Հույն-պարսկական պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հույն-պարսկական պատերազմներ
Greek-Persian duel.jpg
Թվական մ.թ.ա. 499–449
Վայր Մայրցամաքային Հունաստան, Թրակիա, Էգեյան ծովի կղզիներ, Փոքր Ասիա, Կիպրոս, Եգիպտոս
Արդյունք Հունաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Իրան Իրան Աքեմենյան Պարսկաստան Մարդոնիուս, Դատիս, Արտափերնես, Քսերքսես I, Հունական քաղաք-պետություններ՝ Աթենք, Սպարտա, Թեբե և այլ պոլիսներ Միլթիադես, Թեմիստոկլես, Լեոնիդաս


Հույն-պարսկական պատերազմներ (մ.թ.ա. 499-449 թվականներ, ընդմիջումներով), ռազմական հակամարտություններ Աքեմենյան Պարսկաստանի և հունական քաղաք-պետությունների միջև, որոնք պայքարում էին իրենց անկախության համար։ Հույն-պարսկական պատերազմները երբեմն անվանում են Պարսկական պատերազմներ, և այդ անվանումը սովորաբար վերաբերվում է պարսիկների՝ Բալկանյան թերակղզի արշավների ժամանակներին մ.թ.ա. 490 և մ.թ.ա. 480-479 թթ.[1]։

Հույն-պարսկական պատերազմների արդյունքում հաստատվել է Աքեմենյան կայսրության տարածքային ընդլայնումը, հին հունական քաղաքակրթությունը մտել է բարգավաճման և սեփական բարձրագույն ձեռքբերումների գոտի։

Պատերազմի նախադրյալները և մասնակիցների նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկաստանը ձգտում էր զավթել Հունաստանը, ձեռք բերել նոր տիրույթներ և դրանով ամրապնդել իր իշխանությունը դեռևս Կյուրոս II Մեծի գրաված փոքրասիական հունական պոլիսների վրա, տիրել Էգեյան ծովը և վերահսկել արևելամիջերկրածովյաև առևտրական ճանապարհները։ Պատերազմի առիթը Աթենքի և Էրիտրեայի օգնությունն էր մ.թ.ա. 500 թ. պարսից տիրապետության դեմ ապստամբած փոքրասիական հունական պոլիսներիև։ Մ.թ.ա. 493 թ. պարսկական բանակը ճնշեց ապստամբությունը, իսկ մ.թ.ա. 492 թ. Դարեհ I արքայի փեսա Մարդոնիոսի գլխավորությամբ անցավ Հելլեսպոնտոսը՝ Հունաստան ներխուժելու համար։ Սակայն պարսկական նավատորմի մեծ մասը փոթորկից կործանվեց, և Մարդոնիոսը ստիպված էր ընդհատել արշավանքը և հետ վերադառալ՝ գրավելով միայն Թրակիան։ Ավարտվեց պարսիկների առաջին արշավանքը Հունաստան։

Հույն-պարսկական պատերազմների փուլերը

Հույն-պարսկական պատերազմները[խմբագրել | խմբագրել կոդը]

490 թ․ Դատիսի և Արտափերնեսի արշավանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսիկները սակայն չէին պատրաստվում հրաժարվել հունական պոլիսները նվաճելու իրենց մտադրությունից, ուստի պարսից արքունիքում սկսեցին մշակել նոր արշավանքի մարտավարություն: Այդ գործում մեծ դեր էին խաղում  արևելքի երկու կառավարիչներ Դատիսը և Արտափերնեսը: Նրանք առաջարկում էին արշավանքը կազմակերպել ծովով և կտրելով Էգեյան ծովը և նվաճելով նրա կղզիները՝ ափ իջնել Ատտիկայում: Մ.թ.ա. 490 թ. գարնանը պարսկական բանակը Դատիս և Արտափերնես զորավարների գլխավորությամբ գրավեց Կիկլադյան կղզիների մեծ մասը և ուղղություն վերցրին Աթենքից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարաթոնի դաշտ[2]:

