Մարաթոնի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարաթոնի ճակատամարտ
Հույն-պարսկական պատերազմներ
Մարաթոնյան հովիտը մեր ժամանակ
Թվական մ.թ.ա. 490 սեպտեմբերի 12
Վայր Մարաթոն, Հունաստան
Արդյունք Աթենացիներ հաղթանակ
Հակառակորդներ
Աթենք, Պլատեա Պարսից տերություն
Հրամանատարներ
Միլթիադես, Կալիմաքոս†, Դարեհ Ա†, Արտափրենես
Կողմերի ուժեր
10 000 աթենացի, 1000 պլատեացի 22 000
Կորուստներ
192 աթենացի, 11 պլատեացի 6400

Մարաթոնի ճակատամարտ - հույն-պարսկական պատերազմների խոշոր ճակատամարտերից մեկը։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 490 թվականի սեպտեմբերի 12-ին, Աթենքից մոտ 42 կմ հեռավորության վրա գտնվող Մարաթոն բնակավայրի մոտ։

Մարաթոնի ճակատամարտում պարսկական բանակը ջախջախիչ պարտություն է կրում։ Միլթիադեսի գլխավորությամբ հույների և պլատեացիների միացյալ բանակը ոչնչացնում է հակառակորդի զորքի մեծ մասը։ Դա հույների առաջին հաղթանակն էր Աքեմենյան կայսրության զորքի դեմ։ Պարսիկների համար պարտությունը մեծ հետևանքներ չունեցավ. նրանց պետությունը գտնվում էր հզորության գագաթնակետին և հսկայական միջոցներ ուներ։ Այդ անհաջող արշավանքից հետո Դարեհը մեծ զորք է հավաքում ամբողջ Հունաստանը գրավելու համար։ Նրա ծրագրերին խանգարում է Եգիպտոսի՝ մ.թ.ա. 482 թվականի ապստամբությունը։ Դարեհի մահից հետո գահն անցնում է որդուն՝ Քսերքսեսին։ Ճնշելով եգիպտացիների ապստամբությունը՝ Քսերքսեսը շարունակում է նախապատրաստել Հունաստանի դեմ արշավանքը։

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոդոտոսի ժամանակակից արձանը Վիեննայի խորհրդարանի շենքի մոտ

Մարաթոնի ճակատամարտը նկարագրող, մինչև մեր օրերը հասած, հիմնական սկզբնաղբյուրը համարվում է Հերոդոտոսի «Պատմության» VI գիրքը։ «Իմ պարտքն է փոխանցել այն, ինչ պատմում են, բայց, իհարկե, հավատալ ամբողջին ես պարտավոր չեմ։ Եվ այս կանոնին ես կհետևեմ իմ պատմական աշխատությունում»[1],- այսպիսի մոտեցում է ցուցաբերել պատմահայրն իր աշխատությանը, որը որոշակի քննադատության տեղիք է տվել։ «Պատմության» մեջ տեղեկությունների արժանահավատությունը տարբեր է։ Առանձին պատմություններ կարելի է համարել նովելներ և լեգենդներ։ Միևնույն ժամանակ ուսումնասիրությունները հաստատում են Հերոդոտոսի տվյալները։ Իր աշխատությունը գրելիս նա օգտվել է լոգոգրաֆների երկերից, օրակուլների ասացվածքներից, պաշտոնական բնույթի արձանագրություններից (մագիստրատուրաների, քրմերի և քրմուհիների ցուցակներ և այլն), ականատեսների վկայություններից և բանավոր ավանդություններց։ Հերոդոտոսին խորթ չէր նաև քաղաքական միտումնավորությունը։ Ապրելով Աթենքում՝ նա բարձր էր գնահատում աթենացիների դերը պարսիկների դեմ տարած հաղթանակում։ Սպարտայի մասին գրում է զուսպ՝ չմերժելով նրա ներդրումը պատերազմում։ Հատկապես բացասաբար է վերաբերվում համահելլենական գործը դավաճանած Թեբեին[2]։

Կտեսիասը լրացնում և, միևնույն ժամանակ, հակադրվում է Հերոդոտոսին[3]։ Լինելով տոհմական բժիշկ՝ նա գերի է ընկնում պարսիկների մոտ և դառնում է Արտաքսերքսես II-ի պալատական բժիշկը։ Լինելով պարսից արքայի բուժող բժիշկը՝ Կտեսիասն իբրև թե հնարավորություն է ստանում ուսումնասիրել արխիվային նյութերը և, վերադառնալով հայրենիք, գրում է «Պարսից պատմությունը» (հին հունարեն՝ Περσικά): Կտեսիասը քննադատում է և անտիկ հեղինակներին, և ժամանակակից ուսումնասիրողներին։ Արդի պատմաբանները կասկածում են, որ Կտեսիասն օգտագործել է պարսկական պաշտոնական տարեգրությունները[4]։ Քննադատելով նախորդ պատմիչներին՝ նա շատ բան արտագրել է նրանցին՝ փոխելով միայն որոշ մանրամասեր։ Կտեսիասը մեղադրում է Հերոդոտոսին ստի և հնարելու մեջ։ Ընդ որում ժամանակակից պատմաբանները նշում են, որ կան հորինված կերպարներ «Պարսից պատմության» մեջ[3]։ Ինչպես նաև Կտեսիասը կոպիտ սխալներ է թույլ տալիս ժամանակագրության և զինվորների թվաքանակի մեջ[5][6]։

