Jump to content

Պարսկական առաջին ներխուժում Հունաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս էջը ներկայացված է գնահատման

Այս հոդվածը ներկայացված է գնահատման։ Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։
Պարսկական առաջին ներխուժում Հունաստան
Հույն-պարսկական պատերազմներ

Արշավանքի ուղղությունները և մասնակից ու չեզոք քաղաք-պետութունները ցույց տվող քարտեզ
Թվական Մ․թ․ա․ 492-490 թվականներ
Վայր Թրակիա, Մակեդոնիա, Կիկլադներ, Եվբեա, Ատտիկա
Պատճառ Հունական քաղաք-պետությունների պատժում
Արդյունք
Հակառակորդներ
Հունական քաղաք-պետություններ,
հիմնականում Աթենք և Էրեթրիա
Աքեմենյան պետություն Աքեմենյան պետություն
Հրամանատարներ
Միլտիադես Կրտսեր
Կալլիմաքոս
Ստասիլաոս
Կյունեգիրոս
Մարդոնիոս
Դատիս
Արտափրենես
Կողմերի ուժեր
8,000-9,000 աթենացիներ
1,000 պլատեացիներ
Ընդհանուր՝ 9,000-10,000
10,000 անմահներ
10,000 թեթևազեն հետևակ
5,000 նետաձիգներ
1,000-3,000 հեծելազոր
600 տրիերներ
Ընդհանուր՝ 26,000-28,000
Ռազմական կորուստներ
192 աթենացիներ
11 պլատեացիներ
Էրեթիան ստրկացվեց և հրդեհվեց
Նաքսոսը հրդեհվեց
6400 պարսիկ զոհ
7 նավ գրավվեց
Ընդհանուր կորուստներ
6603 զոհ

Պարսկական առաջին ներխուժում Հունաստան, հույն-պարսկական պատերազմների մաս, որը սկսվել է մ․թ․ա․ 492 թվականին և ավարտվել մ․թ․ա 490 թվականին Մարաթոնի ճակատամարտում աթենացիների տարած հաղթանակով։ Ներխուժումը բաղկացած է եղել երկու տարբեր արշավանքներից, որոնք կազմակերպել է պարսից արքա Դարեհ I Մեծը․ դրանց պատրվակը եղել է Աթենք և Էրեթրիա քաղաք-պետություններին պատժելը։ Այս երկու քաղաքներն օգնություն էին ցուցաբերել հոնիական քաղաքներին, որոնք ապստամբել էին ընդդեմ Աքեմենյան տերության, ինչն էլ բարկության պատճառ էր դարձել Դարեհի համար։ Դարեհն այս արշավանքը դիտարկում էր որպես հնարավորություն իր տերությունը դեպի Եվրոպա ընդարձակելու և արևմտյան սահմանները պաշտպանելու համար։

Առաջին արշավանքը տեղի է ունեցել մ․թ․ա․ 492 թվականին և ղեկավարվել է Մարդոնիոսի կողմից։ Դրա արդյունքում վերանվաճվել է Թրակիան, իսկ Մակեդոնիան, որը մ․թ․ա․ 6-րդ դարի սկզբին՝ հավանաբար մ․թ․ա․ 512 թվականին, դարձել էր աքեմենյան վասալ, ամբողջապես ենթակա թագավորություն է դառնում[2]։ Այնուամենայնիվ, հետագա առաջխաղացումը կանխվել է, երբ Մարդոնիոսի նավատորմն Աթոս լեռան մոտ խորտակվել է փոթորկի պատճառով։ Հաջորդ տարի ցույց տալով իր մտադրությունները՝ Դարեհը դեսպաններ է ուղարկել Հունաստանի բոլոր շրջաններ՝ պահանջելով հպատակվել իրեն։ Քանի որ Աթենքը դեռևս շարունակել է դիմադրել, իսկ Սպարտան պատերազմի մեջ է եղել ընդդեմ պարսիկների, Դարեհը հրամայել է հաջորդ տարի շարունակել ռազմական գործողությունները։

Պարսիկների երկրորդ արշավանքը տեղի է ունեցել մ․թ․ա․ 490 թվականին, որը ղեկավարվել է Դատիսի և Արտափրենեսի կողմից։ Արշավող զորքը նախ ուղևորվել է Կիկլադյան կղզիներ՝ մասնավորապես Նաքսոս, որը գրավվել և հրդեհվել է։ Այնուհետև նա անցնել է մնացած կղզիներով, որոնցից յուրաքանչյուրը միացվել է Աքեմենյան տերությանը։ Հասնելով մայրցամաքային Հունաստան՝ զորքն ափ է իջել Էրեթրիայում, որը պաշարվել և քիչ ժամանակ անց գրավվել է։ Էրեթրիան ավերվել է, իսկ դրա բնակիչները՝ գերեվարվել։ Ի վերջո զորքն ուղևորվել է Ատտիկա և Աթենքի ճանապարհին՝ Մարաթոնի դաշտում, հանդիպել աթենական փոքրաթիվ զորքին, որը, այնուամենայնիվ, նշանավոր հաղթանակ է տարել այդ ճակատամարտում։

Մարաթոնում կրած պարտությունը կանխել է արշավանքի հաջող հանգուցալուծումը, և զորքը վերադարձել է Ասիա։ Այնուամենայնիվ, արշավանքի արդյունքում պարսիկները կատարել էին իրենց առջև դրված խնդիրների մեծ մասը՝ պատժելով Նաքսոսին և Էրեթրիային, Եգեյան ծովի մեծ մասում հաստատելով հսկողություն և ամբողջությամբ հպատակեցնելով Մակեդոնիան։ Արշավանքի արդյունքում անավարտ մնացած հարցերին լուծում տալու և Հունաստանն ամբողջապես հպատակեցնելու համար Դարեհը ծրագրել էր ավելի մեծ զորքով ներխուժել Հունաստան և պատժել Աթենքին ու Սպարտային։ Այնուամենայնիվ, տերության ներքին խնդիրների արդյունքում այս արշավանքը հետաձգվել է, իսկ քիչ անց մեծ տարիքում մահացել է Դարեհը։ Այսպիսով, նախատեսվող արշավանքի՝ Պարսկական երկրորդ ներխուժման ղեկավարումն ընկել է Դարեհի որդու՝ Քսերքսես I-ի ուսերին, որն էլ սկսել է արշավանքը մ․թ․ա․ 480 թվականին։

