի և Ափիանոսի աշխատությունները, ինչպես նաև Բերնարդ Շոուի և Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները[16]։ Մանկևիչը Կլեոպատրային տեսնում էր նրբանկատ քաղաքական գործչի կերպարում, որը դժվար դիվանագիտական խաղ էր տանում հզորագույն Հռոմի հետ։ Մանկևիչը ֆիլմը հստակորեն բաժանեց երկու սերիայի՝ համապատասխանաբար Կեսարի և Մարկոս Անտոնիոսի հետ ունեցած հարաբերություններով[12][17]։
Կլեոպատրայի իմ ըմբռնումը ոչ մի կապ չունի ո՛չ Բերնարդ Շոուի, ո՛չ Ուիլյամ Շեքսպիրի հետ, նույնիսկ Պտղոմեոսի հետ, եթե խոսք գնաց։ Կլեոպատրան, որին ես եմ մտածել, ցնցող և անվախ կիին է։ Նա համարյա կարողացել էր դառնալ տիրուհի՝ իրեն ենթարկելով աշխարհի երկու ուժեղ տղամարդկանց, ընդ որում նրանք երկուսն էլ չկարողացան տիրել նրան։ Մեկն անսպասելիորեն սպանվեց, երկրորդը վախկոտ էր։ Ո՛չ, Կլեոպատրան երջանիկ չի թաքնվի արևամուտի շողքերի հետևում։ Նա կմեռնի այնպես, ինչպես մահացավ նա, և խոստանում եմ, որ իմ ֆիլմում ոչ ոք հորիզոնական դիրքով ծուլորեն խաղող չի ծամի։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Well, my conception of Cleopatra is neither Mr Shaw's nor Mr Shakespeare's," drawled Mankiewicz with rather an odd affectation, as if determined not to appear too familiar to us ignorant journalists. "Nor is my conception Mr Ptolemy's either, for that matter. The Cleopatra I have in mind is the story of a remarkably brilliant, ruthless woman who nearly made herself Empress of the then-known world, utilizing for her purpose the two strongest men in the world, both of whom failed her. The first failed her because he was inconsiderately assassinated, and the other because he turned coward. Cleopatra will not ride off into the sunset. She will die as she died I can also promise you that no-one will eat grapes from a horizontal position.
— Ջոզեֆ Լ՚. Մանկևիչ[20]
1961 թվականի ամռանը տեղի ունեցավ նախագծի վերածնունդը։ Այն ոչ մեծաքանակ նյութը, որ նկարահանել էր Մամուլյանը, պետքական չէր։ Fox ընկերության ծախսերն արդեն կազմում էին 7 միլիոն դոլար։ Ստուդիան ստիպված էր կասեցնել մի շարք նախագծեր և ամբողջովին կանգնեցնել սեփական հեռուստաստուդիայի աշխատանքը[18]։
1961 թվականի սեպտեմբերին ֆիլմի նկարահանումները շարունակվեցին Չինեչիտտա ստուդիայում։ Երկար հապաղումը բերեց նրան, որ դերասանների և որոշ մասնագետների հետ պայմանագրերը ստիպված էին կասեցնել և դերասանների ընտրություն կատարել նորից։ Հիլդյարդին փոխարինեց օպերատոր Լեոն Շամրոյը։ Փիթեր Ֆինչը նկարահանումներ սկսեց մեկ այլ ֆիլմում։ Մանկևիչը Կեսարի դերն առաջարկեց Ռեքս Հարիսոնին, որի հետ մեծ աշխատանքային փորձ ուներ։ Մարկոս Անտոնիոսի դերի համար ի սկզբանե Մանկևիչը տեսնում էր Մարլոն Բրանդոյին, բայց դերասանը զբաղված էր։ Ռիչարդ Բարթոնին և Ռոդդի Մաքդաուելին ռեժիսորը նկատեց «Կամելոտ» երաժշտական ներկայացման մեջ։ Բարթոնին նա վաղուց գիտեր որպես թատերական հոյակապ դերասանի և առաջարկեց նրան Մարկոս Անտոնիոսի դերը[23]։ Ստուդիան սվիններով ընդունեց Բարթոնի թեկնածությունը. դերասանը հայտնի էր իր քմահաճություններով և սպիրտային խմիչքների հանդեպ անչափելի սիրով։ Մանկևիչին հաջողվեց համոզել ղեկավարությանը։ Ռիչարդն ինքը մեծ հաճույքով լքեց ներկայացումը, քանի որ, նրա պնդմամբ, նրան ահավոր հոգնեցրել էր ամբողջ տարին խաղալ Արթուր արքա։ Բարթոնի հետ պայմանագիրը ստուդիային արժեցավ 300 հազար դոլար և դարձավ նրա ամենաբարձր վարձատրվող աշխատանքն այն պահին[24]։
Թեյլորը հիշում էր 1961 թվականին ստուդիայի երեկույթներից մեկի ժամանակ ծիծաղաշարժ մի դեպքի մասին։ Սփիրոս Սքոուրասն Էլիզաբեթ Թեյլորին դիմեց նրա հերոսուհու անունով։ Դերասանուհին զարմացավ.
- Դուք ինձ միլիոններ եք վճարում։ Մի՞թե չեք հիշում իմ անունը։ Եթե հիշեք, կվերադարձնեմ գումարի կեսը։
- Ը-ը… Կլեոպատրա՞,- պատասխանեց Սքոուրասը[18]։
Նկարահանումների շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկևիչը դե-ֆակտո Վանգերին հեռացրեց ֆիլմի աշխատանքներից և դարձավ սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր մեկ դեմքով։ 1961 թվականի աշնանը Մանկևիչը գրեց նոր սցենարի 132 էջերը, սակայն սա ծավալով հազիվ էր համապատասխանում ապագա ֆիլմին։ Թեյլորի հիվանդությունը որոշակի ժամանակ տվեց, բայց բոլորն ավարտել չհաջողվեց։ Մնացած 195 էջը գրվեց նկարահանումներին զուգահեռ։ Որպես օգնականներ ստուդիան ներգրավեց Լոուրենս Դարելլին և Սիդնեյ Բահմանին (en), չնայած նրանց օգնությունը թվում էր չափազանց փոքր։ Մանկևիչը հիշում էր հետագա մի քանի ամիսների կյանքը որպես հյուծիչ աշխատանք։ Ցերեկներն ընթանում էին նկարահանումները, իսկ գիշերները նա գրում էր սցենարը։ Ստացված երեքհարյուրէջանոց սցենարը համապատասխանում էր 5-6 ժամ տևողությամբ ֆիլմին, բայց Մանկևիչը ոչինչ չէր կարող կրճատել[16][17]։
Արտադրության ընթացքում պարզվեց, որ դեկորացիաների պատրաստումը ձախողված է, և ստիպված եղան ամեն ինչ վերակառուցել։ Լրացուցիչ ծախսերից էր նաև ֆիլմի բազմամարդ տեսարանները, որոնք մշտապես ստիպված էին սպասել դեկորացիաների վերադասավորմանը հենց դուբլերի միջնամասում։ Դեկորացիաների կառուցումը ևս Մանկևիչն իր ձեռքը վերցրեց։ Ստուդիայի 20 ակր տարածքում կառուցվեցին նոր դեկորացիաներ՝ հռոմեական Ֆորումը և Կլեոպատրայի ալեքսանդրյան տաճարը։ Վանգերը հիշում էր, որ դեկորացիաների մշակման ժամանակ ի սկզբանե նախատեսվում էր վերստեղծել հռոմեական Ֆորումի ամբողջական կրկնօրինակը։ Բայց հետո պարզվեց, որ պատմական ֆորումն իրենից ներկայացնում էր ոչ այնքան ակնահաճո իրարից տարբեր ոճերով շինությունների համույթ։ Ստիպված թողեցին երկու շինություն և դրանք այնպես դասավորեցին, որ օպերատորի համար գտնվի նկարահանման նպաստավոր կետ[16]։
Կլեոպատրայի նավի և Ակտիումի ծովամարտի կռվի տեսարանները անցկացվեցին Միջերկրական ծովում գտնվող Իբիզա կղզու շրջանում[25]։ «Ալեքսանդրիա» քաղաքը կառուցվեց Տորե Ասթուրա տեղանքին մոտ (en)՝ Տիրենեյան ծովի առափնյայում։ Առանձին բնական տեսարաններ նկարահանվեցին Անցիո և Լանուվիո քաղաքների մոտ, Իսքիա կղզու տարածքում և Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայի մերձակայքում[20][18]։ Ալեքսանդրիայի նավահանգիստը կառուցվեց Անցիոյում՝ Միջերկրական ծովի ափին։ Լայնածավալ աշխատանքների ընթացքում՝ բուլդոզերներով նավամատույցը պատրաստելիս, տեղի ունեցավ դժբախտ միջադեպ։ Աշխատողները հանդիպեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ականի. աշխատողներից մեկը մահացավ, իսկ մի քանիսը վիրավորվեցին[23]։
Մանկևիչը մշտապես բախվում էր նաև այլ հանգամանքների հետ, որոնք խոչընդոտում էին աշխատանքին։ Նկատելով, Էլիզաբեթ Թեյլորը կասկածելի շատ հանգստյան օրեր ունի, ռեժիսորը փորձեց դերասանուհուն կարգի հրավիրել։ Կարդալով աստղի կողմից ստորագրված պայմանագիրը՝ Մանկևիչը զարմանքով հայտնաբերեց, որ Թեյլորը պայման է դրել հանգստանալ դաշտանային օրերին։ Ըստ էության նմանատիպ օրեր դերասանուհու մոտ ավելի հաճախ պատահում էին ամսական երկու անգամ, և Մանկևիչը պատրաստվում էր բժշկական տեղեկանք պահանջել Թեյլորից, բայց օգնականները համոզեցին անիմաստ ժամանակ չվատնել[23]։ Ֆիլմի վրա աշխատելու վերջին ամիսներին Մանկևիչն ընդունում էր հոգեմետ դեղամիջոցներ (որի հետևանքով նրա մոտ զարգացավ կախվածություն)։ Ներարկումներ կատարող բուժքույրը պատահաբար դիպել էր նստանյարդին, որի արդյունքում մի ոտքն ընդհանրապես չէր շարժվում, և նկարահանումներն ավարտելիս Մանկևիչն անցկացրեց հաշմանդամի սայլակում[23]։ Ռիչարդ Բարթոնը հիշում էր, որ Մանկևիչը ստիպված էր գործադրել ոչմարդկային ջանքեր, որպեսզի աշխատանքն առաջ գնար.
