Հունաստանի աշխարհագրություն
Հունաստանի աշխարհագրություն | |
---|---|
Տեսակ | աշխարհագրական դիրքի աշխարհագրություն |
Երկիր | Հունաստան |
Հունաստանը տեղաբաշխված է Եվրոպայի հարավում, Բալկանյան թերակղզու հարավային մասում, ինչպես նաև Միջերկրական, Էգեյան և Հոնիական ծովերի կղզիների վրա։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը կազմում է 132 հազ․ կմ², կղզիները զբաղեցնում են 25,1 հազ․ կմ²[1][2]։Հունաստանի տարածքն ընկած է մոտավորապես հյուսիսային լայնության 35°00՛-42°00՛ և արևելյան երկայնության 19°00՛-28°30՛ սահմաններում։ Սահմանակից է Բուլղարիայի (սահմանի երկարութունը՝494կմ), Մակեդոնիայի (228կմ), Թուրքիայի (206կմ) և Ալբանիայի (282կմ) հետ։
Ափերը ողողվում են Միջերկրական, Հոնիական, էգեյան և Լիբիական ծովերի ջրերով, ափագծի երկարությունը ավելի քան 15000 կիլոմետր է։ Կղզիների թիվը 3000-ից ավելի են։ Կղզիները միավորված են մի քանի կղզիախմբերում։ Կղզիների ամբողջական տարածքը կազմում է 24800 կմ²,որը կազմում է տարածքի 20%-ը։
Հունաստանի տարածքը բաժանված է երեք մասի․
- Մայրցամաքային Հունաստան, որի կազմի մեջ մտնում են Հունական Մակեդոնիան (Ֆլորինա,սլավոնական անվանումը՝ Լերին, Պելլա, Կավալա, Կաստորիա, Խալկիդիկի և այլն), Թրակիան (Ռոդոպներ, Քսանտի և Էբրոս),Էպիրուսը (Թեսպրոտիա,Պրեվեզա, Յանինա և այլն), Թեսալիան (Լարիսա, Մագնիսիա և այլն) և Կենտրոնական Հունաստանը (Ֆտիոտիդոս, Ֆոկիդոս, Ատտիկա և այլն)։ Աշխարհագրական առումով այս տարածաշրջանին կարելի է դասել նաև Հոնիական կղզիները։
- Պելոպոնես` Հունաստանի խոշորագույն թերակղզին և Եվրոպայի հնագույն քաղաքակրթության կենտրոնը,նրա կազմի մեջ մտնում են Արկադիա, Լակոնիա, Մեսսինիա և այլ նոմեր։ Այստեղ է գտնվում նաև հանրահայտ Կորնթոսյան ջրանցքը, որը փորվել է 19-րդ դարում Հունաստանի համար՝ ֆրանսիական ընկերության կողմից։
- Էգեյան ծովի կղզիներ, որոնցից խոշորագույնն է Կրետեն` խոշորագույնը Հունաստանում և ութերորդը Եվրոպայում (8259 կմ²) և Էբեոսը` մեծությամբ երկրորդ կղզին Հունաստանում՝ Կրետեից հետո (3654 կմ²), որը Էվրիպոս նեղուցի վրա անցկացված կամրջով միացված է մայրցամաքին, ինչպես նաև Թուրքիայի ափերի մոտ տեղաբաշխված Լեսբոս կղզին (1630 կմ²)։ Այստեղ են գտնվում նաև մի շարք ոչ խոշոր կղզիներ` Հյուսիսային Սպորադները, Կիկլադները, Դոդեկանեսը։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակերևույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակերևույթը հիմնականում լեռնային է։ Պետության տարածքի 80%-ը զբաղեցնում են լեռներն ու բլուրները, ընդ որում լեռնազագվածներն զբաղեցնում են տարածքի 25%-ը, տիրապետում են միջին բարձրության լեռները՝ 1200-1800 մ բարձրությամբ։ Հունաստանի լանդշաֆտները` դրանք միմյանց հաջորդող ժայռոտ,սովորաբար անտառազուրկ լեռներն են, խտաբնակ հարթավայրերը, բազմաթիվ կղզիները, նեղուցներն ու ծովածոցերը։ Կրաքարերի լայն տարածվածությունը, հատկապես արևմուտքում, բերել է նրան, որ այստեղ առաջացել են բազմաթիվ կարստային ձագարներ ու քարանձավներ։