Հիմնական աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն-պարսկական պատերազմների հիմնական սկզբնաղբյուրը հույն պատմիչ Հերոդոտոսն է։ Նա, ում անվանում են «Պատմության հայր»[3], ծնվել է մ․թ․ա․ 484 թվականին Փոքր Ասիայում՝ Հալիկառնասում (այդ ժամանակ գտնվում էր պարսից իշխանության տակ)։ Նա իր «Պատմությունը» գրել է մոտ մ․թ․ա 440-430 թվականներին՝ փորձելով ցույց տալ հույն-պարսկական պատերազմները՝ սկսած դրանց ակունքներից․ այսինքն նա գրել է համեմատաբար իր ժամանակների համար վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին (պատերազմն ավարտվել է մ․թ․ա․ 450 թվականին)[4]։ Հերոդոտոսի մոտեցումներն ամբողջովին նորարարական էին․ նա Արևմտյան հասարակության մեջ հայտնագործել է պատմագրությունն այնպես, ինչպես այն ծանոթ է մեզ[4]։ Բրիտանացի հեղինակ Թոմ Հոլանդն այդ առիթով ասել է․ «Առաջին անգամ ժամանակագիրը ձեռնամուխ է եղել հակամարտության ակունքների մասին պատմելուն, ոչ այնքան հեռավոր անցյալի մասին, որ լիովին հեքիաթային լինի, ոչ որևէ աստծո քմահաճույքների ու ցանկությունների մասին և ոչ էլ ժողովրդի՝ ճակատագիրը բացահայտելու պահանջների մասին, այլ մեկնաբանություններ, որոնք նա կարող էր անձամբ հաստատել»[4]։

Հերոդոտոսի մարմարե կիսանդրին

Հետագայում որոշ հին պատմիչներ՝ սկսած Թուկիդիդեսից, չնայած նույնպես գնացել են Հերոդոտոսի հետքերով, այնուամենայնիվ, քննադատել են նրան[5][6]։ Թուկիդիդեսն իր պատմությունը սկսել է այն տեղից, որտեղ ավարտել է Հերոդոտոսը (Սեստոսի պաշարում), ինչը ցույց է տալիս, որ Հերոդոտոսի պատմությունն այնքան ճշգրիտ է, որ կարիք չկար վերաշարադրելու կամ ուղղելու այն[6]։ Պլուտարքոսն իր ակնարկի մեջ նույնպես քննադատել է Հերոդոտոսին՝ անվանելով նրան «Philobarbaros», ինչը նշանակում է «բարբարոսներին սիրող»․ նա կարծում էր, որ Հերոդոտոսը չի եղել բավականաչափ հունամետ, ինչից կարելի է ենթադրել, որ Հերոդոտոսն իսկապես ստեղծել է անաչառ և անկողմնակալ աշխատություն[7]։ Հերոդոտոսի մասին բացասական կարծիք էր տիրում նաև Վերածննդի Եվրոպայում, սակայն նրա աշխատությունը շարունակում էր մնալ շատ կարդացվող[8]։ Այնուամենայնիվ, 19-րդ դարից ի վեր պատմիչի հեղինակությունը վերականգնվել է, քանի որ մի շարք հնագիտական բացահայտումներ հաստատել են, որ իրադարձությունների մասին տված նրա նկարագրությունը ճիշտ է[9]։ ժամանակակից գերակշռող տեսակետն այն է, որ Հերոդոտոսը, ընդհանուր առմամբ, ուշագրավ աշխատանք է կատարել իր «Պատմության» մեջ, բայց նրա հաղորդած որոշ մանրամասների (հիմնականում տարեթվեր, ամսաթվեր և զորքերի թվաքանակներ) պետք է թերահավատորեն նայել[9]։ Այնուամենայնիվ, դեռևս կան որոշ պատմաբաններ, որոնք համարում են, որ Հերոդոտոսը հորինել է իր պատմության մեծ մասը[10]։

Սիկիլիացի պատմիչ Դիոդորոսը, որը մ․թ․ա․ 1-ին դարում գրել է իր «Պատմական գրադարանը», նույնպես նկարագրում է հույն-պարսկական պատերազմների իրադարձությունները՝ մասամբ օգտվելով առավել վաղ ժամանակներում ապրած հույն պատմիչ Էֆորոսից։ Այս աղբյուրի հայտնած տեղեկությունները միանգամայն համընկնում են Հերոդոտոսի տեղեկություններին[11]։ Հույն-պարսկական պատերազմներն ավելի մակերեսայնորեն նկարագրվում են նաև մի շարք այլ անտիկ պատմիչների կողմից, որոնց թվում են Պլուտարքոսը և Կտեսիաս Կնիդացին։ Նույն թեմայի մասին իր ստեղծագործությունների մեջ հիշատակում է նաև հույն ողբերգակ Էսքիլեսը։ Հնագիտական ապացույցները, որոնցից է, օրինակ, Օձերի սյունը, նույնպես պաշտպանում են Հերոդոտոսի որոշ պնդումներ[12]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հույն-պարսկական պատերազմներ
Հոնիական ապստամբություն, Պարսիկների առաջին ներխուժում, Պարսիկների երկրորդ ներխուժում, Հույների հակագրոհ, Աթենական ծովային միության պատերազմներ

Հույների և պարսիկների միջև առաջին բախումները տեղի են ունեցել Նաքսոս կղզում։ Արիստագորասը, ցանկանալով ամրապնդել իր դիրքերը Միլեթում, դիմել է տեղական աքեմենյան սատրապին՝ Արտափրենեսին, և նրանից ռազմական օգնություն խնդրել Նաքսոսը գրավելու համար[13]։ Դարեհ I-ից թույլտվություն ստանալուց հետո Արտափրենեսը 200 տրիերաներ[14] է տրամադրել Արիստագորասին՝ զորքերի հրամանատար կարգելով Մեգաբատեսին։ Արշավանքի ընթացքում Արիստագորասի և Մեգաբատեսի միջև ընդհարում է տեղի ունեցել[15], ինչի արդյունքում վերջինս սպասվող պաշարման մասին զգուշացրել է նաքսոսցիներին, որոնք էլ լավ պատրաստվելով դիմադրության[16][17]՝ անառիկ են պահել քաղաքը։ Շուտով պարսիկների միջոցներն ավարտվել են, և նրանք նահանջել են։

Հոնիական ապստամբությունը․ կապույտով գծված է աթենական և էրեթրիական օժանդակ ուժերի երթը, ինչը եղավ Դարեհի՝ դեպի Հունաստան կազմակերպած արշավանքի պատրվակը:

Հասկանալով, որ պարսիկներն արշավանքի անհաջողության ամբողջ մեղավորությունը բարդելու են իր վրա՝ Արիստագորասը որոշել է ամբողջ Հոնիային դրդել ապստամբության ընդդեմ Դարեհ I Մեծի[18]։ Հոնիացիների համար հիմնական դժգոհության պատճառը պարսիկների կողմից նշանակված տիրանոսներն էին։ Ապստամբել են հոնիացիները, էոլիացիները և դորիացիները, ինչից հետո ամեն տեղ վերացվել է բռնակալությունը և փոխարենը հաստատվել ժողովրդավարություն։ Հասկանալով, որ Փոքր Ասիայում բնակվող հույների ուժերը բավական չեն ապստամբությունը հաջողությամբ ավարտին հասցնելու համար, Արիստագորասը մեկնել է մայրցամաքային Հունաստան և այնտեղ փորձել նոր դաշնակիցներ ձեռք բերել։ Նա օգնության համար դիմել է սպարտացիներին, սակայն մերժում ստացել․ ապստամբությանը օժանդակել համաձայնել են միայն Աթենքը և Էրեթրիան[19], որոնք 498 թվականի գարնանը 25 տրիերա օժանդակ ուժեր են ուղարկել Հոնիա[20]։

Ապստամբների ուժերը միավորվել են Եփեսոսի մոտ[21] և շարժվել Սարդես[20], որը նրանք գրավել են և հրդեհել, ինչից հետո պարսիկները սկսել են հետապնդել հույներին, որոնք նահանջում էին դեպի Եփեսոս[22]։ Հենց այդ քաղաքի մոտ էլ նրանց միջև տեղի է ունեցել ճակատամարտ։ Հույերը պարտություն են կրել, աթենացիները և էրեթրիացիները վերադարձել են մայրցամաքային Հունաստան[20][23]։ Չնայած այս անհաջողություններին՝ ապստամբությունը շարունակվել է տարածվել․ ապստամբել են նաև կարիացիները[24] և կիպրոսցիները[25]։ Հաջորդ տարիներին պարսիկները զբաղված էին հենց այդ տարածքների հպատակեցմամբ, իսկ Հոնիան այդժամ ապրում էր խաղաղ կյանքով[26]։ Մ․թ․ա․ 494 թվականին պարսկական ուժերը սկսել են շարժվել դեպի ապստամբության կենտրոն՝ Միլեթ, որի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամատում ապստամբները պարտություն են կրել[27] և շուտով հպատակվել։ Այս ապստամբությունը հույների և պարսիկների միջև եղած առաջին ամենամեծ բախումն է եղել։ Հենց այս ապստամբությանն օժանդակելու մեջ մեղադրվող Աթենքին ու Էրեթրիային պատժելու համար էլ Դարեհ I-ը պլանավորել և իրականացրել է առաջին ներխուժումը Հունաստան[28]։

Պարսիկների առաջին ներխուժումը Հունաստան
Լինդոս, Նաքսոս, Կարիստոս, Էրեթրիա, Մարաթոն

Մ․թ․ա․ 492․ Մարդոնիոսի արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարսիկ զինվորներ (հավանապար անմահների գնդից), ֆրիզ, որը գտնվել է Դարեհի՝ Շոշում գտնվող պալատում, մոտ մ․թ․ա․ 510, Լուվր

Մ․թ․ա․ 492 թվականին Դարեհ I-ի փեսայի՝ Մարդոնիոսի կողմից ղեկավարվող զորք է կազմվել, որը բաղկացած էր ցամաքային և ծովային ուժերից[29]։ Չնայած այն բանին, որ արշավանքի պատրվակը հիմնականում Աթենքին ու Էրեթրիային պատժելն էր, պարսիկների առջև նպատակ է դրված եղել ինչքան հնարավոր է շատ հունական քաղաքներ հպատակեցնել[29][30]։ Կիլիկիայից ծովային ճանապարհով սկսելով իր արշավանքը՝ Մարդոնիոսն իր ցամաքային ուժերին հրամայել է շարժվել դեպի Հելլեսպոնտոս[29]։ Նա Փոքր Ասիայի ափերով նավարկել է դեպի Հոնիա, որի քաղաքներում կարճ ժամանակում վերացրել է բռնապետությունը և հաստատել ժողովրդավարություն[29]։ Մարդոնիոսի կողմից այստեղ ժողովրդավարության հաստատումը կարող է դիտվել որպես Հոնիային խաղաղեցնելու փորձ, որը թույլ կտար պաշտպանել իր թիկունքը, երբ անձամբ շարժվում էր դեպի Հելլեսպոնտոս, իսկ ավելի ուշ՝ Աթենք և Էրեթրիա:

Այնտեղից նավատորմն ուղղվել է դեպի Հելլեսպոնտոս, և երբ ամեն ինչ պատրաստ է եղել, ցամաքային ուժերը տեղափոխվել են Եվրոպա[29]։ Այնուհետ զորքերը ուղղվել են Թրակիա, վերահպատակեցրել այն (Թրակիան մ․թ․ա․ 512 թվականին՝ Դարեհի սկյութական արշավանքի ժամանակ, արդեն հպատակեցվել էր)[31]։ Հասնելով Մակեդոնիա՝ պարսկական զորքերն այն ամբողջովին ստրկացրել են և դարձրել Աքեմենյան տերությանն ամբողջովին ենթակա տարածք (այն նույնպես մ․թ․ա․ 6-րդ դարի վերջին հպատակեցվել էր Աքեմենյան տերությանը, սակայն հիմնականում պահպանել էր իր ներքին ինքնիշխանությունը)[32]։

Նույն ժամանակ նավատորմն անցել է Թասոս, որի բնակիչներն առանց դիմադրության հանձնվել են պարսիկներին[30]։ Անցնելով Թասոսը՝ պարսկական նավատորմը հանդիպակաց ափի երկայնքով նավարկել է մինչև Քաղկեդոնյան թերակղզի, Կիկլադյան կղզիներից մեկը՝ Ականթոս, իսկ այնտեղից դուրս գալուց հետո փորձել շրջանցել Աթոսը[30]։ Այնուամենայնիվ, նավատորմն ընկել է ուժեղ փոթորիկի մեջ, ինչի արդյունքում նավերը շպրտվել են Աթոսի ժայռոտ ափի վրա և ջարդվել․ ըստ Հերոդոտոսի՝ կործանվել է շուրջ 300 նավ և 20 հազար մարդ[30]։

Այնուհետև ցամաքային զորքերը, որոնք ճամբարել էին Մակեդոնիայում, գիշերային հարձակման են ենթարկվել բռյուգների՝ տեղացի թրակիական ցեղերից մեկի կողմից։ Դրա արդյունքում մեծ թվով պարսիկներ են զոհվել, վիրավորվել է նաև ինքը՝ Մարդոնիոսը[33]։ Չնայած իր վիրավորմանը՝ Մարդոնիոսը չի հեռացել այդտեղից այնքան ժամանակ, մինչև չի հաղթել և հպատակեցրել բռյուգներին, ինչից հետո իր զորքերի մնացորդներով Հելլեսպոնտոսով նահանջել է Փոքր Ասիա[33]։