… Նրա տեղը լիներ ավելի թույլ մեկը, կխելագարվեր[10]։ |
Ֆիլմի պրոդյուսերն անհույս զբաղված էր կազմակերպչական տհաճություններով։ Ֆիլմի դերասանների ընտրությունը շարունակվեց մինչև 1961 թվականը, իսկ ֆիլմի լոգիստիկան կազմակերպված էր ավելի քան երբևէ վատ։ Օդանավակայանում ոչ ոք չէր դիմավորում ժամանողներին, իսկ ուղեբեռը մշտապես կորում էր։ Պայմանագրերը մանրամասնորեն մշակված չէին։ Քերոլ Օ’Քոննորը՝ Սերվիլիոս Կասկոսի դերակատարը, պայմանագիր էր կնքել 15 շաբաթվա համար։ Ընդհանուր առմամբ նկարահանվեց միայն 17 օր, իսկ մնացած ժամանակն անգործության էր մատնված։ Հյում Քրոնին նկարահանման հրապարակ ժամանեց 1961 թվականի սեպտեմբերի 19-ին և հանգստացավ մինչ Սուրբ ծննդյան տոները[18]։ Որպեսզի անիմաստ ժամանակ չկորցնեին, Բարթոնն ու Մաքդաուելը հասցրին էպիզոդիկ դերերով հանդես գալ «Ամենաերկար օրը» ֆիլմում[18]։ Վանգերը զբաղված էր նաև դերասանական արհմիությունների ղեկավարների և ապահովագրական միությունների հետ քաշքշուկներով։ Խնդիրներ առաջանում էին այնտեղ, որտեղ դրանց ամենաքիչն էին սպասում։ Իտալիայի կոմունիստական կուսակցությունը ֆիլմի ստեղծողներին մեղադրեց ռասայական և սեռական խտրականությունների համար և կազմակերպեց կին-մնջախաղացների գործադուլ[26]։ Վանգերը հիմնական կազմակերպչական խնդիր նշում էր այն, որ ստիպված է աշխատել ոչ կոմպետենտ մարդկանց հետ, իսկ Fox ստուդիայի ղեկավարության հետ շփումն անվանում էր «կաֆկայական զառանցք» [10]։
«Կլեոպատրա»-ի նկարահանումները ԶԼՄ-ներում ներկայացվում էին որպես առակ։ Թերթերում հապաղելու տարբեր վարկածներ էին քննարկվում, ընդհուպ այն, որ Էլիզաբեթ Թեյլորի քաշն այնքան է ավելացել, որ չի տեղավորում Կլեոպատրայի համար հագուստների մեջ[16][Ն 3]։ Նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ քննարկում էին այցելել նկարահանումների հրապարակ, որպեսզի պատկերացում կազմեին՝ ինչ է կատարվում այնտեղ[10]։ Ռեքս Հարիսոնն առաջարկեց իր սեփական միջոցները ներդնել, որպեսզի նկարահանումներն ավարտին հասցնեն[10]։ Այս ամենի հետ քիչ ժամանակ չէին խլում նաև լրագրողների հետ հանդիպումները, հարցազրույցները, որոնք ստուդիան համարում էր արտադրության կարևոր մաս[16]։
Ձգձգված նախագծի վերաբերյալ առաջին քննադատական կարծիքները մամուլում հայտնվեցին ֆիլմի էկրաններ բարձրանալուց դեռ շատ առաջ։ Մանկևիչի ուշադրությանն էին արժանանում Time-ում հրապարակված նյութերը, և նա վախենում էր ֆիլմի տապալումից[27]։ Այնուամենայնիվ ձգձգվող նկարահանումները մոտենում էին ավարտին։ Ամենաբարդ տեսարանը՝ որոշիչը ֆիլմի առաջին մասի, Կլեոպատրայի հանդիսավոր ժամանումը Հռոմ, նկարահանվեց 1962 թվականի մայիսի 8-9-ին։ Տեսարանն առաջին անգամ փորձել էին վերարտադրել դրանից կես տարի առաջ, սակայն անհաջող։ Մեկ ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո նկարահանվեց համարյա մեկ օրում։ Ֆիլմի ամենամեծ զանգվածային տեսարանում ներգրավված էր շուրջ 6000 դերասան։ Կլեոպատրայի հանդիսավոր ժամանման աշխատանքների ավարտից հետո նկարահանող խումբը կազմակերպեց շամպայնով ճոխ խնջույք, որին հրավիրված էին արքայական ընտանիքների անդամներ և Եվրոպայի քաղաքական գործիչներ[14][28][27]։ 1962 թվականի մայիսի 21-ին Մանկևիչն ու կինոստուդիայի ներկայացուցիչները դիտում էին 20 րոպեանոց տեսարանի նյութերը։ Ռեժիսորի արձագանքն անսպասելի էր։ Նրա կարծիքով, իրադարձությունների ողջ հերթագայությունը փառահեղ էր, բայց հանգուցալուծումը՝ ավարտի գլխավոր տեսարանը, որտեղ Կլեոպատրան սեթևեթանքով աչքով է անում, ոչ մի բանի պետք չէ։ Մանկևիչը պնդում էր, որ տեսարանի վերջին կադրերը պետք է վերանկարահանվեին, բայց պրոդյուսերի հետ փոխհամաձայնության չեկավ[27]։ Վերջին իրադարձությունները հանգեցրին նրան, որ ստուդիայի ղեկավարությունը ծայրահեղ միջոցների դիմեց ֆիլմի ավարտի աշխատանքներն արագացնելու համար[16]։ Մայիսի 28-ին ավարտին հասավ Կլեոպատրայի ինքնասպանության տեսարանի նկարահանումները, որոնք ստուդիայի ղեկավարության համար ազդանշան եղան, որպեսզի նկարահանումներն արագորեն ավարտին հասցվեն[18]։
Նկարահանումների ավարտ և մոնտաժ
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականի կեսերին Fox ստուդիայի ֆինանսական վիճակը մոտենում էր սնանկացման։ Մյուս թանկարժեք նախագծի՝ «Ինչ-որ բան պետք է պատահի» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը վտանգի տակ դրեց ամբողջ Fox-ի գոյության հարցը։ Ստուդիան սկսեց անձնակազմի կրճատումները և ակտիվների վաճառքը։ Որոշ ժամանակ արտադրությունում գտնվող միակ ֆիլմ դարձավ «Կլեոպատրա»-ն։ 1961 թվականի գարնանից Սփիրոս Սքոուրասը գտնվում էր քննադատությունների անընդհատ տարափի տակ։ 20 տարի աշխատանքից հետո՝ 1962 թվականի հունիսի 27-ին, բաժնետերերի, այնուհետև տնօրենների խորհրդի որոշումներով ազատվեց 20th Century Fox-ի նախագահի՝ իր զբաղեցրած պաշտոնից։ Նրան փոխարինեց Դերիլ Զանուքը՝ ընկերության խոշորագույն բաժնետերերից մեկը։ Նա, ի տարբերություն Սքոուրասի, ոչ միայն փորձառու ղեկավար էր, այլ մանրակրկտորեն տիրապետում էր կինոարտադրությանը[21]։ Զանուքը եռանդով անցավ «խորտակվող» նախագիծը փրկելուն [14]։
1962 թվականի հունիսի 1-ին աշխատանքից ազատվեց պրոդյուսեր Ուոլթեր Վանգերը՝ չնայած նրան, որ պատրաստ էր անվճար աշխատել։ Վանգերը խնդրեց թույլ տալ մնալ նկարահանման հրապարակում մինչ ֆիլմի ավարտը։ Մանկևիչը վերջնագիր ստացավ։ Էլիզբեթ Թեյլորի ծառայությունների վճարումը ավարտվում էր հունիսի 9-ին, և եթե հարկ լիներ, Թեյլորին կփոխարինարիներ կրկնորդիչը։ Նկարահանումները պետք է ավարտվեին մինչ հունիսի 30-ը։ Դրանից հետո ֆինանսավորումը կդադարեցվի[14][18]։ Ռեժիսորը ստիպված էր շուտափույթ կերպով ավարտել ֆիլմի կարևորագույն տեսարաններից մեկը՝ արքայական նավի վրա Կլեոպատրայի և Անտոնիոսի հանդիպումը։ 1962 թվականի հունիսի 23-ին Էլիզաբեթ Թեյլորի համար նկարահանումներն ավարտվեցին։ Մնում էին մի քանի մարտերի տեսարաններ։ Սովորաբար ֆիլմի՝ նման տեխնիկապես բարդ մասերի վրա սկզբում աշխատում է գրաֆիկան, բայց այստեղ դրանով ամեն ինչ ավարտվեց։ Մանկևիչն առանձնապես չէր սիրում մարտերի տեսարանները, և դրանց համար դեռ սցենար գրված չէր։ Ըստ նախագծի՝ ֆիլմում պետք էր ներառվեր Փիլիպոպոլիսի ճակատամարտը, բայց ստուդիայից հրահանգ եկավ բացառել այդ տեսարանը։ Նկարահանումներն ավարտվեցին նրանով, ինչով սկսվում է ֆիլմը՝ Ֆարսալոսի ճակատամարտի տեսարանով, չնայած ամբողջովին այն նկարահանել չհաջողվեց[16]։ Ի պատասխան՝ ռեժիսորը կոշտ հեռագիր ուղարկեց ստուդիայի ղեկավարությանը.
Առանց Ֆարսալոսի, ըստ իս, ֆիլմի սկիզբը լուրջ կտուժի, բայց առանց Փիլիպոպոլիսի ուղղակի կկորչի երկրորդ մասի մուտքը, և բոլոր բեմադրված մասեըը կկորցնեն միմյանց միջև կապը[…] Ընկերության բաժնետերերի հանդեպ պատասխանատվության և փոխադարձ պարտականությունների բաժանման տեսանկյունից խնդրում եմ ինձ փոխարինել ձեր հրամանների հանդեպ ավելի քիչ քննադատական վերաբերմունք ունեցող և Կլեոպատրայի վերջնական հաջողության վրա ավելի քիչ սևեռված մեկով։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Without Pharsalia in my opinion opening of film and following sequences severely damaged stop but without Philippi there is literally no opening for second half since interior tent scenes already shot simply cannot be intelligibly put together […] with mutual appreciation of responsibilities and suggesting that mine toward the stockholders is no less than yours I suggest that you replace me soonest possible by someone less critical of your directives and less dedicated to the eventual success of Cleopatra.
Հուլիսին նկարահանող խումբը մեկնեց Եգիպտոս՝ մարտական տեսարանների աշխատանքներն ավարտելու համար։ Ամեն ինչ ավարտվեց բացարձակ անհաջողությամբ։ Նման կարճ ժամանակահատվածում ոչինչ կազմակերպել չհաջողվեց։ Հուլիսի 28-ին ֆիլմում աշխատած հիմնական դերասանական կազմի համար տեղի ունեցավ հրաժեշտի ընթրիք[16]։ 1962 թվականի հոկտեմբերին Մանկևիչն ավարտեց ֆիլմի նախնական մոնտաժը, որից հետո նա և խմբագիր Դորոթի Սփենսերը մեկնեցին Փարիզ՝ «Կլեոպատրա»-ի հետագա ճակատագրի մասին Զանուքի հետ խորհրդակցելու համար։ Ֆիլմի՝ երկու ինքնուրույն մասերով վիդեովարձույթ դուրս գալու գաղափարը հակասում էր նոր ղեկավարության հայացքներին։ Ընկերության ղեկավարը մտավախություն ուներ, որ առաջին մասը՝ «Կեսարը և Կլեոպատրան», Բարթոնի և Թեյլորի միջադեպից հետո անհետաքրքիր կլինի հանդիսատեսին։ Չնայած ֆինանսավորման կասեցման նախազգուշացումներին՝ ֆիլմն այնուամենայնիվ պատրաստ չէր։ Մարտերի տեսարանների համար հատկացվեց 2 միլիոն դոլար։ Բարեբախտաբար, «Ամենաերկար օրը» ֆիլմի հաջողությունը վարձույթում փրկեց Fox ընկերությանը ֆինանսական անկումից և գումար հայթայթվեց [16]։
320 րոպե տևողությամբ նախնական մոնտաժված տարբերակը դիտելուց հետո Զանուքն արդյունքը նկարագրեց որպես «անփույթ, սիրողական, երկրորդական մակարդակի» և հրահանգեց Ջոզեֆ Մանկևիչին հեռացնել հետագա աշխատանքներից[10][18][21]։ Ընկերության ղեկավարի և ռեժիսորի բանակռիվը անցավ մամուլի էջերին։ Զանուքին մասնավորապես դուր չէին գալիս արդեն նկարահանված մարտերի տեսարանները, Մանկևիչը հակադարձելով պատասխանում էր, որ ֆիլմում մարտական տեսարանները գլխավորը չեն։ Մամլո ասուլիսի ժամանակ Զանուքը լրագրողներին հայտարարեց, որ Մանկևիչը պետք է հանգստանա, և ֆիլմը կավարտի ինքը[12]։
Իր հաշվին գրանցված լավագույն փոխհատուցման հաշվին պարոն Ջոզեֆ Մանկևիչը ծախսեց իր ժամանակից երկու տարի, տաղանդը և 20th Century Fox-ի բաժնետերերի 35 միլիոն դոլարը՝ իրականացնելով ֆիլմի առաջին կրկնօրինակի մոնտաժը։ Նա լրիվ արժանի է հանգստի։
Բնօրինակ տեքստ (անգլ.)In exchange for top compensation and a considerable expense account, Mr. Joseph Mankiewicz has for two years spent his time, talent, and $35000000 of 20th Century–Fox’s shareholders’ money to direct and complete the first cut of the film Cleopatra. He has earned a well-deserved rest.