Արևելյան հատվածը՝ Պելոպոնեսը, առափնյա գոտին (Ամվրակիկոս նեղուցի վրա՝ Արտոս քաղաքը, արևմտյան առափնյա գոտին, Վոլոս և Լիմիոս քաղաքները) հիմնականում հարթավայրային են։
Մայրցամաքային Հունաստանի կենտրոնական մասում տեղաբաշխված է Պինդոս լեռնազանգվածը (Դինարյան բարձրավանդակը)։ Թերակղզու արևմտյան մասում (Էպիրոս) տարածված են կրաքարերը։Երկրի հարավային մասի ռելիեֆը պայմանավորված է մարմարի և գնեյսի, ինչպես նաև կրաքարերի տարածվածությամբ (հյուսիսային Պինդոս)։ Արևելքում՝ բարձրավանդակներ են ու գրաբեններ։ Հունաստանի ամենաընդարձակ միջլեռնային գոգավորությունը Թեսսալիայի հարթավայրն է։
Հունաստանի ամենաբարձր լեռը Օիմպոսն է (2917մ)։ Կորնթոսի նեղուցի վրա վեր է խոյանում Պառնաս լեռը (2457մ)։Երկու լեռներն էլ մտնում են Պինդոս լեռնային համակարգի մեջ։ Լեռներով են բաժանվում Ատտիկայի և Բեոտիայի հարթավայրերը։ Ափամերձ գոտիները ձևավորվել են ժայռոտ կիրճերով։
Պելոպոնեսը՝ թերակղզի է, որը միացած է մայրցամաքին Կորնթոսի պարանոցով։ Պելոպոնեսի լեռները Պինդոս լեռնային համակարգի շարունակությունն են։ Դեպի հարավ և հարավ-արևելք շարժվելիս այդ լեռաշղթաները ձևավորում են ծոցեր (Ակրիտաս,Մատապանոս և Մալեոս)։ Արևելքում՝ Արգոլիդոս թերակղզին, գտնվում է Սարոնիկոս և Արգոլիկոս ծոցերի միջև։ Ափերին առանձնացվել և ձևավորվել են Էլիդոս, Արգոլիդոս և Լակոնիայի հարթավայրերը։
Հունական Մակեդոնիան և Թրակիան սահմանափակում են Էգեյան ծովի հյուսիսային ափը։ Բալկանյան թերակղզուց սկիզբ են առնում Ալյակմոն, Վարդար, Ստրիմոն և Նեստոս գետերը։ Հարթավայրերը մասնատված են բլուրներով։ Դրանք լցված են չոր ավազներով և տիղմով։ Թրակիայում են գտնվում Ռոդոպներ լեռները։ Էգեյան ծովի հյուսիսային մասում է գտնվում Խալկիդիկի թերակղզին։ Նրա մասերից են Կասանդրան, Սիտոնիան և Այոն-Օրոսը։ Այոն-Օրոսում է գտնվում Աֆոն լեռը (2033մ)[2]
Կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանի տարածքում ընդգրկված են ավելի քան 3000 կղզիներ, ինչպես խոշոր (Կրետե,Էվբեա), այնպես էլ շատ փոքր (Պատմոս,Քրիսի,Մեյիստոս)։ Դրանց բաժին է ընկնում Հունաստանի ամբողջ տարածքի 20 %-ը։
Կղզիները բաժանվում են մի քանի խմբերի․
- Հոնիական կղզիներ, տեղաբաշխված են Հոնիական ծովում,Հունաստանի արևմտյան ափերին։ Խոշորագույն կղզին՝ Կեփալիա։
- Հյուսիսային Էգեյան կղզիներ, տեղաբաշխված են Էգեյան ծովի հյուսիսում, Թուրքիայի ափերի մոտ։Խոշորագույն կղզին՝ Լեսբոս։