Մ․թ․ա․ 491․ դեսպանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդոնիոսի արշավանքի հետևանքով հույների համար ակնհայտ է դարձել պարսիկների նպատակները, ինչը թուլացրել է հունական քաղաքների վճռականությունը։ Մ․թ․ա․ 491 թվականին Դարեհ I-ը դիմել է դիվանագիտական քայլի։ Նա դեսպաններ է ուղարկել Հունաստանի տարբեր կողմեր՝ պահանջելով «հող և ջուր», ինչը հպատակության խորհրդանիշն էր[34]։ Հունական ինչպես մայրցամաքային, այնպես էլ կղզեբնակ քաղաքների մեծամասնությունը կատարել է պարսից դեսպանների պահանջները՝ վախենալով Դարեհի ցասումից։ Այնուամենայնիվ, Աթենքում դեսպանները դատարանի առջև են կանգնեցվել, ապա մահապատժի ենթարկվել, իսկ Սպարտայում նրանք ուղղակի նետվել են ջրհորի մեջ[35]։ Այս ամենը հստակորեն ցույց է տալիս սպասվող ռազմական բախման կողմերին․ Սպարտան և Աթենքը, չնայած ոչ վաղ անցյալում իրենց ունեցած թշնամանքին, միասին պայքարելու էին պարսիկների դեմ[35]։

Սպարտացիները հող և ջուր պահանջող աքեմենյան դեսպանին նետում են ջրհորը։

Այնուամենայնիվ, Սպարտան այդժամ ընկնում է ներքին դավերի մեջ։ Էգինացիներ կատարել էին պարսիկների պահանջը և իրենց հպատակությունն էին հայտնել նրանց։ Աթենացիներն անհանգստացել են, որ պարսիկները կօգտագործեն Էգինայի ծովային հարմար դիրքը որպես ռազմածովային բազա, ինչի համար էլ Սպարտային խնդրել են միջամտել հարցին[36]։ Սպարտայի արքա Կլոմենեսը մեկնել է Էգինա՝ անձամբ մեղադրելու էգինացիներին դավաճանության մեջ, սակայն վերջիններս ասել են, որ նա չի կարող ոչ մի քայլ ձեռնարկել առանց Սպարտայի համայնքի և մյուս արքայի՝ Դեմարատոսի համաձայնության, որը դեմ էր դրան[37]։

Կլոմենեսը, ի պատասխան այս ամենի, Դելփիի քրմերի օգնությամբ (որոնց կաշառել էր) Դեմարատոսին ապօրինի արքա է հայտարարել և փոխարինել նրա զարմիկով՝ Լևտիքիդեսով[36]։ Այդժամ հանդիպելով Սպարտայի երկու արքաներին՝ էգինացիները հանձնվել են և որպես իրենց լավ վարքի երաշխիք՝ պատանդներ են հանձնել Աթենքին[38]։ Այնուամենայնիվ, Սպարտայում իմացել են, որ Կլոմենեսը կաշառք է տվել Դելփիի քրմերին, ինչից հետո նա արտաքսվել է քաղաքից[39]։ Հետո նա փորձել է իր կողմը գրավել Պելոպոնեսի հյուսիսը, ինչից հետո սպարտացիները զիջել են և նրան հետ կանչել քաղաք[36]։ Այնուամենայնիվ, մ․թ․ա 491 թվականին Կլոմենեսը ճանաչվել է խելագար և բանտարկվել, ինչի հաջորդ օրը նա ինքնասպան է եղել[36]։ Կլոմենեսին հաջորդել է նրա խորթ եղբայրը՝ Լեոնիդաս I[36]։

Մ․թ․ա․ 490․ Դատիսի և Արտափրենեսի արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավելություն ստանալով Սպարտայում տիրող քաոսից, ինչի արդյունքում Աթենքը մնացել էր միայնակ՝ Դարեհը որոշում է արշավանք կազմակերպել և վերջապես պատժել Աթենքին և Էրեթրիային[40]։ Զորքը հավաքագրվել է Շոշում և երթով մեկնել Կիլիկիա, որտեղ էլ հավաքագրվել է նավատորմը[40]։ Նրա անհաջող արշավանքի պատճառով զորքերի հրամանատարությունը վերցվել է Մարդոնիոսից և հանձնվել մար Դատիսին և Արտափրենես II-ին՝ Արտափրենես սատրապի որդուն։

Պարսկական բանակի չափ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարեհի բանակի տարբեր զինվորների պատկերաքանդակները պահպանվել են նրա դամբարանի վրա, որը գտնվում է Նաղշե Ռոսթամում։ Դրա վրա հիշատակվում են իր զինվորների ազգությունները[41][42][43]։ Դրանց թվում են նաև հայերը[44][45]։

Ըստ Հերոդոտոսի՝ Դարեհի ուղարկած նավատորմը կազմված է եղել 600 տրիերաներից[46]։ Պատմական աղբյուրներում ոչ մի տեղեկություն չկա, թե քանի փոխադրական նավ է ուղեկցել տրիերաներին կամ արդյոք ուղեկցել է, թե ոչ։ Մ․թ․ա․ 480 թվականին՝ Քսերքսեսի արշավանքի՝ պարսիկների՝ դեպի Հունաստան երկրորդ ներխուժան ժամանակ, ըստ Հերոդոստոսի, զորքը կազմված է եղել 3 հազար փոխադրական նավերից, որոնք ուղեկցում էին 1207 տեիերաներին[47]։ Ժամանակակից պատմիչներից ոմանք 600 տրիերաների մասին Հերոդոտոսի փաստարկը համարում են ողջամիտ։ Կարծիք կա նաև, որ այդ թիվը տրիերաների և փոխադրական նավերի թվերի գումարն է[48][49], կամ բացի 600 տրիերաները` եղել է նաև ձիերով փոխադրում[50]։

Հերոդոտոսը չի տալիս պարսից զորքի ճշգրիտ թիվը, նա միայն նշում է, որ պարսից արքան հավաքագրում է «մեծաթիվ և լավ զինված հետևակ»[51]։ Այլ անտիկ հեղինակներից նաև Սիմոնիդես Քիոսացին, որը դեպքերին գրեթե ժամանակակից է, հայտնում է, որ պարսից զորքի թիվը 200 հազար էր, իսկ հռոմեացի Կորնելիուս Նեպոսը՝ որ այն կազմված էր 200 հազար հետևակից և 10 հազար հեծելազորից[52]։ Պլուտարքոսը և Պավսանիասն իրարից անկախ հայտնում են 300-հազարանոց զորքի մասին, ինչպես նշված է Սուդա հանրագիտարանում[53][54][55]։ Պլատոնը և Լիսիասը հայտնում է 500-հազարանոց, իսկ Մարկոս Յուստինոսը՝ 600-հազարանոց զորքի մասին[56][57][58]։