1962 թվականի դեկտեմբերին կրքերը մի փոքր հանգստացան։ Զանուքը խոստովանեց, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հայտնի ռեժիսորի հրապարակային ստորացում, և ներողություն խնդրեց։ Նա նույնիսկ Մանկևիչին հրավիրեց մնացած մարտական տեսարանների նկարահանումների համար և նույնիսկ ֆիլմին վերաբերող որոշ հարցերի շուրջ խորհրդակցում էր նրա հետ։ Զանուքի սևեռուն ուշադրության ներքո «Կլեոպատրա»-ի վերջնական մոնտաժն իրականացրեց Մանկևիչը[18]։
Ֆարսալոսի ճակատամարտի առանձին տեսարաններ նկարահանվեցին Իսպանիայում (Ալմերիա փոքրիկ քաղաքի մոտակայքում), իսկ այնուհետև՝ 1963 թվականի փետրվարին՝ Լոնդոնի արվարձանում։ Ըստ սկզբնական մտացվածքի՝ տեսարանը տրամաբանորեն իրար էր միացնում երկու գլխավոր հերոսներին։ Ճակատամարտից հետո Կեսարը պետք է հանդիպեր Անտոնիոսի հետ, բայց Ռիչարդ Բարթոնն արդեն զբաղված մեկ այլ ֆիլմում և ստիպված նրան փոխարինեցին Ռուֆիոնով (Մարտին Լանդաու)։ Ֆիլմի որոշիչ պահը կորցրեց իր հղումը։ Ընդհանուր առմամբ, հենց ճակատամարտը վերջնական մոնտաժային տարբերակում չկա. շտապելու արդյունքում ոչ մի հստակ կադր նկարահանել և մոնտաժել չհաջողվեց, չնայած դրա բեմադրման համար ծախսվել էր մոտավորապես 500 հազար դոլար։ Հանդիսատեսը տեսնում է միայն աճյունախարույկի ծուխը ավարտված ճակատամարտի դաշտի վրա[9]։ Հաշվի առնելով Զանուքի բոլոր շտկումները՝ վարձույթի համար ֆիլմի վերջնական տարբերակը կազմեց մոտավորապես 248 րոպե։ Մանկևիչն այս որոշումն ընդունեց խորը հիասթափությամբ՝ համարելով, որ ֆիլմի տևողությունը պետք է լիներ մոտավորապես 6 ժամ, և իր գաղափարներից շատերը կորսված են։ Հյում Քրոնինը և Ռոդդի Մաքդաուելը նույնպես հաստատակամ էին, որ մոնտաժի այս տարբերակում հանվել էին իրենց լավագույն տեսարանները[16]։
Էլիզաբեթ Թեյլոր և Ռիչարդ Բարթոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին Բարթոնն արդեն 12 տարի ամուսնացած էր Սիբիլ Բարթոնի հետ և մեծացնում էր երկու դստրերին։ Չնայած դրան՝ Բարթոնը հայտնի էր ֆիլմերի իր զուգընկերուհիների հետ մի շարք իրական և մտացածին սիրավեպերով։ 1959 թվականի մայիսից Թեյլորն ամուսնացած էր երաժիշտ Էդդի Ֆիշերի հետ։ Բարթոնը նախկինում նկարահանման հրապարակում չէր հանդիպել Թեյլորի հետ և այն կարծիքին էր, որ վերջինս այն անտաղանդ դերասանուհիներից է, որոնք հաջողության են հասել միմիայն արտաքինի շնորհիվ։ Նկարահանման հրապարակում մինչ որոշակի պահը Բարթոնը չէր շփվում դերասանուհու հետ և նրա հետևից անվայելուչ կատակներ էր անում[17][22]։ Ամեն ինչ փոխվեց մերձեցման առաջին իսկ տեսարանից հետո՝ 1962 թվականի հունվարի 22-ին։ Բարթոնն այդ օրը նկարահանման հրապարակում հայտնվեց ուժեղ խումարից հետո։ Էլիզաբեթը, նկատելով դողացող ձեռքերը, նրան մի գավաթ սուրճ բերեց։ Ականատեսները հիշում էին, թե ինչպես նրանց արանքով «անցավ էլեկտրական լիցք»։ Քիչ ժամանակ չպահանջվեց, որպեսզի Ռիչարդն ու Էլիզաբեթն ուշքի գային և կարողանային խաղալ տեսարանը։ «Նկարահանված է» հրահանգից հետո ռեժիսորը հեգնաբար դիմեց դերասաններին. «Ես ձեզ չե՞մ խանգարում»[14]։ Հռոմ հերթական այցելության ժամանակ Մանկևիչը Վանգերին մի կողմ տարավ և մտահոգ ասաց պրոդյուսերին. «Ես նստած եմ հրաբուխի վրա… Լիզն ու Բարթոնն արդեն ուղղակի Անտոնիոս և Կլեոպատրա չեն խաղում[18]։
Աշխատանքային մթնոլորտն ու բարոյական կլիման նկարահանման հրապարակում կազմակերպչական խոչընդոտների հետևանքով առանց այն էլ թույլ էին, իսկ ամուսնական անհավատարմությունից հետո պորդյուսերն ու ռեժիսորը դժվարությամբ էին կարգուկանոն պահպանում ֆիլմի արտադրությունում։ Սիրեկանների առաջին համատեղ տեսարանից մի քանի օր անց Բարթոնը հայտնվեց տղամարդկանց դիմահարդարման սենյակում և ի լուր բոլորի հայտարարեց. «Պարոնա՛յք, ես հենց նոր իմ կադիլակի հետնատեղին կենակցեցի Էլիզաբեթ Թեյլորի հետ»[18]։ Կատարված կոծկելու փորձերն ապարդյուն էին։ Սկանդալը շարունակական դադարներ առաջ բերեց նկարահանումների ժամանակ։ 1962 թվական փետրվարին, երբ Ռիչարդ Բարթոնը ժամանակավորապես վերադարձավ կնոջ մոտ, Թեյլորին ստիպված էին շտապ հոսպիտալացնել քնաբերի չարաշահման հետևանքով[29]։ Հիվանդանոցում դերասանուհու մոտ հայտնաբերեցին նաև դեմքի վրա այտուցներ և կոտրված քիթ։ Նկարահանումները 22 օրով հետաձգվեցին։ Բարթոնի ավագ եղբայրը ժամանեց նկարահանման հրապարակ և փորձեց պաշտպանեց Սիբիլի պատիվը։ Եղբայրների միջև կռիվ տեղի ունեցավ, և ֆիլմի նկարահանումները հետաձգվեցին ևս մի քանի օրով[16]։
Այն պահից, երբ մամուլի էջեր թափանցեցին Թեյլորի հոնորարի չափի մասին տեղեկատվությունը և նախագիծն ուղեկցող հանկարծահաս փոփոխությունները, ապագա ֆիլմը պապարացիների ուշադրության պակաս չէր զգում։ Լրագրողները շրջապատել էին Թեյլորի հյուրանոցը, Cinnecita ստուդիան և Նյու Յորքում Fox-ի գրասենյակը։ Ամուսնական ամհավատարմության մասին տեղեկատվությունը դարձավ 1962 թվականի հոլիվուդյան ամենաուժեղ սկանդալներից մեկը։ Որոշ պարբերականներ նույնիսկ սկսեցին հեգնաբար ֆիլմն անվանել Lizpatra: Քոմո Փերրիի հանրահայտ հեռուստատեսային շոուի ժամանակ եթեր հեռարձակվեց հոլովակ, որը ծաղրում էր նկարահանումների աբսուրդային իրավիճակը և կրքոտ սիրավեպը[30]։ Երբ 1962 թվականին ամերիկյան շուկայի համար նախապատրաստվում էին ֆիլմի ազդագրերը, նկարիչ Սեյմուր Պոն նույնիսկ որոշեց դրանց վրա չհիշատակել դերասանների անունները. հանրությունն այնքան լավ գիտեր նրանց, որ դա ավելորդ էր[16]։
Ֆիլմն այնպիսինն էր, որ չէր կարող չազդել մեր ճակատագրերի վրա… և սա միակ սիրավեպը չէր նկարահանումների ժամանակ։
— Ժան Մարշ [25]
Պատճառներից մեկը, որ աստվածաշնչյան և անտիկ թեմաների սյուժերը նման բարձր հանրաճանաչություն ունեին, քաղաքական և սոցիալական առումներով չեզոք էին և ավելի քիչ էին ենթարկվում բարոյականության պահապանների հարձակումներին։ Չնայած «Կլեոպատրա»-ն նկարահանվում էր ստուդիական համակարգի օրենքներով, բայց այն, ինչ տեղի էր ունենում նկարահանումների ժամանակ, խախտում էր ժանրի բոլոր չգրված օրենքները։ Բարոյականության խիստ չափանիշները, կինոստուդիայի վերահսկողությունն արդեն չէին կասեցնում կատարվելիքը։ Կինոարտադրության գործընթացը հիմա ավելի շատ կախված էր նոր կինոյի աստղերի քմահաճույքներից և փոփոխական բնավորությունից։ Կինոգետ Այրա Հոցինգը նկարահանումների ժամանակ Բարթոնի և Թեյլորի սիրավեպը նկարագրում է որպես «սցենարում չգրված, կտրուկ միջամտում հոլիվուդյան ստուդիական համակարգի խիստ վերահսկվող աշխարհում»[31]։ Ֆիլմի նկարահանումների տեղափոխումը Եվրոպա, մասնավորապես՝ Իտալիա, որտեղ ծնվել է «պապարացի» ֆենոմենը, իր գործը ևս արեց։ Առաջին անգամ իրական կյանքի պատմությունն այնքան խառնվեց արտադրության մեջ, որ էականորեն փոխեց հանդիսատեսների՝ ֆիլմն ընկալելու վրա՝ մասնակիորեն մթագնելով սյուժեն[26]։
Էլիզաբեթ Թեյլորի անձնական դրաման մեծապես կրկնում էր իր կերտած հերոսուհու կյանքի դրաման[14]։ Պատմությունն ավարտվեց արդեն ֆիլմի նկարահանումների ավարտից հետո՝ նախկին ամուսինների ամուսնալուծությամբ և 1964 թվականին Բարթոնի և Թեյլորի ամուսնությամբ[12]։ 2012 թվականին Ուոլթեր Ջեսսը (en) հրատարակեց «Հիասքանչ ավերակներ» վեպը՝ նվիրված Իտալիայում 1962 թվականին՝ «Կլեոպատրա»-յի նկարահանումների ժամանակ Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի սիրավեպին[32]։
Բյուջե և վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիայի ղեկավարությունը կարծում էր, որ Բարթոնի և Թեյլորի սկանդալային սիրավեպը կարող էր ոչ բարենպաստ ազդեցություն ունենալ ֆիլմի վարձութային ճակատագրի վրա[16]։ Այսպես, 1962 թվականի ապրիլին Վատիկանի պաշտոնական հրատարակությունը՝ «Osservatore della domenica»-ն, քննադատության ենթարկեց դեռ անավարտ ֆիլմը բարոյականության չափից դուրս ազատության համար թե՛ էկրանին, թե՛ հետնաբեմում[7]։ 1962 թվականի մայիսին կոնգրեսական Այրիս Բլիթչը (en) միջնորդությամբ դիմեց ԱՄՆ-ի գլխավոր դատախազին, որպեսզի արգելեր սկանդալային զույգի մուտքը ԱՄՆ, քանի որ Թեյլորն «արտերկրում ցածրացրել էր ամերիկյան կնոջ հեղինակությունը»[31]։ Բայց մտահոգություններն իզուր էին. «Կլեոպատրա»-ն դարձավ տարվա ամենասպասված պրեմիերան [28]։
Ֆիլմի հանրաճանաչությանը նպաստեց հզոր մարքեթինգային արշավը, որի շրջանակներում ԱՄՆ 75 խոշորագույն թերթեր, հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ ներգրավված էին ֆիլմի գովազդում[10]։ 1963 թվականի մարտին Fox-ի փոխնախագահ Սեյմուր Պոն 17 երկրների ներկայացուցիչների հետ հատուկ համաժողով անցկացրեց, որպեսզի միավորեին ջանքերը ֆիլմի մարքեթինգը կազմակերպելու համար[33]։ «Կլեոպատրա»-ի ելքը վարձույթը գրավեց ԱՄՆ-ի կինոթատրոնների ցանցերի և ամբողջ աշխարհի բարձրագույն ուշադրությունը[10]։ Չխանգարեց նաև այն, որ որոշ կինոկենտրոններում տերեը ստիպված էին 70մմ ժապավենի համար նախատեսված վարձութային սարքավորումների տեղադրման լրացուցիչ ծախսերի գնալ[10]։ Որոշվեց, որ ֆիլմը կթողարկվի Roadshow (en) համակարգով։ Նախապես գնված տոմսերից շահույթը կազմեց 20 միլիոն դոլար, որն աննախադեպ Fox ընկերության համար[10]։ Ֆիլմի տոմսերի արժեքը հասավ 5,50 դոլարի, որը եռակի գերազանցում էր սովորական գինը։ «Կլեոպատրա»-ի դեպքում կինոընկերությունը պայմանավորվեց տոմսերի վաճառքի իր հասույթի 70 %-ի շուրջ, երբ այն ժամանակ կինոթատրոնների ցանցերը և կինոստուդիաները եկամուտները հավասար էին կիսում[26]։
