Հունական խոհանոց

Հունական խոհանոց (հուն․՝ Ελληνική Κουζίνα), Հունաստանի ազգային խոհանոց, որը ձևավորվել է բալկանյան և միջերկրածովյան մյուս ժողովուրդների խոհանոցների ազդեցությամբ:
Այն նմանություն ունի ֆրանսիական, թուրքական և իտալական ազգային խոհանոցներին[1]: Հունական խոհանոցն ունի չորս հիմնական հենքեր՝ թարմ մթերքներ, բուսական համեմունքների և կանաչեղենի հմուտ օգտագործում, ձիթապտղի լայն կիրառում, ինչպես նաև ճաշերի պարզություն:
Ձիթապտուղը համարվում է հունական խոհանոցի գլխավոր խորհրդանիշը[2]: Հունական խոհանոցում ձիթապտղի լայն կիրառումը կապված է հին հույների շրջանում ձիթենու պաշտամունքի հետ[2]: Ամառային ճաշատեսակներից ամենահայտնին հունական աղցանն է: Պետք է նշել նաև, որ հույները միայն աղցանը պատրաստելու ժամանակ են մաքրում վարունգը կեղևից և աղցանը խառնում են միայն մատուցելուց առաջ։
Արագ սննդատեսակներից համաշխարհային հայտնիություն է վայելում գիրոսը, որը նման է թուրքական դոներին և արաբական շաուրմային։ Տարբերությունը նրանում է, որ սոուսով և մսով գիրոսի մեջ օգտագործվում է նաև կարտոֆիլի ֆրի։
Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունական խոհանոցին բնորոշ հնագույն տարրերից է ձիթապտղի յուղը, որն առկա է գրեթե բոլոր հունական ճաշատեսակներում[2]: Այն պատրաստվում է ձիթենու ծառից՝ բնական եղանակով: Հունաստանում աճեցվող հիմնական հացահատիկային մշակաբույսերը ցորենն ու գարին են: Այս երկու բաղադրամասերն օգտագործվել են հունական խոհանոցում դեռևս վաղնջական ժամանակներից:
Բանջարեղեններից տարածված են լոլիկը, սմբուկը, կարտոֆիլը, կանաչ լոբին, բամիան, պղպեղը և սոխը: Հունական մեղրը ստացվում է հիմնականում արևադարձային պտղատու ծառերի, հիմնականում՝ նարնջենու և կիտրոնենու նեկտարներից: Մածուծանը Հունաստանում աճում է միայն Եգեյան ծովի Խիոս կղզում:
Հունական խոհանոցում խոտաբույսերն ու համեմունքներն օգտագործվում են շատ ավելի հաճախ, քան որևէ այլ միջերկրածովյան խոհանոցում: Հայտնի խոտաբույսերից են ռեհանը, ուրցը, սամիթը, սուսամբարը, անանուխը, սխտորը և այլն: Հյուսիսային Հունաստանում պատրաստվող շատ բաղադրատոմսերում օգտագործվում են «քաղցր» համեմունքներ՝ մսի համադրությամբ: Հունաստանյան ուտեստները նաև բնութագրվում են անանուխի և մշկընկույզի հաճախակի օգտագործմամբ: Այլ սիրված բաղադրիչներ են գառան և խոզի միսը, ֆետա պանիրը, խաղողի տերևը և մածունը: Աղանդերներում գերակշռում են մեղրն ու ընկույզը:
Ձիթապտղի յուղի հետ մեկտեղ կարևոր բաղադրիչ է նաև կիտրոնը: Հույն ժողովուրդն աչքի է ընկնում պանրի բավականին շատ կիրառմամբ: Հունաստանում կան ավելի քան 50 սորտերի (ըստ Հունաստանի մարզերի) պանիրներ: Ամենատարածված պանրի տեսակը կոչվում է «ֆետա»[2]: Այս պանիրն օգտագործվում է նաև հունական աղցանի մեջ:
Հունաստանում նախապատվությունը տրվում է խոզի, ոչխարի և այծի մսերին: Բացի մսից, հունական խոհանոցում տեղ է գտել նաև ծովամթերքի լայն տեսականին՝ ձկնեղեն, խեցեմորթներ և այլն: Ծովամթերքն առավել մեծ քանակությամբ օգտագործվում է կղզիաբնակների շրջանում:
Հունական սննդատեսակներին բնորոշ է շատ պարզ, գունեղ ու բուրավետ լինելը: Շատ ուտեստներ կարևոր դեր են խաղացել Հունաստանի պատմության և մշակույթի մեջ:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հունական խոհանոց - MediterrAsian.com»։ www.mediterrasian.com։ Վերցված է 2017-04-03
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Հունական խոհանոց - Bonduelle Հայաստան»։ bonduelle.am (en-US)։ Վերցված է 2017-04-03
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հունական խոհանոց կատեգորիայում։ |