Հույն-պարսկական պատերազմներին անդրադարձել են նաև անտիկ հեղինակներ Պլուտարքոսը և Կորնելիուս Նեպոսը։ Մարաթոնի ճակատամարտի վերաբերյալ տվյալներ կան Պլուտարքոսի՝ Արիստիդեսի և Կորնելիոս Նեպոսի՝ Միլթիադեսի կենսագրությունների մեջ։

Վեց դար անց Պավսիանոսը նկարագրել է ճակատամարտի վայրում պահպանված գերեզմանային երեք բլուր. մեկը՝ աթենացիների, երկրորդը՝ պլատեացիների, երրորդը՝ ճակատամարտին մասնակցած ստրուկների։ Համաձայն հին հույն աշխարհագետի՝ Մարաթոնի դաշտում են թաղում նաև Միլթիադեսին[7]։ Մարտի դաշտում գերեզմանների մասին վկայում է նաև Թուկիդիդեսն իր «Պատմության» մեջ[8]։ Հնագիտական պեղումները հաստատում են անտիկ հեղինակների վկայությունները։ Հ. Շլիմանի և Վ. Ստաիսի պեղումների ժամանակ գտնվել են Պավսիանոսի և Թուկիդիդեսի նկարագրած դամբարանները[9]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադրությունն Աթենքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրան Պիսիստրատի մահից հետո մ.թ.ա. 527 թվականին իշխանությունն անցնում է նրա որդիներին՝ Հիպարքոսին և Հիպպիոսին[10]։ Հիպարքոսի սպանությունից հետո մ.թ.ա. 514 թվականին ողջ մնացած Հիպպիոսն իրեն շրջապատում է վարձկաններով, որոնց շնորհիվ հույս ուներ պահպանել իշխանությունը։ Մ.թ.ա. 510 թվականին Սպարտայի արքա Կլեոմենոսը ռազմական արշավանք է կազմակերպում Աթենքի դեմ, որի արդյունքում տիրանը գահընկեց է արվում։ Աթենք է վերադառնում Ալկմեոնյան տոհմի ներկայացուցիչ Կլիսթենեսը։ Նրան հանձնարարվում է նախապատրաստել նոր օրենքներ։ Նրա նորամուծությունների շնորհիվ Աթենքում հաստատվում է դեմոկրատիա[11]։ Նրա կողմից ընդունվեց նաև օստրակիզմը՝ քվեարկության միջոցով քաղաքից վտարումը դեմոկրատիային սպառնացող երևելի քաղաքացիներին[12]։ Կլիսթենեսի նորամուծությունները դուր չէին գալիս աթենացի ազնվականներին՝ Էվպատրիդներին։ Արքոնտ ընտրելով իրենց ներկայացուցիչ Իսագորասին՝ նրանք վտարեցին Կլիսթենեսին և չեղարկեցին նրա ռեֆորմները։ Իսագորասին և նրա կողմանկիցներին պաշտպանում էին սպարտացիները։ Դեմոսը, չնդունելով փոփոխությունները, ապստամբություն բարձրացրեցին և վտարեցին թե Իսագորասին և թե սպարտացիներին[13]։ Նրանց վտարումից հետո քաղաքը հզորացավ, սակայն բնակչությունը երկյուղում էր սպարտացիների վրեժից։ Նրանց բանակի նկատմամբ վախն այնքան մեծ էր, որ մ.թ.ա. 508/507[14] թվականին Կլիսթենեսը դեսպանություն է ուղարկում Սարդի՝ պարսից արքայի եղբայր և սատրապ Արտաֆերնեսի մոտ, սպարտացիների դեմ դաշինք կնքելու առաջարկով։ Պարսիկները աթենացիներից պահանջեցին «հող և ջուր»[15]։ Դեսպանները համաձայնվում են, այդ խորհրդանշական գործողությունը նշանակում էր, որ նրանք ընդունում են իրենց հնազանդությունը։ Թեև տուն վերադառնալով՝ դեսպանները խիստ քննադատության են ենթարկվում, այնուամենայնիվ պարսիկները աթենացիներին համարում էին իրենց հպատակնենրը, որոնց հետագա անհնազանդությունը դիտարկում էին որպես ապստամբություն։ Աքեմենյան կայսրության՝ դեպի Հունաստան կատարած ռազմական արշավանքների գլխավոր նպատակներից մեկը Աթենքի նվաճումն էր[16]։

Հույն-պարսկական պատերազմների սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 499 թվականին Փոքր Ասիայի հունական պոլիսները, որոնք գտնվում էին պարսից թագավորության իշխանության ներքո, ապստամբություն են բարձրացնում։ Ապստամբները ներկայացուցիչներ են ուղարկում Էգեյան ծովի արևմտյան ափերի հույների մոտ։ Սպարտացիները չեն ցանկանում մտնել ռազմական բախման մեջ պարսիկների հետ, իսկ աթենացիները որոշում են օգնության ուղարկել 20 նավեր[17][18]։ Ապստամբներին հաջողվում է գրավել և հրկիզել կայսրույան կարևոր քաղաքներից մեկը՝ Սարդեսը։ Դարեհը ցանկանում է պատժել ապստամբության մասնակից և անհնազանդ հույներին[19][20], ինչպես նաև գրավել հունական մասնատված քաղաքները[19]։ Մ.թ.ա. 492 թվականին պարսից զորավար Մարդոնիոսի արշավանքի ժամանակ նվաճվում է Թրակիան, Մակեդոնիան ընդունում է պարսից արքայի գերիշխանությունը[21]։ Այդպիսով պարսիկներն ապահովում են իրենց ցամաքային զորքերի մուտքը Հին Հունաստան։ Մ.թ.ա. 491 թվականին Դարեհը դեսպաններ է ուղարկում հունական բոլոր անկախ քաղաքներ՝ պահանջելով «հող և ջուր», որը նշանակում էր հնազանդություն Աքեմենյան տերությանը։ Բոլոր քաղաքները, բացի Աթենքից և Սպարտայից, ընդունում են ստորացուցիչ պահանջները։ Աթենքում դեսպանները դատապարտվում են և պատժվում, Սպարտայում դեսպաններին գցում են ջրհորը՝ այնտեղից հող և ջուր վերցնելու[22][23]։

