Հունաստանի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունաստանի պատմություն (հուն.՝ Ιστορία της Ελλάδα), հույն էթնոսի տասհազարամյա պատմությունը։ Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում: Նոր քարի դարի ժամանակաշրջանի բնակավայրեր հայտնաբերվել են Պելոպոնեսում, Թեսալիայում, Թրակիայում և այլն: Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ՝ վարելով նստակյաց կյանք: Ձևավորվել է տոհմատիրական կարգը: Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը, որն առավելապես զգացվել է Կրետեում և Միկենեում: Կրետեում ձևավորվել են դասակարգային հարաբերություններ, առաջացել վաղ ստրկատիրական պետություններ Կնոսոսը, Փեստոսը և այլն: Զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը (Կնոսոսի, Մալլիայի, Փեստոսի պալատները և այլն): Կրետեն առևտրական և դիվանագիտական կապեր է ունեցել Եգիպտոսի, Փոքր Ասիայի և Ասորիքի հետ: Այս շրջանում կատարելագործվել է հին հունական գիրը: Մ.թ.ա. 18-րդ դարի կեսից Կրետեն դարձել է միասնական հզոր ծովապետություն, որն իր տիրապետությունն է հաստատել Եգեյան ծովում: Մայրցամաքային Հունաստանում ավելի ուշ սկսեցին կիրառել մետաղե գործիքները, քան Կրետեում: Զարգացած բնակավայրեր կային Միջին և Հարավային Հունաստանում, մասնավորապես էլևսիսում, Ասինեում, Կորնթոսում և այլն: Մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակների սահմանագծին Թեսալիայից Միջին և Հարավային Հունաստան ու Կրետե ներխուժեցին աքայացիները, որոնք մ.թ.ա. 17-րդ դարում ստեղծեցին մի շարք թագավորություններ (Արգոս, Միկենե, Տիրինս, Պիլոս, Թեբե և այլն)։ Մ․թ․ա․ 15-րդ դարի ավարտին վերջիններս գրավեցին Կրետեն: Աքայական Հունաստանում բուռն զարգացում են ապրել գյուղատնտեսությունը, արհեստները, առևտուրը (Սիկիլիայի, Հարավային Իտալիայի, Փոքր Ասիայի, Եգեյան ծովի կղզիների հետ): Աքայական թագավորությունները վաղ ստրկատիրական պետություններ էին: Գյուղացիները, քաղաքային բնակչությունը (արհեստավորներ, առևտրականներ) կազմել են ազատ բնակչությունը: Լայնորեն կիրառվող ստրկական աշխատանքը պահպանում էր նահապետական ստրկության գծերը: Աքայական թագավորությունները երբեմն ստեղծում էին միություններ՝ արշավանքներ կատարելու համար: Այդպիսի արշավանքներից էր մ.թ.ա. 13-րդ դարի Տրոյական պատերազմը, որը թուլացրեց աքայական պետությունները, առաջացավ երկպառակտչական պայքար: Մ. թ. ա. մոտ 12-րդ դարի կեսին Բալկանյան թերակղզու հյուսիսից Հունաստան և կղզիներ ներխուժեցին հունալեզու նոր ցեղեր՝ դորիացիները և նվաճեցին Միջին ու Հարավային Հունաստանի զգալի մասը (բացի Ատտիկայից, որտեղ հաստատվեցին Պելոպոնեսից դուրս մղված աքայացիներ):

Դորիացիները, որ գտնվում էին հասարակական զարգացման ավելի ցածր՝ տոհմատիրական աստիճանի վրա, քայքայեցին Հունաստանի վաղ դասակարգային հասարակությունը, նորից տիրապետող դարձան տոհմատիրական հարաբերությունները: Երկաթե գործիքների օգտագործումը խոշոր ազդեցություն ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման վրա: Լայն տարածում գտավ ստրկակաև աշխատանքի շահագործումը: Առևտրի և արհեստների զարգացումը նպաստեց համահունական շուկաների առաջացմանը: Գործածության մեջ մտավ դրամը: Քաղաքներում առաջացան արհեստավորների և առևտրականների ստրկատիրական խավերը, որոնք գյուղացիության և հողազուրկ քաղաքային չքավորության հետ պայքարի մեջ մտան տոհմական ավագանու դեմ՝ քաղաքային իշխանությանը մասնակցելու, կորսված արտոնությունները վերականգնելու համար: Դեմոսի և արիստոկրատիայի միջև պայքարը սերտորեն կապված էր ստրկատիրական քաղաք-պետության՝ պոլիսների ձևավորմաև ընթացքի և հույների կողմից Միջերկրական, Եգեյան և Սև ծովերի ափերին գաղութներ հիմնելու հետ: Ունեցվածքային և հասարակական անհավասարությունը, չքավորների հողազրկումը, ստրկական աշխատանքի լայն կիրառումը արհեստների մեջ առաջ են բերել բնակչության գործազուրկ զանգվածներ, որոնք փրկությունը գտել են գաղթի մեջ: Հունական գաղութացումը սկզբնավորել են Եվբեա կղզու զարգացած քաղաքներ Քաղկիսը և Երետրիաև (նրանք ունեին հին Հունաստանի ամենախոշոր նավատորմը), որոնք մ.թ.ա. 8-րդ դարում Թրակիական ծովափին հիմնեցին Քաղկիդիկեն: Այնուհետև գաղութներ հիմնեցին Կորնթոսը, Մեգարան, Միլետը, Փոկեան:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png