Հոնիական ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոնիկան ապստամբություն
Հույն-պարսկական պատերազմներ
Հոնիական ապստամբություն.svg
Հոնիական ապստամբության ռազմական գործողությունների սխեման
Թվական Մ․թ․ա․ 499–493 թվականներ
Վայր Փոքր Ասիա և Կիպրոս
Արդյունք Պարսկաստանի վճռական հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Պարսկաստանը վերահաստատել է սեփական իշխանությունը Փոքր Ասիայի և Կիպրոսի հունական մարզերում։
Հակառակորդներ
Հոնիա, Էոլիա, Դորիա, Կարիա, Աթենք, Երետրիա, Կիպրոս Աքեմենյան պետություն Աքեմենյան պետություն
Հրամանատարներ
Արիստագորաս,
Խարոպինոս,
Հերմոֆանտոս,
Էվալկիդես,
Մելանթիոս,
Դիոնիսոս Փոկեացի,
Հիստիայոս,
Հեկատեոս Միլեթացի,
Օնեսիլոս
Մեգաբատես,
Արտափրենես,
Դավրիսոս,
Օտանես,
Դատիս
Հույն-պարսկական պատերազմներ
Հոնիական ապստամբություն, Պարսիկների առաջին ներխուժում, Պարսիկների երկրորդ ներխուժում, Հույների հակագրոհ, Աթենական ծովային միության պատերազմներ

Հոնիական ապստամբություն, ապստամբությունների շարք, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 499-493 թվականներին և ընդգրկել է Փոքր Ասիայի հունական մարզերը՝ Հոնիան, Էոլիան, Դորիան, Կիպրոսը, Կարիան։ Ապստամբության նպատակն էր ազատագրվել Աքեմենյան Պարսկաստանի տիրապետությունից։ Ապստամբության հիմքում ընկած էր հունական քաղաք-պետությունների՝ Պարսկաստանի կողմից նշանակված տիրանոսների դժգոհությունը, որոնց թվում էին Միլեթի տիրանոսներ Հիստիայոսը և Արիստագորասը։ Պարսիկները հոնիական քաղաքները գրավել էին դեռևս մ․թ․ա․ մոտ 540 թվականին, ինչից հետո այնտեղ իշխում էին տեղաբնիկ տիրանոսները, որոնք նշանակվում էին Սարդեսի պարսիկ սատրապի կողմից։ Մ․թ․ա․ 499 թվականին Միլեթի տիրանոսը՝ Արիստագորասը, փորձելով ամրապնդել իր դիրքերը, պարսից սատրապ Արտափրենեսի հետ միասին կազմակերպել է արշավանք, որի նպատակն էր գրավել Նաքսոս կղզին։ Նրանց արշավանքը չի հասել իր նպատակին և ձախողվել է, ինչից հետո Արիստագորասը, կանխազգալով, որ Դարեհ Մեծը հեռացնելու է իրեն իր պաշտոնից, որոշել է ամբողջ Հոնիան ապստամբության մեջ ներքաշել ընդդեմ պարսից արքայի։

Մ․թ․ա․ 498 թվականին Աթենքից և Երետրիայից ստանալով ռազմական օգնություն՝ հոնիացիները արշավել են դեպի Սարդես, գրավել և այրել այն։ Այնուամենայնիվ, նրանց՝ դեպի Հոնիա վերադարձի ժամանակ նրանք հետապնդվել են պարսկական զորքի կողմից և պարտություն կրել վերջիններից Եփեսոսի ճակատամարտում։ Այս արշավանքը հոնիացիների միակ հարձակողական գործողությունն էր, ինչից հետո նրանք պաշտպանողական դիրք են բռնել։ Մ․թ․ա․ 497 թվականին պարսիկները երեք գրոհ են կազմակերպել, որպեսզի գրավեն ապստամբած հեռավոր շրջանները, սակայն ապստամբությունը շուտով տարածվել է նաև դեպի Կարիա, ինչի արդյունքում Դավրիսոսի ղեկավարությամբ մի մեծ բանակ տեղակայվել է այնտեղ։ Չնայած սկզբնական հաջողությունների՝ այդ բանակը Պեդասոսի ճակատամարտում ընկել է ծուղակը և ոչնչացվել։ Այս ամենի արդյունքում մ․թ․ա․ 496 և 495 թվականներին տիրող դրությունը ոչ մի կողմից համար լիարժեք հաղթանակ չէր։