Ժամանակակից պատմաբանները հիմնականում այս թվերը համարում են չափազանցություններ[50]։ Զորքի իրական թվաքանակի հաշվման համար օգտագործվող մոտեցումներից մեկը 600 տրիերաներով փոխադրված զորքի մոտավոր թվաքանակի հաշվումն է։ Հերոդոտոսը հայտնում է, որ պարսիկների երկրորդ ներխուժման ժամանակ յուրաքանչյուր տրիերայում գտնվել են 30 բարձրագույն տեսակի ծովային հետևակային և 14 այլ հետևակայիններ[59]։ Հաշվելով այս թվերը՝ կարող ենք ենթադրել, որ 600 տրիերաների վրա հեշտորեն կարող էին տեղավորվել 18-26 հազար հետևակայիններ[50][60]։ Պարսկական հետևակի ենթադրյալ թվաքանակը տատանվում է 18-100 հազարի սահմաններում[48][49][61][62][63]։ Այնուամենայնիվ, համաձայնությունը շուրջ 25 հազար հետևակայինի թվաքանակի շուրջ է[50][62]։

Ներխուժման ժամանակ օգտագործված հետևակը հավանաբար կազմված է եղել Աքեմենյան տերության մեջ բնակվող տարբեր ազգերից[64]։ Այնուամենայնիվ, ըստ Հերոդոտոսի՝ այդ ազգերի զրահի տեսակների և կռվելու ոճերի միջև նմանություն կար։ Զորքերը հիմնականում նման էին․ նրանք կրում էին աղեղ, կարճ նիզակ և սուր, բռնում էին վահան և առավելագույնը հագել էին կաշվե բաճկոն[64][65]։ Աքեմենյան զորքի մեջ հավանաբար բացառություն էին կազմում միայն բուն պարսկական զորքերը, որոնք կրում էին թեփուկավոր զրահ[64]։ Որոշ զորախմբեր զինված էին այլ զենքերով[64]․ օրինակ՝ սակերը հառչակավոր կացնահարներ էին։ Պարսկական հետևակի «էլիտար» զորակազմերը, ըստ երևույթին, եղել են էթնիկ պարսիկները, մարերը, կիսսիեցիները և սակերը։ Հերոդոտոսը Մարաթոնի ճակատամարտի նկարագրության մեջ մասնավորապես հիշատակում է պարսիկներին և սակերին[66]։ Պարսիկների կռվելու ոճը հավանաբար հետևյալն է եղել․ նրանք խուսափել են թշնամու հետ մոտ կռվի բռնվելուց, հեռվից նետահարել էին նրանց՝ փորձելով այդպես հոգնեցնել թշնամուն, ապա մոտեցել են ու նիզակով կամ սրով սպանել նրանց[64]։

Մարաթոնում ճակատամարտը երկար տևեց։ Ռազամաշարքերի միջնամասում հաղթում էին բարբարոսները․ այստեղ կանգնած էին իրենք պարսիկները և սակերը։ Ահա այստեղ բարբարոսները հաղթելով ճեղքեցին (աթենացիների) շարքերը ու սկսեցին նրանց քշել դեպի միջերկրայքը։ Սակայն երկու թևերում հաղթեցին աթենացիները և պլատեցիները։ Այստեղ հաղթելով` աթենացիները թույլ տվեցին, որ պարտված բարբարոսները փախչեն, իսկ իրենք, երկու թևերը միացնելով իրար, սկսեցին կռվել միջնամասը ճեղքած թշնամու դեմ։ Այստեղ ևս հաղթեցին աթենացիները, որից հետո նրանք սկսեցին հալածել փախչող պարսիկներին` կոտորելով նրանց, մինչև որ հասան ծով։ Այստեղ նրանք փորձեցին հարձակվել նավերի վրա և այրել դրանք։

Հեծելազորի թվակազմը հիմնականում համարվում է 1,000-3,000[50][68]։ Աքեմենյան հեծելազորը հիմնականում կազմված է եղել էթնիկ պարսիկներից, բակտրիացիներից, մարերից, կիսսիեցիներից և սակերից, որոնց մեծ մասը հավանաբար թեթեևազեն են եղել[64][69]։ Նավատորմը պետք է իր կազմի մեջ ունենար նաև որոշակի փոխադրական նավեր, որպեսզի փոխադրեր հեծելազորը։ Բայց Հերոդոտոսը պնդում է, որ այն փոխադրվել է տրիերաների միջոցով, ինչն անհնար է։ Լազենբին նշում է, որ 1000 հոգանոց հեծելազորը փոխադրվել է 30-40 փոխադրական նավերով[50]։

Ռազմական գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիկլադյան կղզիները, Դելոսը Միկոնոսից հարավ-արևմուտք գտնվող փոքրիկ կղզին է։

Ըստ Լինդոսի տաճարի ժամանակագրության՝ պարսից զորքերը նախ ուղևորվել են Հռոդոս կղզի և պաշարել Լինդոս քաղաքը, սակայն պաշարումն անհաջողությամբ է ավարտվել, և պարսիկները ստիպված շարժվել են առաջ[70]։ Այստեղից պարսից նավատորմի նավերը մեկնել են Սամոս կղզի[71], որտեղից Եգեյան ծովով[72] շարժվել դեպի Կիկլադյան կղզիներ՝ մասնավորապես Նաքսոս։ Վերջինիս բնակիչները փախել են լեռներ՝ կարծելով, որ պարսիկները հարձակվել են իրենց վրա։ Այդժամ պարսիկները գերի են վերցրել իրենց ձեռքն ընկածներին, հրդեհել նրանց սրբավայրերը և քաղաքը, ինչից հետո շարժվել մնացած կղզիների դեմ[73]։ Նաքսոսից հետո պարսիկներն ուղևորվել են Դելոս, որի բնակիչները նույնպես հասցրել էին փախչել և ապաստանել Թինոսում։ Պարսկական զորքերի ուժը Նաքսոսում ցույց տալուց հետո Դատիսը որոշել է գթասրտության քաղաքականություն վարել մնացած կղզիների նկատմամբ[72]։ Նա փախստական դելոսիցների մոտ պատվիրակ է ուղարկել և այսպես դիմել նրանց․

Սրբազան (երկրի) մարդիկ․ ինչո՞ւ հեռու փախաք` կասկածելով, որ ձեր հանդեպ ես չար մտադրություն ունեմ։ Քազի ես ինքս այնքան խելամիտ եմ․ և արքան ինձ հրամայել է, որ չավերեմ երկու աստվածների ծննդավայրը և չվնասեմ այնտեղ բնակվողներին։ Ուստի այժմ վերադարձեք ձեր տները և ապրեք ձեր կղզում։
- Հերոդոտոս, VI, 97[74]