- Հյուսիսային Սպորադներ և Էուբեա կղզի՝ տեղաբաշխված են Հունաստանի արևելյան ափերին։
- Կիկլադներ, գտնվում են Էգեյան ծովի կենտրոնական մասում։ Կիկլադյան հնագույն, զարգացած մշակութային կենտրոն։ Այստեղ տեղաբաշխված են հիմնականում ոչ մեծ կղզիներ՝ Անդրոս, Նաքսոս, Միկոնոս, Սանտորինի։ Ձևավորվել են Հարավեգեյան հրաբխային աղեղի տարածքում։
- Դոդեկանես, կղզիների խումբ՝ տեղաբաշխված Էգեյան ծովի հարավում, Թուրքիայի ափերի մոտ։ Երբեմն դրանց անվանում են Հարավային Սպորադներ։ Հունաստանի կարևորագույն տուրիստական կենտրոնն է։ Կղզիախմբի խոշորագույն կղզին Հռոդոսն է։
- Կրետե, Հունաստանի խոշորագույն կղզին։ Հնագույն կրիտական քաղաքակրթության կենտրոն։ Կղզու հարևնությամբ տեղաբաշխված են բազմաթիվ ոչ մեծ արբանյակ - կղզիներ։ Հարավից կղզիների ափերը ողողվում են Լիբիական ծովով։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել տարածված օգտակար հանածոներից է լինգիտը՝ թույլ ածխացված կարմիր ածուխը։ Այն համարվում է Հունաստանի հիմնական վառելիքային ռեսուրսը։ 20-րդ դարի վերջին Էգեյան ծովում հայտնաբերվել են նավթի և գազի ոչ մեծ պաշարներ։ Ներկայումս շարունակվում է դրանց շահագործումը։
Համեմատաբար հարուստ է մետաղական օգտակար հանածոներով։ Դրանցից են երկաթի, մանգանի, նիկելի, քրոմի, պղնձի և բազմամետաղների հանքաքարերը։ Ատտիկայում՝ Լավրիոն քաղաքի մերձակայքում, դեռևս հնագույն Աթենական պետության ժամանակաշրջանից արդյունահանվել է արծաթ և կապար։ Թրակիայում արդյունահանվում է նիկել և սուլֆիդներ։
Նաքսոս կղզում է տեղաբաշխված աշխարհում խոշորագույնը համարվող հղկաքարի հանքավայրը։ Սանտորինի և Նիսիրոս կղզիներում կատարվում է պեմզայի զանգվածային արդյունահանում։Քանի որ այս կղզիները հրաբխային ծագում ունեն և հաճախ են ժայթքել հրաբուխներ,դրանով էլ պայմանավորված է պեմզայի հանքաքարի լայն տարածումը։
Կիկլադներում արդյունահանում են շինարարական նյութեր՝ մարմար, գրանիտ, կրաքար և ավազաքար։
Կան նաև բոքսիտների՝ ալյումինի հանքաքարի նշանակալի պաշարներ։ Երկրաբանների գնահատմամբ Հունաստանի ընդերքում կուտակված է 650 տոննա հանքաքար․ այս թանկարժեք հանքաքարով՝ բոքսիտներով, Հունաստանը Եվրոպայում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրածովային տիպի կլիման դասվում է մերձարևադարձային կլիմայի տիպին, բնորոշվում է մեղմ,խոնավ ձմեռներով, և տաք ու չոր ամառներով։ Այս տիպի կլիմա ունեն Կիկլադները, Դոդեկանեսը, Կրետեն, Պելոպոնեսի արևելյան մասը և Հունաստանի կենտրոնական մասը։ Ջերմաստիճաններն այստեղ ոչ հաճախ են գրանցում ռեկորդային ցուցանիշներ, իսկ ձմռանը Կիկլադներում և Դոդեկանես կղզում կարող են գրանցվել ձյան տեսքով տեղումներ՝ ձմեռային ամիսների ընթացքում։