Մարաթոնի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենացի­ները դիմադրու­թյուն կազ­մա­կերպելու համար դիմե­ցին սպարտա­ցիներին: Վեր­ջին­ներս սակայն չէին շտապում օգ­նու­թյան, և աթենացիները հաս­կացան, որ հակառա­կորդի դեմ կանգնելու էին միայնակ: Ընտրեցին 10 հոգուց բաղկացած ստրատեգոսների նոր խորհուրդ, սակայն 9 ստրարտեգոսները հրաժարվեցին իրենց լիազորություններից` հօգուտ իրենցից մեկի` Միլտիադեսի: Միլտիադեսը Թրակիայի կառավարիչն էր եղել և պարսիկների դեմ պայքարի մեծ փորձ ուներ, աչքի էր ընկնում իր կազմակերպական և զորավարական ունակություններով: Նրա գլխավորությամբ աթենական 10,000 հոպլիտները ժամանեցին Մարաթոնի դաշտ և զբաղեցրին բլրաշատ տարածքները: Սա կարևոր էր մարտավարական քայլ էր, որպեսզի պարսկական հեծելազորը նախ չկարողանար ծավալվել նրանց դեմ, մյուս կողմից էլ այստեղ խմելու ջրի պաշարներ կային: Նրանք կազմ ու պատրաստ բլուրների վրա սպասում էին պարսիկներին:

Մարաթոնի ճակատամարտը

Թվում է, թե Միլտիադեսը պետք է ժամանակ շահեր և սպասեր, քանզի հակառակորդը խմելու ջրի խնդիր ուներ: Սակայն նա որոշեց նախա­հար­ձակ լինել: Պատճառն այն էր, որ պարսկական բանակում էր գտնվում նախկին աթենական տիրան Հիպիասը, որն ապաստանել էր նրանց արքունիքում և այժմ պարսկական բանակի խորհրդատուն էր: Վերջինս կողմնակիցներ ուներ Աթենքում, որոնք պատրաստվում էին խռովություն կազմակերպել քաղաքում: Պարսիկները չդիմանալով հույների կատաղի հարձակմանը՝ նստեցին իրենց նավերը և փախուստի դիմեցին[3]։ Նշանավոր հույն պատմիչ Հերոդոտոսը վկայում է, որ Մարաթոնի ճակատամարտում պարսիկները տվել են շուրջ 6400 զոհ, իսկ հույներից սպանվել է 192 մարդ[4]։  

Որպեսզի Աթենքում հեղաշրջման փորձեր չկատարվեն, Ֆիդիպիդեսին ուղարկեցին Աթենք: Վերջինս առանց դադարի անցավ 42 կմ տարածք և հասավ Աթենք` Արտեմիդա աստվածուհու տաճարի պատերի մոտ՝ հաղորդելով հաղթանակի լուրը: Ասում են, որ տաճարի պատերի մոտ նա անշնչացած ընկավ, սակայն մեկ այլ տեղեկության համաձայն` նա ապրել է երկար: Այստեղից էլ օլիմպիական խաղերի մեջ մտցվեց մարաթոնյան վազքը: Այն սկսեցին կիրառել 1895թ-ից, երբ վերականգնվեցին օլիմպիական խաղերը:   

Բայց շուտով Միլտիադեսը տեղեկություն ստացավ, որ պարսիկները նպատակ ունեն Արտափերնեսի գլխավորությամբ շրջանցել Սալոնիական ծոցը, որպեսզի կարճ ճանապարհով հարավից մուտք գործեն Աթենք: Աթենացիներն արագորեն շարժվեցին նրանց Աթենք[5], և երբ պարսիկները մոտեցան Ատտիկայի հարավային ափերին, ապա տեսան, որ աթենական բանակը կազմ և պատրաստ սպասում է իրենց: Արտափերնեսը հասկանալով, որ կորցրել է իր հնարավորությունը՝ դադարեցրեց արշավանքը և վերադարձավ Ասիա[6]։  

Ճակատամարտի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարաթոնի մոտ հույների տարած հաղթանակը բարոյական մեծ նշանակություն ունեցավ հույն-պարսկական պատերազմների ամբողջ ընթացքի համար։ Հույները հասկացան, որ պարսիկներին հնարավոր է հաղթել։ Այն նաև ցույց տվեց հույների ծանրազեն հոպլիտների առավելությունները և հնարավորությունները, եթե դրա ուժը խելամտորեն է օգտագործվում[7]։ Պարսիկների համար իրենց բանակի պարտությունը խոշոր հետևանքներ չունեցավ՝ նրանց պետությունը գտնվում էր հզորության գագաթնակետին և ուներ հսկայական ներուժ։ Այդ անհաջող արշավանքից հետո Դարեհ I սկսեց հավաքել հսկայական բանակ՝ ամբողջ Հունաստանը նվաճելու համար։ Նրա ծրագիրը ձախողեց մ.թ.ա. 486 թվականին Եգիպտոսում բռնկված ապստամբությունը։ Այդ նույն տարում Դարեհը մահացավ։ Նրան հաջորդած երիտասարդ արքա Քսերքսեսը ճնշելով եգիպտական ապստամբությունը, շարունակեց պատրաստվել նոր արշավանքի՝ դեպի Հունաստան։