Դատիսն Ապոլլոնի պատվին Դելոսում զոհասեղանի վրա այրել է 300 տաղանդ խունկ, ինչից հետո պարսից նավատորմը մեկնել է Դելոսից, հերթով մոտեցել մնացած կղզիներին, զորք հավաքել, իսկ երեխաներին պատանդ վերցրել։ Շուտով պարսից բանակը հասել է Եվբեա[75]։

Հասնելով Եվբեա՝ պարսից զորքերը շարժվել են դեպի Կարիստոս, որի բնակիչները հրաժարվել են պարսիկներին պատանդներ հանձնել, ինչպես նաև միավորվելով նրանց հետ՝ արշավել ընդդեմ իրենց հարևանների՝ Աթենքի ու Էրեթրիայի։ Այս ամենն իմանալուց հետո պարսիկները ձեռնամուխ են եղել Կարիստոսի պաշարմանը։ Ռազմական գործողությունները պարսիկների համար ավարտվել են հաջողությամբ․ այս ամենից հետո կարիստոսցիները ստիպված անցել են պարսիկների կողմը[76]։

Էրեթրիայի պաշարում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկական զորքերն այդժամ ուղևորվել են իրենց արշավանքի նպատակներից մեկը՝ Էրեթրիայի կործանումն իրականացնելու։ Ըստ Հերոդոտոսի՝ էրեթրիացիների մեջ պառակտում է եղել․ ոմանք ցանկացել են փախչել լեռներ և փրկվել այնտեղ, ոմանք՝ մնալ քաղաքում և ենթարկվել պաշարման, ոմանք էլ՝ հպատակվել պարսիկներին։ Մեծամասնությունը որոշել է մնալ քաղաքում։ Էրեթրիացիները չեն փորձել խանգարել պարսիկների ուժերի ափ իջնելուն կամ հարձակմանը․ նրանք ուղղակի թույլ են տվել պաշարել իրենց։ Էրեթրիացիները դիմել են նաև աթենացիներին՝ խնդրելով օգնական ուժեր ուղարկել։ Աթենացիները չեն մերժել օգնություն տրամադրել և ուղարկել են 4 հազար զինվորների։ Այնուամենայնիվ, Էրեթրիայի նշանավոր այրերից մեկը՝ Այսքինեսը, խորհուրդ է տվել նրանց վերադառնալ հետ և փրկվել, քանի որ նա տեղյակ էր քաղաքում պատրաստվող դավաճանական քայլերին։ Աթենացիները հենց այդպես էլ վարվել են՝ փրկելով իրենց կյանքը[77]։ Վեց օր շարունակ պարսիկները հարձակվել են Էրեթրիայի պարսիպների վրա, սակայն չեն կարողացել գրավել այն․ երկու կողմերն էլ տվել են մեծաթիվ զոհեր։ Այնուամենայնիվ, 7-րդ օրը երկու նշանավոր էրեթրիացիներ դավաճանել են ընդհանուր գործը և բացել քաղաքի դարպասները՝ քաղաքը հանձնելով պարսիկներին։ Քաղաքն ավերվել է, ի պատասխան Սարդեսի տաճարի հրդեհմանը, որը կատարվել էր էրեթրիացիների ձեռքով, պարսիկներն այրել են քաղաքի սրբավայրերը և, ինչպես հրամայել էր Դարեհ արքան, ստրկացրել նաև ամբողջ բնակչությանը[78]։

Մայրցամաքային Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարաթոնի ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարաթոնի ճակատամարտի սխեման
Մարաթոնի դաշտից Աթենք մեկնած Ֆիդիպպիդեսն աթենական ծերակույտին է հայտնում պարսիկների ջախջախման լուրը։ Մարաթոնից մինչև Աթենք նա կտրում է 42 կմ 196 մ ճանապարհ և հասնելով քաղաքի մատույցներին՝ անշնչացած վայր է ընկնում։ Նրա պատվին Օլիմպիական խաղերում մտցվել է մարաթոնյան վազքը[79][80]։

Այնուհետև պարսկական նավատորմն ուղևորվել է հարավ՝ դեպի Ատտիկա՝ ափ իջնելով Մարաթոնի դաշտում՝ Աթենքից 25 մողն (40 կմ) հեռավորություն վրա․ այդտեղ նրանց առաջնորդել էր Աթենքի նախկին տիրանոս Պիսիստրատոսի որդին՝ Հիպպիասը[81]։ Աթենացիները, պլատեացիների փոքրաթիվ ուժերի հետ միավորվելով, շարժվել են դեպի Մարաթոն՝ հաջողությամբ կարողանալով փակել Մարաթոնի դաշտի երկու ելքերը[82]։ Նույն ժամանակ աթենացիների ամենաարագ վազորդը՝ Ֆիդիպպիդեսը, ուղարկվել է Սպարտա, որպեսզի նրանց հայտնի աթենացիների՝ օգնության հասնելու մասին խնդրանքը[82]։ Ֆիդիպպիդեսը Սպարտա է ժամանել տեղի ունեցող Կարնեի տոնակատարության ժամանակ, որի ընթացքում սպարտացիներն իրավունք չունեին արշավանքի դուրս գալ․ նրանք հայտնել են, որ Սպարտայի բանակը չի կարող արշավել մինչև լիալուսին չլինի, ինչը նշանակում էր, որ Աթենքն ամենաքիչը 10 օր չի կարող համալրում ստանալ[83]։ Աթենացիներն այդժամ որոշել են ամրանալ Մարաթոնում և սպասել[82]։

Այդ իրավիճակը շարունակվել է 5 օր, սակայն աթենացիներն ի վերջո որոշել են (պատճառները լիովին հստակ չեն) հարձակվել պարսիկների վրա[84]։ Չնայած պարսիկների ունեցած թվային գերակշռությանը՝ հոպլիտներն ապացուցել են իրենց մեծ արդյունավետությունը․ նրանք նախ ջախջախել են պարսից զորքի թևերը, ապա անցել հակառակորդի ռազմաշարքի կենտրոնին։ Պարսկական բանակի մնացորդները լքել են ռազմաճակատը և փախուստի դիմել իրենց նավերով[65]։ Ըստ Հերոդոտոսի՝ ռազմադաշտում պարսիկները թողել էին 6400 դիակ[85], աթենացիները կորցրել էին ընդամենը 192, իսկ պլատեացիները՝ 11 զինվոր[86]։