Աքեմենյան տերություն

Դատիսի և Արտափրենեսի արշավանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեհը հեռացնում է Մարդոնիոսին զորքի հրամանատարությունից և նշանակում է իր զարմիկ Արտափրենեսին ՝ տալով նրան փորձառու զորավար մար Դատիսին։ Արշավանքի հիմնական նպատակը Աթենքի և Էրետրիայի գրավումն էր, ինչպես նաև Կիկլադյան կղզիներն ու Նաքսոսը: Հերոդոտոսի համաձայն՝ Դարեհը հրամայում է Դատիսին և Արտափրենեսին «ստրկացնել Աթենքի և Էրետրիայի բնակչությանը և բերել նրաց արքայական աչքերը»[24]։ Արշավանքին մասնակցում էր նաև Աթենքի նախկի տիրան Հիպիոսը։ Պարսկական զորքերը գրավեցին Նաքսոսը և ափ իջան Էվբեա կղզում։ Էրետրիայի բնակչությունը որոշում է մնալ քաղաքում և դիմակայել։ Պարսիկները, չբավարարվելով պաշարումով, որոշում են գրոհով վերցնել քաղաքը:Հերոդոտոսը գրում է, որ պայքարը կատաղի էր, և երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում։ Վեցօրյա մարտերից հետո երկու ազնվականներ բացում են քաղաքի դարպասները։ Պարսիկները գրավում են քաղաքը, ավերում, այրում տաճարներն ու սրբատեղիները, բնակչությանը գերեվարում[25]։

Ճակատամարտից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլթիադես՝ հունական զորքի հրամանատար

Էրետրիան գրավելուց հետո պարսիկները նավարկում են Ատտիկայի ուղղությամբ։ Աթենքի նախկին տիրան Հիպպիոսի խորհրդով նրանք ափ են իջնում Մարաթոն քաղաքից ոչ հեռու գտնվող հովտում[26]։ Նվաճողների համար այն մի շարք առավելություններ ուներ։ Նախ հովիտը գտնվում էր Էրետրիայի մոտ, նավահանգիստը հարմար էր և անվտանգ, պարսիկները կարող էին գտնել հարուստ արոտատեղիներ իրենց ձիերի համար։ Դատիսն ու Արտափրենեսը չէին մտածում ճակատամարտել բաց դաշտում և կարծում էին, որ աթենացիներն իրենց քաղաքի պարիսպների մոտ կպայքարեն։ Հիպպիոսի հավաստիացմամբ՝ հովտից կարելի էր հարմար ճանապարհով հասնել Աթենք[27]։

Իմանալով դրա մասին՝ աթենացիներն իրենց զորքն ուղարկեցին Մարաթոն։ Զորքն, ավանդույթի համաձայն, ղեկավարում էին տասը ստրատեգոսները[28]։ Օգնության էին եկել նաև Պլատեի աշխարհազորը։ Հետագա գործողությունների վերաբերյալ ստրատեգոսները տարբեր տեսակետեր ուներին։ Մի մասը դեմ էր ճակատամարտին զորքերի սակավության պատճառով, մյուսներն, ընդհակառակը, խորհուրդ էին տալիս ճակատամարտել։ Միլթիադեսը դիմում է Կալիմաքոսին, որի որոշումից էր կախված վերջնական վճիռը, հետևյալ խոսքերով[29].

Քո ձեռքերում է, Կալիմաքոս, աթենացիներին դարձնել ստրուկ, թե ազատել նրանց։ Քանզի, երբեք Աթենքին այսպիսի սարսափելի վտանգ չի սպառնացել գույությունից ի վեր...Մենք՝ տասը ստրատեգոսներս, տարբեր կարծիքներ ունենք. Մի մասը խորհուրդ է տալիս ճակատամարտել, մյուսները՝ ոչ։ Եթե մենք չվճռենք կռվել, բեկում տեղի կունենա աթենացիների հոգում, և նրան կենթարկվեն մարերին։ Իսկ եթե ճակատամարտենք թշնամու դեմ, մենք կհաղթենք, չէ որ գույություն ունի աստվածային արդարություն։ Այս բոլորը քեզանից է կախված։ Ընդունիր իմ խորհուրդը, և քո հարազատ քաղաքը ազատ կլինի և կդառնա Էլլադայի ամենահզոր քաղաքը։ Իսկ եթե դու էլ ճակատամարտին դեմ լինես, մենք հաստատ կկործանվենք։

Իր խոսքերով Միլթիադեսը համոզում է Կալիմաքոսին ճակատամարտել, և բոլոր ստրատեգոսները, Արիստիդեսին հետևելով,իրենց ղեկավարլեու հերթը զիջում են Միլթիադեսին[30][31][32]։ Աթենացիների և պլատեացիների բանակը հասնում է մարտի դաշտ։ Դաշտն ընդարձակ տարածություն էր, որը ծովափով ձգվում էր հարավից հյուսիս-արևելք և Պենտելյան լեռներից թափվող ջրվեժով բաժանվում էր երկու մասին։ Նրա հարավային մասում ծովափին հասնող Պենտելիկոն լեռն էր, հյուսիսային մասը նույնպես շրջապատված էր լեռներով։ Հյուսիս-արևելայն հատվածում ճահիճներ էին, որոնց կանաչ մակերեսը տեսողական խաբկանք էր ստեղծում[31]։