Մինչև մ․թ․ա․ 494 թվականը պարսկական զորքը և նավատորմը վերակազմավորվել է, ինչից հետո այն դիմել է դեպի ապստամբության էպիկենտրոն՝ Միլեթ։ Հոնիական նավատորմը ձգտում էր ծովի կողմից պաշտպանել Միլեթը, սակայն պարսիկները սամոսցիների դավաճանությունից հետո կարողանում են հույների նկատմամբ հաղթանակի հասնել Լադեի ճակատամարտում։ Այս ամենից հետո Միլեթը պաշարվել է, գրավվել, իսկ Միլեթի բնակչությունը հպատակվել է պարսկական իշխանությանը։ Այս կրկնակի պարտությունը հանդիսացել է ապստամբության ավարտը, ինչից հետո Կարիան ևս հանձնվել և հպատակություն է հայտնել պարսիկներին։ Պարսկական ուժերը մ․թ․ա․ 493 թվականն անց են կացրել արևմտյան ափի ապստամբ քաղաքները հպատակեցնելով, ինչից հետո Հոնիայի հետ կքնվել է հաշտություն։

Հոնիական ապստամբությունը համարվում է առաջին մեծ կոնֆլիկտը հույների և Աքեմենյան Պարսկաստանի միջև, ինչպես նաև Հույն-պարսկական պատերազմների առաջին փուլը։ Չնայած ապստամբությունից հետո Փոքր Ասիան նորից անցել է պարսկական իշխանության ներքո, Դարեհ I-ը երդվել էր պատժել Աթենքին և Երետրիային, քանի որ նրանք ռազմական օգնություն էին ցուցաբերել ապստամբներին։ Դեռ ավելին, հասկանալով, որ հունական բազմաթիվ քաղաք-պետությունները մշտական վտանգ են սեփական պետության արևմտյան սահամնների համար՝ Դարեհը, ըստ Հերոդոտոսի, որոշել էր գրավել ամբողջ Հունաստանը։ Մ․թ․ա․ 492 թվականին սկսվել է Պարսկական առաջին ներխուժումը Հունաստան, որը համարվում է Հոնիական ապստամբության ուղղակի հետևանք, ինչպես նաև Հույն-պարսկական պատերազմների հաջորդ՝ երկրորդ փուլը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոդոտոսի մարմարե կիսանդրին

Հոնիական ապստամբության հիմնական սկզբնաղբյուրը հույն պատմիչ Հերոդոտոսն է։ Նա, ում անվանում են «Պատմության հայր»[1], ծնվել է մ․թ․ա․ 484 թվականին Փոքր Ասիայում՝ Հալիկառնասում (այդ ժամանակ պարսից տիրապետության տակ)։ Նա իր «Պատմությունը» գրել է մոտ մ․թ․ա 440-430 թվականներին՝ փորձելով ցույց տալ հույն-պարսկական պատերազմները սկսած ակունքներից․ այսինքն նա գրել է համեմատաբար վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին (պատերազմն ավարտվել է մ․թ․ա․ 450 թվականին)[2]։ Հերոդոտոսի մոտեցումներն ամբողջովին նորարարական էին․ նա Արևմտյան հասարակության մեջ հայտնագործել է պատմագրությունն այնպես, ինչպես այն ծանոթ է մեզ[2]։ Բրիտանացի հեղինակ Թոմ Հոլանդն այդ առիթով ասել է․ «Առաջին անգամ ժամանակագիրը ձեռնամուխ է եղել հակամարտության ակունքների մասին պատմելուն, ոչ այնքան հեռավոր անցյալի մասին, որ լիովին հեքիաթային լինի, ոչ որևէ աստծո քմահաճույքներին ու ցանկությունների մասին և ոչ էլ ժողովրդի՝ ճակատագիրը բացահայտելու պահանջների մասին, այլ ավելի շուտ մեկնաբանություններ, որոնք նա կարող էր անձամբ հաստատել»[2]։