Համաշխարհային պրեմիերան կայացավ 1963 թվականի հունիսի 11-ին Նյու Յորքի Rivoli կինոթատրոնում։ Առաջին ցուցադրությանը ներկա էին Դերիլ Զանուքը, Ջոզեֆ Մանկևիչը և Ռեքս Հարիսոնը։ Բարթոնն ու Թեյլորը չեկան։ Հարցազրույցում դերասանուհին խոսում էր այն մասին, որ ինքն այնքան էլ շահագրգռված չի ֆիլմը դիտել[18]։ Ազդեցիկ քննադատ Բոսլի Քրոութերի առաջարկով ամերիկյան վարձույթում ֆիլմը ցուցադրվում էր ավելի կրճատված տարբերակով՝ 217 րոպե։ Թողարկվեց նաև 192 րոպե տևողությամբ մոնտաժային տարբերակ[16]։
ԱՄՆ-ի սահմաններից դուրս վարձույթը ևս բավականին հաջող էր։ 1963 թվականին ֆիլմը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենադրամարկղային ֆիլմը[20]։ Ֆիլմի պրեմիերան անցնում էր լավագույն եվրոպական կինոթատրոններում՝ Դոմինիոն (Լոնդոն), Գրան-Ռեքս ((Փարիզ)), Delphi Film Theatre (en) (Բեռլին)[33]։ Վանգերը լավատեսորեն կարծում էր, որ համաշխարհային վարձույթը կգերազանցի 100 միլիոն դոլարը, բայց այդպես չեղավ։ 1966 թվականի ընդհանուր եկամուտը կազմեց 38 միլիոն դոլար, որից 23,5 միլիոնը բաժին էր հասնում ԱՄՆ-ի ներքին վարձույթին։ Ֆիլմը բարձր ֆինանսական արդյունքներ ցուցադրեց roadshow համակարգի համար։ Օրինակ, Rivoli կինոթատրոնում ֆիլմի ցուցադրությունը ծրագրում մնաց 63 շաբաթ շարունակ և բերեց 1 250 000 հազար եկամուտ։ Ցանկացած այլ ֆիլմի համար դա կլիներ գերազանց ցուցանիշ, բայց «Կլեոպատրա»-ն բարձր բյուջեի պատճառով ծախսերը չծածկեց։ «Կլեոպատրա»-ն պարտվեց « Երաժշտության ձայներ» ֆիլմին, որի դրամարկղային հասույթը 8 միլիոն բյուջեի դեպքում կազմեց ավելի քան 100 միլիոն դոլար[18]։ Ֆիլմը ծածկեց ծախսերը միայն 1967 թվականին։ 1966 թվականին ABC ընկերությունը 5 միլիոն դոլար վճարեց առաջին անգամ հեռուստատեսային եթերում ֆիլմը ցուցադրելու իրավունքի համար[10][10]։ Առաջին անգամ ABC ալիքով ֆիլմը ցուցադրվեց 1972 թվականի փետրվարի 13-ին և Նիլսենի վարկանիշով ստացավ 24,5 ցուցանիշը[10]։
«Կլեոպատրա» ֆիլմը 1963 թվականի դրությամբ դարձավ ֆիլմերի պատմության մեջ ամենաթանկարժեքը և համարվում է կինեմատոգրաֆիա պատմության մեջ ամենամեծ ֆինանսական անհաջողություններից մեկը[10]։ Կինոընկերության տվյալներով ֆիլմի ընդհանուր բյւոջեն կազմեց 44 միլիոն դոլար, որոնցից 31 115 000 դոլարն անմիջական ֆիլմի արտադրության վրա ծախսված գումարն է, իսկ մնացած գումարը բաժին հասավ գովազդին, կրկնօրինակների տպմանը և ժապավենի բաշխմանը։ Այդ գումարի մեջ չի մտնում նաև 5 միլիոն դոլարը, որն ուղղակի կորավ 1960-1961 թվականներին Անգլիայում անհաջող սկզբի պատճառով[13]։ Այդ ռեկորդը գերազանցվեց միայն 1980 թվականին 220 րոպեանոց «Դրախտի դարպասներ» ֆիլմով[20]։ Ըստ Forbes-ի գնահատականի՝ «Կլեոպատրա»-ն համարվում է կինեմատոգրաֆիայի ամենաթանկարժեք ֆիլմը։ 2006 թվականին նրա արտադրության վրա ծախսված գումարը համարժեք կլիներ 290 միլիոն դոլարի[34]։
Բայց Fox-ի ներկայացուցիչ Քեննեթ Քեյսթն այն կարծիքին էր, որ «Կլեոպատրա»-ն խոշորագույն դրամարկղային անհաջողության կոչումն անարդարացի է կրում։ Վերջիվերջո, այն նույնիսկ ընկերությանը եկամուտ բերեց, իսկ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք էին «Հելլո, Դոլլի»-ն և «Թորա, Թորա, Թորա»-ն բացի վնասից այլ բան ընկերությանն իրենց հետևից չթողեցին, թեկուզ հանրության մոտ որպես հուշ չպահպանվեցին այն աստիճան, ինչպես «Կլեոպատրա»-ն[10][34]։
Բնութագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվածք և խորհրդապատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագետները շատ հաճախ 1963 թվականի ֆիլմն անվանում են 1917 և 1934 թվականների «Կլեոպատրա» ֆիլմերի ռիմեյքը[35][7]։ Դրանք շատ բաներով նման են։ Սյուժեն կառուցվում է նման տեսարաններին վրա շեշտադրումով. Կեսարի հետ հանդիպում, Հռոմ այցելություն, Մարկոս Անտոնիոսի հետ նավի վրա հանդիպում, մահ օձի խայթոցից։ Նախորդ ֆիլմերը նույնպես նկարահանված էին իրենց ժամանակի համար լուրջ բյուջեներով և թանկարժեք դերասանական կազմով։ Հիմնական տարբերությունը Կլեոպատրայի կյանքի երկու շրջանների մեկնաբանությունն է։ 1917 և 1934 թվականների ֆիլմերը ոճապես միատարր են, ինչը բնորոշ չէ 1963 թվականի ֆիլմին[7][35]։
Նախևառաջ ֆիլմի ստեղծողները գերի դարձան վիճելի ստեղծագործական մտքի, երբ Մանկևիչի ղեկավարությամբ ֆիլմը նկարահանվում էր երկու առանձին մասերով։ Հետարտադրական և մոնտաժի փուլերում դա շտկելն անիրատեսական էր։ Արտադրության ընթացքում նույնիսկ դիտարկվում էր ամեն ինչ ավարտել միայն առաջին մասով, բայց անհնար էր տրամաբանորեն ավարտել պատմությունը Կեսարի մահից հետո Հռոմից Կլեոպատրայի փախուստով. գործողությունն անավարտ էր մնում։ Երկու այդքան իրարից տարբեր մասերից մի ամբողջական ֆիլմի կառուցվածքը հակասում էր կինեմատոգրաֆիայի բոլոր կանոններին։ Գուցե տեղին կլիներ պատմությունները ներկայացնել մեկը մյուսում (նմանօրինակ մոտեցման օրինակ էին «Անհանդուրժողականություն», «Կնքահայրը 2», «Կամուրջ Քվայ գետի վրայով» ֆիլմերը), բայց արդեն տեխնիկապես շատ բարդ էր նման բան իրականացնել։ Արդյունքում կառուցվածքը մեծ մասամբ պահպանեց Մանկևիչի տեսլականը[16]։
Պատմությունը սկսվում է Եգիպտոսից հեռու, և աստիճանաբար սյուժեի զարգացումը հերոսներին բերում է Ալեքսանդրիա։ Առաջին անգամ գլխավոր հերոսուհին էկրանին հայտնվում է ֆիլմի 19-րդ րոպեին[7]։ Հռոմեական կայսրության և Եգիպտոսի միջև փոխհարաբերությունները այլաբանորեն ներկայացված են տղամարդու և կնոջ միջև հարաբերությունների տեսանկյունից։ Ֆիլմում գերակշռում է մելոդրամատիկ և ռոմանտիկ կողմը։ Ֆիլմի իրադարձությունները ցուցադրվում և մեկնաբանվում են Կլեոպատրայի «աչքերով», հանդիսատեսը ստանում է իրադարձությունների յուրովի կանացի գնահատական։ Շատ հաճախ Կլեոպատրան թաքուն դիտում է իրադարձությունները (առաջին մասում բնորոշ են իր պալատում թաքուն նայելու տեսարաններ)։ Նա կին է, և հետաքրքրասիրությունը բնորոշ է նրան։ Ֆիլմի պատմողական շարքից առաջին հայացքից դուրս է մնում Կեսարի սպանության տեսարանը, քանի ստեղծողները ոչ այնքան պարզ են պատճառաբանում դավադիրների գործողությունները։ Մանկևիչի ֆիլմում Կեսարի սպանության իրական դրդապատճառը հիմնականում կադրից դուրս է մնում, քանի որ Կլեոպատրան չէր տեսնում բոլոր հանգամանքները և կարող է միայն անուղղակի դատել պատճառների մասին։ Եթե Մանկևիչի 1953 թվականին նկարահանած սև-սպիտակ «Հուլիոս Կեսար» ֆիլմում իրադարձութունների մեկնությունը մատուցվում է տղամարդու տեսանկյունից՝ Բրուտոսի «աչքերով», ապա 1963 թվականի ֆիլմում ամեն ինչ այլ կերպ է։ Կլեոպատրան դատում է կատարվածի մասին կրակով գուշակության միջոցով (հատուկ էֆֆեկտների կիրառության սակավաթիվ տեսարաններից մեկը)[35]։ Ֆիլմը հաճախ հանդիսատեսի կողմից հիշվում է մարտերի տեսարանների շնորհիվ։ Ըստ էության, ֆիլմում ամբողջովին ներկայացված է միայն մեկ մարտի տեսարան՝ Ակտիումի ծովամարտը, որն է ավարտվում է ծավամարտի տարածքից Կլեոպատրայի անսպասելի փախուստով, որը նույնպես խոսում է ֆիլմում կանացի տեսանկյան մասին[8][36]։
Կլեոպատան՝ որպես քաղաքական գործիչ, իր հզորությունն ավելացնում է Կեսարի հետ հարաբերությունների հաշվին։ Հռոմի դիկտատորին չի կասեցնում նահապետական այն տեսակետը, որ կինը չի կարող լինել պետության առաջնորդ, կարևոր է այն, որ Կլեոպատրան կարող է հասնել Կեսարի համար իրադարձությունների ցանկալի զարգացման։ Կեսարն առանց վարանելու Կեսարիոնին ճանաչում է իր որդի. սա ձեռնտու է նրան։ Ընդհանուր առմամբ գլխավոր հերոսները զերծ չեն թերություններից։ Կլեոպատրան պատրաստ է ամեն գնով պայքարել իշխանության համար, նույնիսկ իր եղբոր կյանքի գնով։ Կեսարն անսպասելի թուլություն է ցուցաբերում էպիլեպտիկ նոպայի ժամանակ։ Այս թուլությունները հանգեցնում են նրան, որ Կեսարի և Կլեոպատրայի հարաբերությունները բնականոն կերպով անցնում են սիրային ոլորտ այն մարտադաշտում, որտեղ Կլեոպատրան ուներ անհերքելի առավելություն[12]։
Իր թուլությունները ուժեղ կողմերի վերածելու կարողություն ունեցող Կլեոպատրա քաղաքական գործչի ունակությունները ցուցադրող վճռական տեսարանը դառնում է նրա հանդիսավոր ժամանումը Հռոմ։ Ամբոխի հիացական բացականչությունների ներքո եգիպտական դշխուհին իջնում է Սֆինքսի բարձունքից և խոնարհվում է Հռոմի դիկտատորի առջև։ Մոտենալով Կեսարին՝ Կլեոպատրան անսպասելի աչքով է անում՝ հանդիսատեսին վերադարձնելով ֆիլմի սկիզբ, որտեղ նա ստիպեց ծունկի իջնել իր առջև և դարձավ նրան հավասար և գուցե նրանից ավելի բարձր[12]։ Այս ակնթարթային, բայց կարևոր տեսարանը, որն այդքան դժվարությամբ տրվեց ռեժիսորին, նույնպես տիպական է։ Մանկևիչի ֆիլմն ավելի մտերմիկ և ավելի մարդկային եղավ, քան դրան նախորդողները[27]։