Միլթիադեսը կարգադրում է ճամբար դնել Պենտելյան լեռների գագաթին՝ փակելով Աթենք տանող միակ ճանապարհը։ Հենց այդտեղով էր Հիպպիոսը մտադրվել պարսիկներին տանել Աթենք։ Մի քանի օր երկու կողմերը կանգնած էին դեմ հանդիման և ռազմական ոչ մի գործողության չէին դիմում:[31]

Ուժերի հարաբերակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական զորք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոդոտոսը տվյալներ չի հաղորդում հույների զորքի թվաքանակի մասին Մարաթոնի ճակատամարտում։ Կորնելիոս Նեպոսը[33] և Պավսանիասը[34] հայտնում են 9 հազար աթենացիների և հազար պլատեացիների մասին։ III դարի հռոմեացի պատմիչ Հուստինիոսը գրում է 10 հազար աթենացիների և հազար պլատեացիների մասին[35]։ Այս թվերը համեմատելի են Պլատեայի ճակատամարտում մասնակցած զինվորների հետ 11 տարի անց[36]։ Պավսանիասնը,«Հելլադայի նկարագրությունը» աշխատության մեջ խոսելով մարաթոնյան հովտի մասին, հայտնում է եղբայրական գերեզմանների մասին՝ աթենացիների,պլատեացիների և ստրուկների, որոնց առաջին անգամ ռազմական գործողություններին մասնակից էին դարձրել[37]։ Ժամանակակից պատմաբանները համաձայն են ճակատամարտում մասնակցած հույների՝ անտիկ սկզբնաղբյուրներում նշվող թվաքանակի հետ[38][39]։

Պարսկական զորք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոդոտոսի համաձայն՝ պարսիկների նավատորմը կազմված էր 600 նավերից։ Նա զորքի ճշգրիտ թիվ չի հայտնում՝ ասելով միայն, որ այն «մեծաքանակ էր և լավ զինված»[40]։ Անտիկ սկզբնաղբյուրներին բնորոշ է պարտված հակառակորդի զորքի թվաքանակի չափազանցումը։ Դա հելլենների հաղթանակն ավելի հերոսական էր դարձնում։ Պլատոնի տրամախոսության[41] և Լիսիասի «Դամբանականի»[42] մեջ վկայվում է 500հազարի մասին։ Հռոմեացի պատմիչ Կոռնելիոս Նեպոսը հայտնում է, որ Դատիսի և Արտափրենեսի զորքը կազմում էր 200հազար հետևակ և 10 հազար հեծելազոր[43]։ Ամենամեծ թիվը՝ 600 հազար, հանդիպում է Հուստինիոսի մոտ[35]։

Ժամանակակից պատմաբանները Հելլադա ներխուժած պարսկական զորքի թիվը գնահատում են միջինը 25 հազար հետևակ և հազար հեծյալ (թեև հանդիպում է նաև 100 հազար թիվը)[44][45][46][47][39]։

Հունական և պարսկական զորքերի համեմեատական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անմահների» ջոկատի պարսկական զինվորներ։ Շոշի արքայական պալատի բարձրաքանդակի հատված

Պարսկական բանակը կազմված էր Աքեմենյան տերությանը ենթակա տարբեր երկրների և ցեղերի ներկայացուցիչներից։ Յուրաքանչյուր ժողովրդի զինվոր ուներ սեփական զենքն ու զրահը։ Հերոդոտոսի մանրամասն նկարագրությամբ պարսիկներն ու մարերը կրում էին թաղիքե փափուկ գլխարկներ, տաբատներ և բազմագույն քիտոններ։ Զրահը հավաքված էր երկաթե թեփուկներից, վահանները՝ հյուսված ճյուղերից։ Զինված էին կարճ նիզակներով և մեծ աղեղներով, եղեգնյա նետերով։ Աջ ազրին կրում էին դաշույն (ակինակ)։ Մյուս ազգերի զինվորները ավելի վատ էին զինված, հիմնականում աղեղներով, հաճախ նույնիսկ միայն մահակներով և սրածայր փայտերով։ Պաշտպանական զրահներից Հերոդոտոսը բացի վահաններից հիշատակում է պղնձե, կաշվե և նույնիսկ փայտե սաղավարտներ[48]։

Հունական փաղանգը ներկայացնում էր ծանրազեն զինվորների գծային հոծ մարտաշար։ Մարտի ժամանակ գլխավոր խնդիրը նրա ամբողջության պահպանումն էր. ընկած զինվորին փոխարինում էր նորը։ Փաղանգի զարգացման համար գլխավոր գործոն էր կլոր վահանի (հոպլոն) կիրառումը և կորնթոսյան փակ սաղավարտը։ Վահանի ներսի հատվածում ամրացնում էին կաշվե փոկեր, որի միջով անց էին կացնում ձեռքը։ Այդպիսով, զինվորները վահանը կրում էին ձախ նախաբազուկով կիրառում՝ բռնած ծայրամասի փոկից[49]։