Հետագա որոշ հին պատմիչներ՝ սկսած Թուկիդիդեսից, չնայած նույնպես գնացել են Հերոդոտոսի հետքերով, այնուամենայնիվ, քննադատել են նրան[3][4]։ Այնուամենայնիվ, Թուկիդիդեսն իր պատմությունը սկսել է այն տեղից, որտեղ ավարտել է Հերոդոտոսը (Սեստոսի պաշարում), ինչը ցույց է տալիս, որ Հերոդոտոսի պատմությունն այնքան ճշգրիտ է, որ կարիք չկար վերաշարադրելու կամ ուղղելու[4]։ Պլուտարքոսն իր ակնարկի մեջ նույնպես քննադատել է Հերոդոտոսին՝ անվանելով նրան՝ «Philobarbaros», ինչը նշանակում է «բարբարոսներին սիրող»․ նա կարծում էր, որ Հերոդոտոսը չի եղել բավականաչափ հունամետ, ինչից կարելի է ենթադրել, որ Հերոդոտոսն իսկապես ստեղծել է անաչառ և անկողմնակալ աշխատություն[5]։ Հերոդոտոսի մասին բացասական կարծիք էր տիրում նաև Վերածննդի Եվրոպայում, սակայն նրա աշխատությունը շարունակում էին շատ կարդացվող մնալ[6]։ Այնուամենայնիվ, 19-րդ դարից ի վեր պատմիչի հեղինակությունը վերականգնվել է, քանի որ մի շարք հնագիտական բացահայտումներ հաստատել են, որ իրադարձությունների մասին տված իր նկարագրությունը ճիշտ է[7]։ ժամանակակից գերակշռող տեսակետն այն է, որ Հերոդոտոսը, ընդհանուր առմամբ, ուշագրավ աշխատանք է կատարել իր «Պատմության» մեջ, բայց նրա հաղորդած որոշ մանրամասների (հիմնականում տարեթվեր, ամսաթվեր և զորքերի թվաքանակներ) պետք է թերահավատորեն նայել[7]։ Այնուամենայնիվ, դեռևս կան որոշ պատմաբաններ, որոնք հավատում են, որ Հերոդոտոսը հորինել է իր պատմության մեծ մասը[8]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմերոսյան դարաշրջանում, որից հետո անկում է ապրել միկենյան քաղաքակրթությունը, հույների մի մասը արտագաղթել է Փոքր Ասիա և բնակություն հաստատել այնտեղ։ Այս բնակիչները 3 ցեղախմբերից էին՝ էոլիացիները, դորիացիները և հոնիացիները[9]։ Հոնիացիները բնակեցրել էին Լիդիայի և Կարիայի ափերը՝ այնտեղ հիմնադրելով 12 քաղաքներ, ինչն էլ կազմեց Հոնիան[9]։ Այդ քաղաքներից էին Միլեթը, Միուսը և Պրիենեն, որոնք գտնվում էին Կարիայում, Եփեսոսը, Կոլոփոնը, Լեբեդոսը, Տեոսը, Կլազոմենեն, Փոկայան և Էրիթրեն (Էրյութեա), որոնք գտնվում էին Լիդիայում, ինչպես նաև քաղաքներ Սամոս և Քիոս կղզիներում[10]։ Հոնիական քաղաքները անկախ էին մինչև այն պահը, երբ Լիդիայի հայտնի արքա Կրեսոսը գրավել է այդ քաղաքները մոտ մ․թ․ա․ 560 թվականին[11]։ Հոնիական քաղաքները մնացին լիդիական իշխանության ներքո մինչև այն պահը, երբ Աքեմենյան տերության հիմնադիրը՝ Կյուրոս Մեծը գրավել է դրանք[12]։

Դարեհի պատկերը հունլեզու գրվախքով (ΔΑΡΕΙΟΣ, վերևի աջ անկյուն), Դարեհի սկահակի վրա

Լիդիացիների դեմ պատերազմելու ժամանակ Կյուրոս Մեծը հոնիացիներին առաջարկել է միանալ իրեն և ապստամբել ընդդեմ լիդիական գերիշխանության, սակայն մերժում է ստացել[12]։ Երբ Կյուրոս Մեծը կարողացել է գրավել Լիդիան, հոնիական քաղաքներն ինքնակամ առաջարկել են հպատկավել Կյուրոսին նույն պայմաններով, որոնցով նրանք նախկինում հպատակվում էին Լիդիայի արքա Կրեսոսին[12]։ Կյուրոսը մերժել է նրանց՝ հիշեցնելով, որ հոնիացիները նախկինում մերժել էին օգնել իրեն։ Այս ամենից հետո հոնիացիները պատրաստվել են պաշտպանել սեփական տարածքները, իսկ Կյուրոսը մար հրամանատար Հարփագուսին ուղարկել է Հոնիան գրավելու[13]։ Նա սկզբում հարձակվել է Փոկեայի վրա․ փոկեացիները նախընտրել են ամբողջությամբ լքել քաղաքը և նավելով հեռանալ դեպի Սիցիլիա, քան դառնալ պարսկական հպատակներ (չնայած հետագայում շատերը վերադարձել են)[14]։ Հարփագուսի հարձակման ժամանակ որոշ թեոսցիներ նույնպես նախընտրել են հեռանալ, սակայն հոնիական քաղաքների այլ քաղաքների բնակչությունը մնացել է և հպատակվել պարսիկներին[15]։

Պարսիկները այդժամ հասկացան, որ հոնիացիներին կառավարելը դժվար է։ Իր ստեղծած կայսրության տարբեր մասերում Կյուրոսը կարողանում էր գտնել տեղաբնիկ վերնախավ, որի օգնությամբ էլ կառավարում էր իր նոր հպատակներին․ այդպիսի վերնախավներից էր, օրինակ, Հրեաստանի քահանայությունը[16]։ Ի տարբերություն իր կայսրության այլ շրջաններին՝ հունական քաղաքներում այդ ժամանակ այդպիսի խմբավորումներ չկային։ Այնտեղ կար վերնախավ, որը, սակայն, բաժանված էր թշնամական խմբակցությունների[16]։ Այսպիսով պարսիկները բավարարվեցին յուրքանչյուր հոնիական քաղաքում տիրանոս նշանակելով, չնայած դա նրանց ներքաշեց հոնիացիների ներքին հակամարտությունների մեջ։ Բացի այդ, տիրանոսը կարող էր սկսել ձգտել անկախության, ինչի պատճառով պետք է փոխարինվեր[16]։ Բարդ խնդիր էր դրված նաև տիրանոսների առջև, քանի որ նրանք միևնույն ժամանակ պետք է կարողանային հաճոյանալ և՛ սեփական քաղաքացիներին, և՛ պարսից վերնախավին[16]։