Ալպիական տիպի կլիման բնորոշ է երկրի լեռնային շրջաններին՝ Էպիրոս, Կենտրոնական Հունաստան, Արևմտյան Մակեդոնիա, Թեսսալիայիմի մասը, ինչպես նաև Աքեոս, Արկադիա և Լակոնիա նոմերը։
Արևելյան Մակեդոնիան և Թրակիան կարելի է դասել չափավոր կլիմա ունեցող տարածաշրջանների շարքին՝ համեմատաբար սառը, խոնավ ձմեռներով և տաք, չոր ամառներով։
Աթենքը գտնվում է անցումային զոնայում, որտեղ միախառնվում են կլիմայի երկու տիպերը՝ միջերկրածովային և անցումային։ Աթենքի հյուսիսային մասում գերիշխում է չափավոր, իսկ կենտրոնական և հարավային շրջաններում՝ միջերկրածովային կլիմա։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերիշխում են հիմնականում լեռնային կարճ, արագահոս գետերը՝ գեղեցիկ ջրվեժներով և գետաբերաններով, որոնք նեղ կիրճերով հոսում են դեպի ծովերը։ Հունստանի ամենաերկար գետը Ալյակմոնն է (ավելի քան 300կմ)։ Մյուս խոշոր գետերն են՝ Էբրոս, Նեստոս, Ստրիմոն, Վարդար, Աքելոս։ Գետերը նավարկելի չեն, սակայն ունեն մեծ ջրաէներգետիկ նշանակություն։
Հունստանում հաշշվում են ավելի քան 20 լճեր՝ 10-100 կմ² մակերեսով։ Նրանցից ամենախոշորներն ու մեծ խորություն ունեցողներն ունեն տեկտոնահրաբխային ծագում։ Դրանցից են Տրիխոնիսը (95,5կմ²), Վոլվին (75,6 կմ²), Վեգորիտիսը (72,5 կմ²)։ Շատ են կարստային լճերը։ Նրանք սովորաբար մեծ չեն, սնվում են հիմնականում ստորգետնյա ջրերով։ Խոշորագույնը Յանինան է (22 կմ²)։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանի տարածքում չեն պահպանվել վայրի կենդանիների շատ տեսակներ, դրանց քանակը մեծ չէ։ Դա պայմանավոված է երկրի հազարամյա պատմությամբ՝ ավելի քան 8000 տարի առաջ մարդիկ սկսել են ոչնչացնել վայրի կենդանիներն ու բույսերը Հունաստանի ամբողջ տարածքում։ տարածքին բնորոշ կենդանիներից են նապաստակները, խլուրդները, մացառախոզերը և մկների տարբեր տեսակներ։
Խոշոր կաթասուններից առավել տարածված են գորշ արջը, շնագայլը, աղվեսը, լուսանը և վայրի խոզը։ Կենդանիների շատ տեսակներ գրանցված են կարմիր գրքում։ Դրանցից են կարետտա տեսակի միջերկրածովյան կրիան և ճգնավորը կոչվող փոկը։ Հագույն ժամանակներում Հունաստանում եղել են նաև առյուծներ։
Հունաստանում շատ են սողունները՝ օձերն ու մողեսները։
Չռչուններից ավելի շատ հանդիպում են վայրի բադեր, ծղնիներ և կաքավներ, գիշատիչ թռչուններից՝ բվեր, արծիվներ և ուրուրներ։
Ափամերձ տարածքներում շատ են որորները, իսկ ջրերում՝ կակղամորթերի և ձկների հսկայական բազմազանությունը, չնայած որ վերջին ժամանակաշրջանում դրանց պաշարները շատ են կրճատվել։
Հունաստանի տարածքում հանդիպում են բույսերի ավելի քան 5000 տեսակ։ Լայն տարածում ունեն ոչ խոշոր բույսերն ու թփուտները՝ մակվիսը և ֆրիգանան։ Խալկիդիկի թերակղզում հաճախ են հանդիպում սոճու անտառներ։ Տարածված են սոսին և նոճին։ Դրանց տարիքը երբեմն հասնում է մի քանի հազար տարվա։ Շատ է տարածված ձիթենին՝ Հունաստանի և միջերկրածովյան ավազանի թանկարժեք ծառատեսակներից մեկը։