Թերմոպիլեի և Սալամինի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից արքա Քսերքսես I իր հերթին պատրաստվում էր նոր արշավանքի։ Մ.թ.ա. 480 թ. պարսկական բանակը (որի կազմում կային հայկական ջոկատներ, Հերոդոտոս, VII, 73) Քսերքսեսի գլխավորությամբ, գրավելով Թեսալիաև, անցավ հույների պաշտպանած Թերմոպիե լեռնանցքով, ամայացրեց Բեովտիան, Ատաիկան և ավերեց Աթենքը։ Սակայն պարսկական նավատորմը Սալամինի ծովամարտում ծանր պարտություն կրեց։ Պարսկական զորքերը նահանջեցին Թեսալիա։ Մ.թ.ա. 479 թ. գարնանը պատերազմական գործողությունները վերսկսվեցին։ Հույները Պլատեայի մոտ (Բեովտիայում) ջախջախեցին պարսիկների ցամաքային ուժերը, իսկ Միկալե հրվանդանի մոտ (Հոնիայում)՝ նավատորմը։ Պարսիկները հարկադրված թողեցին Հունաստանի տարածքը, իսկ հույները ռազմական գործողությունները տեղափոխեցին Էգեյան ծով և Փոքր Ասիա։

Հունական պոլիսների վերամիավորման գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 478 թ. Աթենքի և ազատագրված կղզիների ու Փոքրասիական հունական պոլիսների միջև կնքվեց հակապարսկական ռազմական միություն, որի կենտրոն հայտարարվեց Դելոս կղզին։ Այդ միությունը կոչվեց Դելոսյան կամ Աթենական առաջին ծովային միություն։ Մ.թ.ա. V դ. 70—60-ական թվականներին. հունական դաշնակցային զորքը աթենացի զորավար Սիմոնի գլխավորությամբ գրավեց Թրակիայի առափնյա մասերը, Էգեյան ծովի մի շարք կղզիներ և Բյուզանդիոնը, իսկ մ.թ.ա. 469 թ. պարսիկներին ծանր պարտության մատնեց Եվրիմեդոնտ գետի մոտ։ Մ.թ.ա. 449 թ., երբ հույները Կիպրոսի Սալամին քաղաքի մոտ խոշոր հաղթանակ տարան, պատերազմական գործողությունները դադարեցին։

Պատերազմի ավարտը. Կալլիոսի հաշտության պայմանագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալլիոսյան հաշտությամբ (հույն հավատարմատարի անունով) Պարսկաստանը զրկվում էր Էգեյան ծովի, Հելլեսպոնտոսի ու Բոսպորի իր տիրույթներից և ճանաչում էր փոքրասիական հունական պոլիսների անկախությունը։ Հույների հաղթանակը պայմանավորված էր պարսիկների համեմատությամբ նրանց հասարակական-տնտեսական զարգացման առավել բարձր աստիճանով և հունական ազատների աշխարհազորի գերազանցությամբ՝ տարբեր ժողովուրդներից ու ցեղերից հավաքագրված պարսկական զորքի նկատմամբ։ Բացի այդ հույները մղում էին ազատագրական, արդարացի պատերազմ, Պարսկաստանը՝ զավթողական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бернард Грун. The Timetables of History. New Third Revised Edition. ISBN 0-671-74271-X
  2. Herodotus VI, 102
  3. Holland, Tom (2006). Persian Fire: The First World Empire and the Battle for the West. Abacus, pp. 195–197.
  4. Herodotus VI, 117
  5. Herodotus VI, 115
  6. Herodotus VI, 116
  7. Holland, Tom (2006). Persian Fire: The First World Empire and the Battle for the West. Abacus, pp. 195–197.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 642 CC-BY-SA-icon-80x15.png