Հունական փաղանգ, վերակազմություն

Այդպիսի վահանը, պաշտպանելով հոպլիտին ձախ կողմից, բաց էր թողնում մարմնի աջ մասը։ Այդ պատճառով հունական փաղանգում զինվորները պետք է կանգնեին հոծ գծով այնպես, որ ամեն մի հոպլիտ պաշտպաներ իր կողքինին ձախից։ Հույնի համար մարտի ժամանակ վահանի կորուստը համարվում էր անպատվություն, քանզի այն ոչ միայն սեփական անվտանգությունն էր ապահովում, այլ նաև ամբողջ տողանի։ Մ.թ.ա. VI—V դարերի հոպլիտի գլուխը պաշտպանում էր կորնթոսյան տիպի բրոնզե սաղավարտը, որը կրում էին թաղիքե գլխարկի վրա։ Այդպիսի սաղավարտը լիովին պաշտպանում էր գլուխը, սակայն սահմանափակում էր կողմային տեսողությունը և լսողությունը։ Զինվորը թշնամուն տեսնում էր իր առջև։ Հույն-պարսկական պատերազմների ժամանակ տարածված էին նաև, այսպես կոչված, «անատոմիական» բրոնզե պատյանը՝ կուրծքը և իրանը պաշտպանող մասերից, որոնք ճշգրտությամբ կրկնում էին տղամարդու իրանի մկանային կառուցվածքը։ Պատյանի տակ հոպլիտը հագնում էր վուշե տունիկա, իսկ սպարտացիները վրայից կրում էին կարմիր թիկնոց։ Բրոնզե կիրասների թերությունն այն էր, որ ազդրերն անպաշտպան էին։ Այդ շրջանում ի հայտ եկան այսպես կոչված լինոթորաքսները՝ պատրաստված սոսնձով ներծծված վուշի մի քանի շերտերից։ Դրանք թույլ էրին տալիս ծածկել նաև ազդրերը՝ չսահմանափակելով զինվորի շարժումները[49]։ Պաշտպանական հանդերձի մաս էր կազմում նաև բրոնզե սռնապանները, որոնք համապատասխանում էին սրունքի առաջնամասին և, գրկելով ոտքը, չէի խանգարում քայլելուն[49]։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական և պարսկական զորքերի գործողությունների սխեման Մարաթոնի ճակատամարտում

Գերմանացի պատմաբան Էռնստ Կուրցիուսը վերլուծելով և ուսումնասիրոլով Մարաթոնի ճակատամարտի նկարագրությունները, բացատրում է՝ ինչու է Միլթիադեսը հարձակվել թշնամու վրա 490 թվականի սեպտեմբերի 12-ին՝ չսպասելով օգնության եկող սպարտացիներին։ Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ ոչ մի տեղ չի նկարագրվում պարսկական հեծելազորի գործութնեությունը, որի հետ պարսիկներն այդքան մեծ հույսեր էին կապում։ Մարտի որոշակի հատվածում այն կարող էր որոշիչ դեր կատարել։ Կուրցիուսին զարմացրել է նաև պարսիկ զինվորների՝ նավերը բարձրանալու արագությունը։ Լիակատար ջախջախման պայմաններում դա հավանական չէր թվում։ Գերմանացի գիտնականը հանգում է այն եզրակացման, որ պարսիկները, տեսնելով աթենացիների և պլատեացիների ամրացված դիրքերը լեռների լանջերին, հրաժարվում են Մարաթոնյան լեռնանցքով Աթենք գնալու մտքից։ Նրանք նախընտրում են ափ իջնել խուսավարման համար ավելի հարմար վայրում, որտեղ չեն լինի լեռնանցքներ և վերահսկվող միակ ճանապարհ։ Կուրցիուսը կարծում է, որ Միլթիադեսը որոշում է գրոհել այն ժամանակ, երբ պարսից բանակը բաժանվում է, և հեծելազորը արդեն բարձրացել էր նավերը։ Այդպիսով, նա հարձակվում է հետ մնացած զորաջոկատի վրա, որն ապահովում էր բանակի մեկնումը։ Այդպիսի իրավիճակում հասկանալի է դառնում՝ ինչու աթենացիները չսպասեցին սպարտացիների արհեստավարժ զինվորներին[50]։

Հույների և պարսիկների միջև հեռավորությունը կազմում էր 8 ասպարեզ (մոտ 1,5 կմ)։ Միլթիադեսը շարում է իր զորք. աջ թևում կանգնած էին աթենացիները Կալիմաքոսի գլխավորությամբ, ձախում՝ պլատեացիները, կենտրոնում՝ Լեոնյան և Անտիոքյան ֆիլաների քաղաքացիները Թեմիստոկլեսի և Արիստիդեսի գլխավորությամբ։ Հելլենների մարտաշարը լայնությամբ հավասար էր պարսկականին, սակայն նրա կենտրոնը բաղկացած էր մի քանի շարքից։ Դա թուլացնում էր հունական զորքի կենտրոնը։ Թևերում մարտաշարը ավելի խիտ էր[51]։

Շարվելուց հետո հույները սկսում են գրոհել։ Համաձայն Հերոդոտոսի՝ 8 ասպարեզն էլ հույները վազում են[52]։ Ժամանակակից ուսումնասիրողներն անհնար են համարում ծանրազեն զինվորների այդպիսի հարձակումը առանց մարտաշարը խախտելու[53]։ Ենթադրվում է, որ ճանապարհի առաջին մասն աթենացիներն անցել են քայլքով, իսկ երբ հասել են այն տարածության, երբ թշնամու նետերը հասել են իրենց (մոտ 200 մ), գրոհել են վազքով[54]։ Պարսիկների համար հարձակումն անսպասելի էր։ Ինչպես նշում է Հերոդոտոսը, «նրանք առաջինն էին բոլոր հելլեններից, ովքեր հարձակվեցին թշնամու վրա վազքով և չվախեցան մարական զինվորների տեսքից։ Մինչ այդ, մարերի անունն անգամ ահազդու էր հելլենների համար»[52]։