Ճակատամարտից անիջապես հետո, ըստ Հերոդոտոսի, պարսկական նավատորմն անցնել է Սունիոնը, որպեսզի անմիջապես հարձակվի Աթենքի վրա[87]․ որոշ ժամանակակից պատմաբաններ այս զորաշարժը համարում են կատարված ոչ թե մարտից հետո, այլ անմիջապես առաջ[88]։ Այնուամենայնիվ, աթենացիներն ակնհայտորեն հասկացել էին, որ իրենց քաղաքը դեռևս վտանգի տակ է, և որքան հնարավոր է շուտ վերադարձել էին Աթենք[89]։ Աթենացիները ժամանել են ճիշտ ժամանակին՝ կանխելով պարսիկների ապահով ափ իջնելը, ինչից հետո տեսնելով, որ հնարավորությունը ձեռքից բաց է թողնված՝ պարսից նավատորմը շրջվել և վերադարձել է Ասիա[89]։ Հաջորդ օրը ժամանել է Սպատայի բանակը, որն ընդամենը 3 օրում կտրել էր 220 կմ (140 մղոն), սակայն ուշացել էր ճակատամարտից։ Նրանք մեկնել են տեսնելու Մարաթոնի ռազմադաշտը, գովել աթենացիներին իրենց մեծ հաղթանակի համար և վերադարձել Սպարտա[90]։

Մարաթոնում պարսիկների կրած պարտությունը վերջ է դրել պարսիկների առաջին ներխուժմանը Հունաստան։ Այնուամենայնիվ, Թրակիան և Կիկլադյան կղզիները վերանվաճվել են և մտել Աքեմենյան տերության կազմի մեջ, իսկ Մակեդոնիան, որը մ․թ․ա․ 6-րդ դարի վերջից համարվում էր աքեմենյան վասալ, սակայն վայելում էր ներքին լայն ինքնուրույնություն, դարձել է տերությանն ամբողջովին հպատակ մի թագավորություն[32]։ Դարեհը դեռևս վճռական էր տրամադրված Հունաստանը գրավելու ցանկության հանդեպ՝ ցանկանալով ապահովել իր տերության արևմտյան մասը[91]։ Դեռ ավելին, աթենացիները դեռևս անպատիժ էին մնացել Հոնիական ապստամբության ժամանակ իրենց մասնակցության համար։ Աթենքը և Սպարտան պետք է պատժվեին նաև պարսից դեսպաններին մահապատժի ենթարկելու համար[92]։

Ուստի Դարեհը ձեռնամուխ է եղել նաև հսկայական բանակի հավաքագրմանը, որով նա նպատակադրվել էր ամբողջովին հպատակեցնել Հունաստանը։ Այնուամենայնիվ, մ․թ․ա․ 486 թվականին Եգիպտոսն ապստամբել է՝ անորոշ ժամանակով հետաձգելով դեպի Հունաստան սպասվող արշավանքը[92]։ Այնուհետև Դարեհը մահացել է դեպի Եգիպտոս ուղղված արշավանքին պատրաստվելու ժամանակ, իսկ պարսից գահն անցել է նրա որդի Քսերքսես I-ին[93]։ Քսերքսեսը ճնշել է եգիպտացիների ապստամբությունը և շատ արագ վերսկսել դեպի Հունաստան ուղղված արշավանքի համար կատարվող նախապատրաստությունները[94]։ Արշավանքի նախապատրաստություններն ավարտվել են մ․թ․ա․ 480 թվականին, ինչից հետո սկսվել է Պարսիկների երկրորդ ներխուժումը Հունաստան, որը ղեկավարել է անձամբ Քսերքսեսը[95]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հույն հոպլիտը և պարսիկ զինվորը մարտի ժամանակ․ մ․թ․ա 5-րդ դար

Պարսիկների համար երկու արշավանքների ընթացքում էլ գրավվել են նոր տարածքներ, որոնք միացվել են Աքեմենյան տերությանը, Էրեթրիան պատժվել է Հոնիական ապստամբությանը ցուցաբերած իր մասնակցության համար[92]։ Այն, որ պարսիկները պարտություն են կրել Մարաթոնի ճակատամարտում, միայն փոքր անհաջողություն էր պարսիկների համար, քանի որ դա չի նվազեցրել պարսիկների ունեցած հսկայական ռեսուրսները[96]։ Սակայն հույների համար դա չափազանց կարևոր հաղթանակ էր։ Դա առաջին անգամ էր, երբ հույները հաղթանակի են հասել պարսիկների նկատմամբ և ապացուցել, որ պարսիկներն անպարտ չեն և որ հպատակվելու փախարեն ապստամբելը և հաջողելը հնարավոր է[97]։

Մարաթոնի ճակատամարտն աթենական երիտասարդ ժողովրդավարության համար վճռական պահ է եղել։ Այս ճակատամարտը համարվում է Աթենքի «ոսկե դարաշրջանի» մեկնակետը[98], ինչը կարելի է ասել նաև ամբողջ Հունաստանի համար։ «Նրանց հաղթանակը հույներին հավատ ներշնչեց սեփական ճակատագրի հանդեպ, որը պետք է պահպանվեր երեք հարյուրամյակների ընթացքում, որոնց ընթացքում սկիզբ առավ արևմտյան մշակույթը»[4][99]։ Ջոն Ստյուարտ Միլը հայտնել է իր հայտնի կարծիքներից մեկը, ըստ որի՝ «Մարաթոնի ճակատամարտը նույնիսկ որպես Բրիտանիայի պատմության իրադարձություն, ավելի կարևոր է, քան Հասթինգսի ճակատամարտը»[100]։

