Ավազային Մեծ անապատ[1] (անգլ.՝ Great Sandy Desert), Ավստրալիայի Արևմտյան սարավանդի անապատներից մեկը, Ֆիցրոյ գետի հովտի և Հարավային արևադարձի միջև[2][3]։ Տարածությունը 360 հզ. կմ² է, միջին բարձր, հարավում՝ 700 - 500 մ է, հյուսիսում՝ 300 մ է։ Գերակշռող կավա-աղուտային հարթավայրերը բաժանված են 10 - 12 մ բարձրության ավազաթմբերով։ Ավստրալիայի ամենաշոգ վայրերից է, ամռան (դեկտեմբեր–փետրվար) միջին ջերմաստիճանը 35 °C է, ձմռանը՝ 20 °C–ից 15 °C։ Տեղումները (200-450 մմ) անկանոն են, երաշտները՝ հաճախակի, գոլորշիացումը՝ չափազանց մեծ։ Արմատական ապարների մերկացման վայրերում կան բնական ջրավազաններ և աղբյուրներ։ Մեծ լիճը Մակկոյն է։ Հիմնականում տիրապետում են ճմային հացազզիները։ Ավազները ամրացված են սպինիֆիքսով, տեղ տեղ աճում են ակացիաներ, ցածրահասակ էվկալիպտներ։ Թույլ է ուսումնասիրված, չունի մշտական բնակչություն[4]։
↑Большая Песчаная пустыня // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 602)։