Ճակատամարտը երկար է տևում։ Պարսկական զորքի կենտրոնում կանգնած էին Դատիսի և Արտափրենեսի ընտիր ջոկատները, որոնց ճնշմանը չդիմանալով՝ հունական զորքի կենտրոնը սկսում է նահանջել։ Պարսիկները ճեղքում են աթենացիների շարքերը և սկսում հետապնդել նրանց։ Սակայն երկու թևերում հաղթանակը հույների կողմն էր։ Նահանջող թշնամուն հետապնդելու փոխարեն՝ նրանք շրջվում և հարձակվում են կենտրոն մխրճված ջոկատների վրա։ Պարսիկների բանակում խուճապ է սկսվում, և նրանք անկանոն նահանջում են դեպի նավերը։ Հույներին հաջողվում է գրավել թշնամական 7 նավ[55]։ Հերոդոտոսի վկայությամբ՝ հույների կորուստը կազմում է 192 աթենացի, որոնց մեջ էր նաև Կալիմաքոսը և Էսքիլեսի եղբայրը՝ Կինեգիրեսը։ Պարսիկներն, ըստ պատմահոր, կորցնում են 6400 մարդ։ Աքեմենյան տերության գլխավոր զորավարներից մեկի՝ Դատիսի ճակատագրի մասին տեղեկությունները հակասական են։ Ըստ Հերոդոտոսի՝ Դատիսը վերադառնում է Ասիա[56]։ Կտեսիասի համաձայն՝ Դատիսը զոհվում է մարտի դաշտում, իսկ հույները հրաժարվում են պարսիկներին տալ իրենց հրամանատարի մարմինը[57]։

Ճակատամարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորնթոսյան սաղավարտ և գանգոսկր՝ գտնված Մարաթոնի ճակատամարտի վայրում

Աթենքում կար «պարսկամետ» ազդեցիկ խմբավորում։ Հերոդոտոսի համաձայն՝ թշնամուն վահանով պայմանակն նշան է տրվում Պենտելիկոն լեռան գագաթից[58]։ Լուրեր էր պտտվում, որ դա արել են Ալկմեոնյանները՝ դավաճանելով համահունական գործը[59]։ Հեռանալով Մարաթոնից՝ պարսկական նավերը շարժվում են դեպի Սունիոն[58], որպեսզի այն շրջանցելով՝ գրավեն Աթենքը։ Քաղաքը մնացել էր անպաշտպան, քանզի աշխարհազորը գտնվում էր մարտի դաշտում 42 կմ հեռավորության վրա։ Թշնամու ծրագրերը ժամանակին վացահայտում է Միլթիադեսը։ Մարաթոնում հաղթանակածներին վիճակված չէր հանգստանալ մարտից հետո։ Արիստիդեսի գլխավորությամբ ջոկատ թողնելով Մարաթոնում՝ հսկելու գերիներին և ռազմավարը, հունական բանակը շարժվում է Աթենք։ Երբ պարսիկները հասնում են Ֆալերոնյան ծովախորշ, տեսնում են, որ հունական բանակը կրկին կանգնած է իրենց առջև[60]։ Տեսնելով, որ քաղաքը պաշտպանված է՝ պարսիկները չեն համարձակվում ճակատամարտել և հեռանում են[61]։ Հաջորդ օրը Աթենք է գալիսսպարտացիներ բանակը՝ անցնելով 220 կմ երեք օրում։ Ուշանալով մարտից՝ նրանք նայում են կռվի դաշտը, գովում աթենացիներին և վերադառնում տուն[62][63]։ Զոհվածներին արժանացնում են աթենացիների համար մեծ համարվող պատվի՝ թաղում են մարտի դաշտում[8][64]։ Մարաթոնում հաղթողներին Սիմոնիդեսը նվիրում է իր էպիգրամներից մեկը[65].

Մարաթոնի դաշտում առաջին շարքում թշնամու դեմ կռվեցին,

Մարերի փայլուն ուժերին Աթենքի զավակները հաղթեցին։

Մարաթոնի ճակատամարտի հաղթանակը, ցրելով պարսիկների անհաղթելիության պատրանքը, բարձրացրեց աթենացիների մարտական ոգին և մնաց նրանց հիշողության մեջ ՝որպես Աթենքի վեհության խորհրդանիշ[61]։ Հաղթանակի նշանակության մասին են վկայում Մարաթոնին նվիրված մեծաթիվ հուշարձանները և մեջբերումները։

Հին Աթենքում երրորդ ամսի վեցերորդ օրը տոնակատարություն էր կազմակերպվում Մարաթոնյան հաղթանակի պատվին[66]։

Ճակատամարտի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեհ I-ի արշավանքները Հունաստան

Ճակատամարտը տարբեր նշանակություն ուներ կողմերի համար։ Հելլենների համար այն առաջին հաղթանակն էր Աքեմենյան տերության զորքերի դեմ[67]։ Պարսիկների համար պարտությունը մեծ հետևանքներ չունեցավ։ Այդ անհաջողությունից հետո Դարեհը նոր զորք է հավաքում Հունաստանը նվաճելու համար։ Նրա ծրագրերը խախտում է եգիպտացիների ապստամբությունը մ.թ.ա. 486 թվականին[22]։ Նույն թվականին մահանում է Դարեհը, և գահն անցնում է Քսերքսեսին։ Ճնշելով եգիպտացիների ապստամբությունը՝ երիտասարդ արքան շարունակում է նախապատրաստվել արշավանքին[68]։ մարաթթոնի ճակատամարտից հետո ՝10 տարվա ընթացքում, մինչև պարսիկների նոր արշավանքը, Թեմիստոկլեսը ռազմական ռեֆորմի արդյունքում կարողանում է ստեղծել հզոր նավատորմ[69][70]։ Հենց նրա գործունեության արդյունքում է Քսերքսեսի զորքը լիակատար պարտություն կրում։

Ավանդազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիդիպիդեսի սխրանքը պատկերող նկար

Հայտնի են Մարաթոնի ճակատամարտի հետ կապված մի շարք ավանդազրույցներ։ Դրանցից մեկը մեզ է հասել Հերոդոտոսի «Պատմությունից» և պատմում է, որ աթենացիները սուրհանդակ Ֆիդիպիդեսին ուղարկում են Սպարտա, որպեսզի նա շտապեցնի սպարտացիների արշավանքը։ Ճանապարհին նրան հայտնվում է Պան աստվածը և ասում, որ բարեհաճ վերաբերմունք ունի աթենացիների նկատմամբ և կօգնի նրանց[71]։ Ավանդազրույցի համաձայն՝ աստված պահում է խոսքը[72][73], որից հետո ամեն տարի նրան զոհեր էին մատուցում[74]։ Ավանդությունը խորհրդանշական իմաստ ունի, քանզի դիցաբանական այս կերպարի հետ է կապված «паника»՝ խուճապ, բառը, որը Պանը ներշնչում էր իր հայտնվելով։ Պարսկական զորքի խուճապը հելլենների հաղթանակի կարևոր գործոններից էր։

Մեկ այլ լեգենդի համաձայն՝ կռվողներին հայտնվում է առասպելական հերոս Թեսևսի ուրվականը[75]։ Աթենքի Ակրոպոլիսի պատկերզարդ ստոայի նկարագրության մեջ Պավսանիասը հայտնում է, որ ճակատամարտին նվիրված նկարում կային նաև այլ հովանավոր - աստվածներ[76]։ Այսպիսով, հույներն իրենց հաղթանակի բաժինը վերագրում էին աստվածներին։

Մեկ այլ պատմական անհավանական զրույցի համաձայն անվանակոչվել է մարաթոնյան վազք մրցությունը (վազք 42 կմ 195 մ տարածությամբ[77]): Պլուտարքոսի համաձայն՝ Միլթիադեսն Աթենք է ուղարկում սուրհանդակ Եվկլեսին՝ հաղթանակի մասին հայտնելու։ Մարտից հետո վազելով մոտ 40 կմ ՝ քաջավազիկը բացականչում է. «Ուրախացեք, աթենացիներ, մենք հաղթեցինք» և մահանում է[78]։ Լուկիանոսը, սուրհանդակի անունը փոխարինում է ֆիդիպիդեսով[79]։ Հերոդոտոսի նշած Ֆիդիպիդեսը պետք է վազած լիներ մի քանի հարյուր կիլոմետր (Մարաթոնից Սպարտա և հակառակը, մասնակցեր մարտին, իսկ հետո արագ վազքով վերադառնար Աթենք՝ մոտ 500 կմ)[80]։ Քանի որ դեպի Աթենք ուղևորվում է ոչ թե մի մարդ, այլ ամբողջ բանակը, պատմությունն արժանահավատ չէ։ Հաշվի առնելով Ֆիդիպիդեսի մարաթոնյան վազքի պատմական անարժանահավատությունը՝ էնտուզիաստների խումբը 1983 թվականից կազմակերպում է սպարտատլոն՝ վազք Աթենքի և Սպարտայի միջև՝ 246կմ։

Մարաթոնի ճակատամարտն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Աթենքում ղեկավար է դառնում Միլթիադեսի որդին՝ Կիմոնը, նրա հանձնարարությամբ Ագորայի հյուսիսային մասում կառուցվոմ է Հին Աթենքի ամենանշանավոր հուշարձաններից մեկը՝ Նկարազարդ ստոան։ Այն պորտիկ էր՝ նկարազարդված այն ժամանակվա լավագույն նկարիչների կողմից։ Նկարներից մեկը պատկերում էր Միլթիադեսին Մարաթոնի ճակատամարտի ժամանակ։ Ճակատամարտին նվիրված հուշարձան է դրվում նաև Ակրոպոլսի հարավային պատի մոտ[81]։

Ճակատամարտի բանաստեղծական նկարագրությունն է տալիս գերմանացի պոետ Գեորգ Հեյմը՝ «Մարաթոն» բանաստեղծական շարքում[82]։ Լորդ Բայրոնը, մասնակցելով հունական հեղափոխությանը Օսմանայն կայսրության դեմ, իր «Չայլդ-Հարոլդի ուխտագնացությունը» ստեղծագործության մեջ հույների հայրենասիրական ոգին բարձրացնում է՝ հիշեցնելով նրանց երբեմնի հաղթանակները։