Պարսիկների՝ Հոնիան գրավելուց շուրջ 40 տարի անց՝ պարսից 4-րդ արքայի՝ Դարեհ I Մեծի կառավարման օրոք, Միլեթի տիրանոսի տեղապահը՝ Արիստագորասը, հայտնվել է հետևյալ տհաճ դրության մեջ[17]։ Արիստագորասի հորեղբայր և աներ Հիստիայոսը, որը մինչ այդ Միլեթի տիրանոսն էր, Դարեհին ուղեկցել էր սկյութների դեմ մ․թ․ա․ 513 թվականին տեղի ունեցած արշավանքի ժամանակ։ Երբ Դարեհը նրան առաջարկում է ինչ-որ պարգև խնդրել իր կատարած ծառայությունների համար, Հիստիայոսը խնդրում է Թրակիայի գրավված տարածքների մի մասը։ Չնայած նրա խնդրանքը բավարարվում է, Հիստիայոսի փառասիրությունը անհանգստացնում է Դարեհի խորհրդականներին։ Այդ պատճառով Դարեհը Հիստիայոսին պարգևատրում է նրան Շոշ տանելով և իր արքայական սեղանակիցը դարձնելով[17]։ Միլեթի տիրանոսի պաշտոնում փոխարինելով Հիստիայոսին՝ Արիստագորասը բախվում է այնտեղ խմորվող դժգոհություններին։ Մ․թ․ա․ 500 թվականին Արիստագորասի մոտ են գալիս Նաքսոս կղզուց արտաքսվածները և խնդրում օգնել վերականգել վերահսկողությունը կղզու նկատմամբ[18]։ Նաքսոսը գրավելու միջոցով իր իշխանությունը Միլեթում ամրապնդելու հնարավորություն տեսնելով՝ Արիստագորասը առաջարկությամբ դիմում է Լիդիայի սատրապ Արտափրենեսին։ Եթե Արտափրենեսը իրեն զորք տրամադրի, ապա Արիստագորասը Դարեհի անունից կնվաճի Նաքսոսը և Արտափրենեսին կտա ավարի մի մասը, որպեսզի ծածկի զորքի ծախսերի մի մասը[19]։ Արտափրենեսը համաձայնում է և Դարեհ I-ից թույլատվություն խնդրում արշավանքը կազմակերպելու համար։ Դարեհը համաձայնություն է տալիս, և հաջորդ տարի Նաքսոսի վրա հարձակման համար հավաքվում է 200 տրիերա[20]։

Նաքսոսի արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 499 թվականի գարնանը Արտափրենեսը նախապատրաստել է պարսկական ուժերին և նրանց հրամանատար նշանակել իր զարմիկ Մեգաբատեսին[20]։ Հետա նա նավեր է ուղարկել Միլեթ, որտեղ հոնիական զորքերը տեղակայվել են նավերի վրա և շարժվել դեպի Նաքսոս[21]։ Այնուամենայնիվ, արշավանքը հենց սկզբից անհաջողության էր մատնվել, քանի որ Արիստագորասը Նաքսոս նավելու ճանապարհին հակասություններ էր ունեցել Մեգաբատեսի հետ, ինչի արդյունքում վերջինս, ըստ Հերոդոտոսի, սուրհանդակներ է ուղարկել Նաքսոս, որոնք զգուշացրել են կղզիաբնակներին մոտեցող զորքի մտադրությունների մասին[21]։ Հնարավոր է, որ այս պատմությունը արշավանքից հետո սեփական անհաջողությունների համար որպես արդարացում միտումնավոր տարածված լինի նաև Արիստագորասի կողմից[22]։ Համենայն դեպս պարսիկների՝ Նաքսոս հասնելու ժամանակ նաքսոսցիները արդեն կարողացել էին բավարար կերպով պատրաստվել պաշարման, ինչի արդյունքում պարսիկները բախվել են լավ պաշտպանված թշնամու հետ[23]։ Պարսկական զորքերը չորս ամիս շարունակ պաշարված են պահել Նաքսոսը, սակայն ի վերջո Արիստագորասի գումարը ավարտվել է։ Հոնիա-պարսկական ուժերը առանց հաջողության հասնելու վերադարձել են մայրցամաք՝ Փոքր Ասիա[23]։

Ապստամբության սկիզբ (մ․թ․ա․ 499)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնիայի տեղադրույթունը Փոքր Ասիայի քարտեզի վրա