Հույների համար ռազմական ամենամեծ դասերից մեկը եղել է հոպլիտ փաղանգի ներուժի բացահայտումը։ Այս ոճը զարգացել էր հունական երկպառակչական պատերազմների ժամանակ, երբ հունական քաղաք-պետությունները միմյանց դեմ կռվում էին նույն ձևով և զորատեսակներով, ինչի պատճառով էլ հոպլիտների առավելություններն ու թերությունները նկատելի չէին[101]։ Մարաթոնի ճակատամարտն առաջինն էր, երբ հունական փաղանգը հանդիպել է ավելի թեթևազեն զորքերի և բացահայտել, թե ինչքան ուժեղ կարող են լինել հոպլիտները ճակատամարտի ժամանակ[101]։ Պարսիկները, թվում է, քիչ թե շատ անտեսել էին Մարաթոնի ճակատամարտից ստացած դասերը։ Դեպի Հունաստան ուղղված երկրորդ ներխուժման ժամանակ հետևակայինների կազմը նույնն էր, ինչպես առաջին ներխուժման ժամանակ՝ չնայած պարսիկներն ունակ էին իրենց տարածքներից հավաքագրել հոպլիտներ և այլ ծանրազեն հետևակայիններ[102]։ Նախկինում հոպլիտների դեմ հաղթանակներ տարած լինելով՝ պարսիկները հավանաբար Մարաթոնի ճակատամարտում կրած պարտությունը համարում էին սխալմունք[102]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Briant, Pierre (2002). From Cyrus to Alexander: A History of the Persian Empire (անգլերեն). Eisenbrauns. էջ 158. ISBN 9781575061207. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  2. Roisman, Worthington, էջ 343
  3. Cicero, On the Laws I, 5
  4. 4,0 4,1 4,2 4,3 Թոմ Հոլանդ, գլուխներ xvi-xvii.
  5. Thucydides, History of the Peloponnesian War, e.g. I, 22 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  6. 6,0 6,1 Finley, էջ 15.
  7. Թոմ Հոլանդ, գլուխ xxiv.
  8. David Pipes. «Herodotus: Father of History, Father of Lies». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 18-ին.
  9. 9,0 9,1 Թոմ Հոլանդ, էջ 377.
  10. Fehling, էջեր 1-277.
  11. Diodorus Siculus, Bibliotheca Historica Արխիվացված 2008-09-24 Wayback Machine
  12. Note to Herodotus IX, 81 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  13. Հերդոդոտոս, V, 31
  14. Հերդոդոտոս, V, 32
  15. Հերդոդոտոս, V, 33 Արխիվացված 2020-07-10 Wayback Machine
  16. Keaveney, p. 76.
  17. Հերդոդոտոս, V, 34 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  18. Հերդոդոտոս, V, 35 Արխիվացված 2020-07-08 Wayback Machine
  19. Թոմ Հոլանդ, էջեր 157–159.
  20. 20,0 20,1 20,2 Թոմ Հոլանդ, էջեր 160–162.
  21. Հերդոդոտոս, V, 100
  22. Հերդոդոտոս, V, 101
  23. Հերդոդոտոս, V, 102 Արխիվացված 2019-09-15 Wayback Machine
  24. Հերդոդոտոս, V, 103 Արխիվացված 2019-09-15 Wayback Machine
  25. Հերդոդոտոս, V, 104
  26. Boardman et al, էջեր 481–490. Արխիվացված 2020-08-12 Wayback Machine
  27. Հերդոդոտոս, VI, 14
  28. Թոմ Հոլանդ, էջեր 175–177.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 Հերդոդոտոս, VI, 43
  30. 30,0 30,1 30,2 30,3 Հերդոդոտոս, VI, 44
  31. Թոմ Հոլանդ, p153
  32. 32,0 32,1 Roisman, Worthington, էջեր 135-138, 342-345
  33. 33,0 33,1 Հերդոդոտոս, VI, 45
  34. Հերդոդոտոս, VI 48 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  35. 35,0 35,1 Թոմ Հոլանդ, էջեր 178-179
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 Թոմ Հոլանդ, էջեր 179-181
  37. Հերդոդոտոս, VI, 49 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  38. Հերդոդոտոս, VI, 73 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  39. Հերդոդոտոս, VI, 74 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  40. 40,0 40,1 Թոմ Հոլանդ, էջեր 181-183
  41. The Achaemenid Empire in South Asia and Recent Excavations in Akra in Northwest Pakistan Peter Magee, Cameron Petrie, Robert Knox, Farid Khan, Ken Thomas p.713-714 Արխիվացված 2020-05-23 Wayback Machine
  42. NAQŠ-E ROSTAM - Encyclopaedia Iranica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  43. «List of ethnicities with corresponding drawing». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  44. Lecoq, Pierre. Les inscriptions de la perse achemenide (1997) (French). էջեր 221–222.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «DNe inscription». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  46. Հերոդոտոս, VI, 95 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  47. Հերոդոտոս, VII, 97 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  48. 48,0 48,1 Stecchini, Livio. «The Persian Wars». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  49. 49,0 49,1 Green, էջ 90
  50. 50,0 50,1 50,2 50,3 50,4 50,5 Lazenby, էջ 46
  51. Հերոդոտոս, VI 95 Արխիվացված 2020-07-10 Wayback Machine
  52. Cornelius Nepos, Miltiades, 4
  53. Պլուտարքոս, Moralia, 305B
  54. Պավսանիաս IV, 22
  55. Սուդա հանրագիտարան, entry Hippias
  56. Պլատոն, Menexenus, 240A
  57. Լիսիաս, Funeral Oration, 21
  58. Մարկոս Յուստինոս, II, 9
  59. Հերոդոտոս, VII, 184 Արխիվացված 2008-05-02 Wayback Machine
  60. Kampouris (2000)
  61. Davis, էջեր 9-13
  62. 62,0 62,1 Թոմ Հոլանդ, էջ 390
  63. Lloyd, էջ 164
  64. 64,0 64,1 64,2 64,3 64,4 64,5 Lazenby, էջեր 23-29
  65. 65,0 65,1 Թոմ Հոլանդ, էջեր 195-197
  66. Հերոդոտոս, VI, 113 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  67. Perseus Under Philologic: Hdt.6.113. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  68. Ιστορία του Ελληνικού Έθνους (History of the Greek nation volume Β), Athens 1971
  69. Լազենբին, էջ 232
  70. Lind. Chron. D 1-59 in Higbie (2003)
  71. Հերոդոտոս, VI, 95 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  72. 72,0 72,1 Թոմ Հոլանդ, էջեր 183-186
  73. Հերոդոտոս, VI, 96 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  74. Հերոդոտոս, VI, 97 Արխիվացված 2020-12-25 Wayback Machine
  75. Հերոդոտոս, VI, 99 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  76. Հերոդոտոս, VI, 99 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  77. Հերոդոտոս, VI, 100 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  78. Հերոդոտոս, VI, 101 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  79. «Battle of Marathon, Greek history, britannica.com». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  80. «The marathon story: Heroic Pheidippides, jacksonville.com». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  81. Հերոդոտոս, VI, 102 Արխիվացված 2020-07-10 Wayback Machine
  82. 82,0 82,1 82,2 Թոմ Հոլանդ, էջեր 187-190
  83. Հերոդոտոս, VI, 105 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  84. Lazenby, էջեր 59-62
  85. Հերոդոտոս, VI, 117 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  86. Siegel, Janice (2005 թ․ օգոստոսի 2). «Dr. J's Illustrated Persian Wars». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  87. Հերոդոտոս, VI, 115 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  88. Թոմ Հոլանդ, էջեր 191-194
  89. 89,0 89,1 Հերոդոտոս, VI, 116 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  90. Հերոդոտոս, VI, 120 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  91. Թոմ Հոլանդ, էջ 177
  92. 92,0 92,1 92,2 Թոմ Հոլանդ, էջ 202-203
  93. Թոմ Հոլանդ, էջեր 206-208
  94. Թոմ Հոլանդ, էջեր 208-211
  95. Թոմ Հոլանդ, էջեր 240-244
  96. Holland, էջ 200
  97. Թոմ Հոլանդ, էջ 201
  98. Թոմ Հոլանդ, p138
  99. Ֆուլլեր, էջեր 11-32
  100. Powell et al., 2001
  101. 101,0 101,1 Թոմ Հոլանդ, էջ 194-197
  102. 102,0 102,1 Lazenby, էջ 28

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]