Բնական աղետներ և բնապահպանական հիմնախնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանին բնորոշ բնական աղետներից են երկրաշարժերը, երաշտները, անտառային հրդեհները։ Հունաստանի պատմության մեջ առավել հայտի երկրաշարժերն են Հռոդոսի երկրաշարժը և 365 թվականի երկրաշարժը։ Ուժեղ երկրաշարժով է ուղեկցվել նաև Տիրա (Սանտորին) կղզու վրա Մինոսյան հրաբխի ժայթքումը,որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 1628 և 1500 թվականներին։ Դրա հետևանքով, ինչպես նաև առաջացած ցունամիի պատճառով կործանվում է Մինոսյան քաղաքակրթությունը Կրետե կղզում։ Վերջին շրջանի երկրաշարժերից հայտնի է Կրետեի 2011 թվականի երկրաշարժը։
Ընդհանուր առմամբ Հունաստանի տարածքը բնապահպանական տեսանկյունից քիչ խոցելի տարածաշրջաններից է, իսկ տեխնոգեն ծարաբեռնվածությունը թույլատրելի սահմաններում է գտնվում։ Անբարենպաստ բնապահպանական իրավիճակ է ձևավորվել միայն Աթենք և Սալոնիկ քաղաքային ագլոմերացիաների շրջաններում, որտեղ բնակվում են մոտ 3 միլիոն մարդ կամ երկրի ազգաբնակչության 26%-ը։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով այդ տարածքի շրջակա միջավայրի առավել սուր խնդիրներից է մթնոլորտի աղտոտվածության բարձր մակարդակը՝ մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի, ծծմբական և ազոտական միացությունների քանակը, նչպես նաև հոսքաջրերի մաքրման կայանների ոչ բավարար վիճակը[3]։
Ջրերի աղտոտվածության հետևանք են արդյունաբերական արտանետումները և գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերի և քիմիկատների միջոցով աղտոտումները։ Սարոնիկոսի ծոցը,ամբողջ հյուսիսային և արևելյան ափամերձ գոտին, որն զբաղեցնում են Աթենքը և Պիրոսը՝ ամենաաղտոտվածներից են։ Հունաստանն ունի 54 կմ³ ջրային ռեսուրսներ, դրանց 81%-ը օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, իսկ 3%-ը՝ արդյունաբերության[4]։ Մթնոլորտի աղտոտման հիմնախնդիրն առաջացել է արդյունաբերության արագ աճի ժամանակ, 1970-ականներին, և քաղաքների անկառավարելի ու անհավասարակշիռ աճի պայմաններում,երբ չէին կիրառվում բնապահպանական միջոցառումներ․ օրինակ, Աթենքի արդյունաբերական ձեռնարկությունների 50%-ը կառուցվել են քաղաքի կենտրոնում։ Բացի դրանից, Ատտիկայի գեոմորֆոլոգիական պայմանները նպաստում են օդի մեջ աղտոտվածության արագ տարածմանը։ Մասնավորապես, 2009 թվականի անտառային հրդեհների արդյունքում Աթենքի երկնակամարում ձևավորվել էին ծխամուժեր[5]։