Նաքսոսը գրավելու անհաջող փորձից հետո Արիստագորասը հայտնվում է ծանր իրադրության մեջ, քանի որ նա չէր կարողանում արշավանքի ծախսերը վճարել Արտափրենեսին։ Դեռ ավելին, նա հեռանում է պարսից արքայական ընտանիքից։ Նա սպասում էր, որ Արտափրենեսը կհեռացներ իրեն պաշտոնից։ Փորձելով փրկվել՝ Արիստագորասը իր հպատակներին՝ միլեթցիներին, մղում է պաստամբության ընդդեմ պարսից գերիշխանության, ինչով էլ սկսվում է Հոնիական ապստամբությունը[24]։

Մ․թ․ա․ 499 թվականի աշնանը Արիստագորասը Միլեթում հանդիպում է ունեցել իր ֆրակցիայի անդամների հետ։ Նա հայտարարում է, որ իր կարծիքով միլեթցիները պետք է ապստամբեն, ինչին բոլորը համաձայնում են, բացի պատմիչ Հեկատեոս Միլեթացին։ Այդ ժամանակ Միլեթ է ժամանել նաև Հիստիայոսի ուղարկած սուրհանդակը, որով նա խնդրում էր Արիստագորասին ապպստամբել ընդդեմ Դարեհի գերիշխանության։ Հերոդոտոսը կարծում է, որ նա այդպես է վարվել, քանի որ հուսահատորեն ցանկանում էր վերադառնալ Հոնիա, իսկ եթե տեղի ունենար ապստամբություն, նրան կուղարկեին հետ՝ Հոնիա։ Ուստի Արիստագորասը բացահայտ կերպով ապտմբություն է սկսել Դարեհի դեմ, հրաժարվել տիրանոսի սեփական պաշտոնից և Միլեթում հայտարարվել դեմոկրատիա։ Հերոդոտոսը չի կասկածում, որ իշխանությունից հրաժարումը Արիստագորասի կողմից միայն ձևական բնույթ էր կրում։ Ինչպես սպասվում էր, միլեթցիները խանդավառությամբ միացել են ապստամբությանը։ Այն բանակը, որը մինչ այդ ուղարկվել էր Նաքսոս, դեռևս հավաքագրված էր, գտնվում էր Միուսում, և որի կազմում դեռևս կային հույներ Փոքր Ասիայի այլ հունական քաղաքներից (օրինակ՝ Էոլիայից և Դրիայից), ինչպես նաև Միտիլինիից, Միլասից, Տերմերայից և Կիմայից։ Արիստագորասը մարդիկ է ուղարկել այդ բանակում ներկա բոլոր հունական քաղաքների տիրանոսներին կալանավորելու համար։ Արիստագորասը նրանց վերադրաձել է իրենց իշխանության տակ եղած քաղաքները այն պայմանով, որ նրանք նույնպես պետք է համագործակցեն իր հետ և ապստամբեն։ Բուրին և Մեյգսը նշում են, որ բոլոր քաղաքներում իշխանափոխությունը տեղի է ունեցել առանց արյունահեղության, բացի Միտիլինիից, որի տիրանոսը քարկոծվելոս սպանվել է, իսկ այլ տիրանոսներ ուղղակի վտարվել են։ Ենթադրվում է նաև (Հերոդոտոսը ուղղակիորեն չի խոսում դրա մասին), որ Արիստագորը ողջ բանակին ստիպել է միանալ իր ապստամբությանը, ինչպես նաև տիրացել է պարսիկների կողմից մատակարարված նավերին։ Եթե դա ճիշտ է, ապա դա բացատրում է այն փաստը, թե ինչու է հետագայում պարսիկներից երկար ժամանակ պահանջվել, որպեսզի Հոնիայի վրա ծովային հարձակում սկսեն, քանի որ նրանք պետք է նոր նավատորմ կառուցեին։

Չնայած Հերոդոտոսը ապստամբությունը ներկայացնում է որպես Արիստագորասի և Հիստիայոսի անձնական մոտիվների արդյունք, պարզ է, որ Հոնիայում հասունացել էր ապստամբությունը։ Դժգոհության հիմնական պատճառը պարսիկների կողմից նշանակված տիրանոսներն էին։ Չնայած հունական քաղաք-պետությունները նախկինում հաճախ ևս կառավարվել են տիրանոսների կողմից, այս կառավարման ձևը այդժամ անկում էր ապրում։ Դեռ ավելին, նախկին տիրանոսները ձգտում էին լինել ուժեղ և ընդունակ կառավարիչներ, մինչդեռ պարսիկների կողմից նշանակված ղեկավարները ուղղակի պարսկական ներկայացուցիչներն էին։ Ունենալով պարսկական ռազմական ուժի աջակցությունը՝ այս տիրանոսներին անհրաժեշտ չէր ժողովրդի աջակցությունը․ այդպիսով նրանք կարող էին իշխել բացարձակապես։ Արիստագորասը ապստամբություն է առաջացրել ամբողջ Հոնիայում, վերացրել բռնապետությունը ամենուր և դրա տեղում հաստատել ժողովրդավարություն։