Ռեժիսորը փորձեց երկու մասերն իրար միացնել նաև այլ հնարքներով։ Ֆիլմում կան մի քանի տեսարաններ, որոնք հայտնվում են նախ առաջին մասում, իսկ այնուհետև՝ երկրորդ մասում՝ յուրովի կրկնվող և վերաձևակերպվող։ Առաջին և երկրորդ մասերի սկիզբը մարտական տեսարաններ են։ Երկուսում էլ տեղ է գտել քաղաքացիական պատերազմը, և հռոմեացիները հաղթում են հռոմեացիներին, իսկ հանդիսատեսը հետևում է մարտերի ավարտին[8]։ Մյուս հայելային նման տեսարանը լողավազանում լողալն է։ Սկզբում լողավազանում մերկ Կլեոպատրան է, որը մտախոհ խաղալիք նավակն իջեցնում է ջրի վրա և մտածում, թե ինչպես դիմավորի իր նախկին սիրեկանին։ Մյուս տեսարանում լողավազանում հայտնվում է Մարկոս Անտոնիոսը։ Հայտնվելով կնոջ տեղում՝ նա միայն ընդգծում է իր անօգնական լինելը[12][25]։ Ֆիլմում իրար են նմանվում Կլեոպատրայի ու Կեսարի և Կլեոպատրայի և Մարկոս Անտոնիոսի մերձեցման տեսարանները։ Կեսարի հետ մտերմության տեսարանը լուծվել է դասական մելոդրամատիկական ճանապարհով։ Այլ կերպ են իրադարձությունները զարգանում մյուս վճռորոշ տեսարանում՝ ոսկե նավի վրա հանդիպումն ու խնջույքը։ Հարբած Անտոնիոսը նախ գայթակղվում է Կլեոպատրայի նմանակով (որին նույնպես խաղում է Թեյլորը), հետո նա ուշքի է գալիս և ճանապարհ է բացում դեպի իրական Կլեոպատրան. սրով պատռելով մահճակալի վարագույրը՝ ուժով տիրում է իր սիրեցյալին[38]։
Համեմատելով սկիզբն ու վերջը՝ Քեննեթ Գեյսթը երկրորդ մասն անվանեց շեքսպիրյան դրամայի պարզունակ նմանություն[9]։ Ընդհանուր առմամբ, երկրորդ մասն այն է, ինչ ուզում էր տեսնել հանդիսատեսը՝ Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի սիրավեպի էկրանավորումը անտիկ դեկորացիաներում[39]։ Այստեղ բացահայտ աչքի է զարնում տեղ-տեղ արված հապշտապ մոնտաժը և Թեյլորի ու Բարթոնի միջև չափազանց զգացմունքային հարաբերությունները։ Ի տարբերություն առաջին մասի, որտեղ սիրեկանների հարաբերությունները հիմնված էին փոխադարձ հարգանքի և քաղաքական շահերի վրա, երկրորդ մասը վերածվում է արհեստածին սեռերի դիմակայման։ Առաջին մասն ավելի ամբողջական է և ներառում է կերպարների ավելի խորքային վերլուծություն[30][12]։ Ռեքս Հարիսոնի և Թեյլորի միջև հարաբերություններն ավելի ներդաշնակ են կինեմատոգրաֆիայի տեսանկյունից[8]։ Անտոնիոսը, որին ըստ սյուժեի մշտապես համեմատում են Կեսարի հետ, հայտնվում է երկիմաստ իրավիճակում[9]։ Սերը վերածվում է խելահեղ կրքի, որը մթագնում է հերոսների ուղեղները։ Անտոնիոսն ու Կլեոպատրան մերձենալով ավելի շատ կորցնում են, քան շահում։ Ֆիլմի հանգուցալուծումը՝ եգիպտացիների բանակի աղետալի պարտությունը, անակնկալ չէ։ Եթե առաջին մասը ցուցաբերում է շարժում և գործողություն, ապա երկրորդ մասն անտարբեր է, իսկ դրական հերոսները զրկվում են նպատակից և նախաձեռնությունից։ Անտոնիոսը՝ որպես հերոս, միաչափ է և կանխատեսելի[12]։ Կլեոպատրան փորձում է իր ձեռքը վերցնել տղամարդկային պարտականությունները, բայց անհաջող։ Այստեղ նկատելի է ֆիլմի թուլություններից մեկը։ Իմաստը պատմել կնոջ մասին, որը պետք է դառնար տղամարդկանց աշխարհում ամենաուժեղը, մնում է անավարտ և խոցելի[12]։
Կլեոպատրայի կերպար
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա չնաշխարհիկ էր և փայլում էր պատանեկության չքնաղությամբ։ Նա ուներ հիասքանչ ձայն, նա կարողանում էր հմայիչ լինել բոլորի հետ։ Երանություն էր և՛ նայել նրան, և՛ լսել նրա խոսքը։ Նա կարող էր հեշտությամբ գրավել ցանկացած մարդու, նույնիսկ՝ ոչ երիտասարդ և սիրուց հագեցած տղամարդու։
Դիտողի առջև հառնում է Կլեոպատրայի բազմաշերտ և բարդ կերպարը՝ կրթված անձնավորություն, քաղաքական գործիչ, աշխարհաքաղաքացի, ռազմավար և կին՝ օժտված գեղեցիկ սեռին բնորոշ բարեմասնություններով։ Հարցազրույցներից մեկում նույնիսկ Մանկևիչը Կլեոպատրային համեմատեց Ջոն Քենեդու հետ[30]։ Ուոլթեր Վանգերը Էլիզաբեթ Թեյլորին համարում էր միակ կինը, որը կարողացավ համատեղել երիտասարդությունը, էներգիան և զգացմունքայնությունը[7]։ Թեյլորը, կերտելով էկրանային կերպար, հիմնականում առաջնորդվում էր 1945 թվականի ֆիլմում Վիվիեն Լիի կերտած Կլեոպատրայով։ Քննելով 1963 թվականի ֆիլմը՝ քննադատները նշեցին, որ սցենարային տեսնակյունից, ինչպես ոչ մյուս եգիտական թագուհիները, հենց դա է ամենաշատը համապատասխանում ոչ միայն զգացմունքային կնոջը, այլև այդքան բազմակողմանի անհատի։ Բազմակողմանի էր նաև Էլիզաբեթ Թեյլորի բնավորությունը. սեքս-խորհրդանիշ, սիրասուն մայր, անսփոփ այրի և «Օսկար»-ի դափնեկիր։ Ինչպես և իր հերոսուհին նա անթարթ նետվեց մի սիրային պատմության մեջ, որը վտանգի տակ դրեց 20th Century Fox կինոկայսրության ֆինանսական վիճակը։ Ընդհանուր առմամբ, արձագանքները, քննադատությունները բավականին հակասական էին[7][35]։
Նկարահանումների ընթացքում ռեժիսոր Մամուլյանը դիտարկում էր Կլեոպատայի կերպարը թխամորթ դերասանուհու հանձնելու հնարավորությունը։ Կլեոպատրայի մաշկի գույնի հարցը պատմաբանների շրջանում մնում է վիճելի, բայց կինոյի աշխարհում Կլեոպատրայի ձևավորված կերպարը սպիտակամաշկ է։ 1963 թվականի համար այդպիսի քայլը կլիներ չափազանց էկզոտիկ և հանդիսատեսի համար սովորական էր դարձել, որ հենց եվրոպոիդ ռասայի գեղեցկության պատկերացումների կրողն է գայթակղում հռոմեացի տղամարդկանց։ Սևամորթ էին Կլեոպատրայի որոշ աղախիններ, որպեսզի մասամբ ընդգծեին թագուհու ծագումը[35]։
Ֆիլմում առանձնակի տեղ ունեն և դերասանուհու ճիշտ ընտրված հագուստները (կամ դրանց բացակայությունը), որոնք առարակայացնում են դերի ևս մեկ ենթատեքստային շերտը։ Հռոմ այցելության տեսարանում Կլեոպատրան կրում է ոսկու հորձանք հիշեցնող շքեղ ոսկե հագուստ, որը մարմնավորում է աշխարհի մայրաքաղաքի յուրահատուկ գրավում։ Արքայական հանգստարաններում Կեսարի հետ հանդիպման տեսարանում Կլեոպատրան համարյա մերկ է, որը ակնարկ է Կեսարին, որ նա ոչ ճիշտ ժամանակին է եկել։ Անտոնիոսի հետ հրաժեշտի եզրափակիչ տեսարանում եգիպտուհին կրում է համեստ մոխրագույն տունիկա, համարյա կալանավորի կամ նվաճված մարդու հագուստ[7]։
Ֆիլմում աշխատանքի համար Թեյլորի հոնորարը դերասանների համար նոր ռեկորդ սահմանեց՝ ավելացնելով նրանց եկամուտները[7]։ Ֆիլմն էական ազդեցություն ունեցավ նորաձևության աշխարհի և կանացի գեղեցկության արդյունաբերության վրա։ «Կլեոպատրա»-ի էկրաններ բարձրանալուց հետո տարածվեց դիմահարդարման «եգիպտական» ոճը, որը նաև Էլիզաբեթ Թեյլորի յուրօրինակ առևտրային նշանը դարձավ[41][7]։ Ֆիլմի զգեստներն անտիկ նորաձևության նմանակման միտում ստեղծեցին։ Ամերիկյան Redbook (en) պարբերականի կարծիքով՝ Կլեոպատրայի հագուստները մտնում են բոլոր ժամանակների նորաձևության մշակույթի խորհրդանիշերի շարքը։ 1963 թվականին Revlon ընկերությունը «Կլեոպատրա»-ի ազդեցությամբ թողարկեց կանացի աքսեսուարների շարք[21]։ Մոդելավորող Թիմ Գաննն իր նորաձևության Աստվածաշնչում օգտագործել է «Կլեոպատրայի զգեստներ» հասկացությունը, որոնք երկար ուրվապատկերով էին, ընդգծված գոտկատեղով և կրծքով՝ որպես օրինակ բերելով 1963 թվականի ֆիլմի զգեստները[42][43]։
Պատմական հավաստիություն և աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի վերջնական տարբերակում նկատելի է սցենարի հեղինակների ջանադիր աշխատանքը լուրջ պատմական աղբյուրների հետ։ Համարյա նույն շրջանում թողարկված «Սպարտակ», «Բեն Հուր», «Հռոմեական կայսրության անկումը» պեպլումներն իրենցից ավելի շատ ներկայացնում էին գեղարվեստական հնարանք՝ միայն որոշ չափով հիմնվելով պատմության վրա։ Ընդհանուր առմամբ, սյուժեի ընդհանուր շարադրմամբ ֆիլմը ստացվեց բավականին տակտով՝ հնագույն պատմության մասին ժամանակակից պատկերացումներին համապատասխան[20][44]։ Guardian-ի մեկնաբանը պատմական հավաստիությանը լուրջ գնահատական տվեց, որը լավ գնահատական կարելի է համարել պեպլումների համար[45]։ Ֆիլմում առկա են որոշակի կամայականություններ և յուրովի պատմության վերաձևակերպումներ, որոնք անխուսափելի հայտնվել են խաղարկային ֆիլմերի սցենարներում։ Անհայտ է՝ արդյոք եգիպտական թագուհուն նման շքեղ ընդունելություն ցուցաբերեցին մայրաքաղաքում կամ արդյոք նա Կեսարի վիլլայում հյուրեր է ընդունել[6]։ Դե Միլյայի 1934 թվականի ֆիլմում Կլեոպատրայի այցը Հռոմ ներկայացված է ավելի համեստ և առանց արքայական գահույքի, իսկ քաղաք մուտք գործելուց հետևում էր Կեսարի մարտակառքին։ Ըստ պատմաբաններ Մայքլ Գրանտի (en) և Էրիխ Գրուենի (en) Կլեոպատրայի այցը Հռոմ սովորական երևույթ էր, չնայած Կեսարի վիլլայում երկատև ապրելը հաստատված փաստ է[7][46]։ Անհայտ են Տարսոնում Կլեոպատրայի նավի վրա Մարկոս Անտոնիոսի ժամանման մանրամասները, բայց անտիկ պատմիչները հիշատակում են զեխությունների մասին, որոնց տրվում էր այնտեղ հռոմեացին։ Նավի կարմիր առագաստները, շքեղ հարդարանքը և երաժիշտները հիշատակվում են Պլուտարքոսի մոտ[25][47]։ Ակտիումի ծավամարտի ջրային տարածքից Կլեոպատրայի շուտափույթ փախուստը կարող է տարօրինակ թվալ դիտողին, բայց տեղի ունեցածի իմաստը համընկնում է իրադարձությունների ժամանակագրությանը։ Կեսարի էպիլեպտիկ նոպաները ևս քաղված են Սվետոնիուսի վկայություններից[45]։
Կեսարի Ալեքսանդրիա գալուստի իրադարձությունները մի փոքր տարբերվում են ժամանակակից պատմաբանների պատկերացումներից։ Ֆիլմում ցուցադրված է, որ Կեսարի ոչ մեծ զորախմբով վստահ կարողացավ հանդարտեցնել ապստամբած քաղաքացիներինԽ Ըստ Ալեքսանդր Կրավչուկի՝ Կեսարի զորախումբը շատ փոքրաթիվ էր, որպեսզի հակադարձեր հարվածը Ալեքսանդրիայի պաշարման ժամանակ (մ.թ.ա.. 47 թվական)։ Վճռական պահին Կեսարը դուրս եկավ ապստամբների մոտ, և նրանք նահանջեցին՝ չհամարձակվելով հարձակվել երևելի հռոմեացու վրա[40]։
Ֆիլմի դերասանների առանձին վերջնաբառեր ուղղակի վերցված են անտիկ աղբյուրներից։ Օրինակ՝ ֆիլմի ավարտին հերոսների խոսքերը.