2010 թվականին Հունաստանի ազգային բանկը թողարկում է երկմետաղյա հուշադրամներ՝ 2 եվրո անվանական գնով՝ նվիրված Մարաթոնի ճակատամարտի 2500 ամյակին։ Մետաղադրամի դարձերեսին պատկերված է վահան և ռազմիկ, որոնք խորհրդանշում են ազատության համար պայքարը, իսկ վահանի վրայի թռչունը՝ արևմտյան քաղաքակրթության ծնունդն իր այժմյան տեսքով[83]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Геродот. История VII. 132
  2. Сергеев, 2008, էջ 31—32
  3. 3,0 3,1 И. В. Пьянков Ктесий как историк // Античная древность и средние века. — 1975. — № 11. — С. 52—57.
  4. Дьяконов И. М. Источники документальные и повествовательные // История Мидии от древнейших времён до конца IV в. до н. э. — М.-Л., 1956. — С. 24. — 486 с.
  5. Bigwood J. M. Ctesias as historian of the Persian wars // Phoenix. — 1978. — Vol. 32. — № 1. — P. 19.
  6. Ктесий. «Photius' excerpt of Ctesias' Persica (2) §28» (անգլերեն). сайт www.livius.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  7. Павсаний. Описание Эллады I. XXXII. 3
  8. 8,0 8,1 Фукидид. История II. 34
  9. «The Battle of Marathon» (անգլերեն). Hellenic Parliament Foundation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  10. Holland, 2005, էջ 122
  11. Holland, 2005, էջ 126—131
  12. «Остракизм». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. «Исагор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. Рунг, 2008, էջ 60
  15. Геродот. История V. 73
  16. Суриков Клеомен, 2005, էջ 257
  17. Суриков Клеомен, 2005, էջ 262—263
  18. Геродот. История V. 97
  19. 19,0 19,1 Holland, 2005, էջ 171—178
  20. Геродот. История V. 105
  21. Геродот. VII. 44—45
  22. 22,0 22,1 Holland, 2005, էջ 178—179
  23. Геродот. VII. 133
  24. Геродот. История VI. 94
  25. Геродот, VI, 101
  26. Геродот. История VI. 102
  27. Курциус, 2002, էջ 215—216
  28. Геродот. История VI. 103
  29. Геродот. История VI. 108—109
  30. Геродот. VI. 110
  31. 31,0 31,1 31,2 Курциус, 2002, էջ 225
  32. Плутарх. Аристид 5
  33. Корнелий Непот. Мильтиад. 5
  34. Павсаний. Описание Эллады. Книга X. Фокида. 20
  35. 35,0 35,1 Юстин Марк Юниан. «Юстин Марк Юниан. Эпитома сочинения Помпея Трога «История Филиппа» Книга II. Глава 9». сайт simposium.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  36. Геродот. История IX. 28
  37. Павсаний. Описание Эллады. Книга I. Аттика. 32
  38. Holland, 2005, էջ 187—190
  39. 39,0 39,1 Lazenby, 1993, էջ 54
  40. Геродот. История VI. 95
  41. Платон. «Менексен». сайт www.nsu.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  42. Лисий. «Надгробное слово в честь афинян, павших при защите Коринфа. 21». сайт simposium.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  43. Корнелий Непот. Мильтиад 4
  44. Davis, 1999, էջ 9—13
  45. Holland, 2005, էջ 390
  46. Lloyd, 2004, էջ 164
  47. Green, 1996, էջ 90
  48. Геродот. VII. 61—80
  49. 49,0 49,1 49,2 Шауб И., Андерсен В. Рождение фаланги: вооружение и тактика // Спартанцы в бою. — М.:: Яуза, Эксмо, 2008. — С. 40—56. — 320 с. — (Войны Древнего мира). — 5000 экз. — ISBN 978-5-699-24857-5
  50. Курциус, 2002, էջ 228—229
  51. Геродот. История VI. 111—112
  52. 52,0 52,1 Геродот. История VI. 112
  53. Дельбрюк, 2005
  54. Lazenby, 1993, էջ 66—69
  55. Геродот. История. VI. 113—115
  56. Геродот. История VI. 114—119
  57. Ктесий Книдский. «Photius' excerpt of Ctesias' Persica (1) [§22]» (անգլերեն). сайт livius.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 29-ին.
  58. 58,0 58,1 Геродот. История VI. 115
  59. Суриков Мильтиад, 2005, էջ 318
  60. Курциус, 2002, էջ 230
  61. 61,0 61,1 Суриков Мильтиад, 2005, էջ 319
  62. Геродот. История VI. 120
  63. Курциус, 2002, էջ 231
  64. Павсаний. Описание Эллады I. XXIX. 4
  65. Симонид. «Симонид. Хоровая лирика». сайт lib.ru. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  66. ИДГ, 2001, էջ 385
  67. Holland, 2005, էջ 201
  68. Holland, 2005, էջ 206—211
  69. Holland, 2005, էջ 217—219
  70. Плутарх. Фемистокл IV
  71. Геродот. История VI. 105—106
  72. Геродот. История VI. 117
  73. Павсаний. Описание Эллады I. 28
  74. Геродот. История VI. 105
  75. Плутарх, էջ Тесей, 35
  76. Павсаний. Описание Эллады. Книга I. XV. 4
  77. Марафонский бег / Откаленко В. А. // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  78. Плутарх. «Were the Athenians More Famous in War or in Wisdom? 3» (անգլերեն). сайт penelope.uchicago.edu. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  79. Lucas J. A. A History of the Marathon Race — 490 B.C. to 1975 // {{{заглавие}}}. — Pennsylvania State University. — P. 122.
  80. «Pheidippides». сайт www.ancientgreekbattles.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  81. Павсаний. Описание Эллады I. XXV. 2
  82. Гейм Г. Морские города: Избранная лирика / Пер. с нем. А. Чёрного. — М.: Водолей, 2011. — 208 с. — (Звёзды зарубежной поэзии). — ISBN 978-5-91763-071-7
  83. «Новая монета Греции «2500 лет битве при Марафоне»». сайт World of coins. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.

Անտիկ սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]