Արիստագորասը ամբողջ հելլենիստական Փոքր Ասիան ապստամբության մեջ ներքաշելուց հետո հասկացավ, որ պարսիկների դեմ հաջող պայքարի համար իրենց պետք են գալու նաև այլ դաշնակիցներ։ Մ․թ․ա․ 499 թվականի աշնանը նա նավարկում է դեպի Սպարտա՝ հունական քաղաք-պետություն, որը հայտնի է իր պատերազմական հարցերում ունեցած ուժով։ Այնուամենայնիվ, չնայած Արիստագորասի հայտարարություններին, Սպարտայի արքա Կլոմենես I-ը մերժում է հույներին պարսիկների դեմ առաջնորդելու առաջարկը։ Այնուհետև Արիստագորասը մեկնում է Աթենք։

Աթենքը վերջերս էր դարձել դեմոկրատական քաղաք-պետություն՝ տապալելով սեփական տիրանոս Հիպպիասին։ Աթենքում դեմոկրատիա հաստատելու նպատակով աթենացիները դիմել էին նաև պարսիկների օգնությանը՝ առաջարկելով դրա դիմաց ընդունել պարսիկների գերիշխանությունը։ Մի քանի տարի անց Հիպպիասը փորձել էր սպարտացիների օգնությամբ վերականգնել սեփկան իշխանությունը։ Այս փորձը անհաջողությամբ էր պսակվել, Հիպպիասը փախել էր Արտափրենեսի մոտ և փորձել էր նրան համոզել հպատակեցնել Աթենքը։ Աթենացիները դեսպաններ են ուղարկել Արտափրենեսի մոտ՝ փորձելով համոզել նրան փոխել իր միտքը, սակայն Արտափրենեսը ուղիղ կերպով հրամայել էր Հիպպիասին հետ ընդունել որպես տիրանոս։ Աթենացիները ընդդիմացել են դրան և որոշել են դրա փոխարեն բացահայտ պատերազմել Պարսկաստանի դեմ։ Քանի որ նրանք արդեն պարսիկների թշնամիներն էին, Աթենքը հանդես եկավ հոնիական քաղաքների ապստամբությանն աջակցելու դիրքերից։ Այն փաստը, որ հոնիականա քաղաքներում դեմոկրատիա է հաստատվել աթենական դեմոկրատիայից ոգեշնչված լինելու արդյունքում, օգնել է համոզել աթենացիներին ապստամբությանն օգնելու հարցում։

Արիստագորասը հաջողության է հասել նաև Երետրիային ապստամբությանն օգնելու մեջ համոզելու հարցում, ինչի պատճառներն անհայտ են։ Հավանական է, որ նրանց՝ օգնություն տրամադրելու պատճառները առևտրական էին․ Երետրիան առևտրական քաղաք էր, որի առևտրին սպառնում էր պարսկական տիրապետությունը Եգեյան ծովում։ Հերոդոտոսը կարծում էր, որ երետրիացիները համաձայնել են օգնել ապստամբությանը որպես փոխհատուցում Միլեթի կողմից որոշ ժամանակ առաջ ցուցաբերված օգնության։ Աթենացիները Միլեթ են ուղարկել քսաներեք, իսկ երետրիացիները հինգ տրիերա։ Հերոդոտոսը նկարագրել է այդ նավերի ժամանումը որպես հույների և բարբարոսների (պարսիկների) միջև խառնաշփոթի սկիզբ։

Հոնիական գրոհ (մ․թ․ա․ 498)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնիական ապստամբություն․ Սարդեսի արշավանք (մ․թ․ա․ 498)

Ձմռան ընթացքում Արիստագորասը շարունակել է ապստամբությունն ընդարձակելուն ուղղված գործողությունները։ Մի դեպք է տեղի ունեցել, որի ժամանակ նա պատվիրել է մի խումբ պեոնիացիների (ծագումով Թրակիայից), որոնց Դարեհը բերել էր Փռյուգիայում ապրելու, վերադառնալ իրենց հայրենիք։ Հերոդոտոսն ասում է, որ նրա միակ նպատակը պարսկական գերագույն հրամանատարությանը զայրացնելն էր։

Սարդիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարդեսի ակրոպոլիսի մնացորդները[25]
Սարդեսի հրդեհումը հույների կողմից Հոնիական ապստամբության ժամանակ՝ մ․թ․ա․ 498 թվականին

Մ․թ․ա․ 498 թվականի գարնանը աթենական 22 տրիերաները երետրիական 5 նավերի ուղեկցությամբ նավել են դեպի Հոնիա։ Եփեսոսի մոտ նրանք միացել են հոնիական միացյալ ուժերին։ Անձամբ չղեկավարելով բանակը՝ Արիստագորասը իր եղբայր Խարոպինոսին և մեկ այլ միլեթացու՝ Հերմոֆանտոսին, նշանակել է զորքերի ղեկվարներ։