- Soldier: Was this well done of your lady?
- Servant: Very well done as befitted the descendant of so many kings
- Թագուհիներին վայել չէ նման կերպ հեռանալ կյանքից։
- Նա հեռացավ այնպես, ինչպես վայել էր իշխող աստվածների ցեղի ամենագեղեցիկին և ամենաարժանավորին կանացից։
Ֆիլմում իրենց արտացոլումն են գտել իրադարձություններ, որոնք լեգենդ են, չնայած լեգենդ են դարձել դեռևս անտիկ ժամանակներում։ Մասնավորապես Կլեոպատրայի այցելությունը Կեսարի մոտ գորգի մեջ[7]։ Այս լեգենդը հենց այդպես էլ ներկայացնում է Պլուտարքոսը, սակայն նրա մոտ հիշատակվում է ոչ թե գորգ, այլ «անկողնու համար պարկ»[48]։ Ֆիլմի ստեղծողները որոշ լեգենդներով չտարվեցին. Կլեոպատրայի սիրեկանների պարբերական սպանություններ[7]։ Ընդհանուր առմամբ, Կլեոպատրայի սեքսուալ սանձարձակությունը խաղացվեց Կեսարի դեմ մերկության տեսարանով և 60-ական թվականների սկզբների բարոյական նորմերին համապատասխան[35]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կլեոպատրա» ֆիլմում երաժշտության վրա աշխատանքը Ալեքս Նորթից պահանջեց մոտավորապես մեկ տարի։ Ֆիլմի երևելի տևողությանը զուգընթաց՝ նա ստեղծեց մոտավորապես երեք ու կես տևողությամբ նյութ։ Նորթը ոգեշնչվում էր այն նույն մոտիվներով, ինչ նախկին աշխատանքներում՝ «Սպարտակ»-ում և «Տրամվայ «Ցանկություն»»-ում[8]։ Սաունդթրեքն իրենից ներկայացնում էր հնամենության և նորարարության մոտիվների համադրություն, և առանձնակի ուշադրություն էր դարձված ուղեկցման ռիթմիկ բաղադրիչի վրա։ Գործողությունների ժամանակն ու տեղն ընդգծվում է մոդալ կառուցվածքի ընտրությամբ, և հատկապես փռյուգիական լադի։ Երգահանը խիզախորեն փորձարկում է նվագարանների անսովոր համադրություններով՝ մի տեղ գործածելով սիստրում, կրոտալոսներ, գամելան, զանգակներ և կոչնազանգ։ Կլեոպատրայի Հռոմ այցի ուղեկցող հարուստ նվագախմբային թեմայում կարելի է լսել նվագարանների բացառիկ համադրություն. հնչում են սաքսոֆոնների ընտանիքի բոլոր յոթ ներկայացուցիչները՝ սոպրանինո, սոպրանո, ալտ-սաքսոֆոն, տենոր, բարիտոն, բաս և կոնտրաբաս (մեղեդի Egyptian bolero)[38][49]:
Երեք գլխավոր հերոսներից յուրաքանչյուրը, ըստ 1960-ական թվականների ընդունված մոտեցման, ուներ երաժշտության իր բաժինը, իրեն ճանաչելու ձայնային դիմանկարը։ Կլեոպատրայի թեման հնչում է ֆիլմի նախերգանքում[38]։ Անցումը ցիմբալներին և բարձր ձայնասահմանում հնչող ֆլեյտաներին հաղորդում է պերճաշուքության և խրոխտության երանգներ, չնայած Կլեոպատրայի թեման հնչում է մինորում։ Այս թեման է ուղեկցում նաև ֆիլմի ողբերգական ավարտը։ Հանրահայտ դիսոնանսային մոտիվները հնչում են Մարկոս Անտոնիոսի՝ թագավորական նավի վրա զեխության՝ բարդ գործիքավորված տեսարանում։ Դրանում հրաշալի տարբերակվում է խնջույքի ժամանակ նվագող անտիկ երաժիշտների համար գրված երաժշտությունը։ Երգահանը նրանց համար ստեղծել է պարզ եռակորդներում հնչող երաժշտություն՝ չօգտագործելով ժամանակակից երաժշտությանը հատուկ ավելի բարդ հարմոնիա։ Միաժամանակ Անտոնիոսի թեման գրված է 20-րդ դարի նորաձևությանը համահունչ. դիսոնանսում հնչող կլաստերային ակորդներ[38]։ Տվյալ տեսարանում կարելի է նկատել ուղղակի հետևում Պլուտարքոսին, քանի որ նա մեկնաբանություն ունի, որ նավի վրա հնչում էին ֆլեյտաներ, թութակներ և տավիղներ. հենց այդ գործիքներն էլ կիրառել է Նորթը[25]։
Քննադատներն ըստ արժանվույն երգահանի աշխատանքը գնահատեցին առավել պրոֆեսիոնալ, չնայած ռոմանտիկ սկիզբը թվում էր ավելի դեկորատիվ, քան իրական դրամատիկ[49]։ Ֆիլմի սաունդթրեքը առուծախի առարկա դարձավ դեռևս ֆիլմի էկրաններ բարձրանալուց առաջ, և Billboard պարբերականը նրա հեղինակային իրավունքները գնահատում էր ռեկորդային 500 հազար դոլար[50]։ LP-ի վրա ֆիլմի երաժշտությունը թողարկվեց 1963 թվականի օգոստոսին՝ EMI լեյբլով։ Առանձին թեմաներ թողարկվեցին որպես սինգլներ։ Վերականգնումից և վերայուրացումից հետո առաջին անգամ թողարկվեց 2001 թվականին։ Դա ներառում էր սաունդթրեքի ավելի ամբողջական տարբերակը՝ երկու խտասկավառակով, երկուս ու կես ժամ տևողությամբ[51]։
Գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի արժանիքների և թերությունների մասին քննարկումները սկսվեցին ֆիլմի՝ էկրաններ բարձրանալուց շատ առաջ։ Life-ը հավասարակշռված դրական գրախոսական գրեց դեռևս 1963 թվականի ապրիլին[28]։ Չարլի Չապլինը, գնահատելով ֆիլմը, նշեց, որ արտադրությանը շրջապատած բոլոր սկանդալներից հետո նա սպասում էր վատագույնին, չնայած ֆիլմը եղավ անսպասելի լավը[10]։ Վերջնական գնահատականը բազմազան էր։ Որպես հիմնական թերություն քննադատների մեծամասնությունը նշում էր ֆիլմի երկու մասերի միջև եղած անհամաձայնությունը և ոճական անհավասարակշռությունը։ Համատեղ պատմական ֆիլմն ու մելոդրաման, չնայած Զանուքի բոլոր ջանքերին, չհաջողվեց։ Անհնար է չնկատել առանձին սյուժետային գծերի խրթին և անհասկանալի լինելը։ Նույնիսկ ռեժիսորի բոլոր փորձերին նկարահանել պատմական արժանահավատ ֆիլմ, որոշ սյուժետային անցումներ ամբողջովին պարզ չեն դիտողին։ Օրինակ՝ կադրից դուրս է մնացել Գնեոս Պոմպեոսը, որը, ըստ տրամաբանության, կարևոր դեր էր խաղում իրադարձությունների զարգացումներում։ Սյուժեում տրամաբանորեն դժվար է հիմնավորել Հուլիոս Կեսարի սպանությունը, նույնպես ամբողջովին պարզ չեն Անտոնիոսի օգնական Ռուֆիոսի սպանության պատճառները[20][9]։ Saturday Review (en) թերթի գրախոսը նշեց, որ ֆիլմի ստեղծողները կարողացել էին տապալել ֆիլմի երկու կարևոր տեսարանները՝ Կլեոպատրայի ժամանումը Հռոմ և Մարկոս Անտոնիոսի հանդիպումը արքայական նավի վրա[10]։ Ջուդիթ Քրիստը ֆիլմը ենթարկեց ջախջախիչ քննադատության՝ New York Herald Tribune-ում իր հոդվածն ավարտելով «սարը մուկ ծնեց» խոսքերով։ Քրիստի առավել քննադատությանն արժանացան հերոսների երկխոսությունները, որոնք նա անվանեց փքուն և անտաղանդ[52]։ Սերգեյ Յուտկևիչը բավականին զուսպ արտահայտվեց ֆիլմի արժանիքների մասին։ Ընդհանուր առմամբ Մանկևիչի մասին ոչ այնքան բարձր կարծիք ունենալով՝ նա «Կլեոպատրա»-ն անվանեց չափից դուրս շքեղաշուք աշխատանք, որը ևս մեկ անգամ ապացուցում էր Մանկևիչի տաղանդի սահմանափակ լինելը[53]։ Գլեն Էրիքսոնը (DVD Savant ռեսուրս) որպես ամենամեծ թերություն նշեց ֆիլմի տեսողական շարքում ամբողջականության բացակայությունը[54]։ Այստեղ կարելի է նկատել, որ ռեժիսորին հոգեհարազատ չեն լայնածավալ նկարահանումները, և ավելի շատ ձգում է տեսարանի կինոխցիկային բեմադրությունը[52]։ Մոտ պլանից հեռու պլանի հաճախակի անցումները կարելի է վերագրել իր ժամանակի ոճին, բայց տեսարանների չափից ավելի լուսավորությունը խանգարում է հանդիսատեսին ամբողջովին վայելել գույների և կիսատոների խաղը[54]։
Արժանիքների թվում մասնագետները ամենից առաջ առանձնացրեցին տեսողական բաղադրիչը։ Ֆիլմը բարձր գնահատականի արժանացավ իր ժամանակի ամենահեղինակավոր մասնագետներից մեկի՝ New York Times-ի թղթակցի՝ Բոսլի Քրոութերի կողմից։ Անտիկ աղբյուրների վրա սցենարի հեղինակների ջանասիրաբար աշխատանքը հանկարծակի համադրվում է շատ արդի հնչողության հետ, որը մոտ է 20-րդ դարի հանդիսատեսին։ Քննադատը խորհուրդ տվեց հանդիսատեսին մոռանալ այն բարդությունները, որոնց պայմաններում ծնվեց ֆիլմը, և ամբողջովին հաճույք ստանալ հիասքանչ տեսարանից և նուրբ սցենարից։ Ֆիլմն անվանելով Մանկևիչի «ազդեցիկ հաջողությունը»՝ քննադատը նշեց, որ ինքն իսկական զգայական հաղորդակցում է զգացել ֆիլմի կերպարների հետ[44]։ Դերեք Էլլին բարձր կարծիք հայտնեց ֆիլմի տեսողական բաղադրիչի վերաբերյալ՝ անվանելով այն գնահատողների համար իսկական խնջույք և բեմադրող նկարիչի աշխատանքի օրինակ[55]։
Դերասանական խաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատները շատ հակասական ընդունեցին Էլիզաբեթ Թեյլորի խաղը։ 1960-ական թվականներին խաղացած դերերը «Բաթլֆիլդ 8» և «Կլեոպատրա» ֆիլմերում Էլիզաբեթ Թեյլորի կարիերայում նոր շրջան բացեցին։ Եթե նա առաջ հասարակության առջև հանդես էր գալիս որպես սեքս-խորհրդանիշ՝ նմանակելով Մերիլին Մոնրոյին, ապա 30-ամյակի շեմին դերասանուհին իր համար փնտրում էր ավելի բարդ կերպարներ[30]։ Քննադատ Ֆիլիպ Հարթունգը, արժանին մատուցելով Էլիզաբեթ Թեյլորի արտաքին տեսքին, բարձր չարտահայտվեց նրա կատարողական վարպետության մասին։ Կլեոպատրայի կերպարը դժվար և բազմակողմ եղավ. Թեյլորը ոչ բոլոր տեսարաններում ի վիճակի եղավ դերը «գլուխ բերել»[20]։ Թեյլորի համար խնդիր դարձավ այն, որ նա հակակշռվեց Հարիսոնին և Բարթոնին՝ լավ թատերական անցյալ ունեցող դերասաններին, ինչը չի կարելի ասել Էլիզաբեթի մասին[16][56]։ Կինոարտադրության առանձնահատկություններից պարզ դարձավ, որ Մարկոս Անտոնիոսի հետ սիրավեպից 15 տարի առաջ տեղի ունեցող Կեսարի հետ տեսարանները նկարահանվել են գրաֆիկի վերջում։ Թեյլորի հիվանդությունից հետո նկարահանված այդ ավելի ուշ տեսարաններում նկատելի է, որ Էլիզաբեթ Թեյլորի քաշն ավելացրել է, և հոգնած է։ Նա քիչ է համապատասխանում հռոմեացու սիրտը գերած պատանի գեղեցկուհու կերպարին[16]։ DVDVerdict ռեսուրսի մեկնաբան Բարի Մաքսվելը դրական գնահատեց Թեյլորի խաղը՝ առանձին նշելով զգեստների նկարչի և դիմահարդարի ներդրումը նրա էկրանային կերպարի ստեղծման գործում[57]։ Իմիջիայլոց, Ալեքսանդր Գենիսը Թեյլորի գեղեցկությունն անվանեց «անմարդկային», նրա ներդրումը ֆիլմի հաջողության մեջ՝ որոշիչ[56]։
Երևի սա բոլոր ֆիլմերից ամենատարօրինակն էր։ Ես այն դիտեցի Լոնդոնում, չնայած գիտեի, որ տեղի ունեցած ամեն ինչից հետո սիրտս կխառնի։ Նրանք կտրել են սիրտը, էությունը, շարժառիթները, միջուկը և ամեն ինչ հանգեցրել են մարտերի տեսարաններին։ Այն պետք է ցույց տար երեք մեծ մարդկանց, բայց նրա մեջ չկա ո՛չ կիրք, ո՛չ իրականություն։ Ըստ իս, ֆիլմը գռեհիկ է։
Բնօրինակ տեքստ (անգլ.)It must be the most eccentric film ever made. I was finally forced to see it in London, knowing full well, after what I'd heard, that I'd be sick to my stomach. They had cut out the heart, the essence, the motivations, the very core, and tacked on all those battle scenes. It should have been about three large people, but it lacked reality and passion. I found it vulgar.