Պետական ծրագրերը, որոնք ուղղված էին մթնոլորտում ածխաթթվի երկօքսիդի և կապարի քանակության նվազմանը, սկսեցին կիրառվել 1978 թվականին, երբ Ատտիկայի բնակիչները զանգվածային ձևով սկսեցին դիմել հիվանդանոցներ՝ շնչառական խնդիրների և սիրտ-անոթային համակարգի գանգատներով։ 1982 թվականի հունիսից մինչև օգոստոս կառավարությունը փակել է 87 ձեռնարկություն, 73 ձեռնարկությունների պարտադրվել է կրճատել արտանետումների քանակը, ավտոմեքենաներին արգելվել է երթևեկել քաղաքի՝ Աթենքի կենտրոնական մասով։ 988 թվականի հունվարին Աթենքի տաքսիների քանակը նվազել է 50%-ով,իսկ մասնավոր ավտոմոբիլներին արգելվել է երթևեկել քաղաքի երեք հիմնական մայրուղիներով։ ԾԾմբի երկօքսիդի արտանետումների նվազման համար արգելվել է քաղաքային կենրոնացված ջերմամատակարարման համար հում նավթի օգտագործումը և միջոցներ են ձեռնարկվել դիզելային վառելիքի և հում նավթի մեջ ծծմբի քանակի նվազեցման ուղղությամբ։ Խնդրի լուծմանը նպաստեց Աթենքի մետրոպոլիտենի 2-րդ և 3-րդ ճյուղերի կառուցումը[3]։ Դրա հետևանքով 2000-ականների սկզբից ծխամուժի խնդիրն այլևս լուծվեց բարեհաջող, իսկ ածխածնի երկօքսիդի և ծծմբական ու ազոտական թթուների մակարդակը ստաբիլ պահպանվեց նորմայի թույլատրելի մակարդակի վրա։
Ջրային ռեսուրսների կառավարումը Հունաստանում նույնպես նշանակալի աճ է գրանցել վերջին տարիներին, հատկապես ջրօգտագործման և ջրամատակարարման նոր հայեցակարգերի իրավական կարգավորումներից հետո։ 1992 թվականից մինչև 2002 թվականը ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսության համար օգտագործվող ջրերի քանակը կրճատվել է 2,5%-ով։ Բայց և այնպես, Հունաստանի որոշ խոշոր գետեր (Աքսիոս, Նեստոս, Մարիցա) և լճեր (Դոյրան, Պրեսպա) սնում են ոչ միայն Հունաստանի տարածքով հոսող վտակներից, այլև հարևան երկրների։ Այդ պատճառով Հունաստանի համար շատ կարևոր է այլ պետությունների հետ իր ջանքերի կոորդինացման անհրաժեշտությունը։
Տեսնել նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Греция - это... Что такое Греция?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 2,0 2,1 «ГРЕЦИЯ - это... Что такое ГРЕЦИЯ?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 3,0 3,1 docs.google.com https://docs.google.com/viewer?a=v&q=cache:xEcwcnbcWYkJ:www.oecd.org/dataoecd/9/1/2448632.pdf+Environmental+Issues+in+Greece&hl=ru&gl=ua&pid=bl&srcid=ADGEESj0e-vSLT1yKYTOmWZb4dzk-BSoZwFpY84Raak4W7iaxnJcJTkQ0dva-AJGrwOW6IX6ptIrrucQQkaTmOQ7X0PbJ8NG2lMkgSaeQohrJUqLHB-AUNg1s5optozer3pgdk9AsDHZ&sig=AHIEtbQtsPVu0IPRV4M59-QLeNPPji9vSg. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Environment - Greece - located, problem, growth, area, farming». www.nationsencyclopedia.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ N.-K. Hlepas (University of Athens). Atmospheric Environment
|