Այս բանակը եփեսոսցիների կողմից լեռնյին ճանապարհներով առաջնորդվել է դեպի Սարդես՝ Արտափրենեսի սատրապական մայրաքաղաք։ Հույները պարսիկներին անպատրաստ են գտել և կարողացել են գրավել ստորին քաղաքը։ Այնուամենայնիվ, Արտափրենեսը կարողացել է նշանակալի քանակի զորքերով պահպանել միջնաբերդը։ Ստորին քաղաքը կրակի է մատնվել, որը, ըստ Հերոդոտոսի, արագորեն տարածվել է։ Միջնաբերդի պարսիկները, որոնք շրջապատված էին այրվող քաղաքով, դուրս են եկել Սարդեսի շուկայական հրապարակ, որտեղ կռվել են հույների դեմ՝ հետ մղելով նրանց։ Բարոյալքված հույները դրանից հետո նահանջել են քաղաքից և բռնել են հետ դարձի ուղին դեպի Եփեսոս։

Հերոդոտոսը նշում է, որ երբ Դարեհն իմացել է Սարդեսն այրելու մասին, նա երդվել է վրեժխնդիր լինել աթենացիներից և իր ծառային հրամայել է օրվա ընթացքում երեք անգամ հիշեցնել իրեն դրա մասին՝ ասելով․ «Տե՛ր, հիշի՛ր աթենացիներին»։

Եփեսոսի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոդոտոսը նշում է, որ երբ Փոքր Ասիայի պարսիկները լսել են Սարդեսի վրա հարձակման մասին, նրանք հավաքվել են և մեկնել Արտափրենեսի մոտ։ Երբ նրանք ժամանել են Սարդես, պարզել են, որ հույները նոր են նահանջել։ Նրանք սկսել են հետապնդել հույներին մինչև Եփեսոս, որի մոտ պարսիկները հասել են հույներին և ստիպել նրանց շրջվել և պատրաստվել ճակատամարտի։ Հոլանդն պնդում է, որ պարսկական ուժերը միայն հեծյալներից էին կազմված, ինչով էլ բացատրվում է այն, որ նրանք կարողացել են հասնել հույներին։ Այդ ժամանակվա տիպիկ պարսկական հեծելազորը հավանաբար նետաձիգներից կազմված հեծելազոր էր։

Բարոյալքված և հոգնած հույները չեն կարողացել դիմակայել պարսիկներին և ամբողջովին ջարդվել են Եփեսոսի ճակատամարտում։ Շատերը զոհվել են, որոնց թվում էր նաև երետրիացի գեներալ Էվալկիդեսը։ Հոնիացիները, որոնք փրկվել էին ճակատամարտից, դիմել են սեփական քաղաքներ, մինչ ողջ մնացած աթենացիները և երետրիացիները վերադարձել են սեփական նավեր և նավարկել հետ՝ դեպի մայրցամաքային Հունաստան։

Ապստամբության տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ամենից հետո Աթենքի և Հոնիայի միջև դաշինքը խզվել է, քանի որ պարսիկներին հաղթելն այդքան էլ հեշտ չէր, ինչպես նկարագրել էր Արիստագորասը։ Այնուամենայնիվ, հոնիացիները շարունակել են իրենց ապստամբությունը, քանի որ պարսիկները Եփեսոսի ճակատամարտում հաղթանակ տանելուց հետո պաշարողական գործողությունների չեն դիմել։ Ենթադրվում է, որ դրա պատճառն այն էր, որ պարսիկները բավարար զենքեր չունեին քաղաքներ պաշարելու համար։ Չնայած Եփեսոսում կրած պարտությանը՝ ապստամբությունը շարունակել է տարածվել։ Հոնիացիները մարդիկ են ուղարկել Հելլեսպոնտոս ու Պրոպոնտիս և գրավել Բյուզանդիոնը ու մոտակա այլ քաղաքներ։ Նրանք կարիացիներին նույնպես համզել են միանալ ապստամբությանը։ Բացի այդ, տեսնելով ապստամբության ընդարձակումը, Կիպրոսի թագավորությունը առանց որևէ արտաքին ներգործության նույնպես ապստամբել է ընդդեմ պարսկական իշխանության։

Պարսիկների հակահարձակում (մ․թ․ա․ 497-495)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոդոտոսի պատմույթունը Եփեսոսի ճկատամարտից հետո դառնում է ոչ միանշանակ իր ժամանակագրության մեջ․ պատմիչները Սարդեսի և Եփեսոսի ճակատամարտերը հիմնականում թվագրում են մ․թ․ա․ 498 թվականով։ Հերոդոտոսը հետո նկարագրում է ապստամբության տարածումը (նույնպես մ․թ․ա․ 498 թվականին) և նշում որ կիպրոսցիները մեկ տարի շարունակ ունեցան ազատություն․ ուստի Կիպրոսում ռազմական գործողությունները տեղի են ունեցել մ․թ․ա․ 497 թվականին։

Կիպրոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ Կիպրոսի քարտեզ

Կիպրոսում ապստամբել էին բոլոր քաղաքները, բացի Ամաթուսից։ Կիպրոսցիների առաջնորդը Սալամինի թագավորի եղբայրն էր՝ Բորգա Օնեսիլը։ Նա տապալել է իր եղբորը, որը նախընտրում էր մնալ պարսիկների տիրապետության տակ։ Դրանից հետո նա զորքի գլխավորությամբ պաշարել է Դարիա Ամաթուսը[26]։ Արտիբիուսի գլխավորությամբ Կիպրոս է ուղարկվել բանակ։ Իմանալով նավատորմի մոտենալու մասին՝ Օնեսիլիոսը օգնության խնդրանքով Հոնիա դեսպաններ է ուղարկել[27]։

Հոնիացիները չեն մերժել և օգնել են կիպրոսցիներին իրենց նավատորմով։ Ցամաքային զորքերի և ծովային նավատորմերի միջև տեղի է ունեցել ճակատամարտ։ Ծովում հաղթել են հույները, իսկ ցամաքում՝ պարսիկները։ Ռազմի դաշտում Օնեսիլիոսի մահից հետո Կիպրոսի բոլոր քաղաքները կրկին հայտնվել են պարսկական գերիշխանության ներքո։ Ամենաերկարը դիմադրել է Սոլի քաղաքը[28][29]։

Հելլեսպոնտոս և Պրոպոնտիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտափրենեսի եռանդուն ղեկավարության ներքո Սարդեսը դարձել է ռազմական պատրաստությունների կենտրոն։ Քանի որ վտանգ կար, որ ապստամբած հոնիացիները կարող էին միավորվել սկյութների հետ, Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտք՝ Պրոպոնտիսի (Մարմարա ծովի) շրջան էր ուղարկվել պարսկական բանակ, որի ղեկավարն էր Դարեհի փեսան՝ Դավրիսոսը[30][31]։ Նրա գործողությունները պսակվել են հաջողությամբ։ Նա շատ արագ (ըստ Հերոդոտոսի՝ քաղաքներից յուրաքանչյուրի նվաճման համար նա մեկ օր էր ծախսում[32]) կարողացել է գրավել Դարդանոսը, Աբիդոսը, Պերկոտը, Լամպսակը և Պասոսը։ Նվաճելով Հելլեսպոնտոսի տարածքը՝ Դավրիսոսը գնացել է նվաճելու ապստամբած Կարիան[33]։

Կարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիայում պարսիկներին հաջողվել է երկու հաղթանակ տանել այն վայրի մոտ, որտեղ Մարսի գետը խառնվում է Մեանդր գետին՝ Լաբրանդի սրբավայրի մոտ։ Սակայն պարսիկները չկարողացան օգտվել իրենց հաջողություններից։

Հոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբության ավարտ (մ․թ․ա․ 494-493)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լադեի ճակատամարտ և Միլեթի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիստիայոսի արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջնական գործողություններ (մ․թ․ա․ 493)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակակից գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cicero, On the Laws I, 5
  2. 2,0 2,1 2,2 Թոմ Հոլանդ, գլուխներ xvixvii.
  3. Thucydides, History of the Peloponnesian War, e.g. I, 22
  4. 4,0 4,1 Finley, էջ 15.
  5. Թոմ Հոլանդ, գլուխ xxiv.
  6. David Pipes։ «Herodotus: Father of History, Father of Lies»։ Արխիվացված է օրիգինալից January 27, 2008-ին։ Վերցված է 2008-01-18 
  7. 7,0 7,1 Թոմ Հոլանդ, էջ 377.
  8. Fehling, էջեր 1–277.
  9. 9,0 9,1 Herodotus I, 142–151
  10. Herodotus I, 142
  11. Herodotus I, 26
  12. 12,0 12,1 12,2 Herodotus I, 141
  13. Herodotus I, 163
  14. Herodotus I, 164
  15. Herodotus I, 169
  16. 16,0 16,1 16,2 16,3 Holland, pp. 147–151.
  17. 17,0 17,1 Holland, pp. 153–154.
  18. Herodotus V, 30
  19. Herodotus V, 31
  20. 20,0 20,1 Herodotus V, 32
  21. 21,0 21,1 Herodotus V, 33
  22. Fine, pp269–277
  23. 23,0 23,1 Herodotus V, 34
  24. Herodotus V, 35
  25. CROESUS – Encyclopaedia Iranica (անգլերեն) 
  26. Геродот. История V. 104
  27. Геродот. История V. 108
  28. Геродот. История V. 109—115
  29. Курциус, 2002, էջ 190—191
  30. Հերոդոտոս, V. 116
  31. Курциус, 2002, էջ 191
  32. Հերոդոտոս, V. 117
  33. Курциус, 2002, էջ 191—192

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից[խմբագրել | խմբագրել կոդը]