— Էլիզաբեթ Թեյլոր[17]
Ֆիլմում զբաղված բոլոր դերասաններից ամենաբարձր գնահատականը միաձայն ստացավ Ռեքս Հարիսոնի աշխատանքը[44][58]։ Բորիս Ագապովը նշեց, որ նա միակն էր, որ էկրանին փորձեց ստեղծել ներշնչված մարդկային կերպար[39]։ Գլենն Էրիքսոնը նշեց, որ, միայն ի շնորհիվ Հարիսոնի, ֆիլմի առաջին մասն իրապես հուզում է հանդիսատեսին, քանի որ նրա Կեսարը ավելի հետաքրքրական է հանդիսատեսին, քան Մարկոս Անտոնիոսը[54]։
Բարդ խնդիր բաժին հասավ Ռիչարդ Բարթոնին։ Նա պետք է մարմնավորեր Մարկոս Անտոնիոսի ծայրահեղ բարդ կերպարը։ Ֆիլմի սկզբում դա երկրորդ պլանի կերպար է, իսկ այնուհետև անսպասելի դառնում է ֆիլմի գլխավոր հերոսը։ Մարկոս Անտոնիոսի կերպարը տրամաբանորեն կապված չէ Հուլիոս Կեսարի հետ, չնայած պատմականորեն նա Կեսարի ամենամոտ օգնականն էր[8]։ Ֆիլմի մոնտաժի ժամանակ խնդիրների պատճառով առաջին մասում Մարկոս Անտոնիոսի կերպարի ոչ բավարար փքունությունը ամբողջովին դերասանի մեղքը չէր։ Այնուամենայնիվ, Չարլթոն Հեսթոնը ֆիլմի ձախողման մեջ մեղադրեց հենց Մարկոս Անտոնիոսի կերպարին։ Կոտրվելու և Կլեոպատրայի կամքին հնազանդվելու սյուժետային ընթացքը կործանեց ամբողջ ֆիլմը, և բացի այդ, քիչ էր համապատասխանում պատմական աղբյուրներին[10]։ Ջուդիթ Քրիստը Մարկոս Անտոնիոսի խոսքերը անվանեց ամենաանտաղանդները։ Նրանք, ովքեր ուզում էին ֆիլմում տեսնել Թեյլոր-Բարթոնի զույգի իրական կյանքի հետ զուգահեռներ, հիասթափություն էր սպասվում[52]։
Բարձր գնահատականի արժանացան երկրորդ պլանի դերասանները։ Առանձնահատուկ ուշադրության արժանացան Ռոդդի Մաքդաուելն ու Հյում Քրոնին[20]։ Օկտավիանոսի կերպարը, ունենալով բավականին մեծ սցենարային ներուժ, որոշ չափով տուժեց հենց մոնտաժից։ Կերպարը կարող էր լինել ավելի վառ, քան այն, ինչ ստացվեց արդյունքում։ Մաքդաուելը պնդում էր, որ իր մասնակցությամբ կարևոր տեսարանները ֆիլմի վերջնական տարբերակից հանվել են[16]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի վրա աշխատած կազմից շատերի համար այս ֆիլմը կարիերայում որոշիչ շրջափուլ եղավ։ «Կլեոպատրա»-ից հետո Ռուբեն Մամուլյանն ու Ուոլթեր Վանգերը երբեք ոչինչ չնկարահանեցին և պրոդյուսեր չեղան։ Սփիրոս Սքոուրասը նույնպես լքեց կինոարտադրությունը և զբաղվեց նավաշինական գործարարությամբ։ «Այս ֆիլմն սկսվեց շուտափույթ, նկարահանվեց հիստերիկայով և ավարտվեց կույր խուճապով»,- ֆիլմի մասին հիշում էր Մանկևիչը և նույնիսկ նշում, որ այս ողջ քաոսի մեջ նրա մտքերն ու ֆիլմի տեսլականը կորան[14][15]։ Մինչ իր կյանքի վերջը Մանկևիչը գերադասում էր չհիշել «Կլեոպատրա»-ում իր աշխատանքի մասին և հաջորդ ֆիլմը որպես ռեժիսոր և պրոդյուսեր նկարահանեց միայն 1967 թվականին[12][15]։ Ինչպես հիշում էր նրա որդին, Մանկևիչը հիասթափվեց մասնագիտությունից և մինչ կյանքի վերջը ձեռնպահ էր կինոարդյունաբերությունում ակտիվ աշխատանքից[18]։ Ֆիլմը փոխեց նաև նրա անձնական կյանքը. Նկարահանման հրապարակում Մանկևիչը ծանոթացավ իր ապագա կնոջ՝ անգլուհի Ռոզեմարի Մեթյուսի հետ։ 1962 թվականին նրանք ամուսնացան[12]։ Թեյլորն ու Բարթոնն ամուսնացան 1964 թվականի մարտին։ 1964 թվականի ապրիլին Fox ընկերությունը Էլիզաբեթ Թեյլորին դատի տվեց ֆիլմի նկարահանումների ժամանակ պայմանագրային պարտավորություններն անբարեխղճորեն կատարելու համար։ Հայցի գումարը կազմում էր 50 միլիոն դոլար։ Այդ ժամանակ Թեյլոր և Բարթոն ամուսինները հանդես եկան պատասխան հայցով՝ նույն ձևակերպմամբ։ Դատական կարգով միմյանցից գումար վերցնելու փոխադարձ փորձերը ապարդյուն տևեցին մի քանի տարի[10][18]։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Էնդի Ուորհոլի «Երկնագույն Լիզ՝ Կլեոպատրա» նկարը |
Կլեոպատրան դարձավ խոշոր անկման անվանական արժեք շոու-բիզնեսում[58]։ Չնայած դրան՝ հետազոտող Քիմ Հոլսթոնը հեգնաբար ֆիլմը բնորոշեց որպես շատ կանոնավոր դահլիճներ լցնող ինքնատիպ ձախողում[10]։ Աշխատանքի ընթացքում թույլ տրվեցին բազմաթիվ սխալներ և ընդունվեցին բազմաթիվ վիճահարույց որոշումներ։ Արտադրությունը թույլ կառավարելի էր և տուժում էր կոռուպցիայից և վատ լոգիստիկայից[18]։ Որոշիչ կադրային հարցերը լուծվում էին ավտորիտար կերպով և առանց ֆիլմի պրոդյուսերի հետ քննարկելու[14][14]։ Մանկևիչը և շատ դերասաններ համոզված էին, որ ֆիլմը բավականին տուժեց ոչ միանշանակ մոնտաժից, բայց ժամանակակից կինոգետները կարծում են, որ հազիվ թե ամենակատարյալ մոնտաժը կարողանար լուրջ փոխել ֆիլմի ընկալումը[16]։ Ավելորդ զգուշությունն ու կարևոր որոշումներում դանդաղաշարժությունը նույնպես բացատրվում էր նրանով, որ ստուդիան մեծ ֆինանսական կորուստներ էր կրում մինչ «Կլեոպատրա»-ի վրա աշխատանքների սկսվելը[14]։ Վանգերը ֆիլմին հետապնդող անհաջողութունները բացատրում էր երկու հիմնական հանգամանքով։ Առաջինն ընկած էր կինոընկերության սխալ քաղաքականության ոլորտում և կազմակերպչական անվճռականությամբ։ Երկրորդ պատճառն այն էր, որ ֆիլմի արտադրությունն սկսվեց մինչ սցենարի պատրաստ լինելը, նկարահանումների պլանի և նրանց կազմակերպումը որոշելը։ Այս կարծիքը կիսում է նաև կինոգետ Փիթեր Լիվը[16][17]։
Այնուամենայնիվ, ըստ Մեթյու Բարնշտեյնի կարծիքի՝ ամեն ինչ հենց ֆիլմի մեջ չէր։ Բարդ արտադրություն ունեցող թանկարժեք ֆիլմը միայն ի հայտ բերեց հոլիվուդյան կինոարտադրության համակարգում ցավոտ հակասությունները, որոնք շարունակում էին նոր համակարգի պայմաններում քարոզել հին ձևերը[26]։
Անկասկած «Կլեոպատրա»-ն նշանակում է այն Հոլիվուդի պատմության դարաշրջանի մայրամուտը, որը մենք՝ որպես երեխաներ, գիտեինք, որի կերպարը մենք պահպանել ենք։ Կարծում եմ՝ այս ֆիլմի օրինակով կարելի է տեսնել այն, թե ինչպես է վերջիվերջո համակարգը փլվում սեփական ծանրության տակ։
Բնօրինակ տեքստ (անգլ.)For surely Cleopatra will come to mark the end of a Hollywood era - Hollywood as we knew it as kids, as the world has come to have an image of it. I think with this film it can be seen that the whole system finally breaks down under its own weight
— [27]
«Կլեոպատրա» և «Հռոմեական կայսրության անկումը» ֆիլմերը նշանավորեցին պեպլումների մի ողջ դարաշրջանի ավարտը[8][24]։ Դրանից հետո՝ շուրջ 35 տարի, հնագույն պատմությունը թանկարժեք բեմադրությունների տեսքով չէր հետաքրքրում Հոլիվուդին։ 2000 թվականին Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմի էկրաններ բարձրանալը նոր ավանդույթ բերեց անտիկ պատմությունների էկրանավորման մեջ[60]։
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 - «Օսկար» մրցանակաբաշխություն
- Լավագույն բեմադրող-նկարչի աշխատանք
- Լավագույն օպերատորական աշխատանք
- Լավագույն տեսողական էֆֆեկտներ
- Զգեստների լավագույն դիզայն
- «Օսկար» մրցանակաբաշխության առաջադրում
- Լավագույն ֆիլմ, դերասան, մոնտաժ, երաժշտություն, հնչյունային ռեժիսորի աշխատանք
- 1964 - Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության առաջադրում
- Լավագույն ֆիլմ, լավագույն դերասան, լավագույն ռեժիսոր, երկրորդ պլանի լավագույն դերասան
- 1964 - ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհուրդի մրցանակաբաշխություն
- Լավագույն դերասան (Ռեքս Հարիսոն)
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի են ֆիլմի առնվազն երեք տարբերակներ՝ 2 ժամ 45 րոպեից մինչ 4 ժամ տևողությամբ[61]։ Սա բացատրվում է ֆիլմի մոնտաժի ժամանակ բազմաթիվ խմբագրական ուղղումներով։ Ամբողջական տարբերակի վերստեղծումը պահանջեց սցենարի ուսումնասիրություն և բոլոր կտրված տեսարանների փնտրտուք, որոնք առանձին են պահվում բնօրինակ նեգատիվից[61]։ 248 րոպե տևողությամբ երկսկավառակ DVD վերաթողարկումը դուրս եկավ 2001 թվականին և պատրաստված էր կինոստուդիայի 1995 թվականին վերականգնված տարբերակի հիման վրա։ Այս տարբերակը մոտ է 1963 թվականին Նյու Յորքում կինոթատրոնային պրեմիերայի տարբերակին[62]։
Ֆիլմը ներկայացված է անամորֆ կինոֆորմատով՝ կողմերի 2,35:1 հարաբերակցությամբ։ DVD Verdict ռեսուրսը (en) ժապավենից փոխանցման որակը գնահատեց օրինակելի։ Թվային տարբերակը պարունակում է մի փոքր սխալ. Առաջին մասում բացակայում է միջերգի երաժշտությունը, որը բաժանում է ֆիլմի երկու մասերը[57]։
Ամբողջական տարբերակը բաղկացած է լրացուցիչ նյութեր պարոնակող երրորդ սկավառակից, որի հիմքում երկու մասից բաղկացած «Cleopatra: The Film That Changed Hollywood» («Կլեոպատրա. Հոլիվուդը փոխած ֆիլմ») վավերագրական ֆիլմն է։ Հեղինակի խոսքերը կարդում է Ռոբերտ Քալփը։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆիլմը կրկնօրինակվեց 1979 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում։
- ↑ Թեյլորը՝ որպես իր մահացած ամուսնու հավաստագրերի իրավահաջորդ, Todd-AO տեխնոլոգիայի կիրառումից ուներ բազմակի փոխհատուցման իրավունք։
- ↑ Ինչ-որ տեղ սա իրականություն էր, քանի որ հիվանդությունից հետո Էլիզաբեթը վատ վիճակում էր, և որոշ հանգուստներ ստիպված էին վերաձևել, որպեսզի հարմարացնեին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 2,0 2,1 BFI Film & TV Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=cleopatra.htm
- ↑ 6,0 6,1 Mora, 1997
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 Ford&Mitchell, 2010
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Cyrino, 2009
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Geist, 1978
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 Holston, 2012
- ↑ Santas, 2011
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 Lower&Palmer, 2001
- ↑ 13,0 13,1 13,2 Hall, 2010
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 14,17 14,18 14,19 14,20 14,21 14,22 14,23 14,24 14,25 14,26 14,27 14,28 14,29 Wanger&Hyams, 1963
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 Поспелова, 2001
