Անապատ (աշխարագրություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անապատ (այլ կիրառումներ)}}

     Անապատներ      Կիսաանապատներ      Տունդրա      Սառցադաշտեր

Անապատ, ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին։ Երկրագնդի անապատների ընդհանուր տարածությունը 15–20 մլն կմ² է[1]։ Անապատները, բացառությամբ սառցային անապատների, առաջացել են խոնավության պակասի պատճառով։ Բնութագրվում են աննշան տեղումներով, շոգ ամառներով, գոլորշիացման արտակարգ չափերով, հողի և օդի ջերմաստիճանի օրական ու տարեկան մեծ տատանումներով, մակերեսային ջրերի մշտական հոսքի (բացառությամբ «տարանցիկ» գետերի) բացակայությամբ, հողի վերին շերտում աղերի կուտակումով, բուսածածկույթի նոսրությամբ կամ բացակայությամբ։ Կլիման չորային է։ Ամռանը խոնավությունն իջնում է մինչև 14%, ամիսներ շարունակ երկինքը պարզ է։ Արևոտ օրերի թիվը բարեխառն գոտու անապատներում հասնում է 197 (Կուշկա), արևադարձայիններում՝ 295 օրվա, առավելագույն ջերմաստիճանը համապատասխանաբար հասնում է 49,5 °C և 58 °C։ Արևի տակ ավազի մակերևույթը տաքանում է մինչև 90 °C։ Ջերմաստիճանի տարեկան տատանումը 90 °C է, օրականը՝ 30 °C։ Տեղումների տարեկան միջին քանակը Միջին Ասիայի անապատներում 60–175 մմ է, Կենտրոնական Ասիայում՝ 9 մմ (Տակլա–Մական), արևադարձային անապատներում 100 մմ–ից պակաս։ Հյուսիսային և ՀարավԱրևմտյան Աֆրիկայի, ինչպես նաև Հարավային Ամերիկայի արևմուտքի անապատներում տարիներ շարունակ անձրևներ չեն տեղում, սակայն հազվադեպ լինում են տեղատարափներ։ Մակերեսային ջրերը (բացառությամբ «տարանցիկ» գետերի) գոյանում են մթնոլորտային տեղումներից և մնում մի քանի ժամ կամ առավելագույնը՝ մի քանի օր։ Ստորերկրյա ջրեր կան բոլոր անապատներում, գտնվում են փոքր խորություններում և աղի են։ Անուշահամ ջրերն առաջանում են գետերի կամ տեղումների ծծանցումից։ Բուսականության թույլ զարգացումն ու նոսր ծածկույթը, հիմնահողերի մերկությունն ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները նպաստում են ինտենսիվ հողմահարմանը՝ ընդհուպ ավազի և փոշու առաջացումը։

Տարածման շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահարա անապատը տիեզերքից

Անապատների բնական զոնան ընկած է մայրցամաքների բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային գոտիների ներքին շրջաններում։ Անապատները տարածված են բոլոր մայրցամաքներում։ Անտարկտիդայում տիրապետում է սառցային զոնան (անտարկտիկական սառցային անապատներ)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2։

Ամռանը շատ շոգ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30 °C է, իսկ առավելագույնը՝ +58,1 °C (Սահարա)։ Ավազը տաքանում է մինչև +80 °C։ Ձմռանը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10 °C է, երբեմն՝ -50 °C (բարեխառն գոտում)։ Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը՝ 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներում՝ 50 մմ[2]։ Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը։ Կիսաանապատներում տեղումները 250 - 5000 մմ են, կանաչով ծածկվելու դեպքում վերածվում են տափաստանների[1][3]։

Կարակում

Հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատային զոնային հատուկ են գորշ-անապատային հողերը, որոնք շատ աղքատ են հումուսից։ Ընդարձակ տարածքներ են կազմում ավազային ու քարքարոտ տարածքները։ Շատ են աղուտներն ու աղատաշտակները։

Անապատների բուսազուրկ տարածքներում քամին առաջացնում է բարխաններ, դյուներ (ավազաթմբեր)։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսերոֆիլ բուսականություն
Ատակամա անապատը տիեզերքից

Զոնայում բուսականությունը շատ աղքատ է։ Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ՝ հարմարված չոր ցամաքային կլիմային։ Ուղտափուշի վերգետնյա մասը 1-1,5 մ է, իսկ առանցքային արմատը՝ 10-15 մ։ Բույսերից շատերը զուրկ են տերևներից։

Անապատներում տարածված է սաքսաուլը, ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային ակացիան, կակտուսները, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները։

Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն)։ Ոռոգելի օազիսների մշակովի բույսերն ունեն ապրանքային բարձր արժեք։ Այս շրջաններին անվանում են թուգայներ։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատային իգուանան (Dipsosaurus dorsalis) լավ հարմարեցվել է անապատային կյանքին։
Լիբիական օազիս

Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է։ Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին, վարում են գիշերային կամ աղջամղջային կյանք։ Ցերեկը բարձր ջերմությունից պաշտպանվելու համար նրանց մի մասը թաքնվում է ստվերներում, մյուս մասը՝ քուն մտնում (որոշ տեսակներ՝ մինչև 9 ամիս)։ Ուղտը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ։ Որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով՝ օրգանիզմի խոնավության պակասը լրացվում է ֆիզիոլոգիական ճանապարհով՝ սննդի տարրալուծմամբ։ Վայրի ավանակը՝ Կուլան ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ տարածք։

Կերով չապահովված սեզոններն անցկացնելու համար շատ կենդանիներ ճարպ են կուտակում։ Ավազի վրայով տեղաշարժումը մշակել է ոտնաթաթերի բարձիկներ կամ թիամատներ։

Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), սարդերը, կարիճները։ Երբեմն հանդիպում են այծքաղներ, ջայլամ, բորենի, անապատային աղվես, առյուծ (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում՝ վագրեր, վարազներ, եղեգնակատուներ։

Տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ լանդշաֆտային առանձնահատկությունների, անապատները բաժանվում են քարային, կավային, ավազային, աղուտային և այլ տիպերի։

Քարային անապատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարային անապատները (արաբ, համադա) առաջացել են թույլ հողմահարվող հիմնահողերի վրա, ունեն հողաբուսական ծածկույթից համարյա զուրկ, խճային կամ կոպճաքարային մակերևույթ (Սահարայում՝ ռեգի, Կենտրոնական Ասիայում՝ գոբի)։ Քարային անապատների ժայռերն ու քարերը երկաթ պարունակելու դեպքում ծածկվում են շագանակագույն պաշտպանական փայլուն կեղևով (արևայրուկ)։

Կավային անապատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավային անապատները առաջացել են ծովային, լճային, գետային և պրոլյուվիալ կավային նստվածքների վրա։ Ծովային աղիացած կավերի շրջանում տարածված են աղուտները՝ աղասեր բուսականությամբ, անուշահամ ջրերի կավային նստվածքների շրջանում՝ բուսականությունից համարյա զուրկ թաքիրները։

Գիպսա-անհիդրիդային անապատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիպսա–անհիդրիտային անապատները տարածված են Ամերիկայի և Ասիայի ավելի չորային մասերում։ Ծածկված են գիպսի փայլուն կեղևով և մինչև 5 մ գմբեթաձև բարձրություններով։ Բուսատեսակները քիչ են, բայց քանակով ավելի շատ, քան թաքիրներում։ Գիպսա–անհիդրիտային անապատների տիպին են պատկանում Ուստյուրտը և Հարավային Կզըլկումը։

Ավազային անապատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազային անապատներին բնորոշ է ավազային մակերևույթը։ Ավազներն առաջանում են տեղական հիմնահողերի քայքայումից և ալյուվիալ նստվածքների հողմահարումից։ Ավազներն առաջացնում են բլուրներ, բարխաններ, թմբեր, բուրգեր և այլն։ Ավազների խոնավակլանունակության շնորհիվ այս անապատները համեմատաբար ջրով ավելի հարուստ են, քան մյուսները։ Ավազային անապատներում կան անուշահամ ջրերի բազմաթիվ լճակներ։ Շարժուն ավազներում բուսականություն չկա, ամրացած ավազուտները համեմատաբար հարուստ են և օգտագործվում են որպես արոտավայրեր ոչխարների, այծերի, ուղտերի համար։ Ավազային անապատներից են Թուրքմենական Կարակումը, Մերձբալխաշյան ավազուտները, Տակլա–Մականը, Մերձարալյան Կարակումը, Մեծ և Փոքր Գորշուկները, Կենտրոնական Կզըլկումը, Ալաշանը և այլն։

Աղուտային անապատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղուտային անապատները գոյացել են ծովային նստվածքներից՝ աղերի մակերես դուրս գալու կամ ալյուվիալ նստվածքների փոքր խորություններում գտնվող ջրերի գոլորշիացման պատճառով։ Հողերն աղուտային են։ Գերակշռող աղերը նատրիումի և մագնեզիումի սուլֆատներն են։ Այդ անապատները աղերի կուտակման աստիճանին համապատասխան, բուսազուրկ են կամ ունեն աղասեր բուսականություն։

Կայծքարային անապատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայծքարային անապատները առաջացել են գլխավորապես արևադարձային գոտիներում։ Լատերիտսւյին պրոցեսներն առաջացնում են ռելիեֆը զրահապատող կայծքարա-ագատային կեղև, որպիսին տեղ–տեղ նկատվում է Թուրքմենիայի անապատներում։

Յուրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատների յուրացումն սկսվել է պալեոլիթից։ Նեոլիթում օգտագործվում էին որպես արոտավայրեր և մասամբ՝ հողագործության համար (գետերի հեղեղատները)։ Բրոնզի դարաշրջանում կառուցվել են ոռոգիչ ջրանցքներ, փորվել ջրհորներ։ Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են օազիսներ։ Օազիսային հողագործությունն աստիճանաբար դարձել է բնակչության գոյության հիմնական միջոցը։ Արևադարձային գոտու անապատների ոռոգովի շրջաններում մշակում են բամբակենի, շաքարեղեգ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ։ Աֆրիկայի անապատներում արտեզյան ջրերի հայտնաբերմսւքբ ստեղծվեցին բազմաթիվ մանր օազիսներ, աճեց փյունիկյան արմավենին։ Անապատների յուրացման համար կարևոր է նաև նրանց ընդերքի օգտագործումը։

Խոշոր անապատներ[4][խմբագրել | խմբագրել կոդը]

global map of deserts
Աշխարհի խոշորագույն անապատները քարտեզին (ոչ բևեռային)
Անվանում Տարածք, հազ. կմ² Առավելագույն բարձրություն, մ. Առավելագույն ջերմաստիճան, °С Նվազագույն ջերմաստիճան, °С Տեղումների տարեկան միջին քանակը, մմ.
Միջին Ասիա և Ղազախստան
Կարակում 350 100 - 500 + 50 −35 70 - 100
Ուստյուրտ և Մանգիստաու 200 200 - 300 + 42 −40 80 - 150
Կզլկում 300 50 - 300 + 45 −32 70 - 180
Մերձարալյան Կարակումներ 35 400 + 42 −42 130 - 200
Բետպակ-Դալա 75 300 - 350 + 43 −38 100 - 150
Մույունկում 40 100 - 660 + 40 −45 170 - 300
Կենտրոնական Ասիա
Տակլա Մական 271 800 - 1500 + 37 −27 50 - 75
Ալաշան 170 800 - 1200 + 40 −22 70 - 150
Բեյշան 175 900 - 2000 + 38 −24 40 - 80
Օրդոս 95 1100 - 1500 + 42 −21 150 - 300
Ցայդամ 80 2600 - 3100 + 30 −20 50 - 250
Գոբի 1050 900 - 1200 + 45 −40 50 - 200
Իրանական բարձրավանդակ
Դաշթե Քևիր 55 600 - 800 + 45 −10 60 - 100
Դաշթե Լութ 80 200 - 800 + 44 −15 50 - 100
Ռեգիսթան 40 500 - 1500 + 42 −19 50 - 100
Արաբական թերակղզի և Մերձավոր Արևելք
Ռուբ ալ-Խալի 60 100 - 500 + 47 −5 25 - 100
Նեֆուդ 80 600 - 1000 + 54 −6 50 - 100
Ալ-Դահնա 54 450 + 45 −7 500 - 100
Սիրիական անապատ 101 500 - 800 + 47 −11 100 - 150
Հյուսիսային Աֆրիկա
Սահարա 7000 200 - 500 + 59 −5 25 - 200
Լիբիական անապատ 1934 100 - 500 + 58 −4 25 - 100
Նուբիական անապատ 1240 350 - 1000 +53 −2 25
Հարավային Աֆրիկա
Նամիբ 150 200 - 1000 + 40 −4 2 - 75
Կալահարի 600 900 + 42 −9 100 - 500
Կարու 120 450 - 750 + 44 −11 100 - 300
Հինդուստան թերակղզի
Թար 300 350 - 450 + 48 −1 150 - 500
Թխալ 26 100 - 200 + 49 −2 50 - 200
Հյուսիսային Ամերիկա
Մեծ Ավազան 1036 100 - 1200 + 41 −14 100 - 300
Մոհավե 30 600 - 1000 + 56,7 −6 45 - 100
Սոնորա 355 900 - 1000 + 44 −4 50 - 250
Չիուաուա 100 900 - 1800 + 42 −6 75 - 300
Հարավային Ամերիկա
Ատակամա 90 300 - 2500 + 30 −15 10 - 50
Պատագոնիա 400 600 - 800 + 40 −21 150 - 200
Ավստրալիա
Մեծ Ավազային անապատ 360 400 - 500 + 44 + 2 125 - 250
Գիբսոնի անապատ 240 300 - 500 + 47 0 200 - 250
Մեծ Վիկտորիա անապատ 350 200 - 700 + 50 −3 125 - 250
Սիմպսոնի անապատ 300 0 - 200 + 48 −6 100 - 150

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «What is a desert?». United States Geological Survey. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
  2. Marshak (2009). Essentials of Geology, 3rd ed. W. W. Norton & Co. էջ 452. ISBN 978-0-393-19656-6.
  3. Smith, Jeremy M. B. «Desert». Encyclopædia Britannica online. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «The World's Largest Deserts». Geology.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 367