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 16,22 16,23 16,24 16,25 16,26 16,27 Lev, 2013
- ↑ 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 E.Lacey Rice. «Cleopatra (1963)» (անգլերեն). Turner Classic Movies. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 18,14 18,15 18,16 18,17 18,18 David Kamp (1998 թ․ մարտ). «When Liz Met Dick» (անգլերեն). Vanity Fair. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 Luhrssen, 2012
- ↑ 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 HowardReid, 2006
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 Дополнительные материалы Blu-Ray. «Клеопатра. Фильм, изменивший Голливуд»
- ↑ 22,0 22,1 Nathalie Atkinson (21/05/13). «Queen of the Nile: Inside 20th Century Fox's restoration of Cleopatra» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 Mankiewicz&Crane, 2012
- ↑ 24,0 24,1 Munn, 2008
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 25,4 Winkler, 2009
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 Hozic, 2001
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 27,4 Silvester, 2007
- ↑ 28,0 28,1 28,2 Life, 1963
- ↑ Раззаков, Разз
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 Miles, 2011
- ↑ 31,0 31,1 Callahan, 2010
- ↑ Nathalie Atkinson (22/10/12). «Hollywood amending: Jess Walter brings Beautiful Ruins to IFOA» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 33,0 33,1 Gerhard Witte. «Howard Terpning and Joseph L. Mankiewicz's "Cleopatra"» (անգլերեն). Վերցված է 25-Nov-2013-ին.
- ↑ 34,0 34,1 Lacey Rose (12.18.2006). «The most expensive movies ever made» (անգլերեն). Forbes. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 35,0 35,1 35,2 35,3 35,4 35,5 Hatchuel, 2011
- ↑ Santas2, 2008
- ↑ AmCinemat, 1963
- ↑ 38,0 38,1 38,2 38,3 Davison, 2009
- ↑ 39,0 39,1 Агапов, 1964
- ↑ 40,0 40,1 Кравчук, 1973
- ↑ Conway, 2004
- ↑ Julia Malacoff. «The 75 Most Iconic Dresses of All Time» (անգլերեն). redbookmag.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Gunn, Gunn
- ↑ 44,0 44,1 44,2 Босли Кроутер (1963 թ․ հունիսի 13). «The Screen: 'Cleopatra' Has Premiere at Rivoli:4-Hour Epic Is Tribute to Its Artists' Skills» (անգլերեն). New York Times. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 45,0 45,1 Alex von Tunzelmann (2011 թ․ մարտի 31). «Cleopatra hits the Nile on the head» (անգլերեն). Guardian. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Kleiner, 2009
- ↑ Дератани&Тимофеева, 1965
- ↑ Плутарх, 1963
- ↑ 49,0 49,1 Henderson, 2009
- ↑ Billboard1, 1960
- ↑ «Alex North – Cleopatra (Original Motion Picture Soundtrack)» (անգլերեն). discogs.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 52,0 52,1 52,2 Judith Crist (1963 թ․ հունիսի 13). «Cleopatra: A Monumental Mouse» (անգլերեն). New York Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Юткевич, 1973
- ↑ 54,0 54,1 54,2 Glenn Erickson (2001 թ․ մարտի 21). «Cleopatra Review» (անգլերեն). dvdverdict. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Elley, 1984
- ↑ 56,0 56,1 Александр Генис. «Элизабет Тейлор, разрушительница Голливуда» (անգլերեն). Ազատություն ռադիոկայան. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 57,0 57,1 Barrie Maxwell (May 1st, 2001). «Cleopatra Review» (անգլերեն). dvdverdict. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 58,0 58,1 Эмануил Леви (2009 թ․ մարտի 19). «Cleopatra (1963) Review» (անգլերեն). emanuellevy.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Gunn, Gunn, էջ 66
- ↑ Cartledge&Greenland, 2010
- ↑ 61,0 61,1 В. А. Устинов (2001-12). «Реставрация архивных кинофильмов». Архивные технологии (ռուսերեն). журнал «Техника кино и телевидения». Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Александра Кривуля (2013 թ․ մայիսի 7). «Bulgari и 20th Century Fox покажут "Клеопатру" в Каннах» (ռուսերեն). Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Агапов Б.Н. В гостях у парижан(ռուս.). — В. 5. — Էջ 56.
- Поспелова Ю. Басни египетские(ռուս.). — В. 9 (411). — ISSN 2071-5358.
- Carl J. Mora The Image of Ancient Rome in the Cinema(անգլ.). — В. 2. — Т. VII. — Էջ 221.
- At Last, Cleopatra!(անգլ.). — В. 16 (19th Apr). — Т. 54. — Էջ 126. — Էջ 22. — ISSN 0024-3019.
- Фёдор Раззаков Элизабет Тейлор - Много раз замужняя(ռուս.). — Էջ 37.
- Bids going sky-high for track on Cleo(անգլ.). — В. մարտի 23. — Էջ 54.
- Oscars for Shamroy and Howe(անգլ.). — В. 44. — Էջ 56.
- Cheryl Bray Lower, R. Barton Palmer, Joseph L. Mankiewicz: Critical Essays and Guide to Resources, «McFarland», 2001 — 288 էջ, ISBN 9780786409877։
- Howard J.R., Cinemascope 3: Hollywood Takes the Plunge, «Lulu.com», 2006 — 368 էջ, ISBN 9781411671881։
- Юткевич С.И., Шекспир и кино, «Наука», 1973։
- Wanger W., Hyams J., My life with Cleopatra, «Bantam Books», 1963 — 182 էջ, ISBN 9780345804068։
- Geist K.L., Pictures will talk: the life and films of Joseph L. Mankiewicz, «Scribner», 1978 — 443 էջ, ISBN 9780684155005։
- Hall S., Epics, Spectacles, and Blockbusters: A Hollywood History, «Wayne State University Press», 2010 — 376 էջ, ISBN 9780814336977։
- Holston K.R., Movie Roadshows: A History and Filmography of Reserved-Seat Limited Showings, 1911-1973, «McFarland», 2012 — 382 էջ, ISBN 9780786460625։
- Lev P., Twentieth Century-Fox: The Zanuck-Skouras Years, 1935–1965, «University of Texas Press», 2013 — 326 էջ, ISBN 9780292744479։
- Kleiner D.E., Cleopatra and Rome, «Harvard University Press», 2009 — 352 էջ, ISBN 9780674039667։
- Santas C., The Epic Films of David Lean, «Scarecrow Press», 2011 — 240 էջ, ISBN 9780810882119։
- Winkler M.M., Cinema and Classical Texts: Apollo's New Light, «Cambridge University Press», 2009 — 347 էջ, ISBN 9780521518604։
- Hozic A.A., Hollyworld: Space, Power, and Fantasy in the American Economy, «Cornell University Press», 2001 — 233 էջ, ISBN 9780801439261։
- Luhrssen D., Mamoulian: Life on Stage and ScreenScreen Classics, «University Press of Kentucky», 2012 — 208 էջ, ISBN 9780813136868։
- Mankiewicz T., Crane R., My Life as a Mankiewicz: An Insider's Journey through HollywoodScreen Classics, «University Press of Kentucky», 2012 — 400 էջ, ISBN 9780813140575։
- Silvester C., The Grove Book of Hollywood, «Grove Press», 2007 — 720 էջ, ISBN 9780802195494։
- Elley D., The Epic Film: Myth and History, «Routledge & Kegan Paul», 1984 — 223 էջ, ISBN 9780710096562։
- Ford E.A., Mitchell D.C., Royal Portraits in Hollywood: Filming the Lives of Queens, «University Press of Kentucky», 2010 — 338 էջ, ISBN 9780813139036։
- Constantine Santas, The Epic in Film: From Myth to Blockbuster, «Rowman & Littlefield», 2008 — 235 էջ, ISBN 9780742555297։
- Conway J., Make-up Artistry, «Heinemann», 2004 — 396 էջ, ISBN 9780435453305։
- Hatchuel S., Shakespeare and the Cleopatra, «Fairleigh Dickinson», 2011 — 226 էջ, ISBN 9781611474480։
- Н.Ф. Дератани, Н.А. Тимофеева., Хрестоматия по античной литературе. Греческая литература., հ. 1, «Просвещение», 1965 — 226 էջ։
- Кравчук А. (пер. с польского Д. С. Гальпериной), Закат Птолемеев., «М. Наука», 1973 — 217 էջ։
- Плутарх, Сравнительные жизнеописания в трех томах, հ. II, «М.», 1963 — 520 էջ։
- Cyrino M.S., Big Screen Rome, «John Wiley & Sons», 2009 — 288 էջ, ISBN 9781405150323։
- Cartledge P., Greenland F. R., Responses to Oliver Stone’s Alexander: Film, History, and Cultural StudiesWisconsin Studies in Classics, «Univ of Wisconsin Press», 2010 — 370 էջ, ISBN 9780299232832։
- Miles M., Cleopatra: A Sphinx Revisited, «University of California Press», 2011 — 250 էջ, ISBN 9780520950269։
- Gunn T., Tim Gunn's Fashion Bible, «Simon and Schuster», ISBN 1451643861։
- Davison A., Alex North's A Streetcar Named Desire: A Film Score Guide, հ. 8, «Scarecrow Press», 2009 — 250 էջ, ISBN 9781461739883։
- Callahan V., Reclaiming the Archive: Feminism and Film History, «Wayne State University Press», 2010 — 460 էջ, ISBN 9780814333006։
- Henderson S.S., Alex North, Film Composer: A Biography, with Musical Analyses of a Streetcar Named Desire, Spartacus, the Misfits, «McFarland», 2009 — 264 էջ, ISBN 9780786443338։
- Munn M., Richard Burton: Prince of Players, «Skyhorse Pub.», 2008 — 260 էջ, ISBN 9781602393554։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կլեոպատրա (ֆիլմ, 1963)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կլեոպատրա (ֆիլմ, 1963)»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեոպատրա (ֆիլմ, 1963)» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների անգլերեն ֆիլմեր
- 1963 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Պեպլումներ
- Ջոզեֆ Մանկևիչի ֆիլմեր
- Ռուբեն Մամուլյանի ֆիլմեր
- Ֆիլմեր անտիկ ժամանակների մասին
- 1960-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում մ.թ.ա. 1-ին դարում
- Հռոմում նկարահանված ֆիլմեր