Աճում է Կովկասում, Փոքր և Առաջավոր Ասիայում, գլխավորապես տափաստանային քարքարոտ զառիթափ լանջերին և մշակովի այգիներում։ Բարձրությունը 70-120 սմ է։ Տերևները ամբողջաեզր են կամ բութ ատամնավոր, գեղձավոր, խամրած կանաչ գույնի։ Ծաղկազամբյուղները բազմաթիվ են (10-60), 6-8 մմ լայնությամբ։ Եզրի ծաղիկները լեզվակավոր են, սպիտակ, միջինները՝ խողովակավոր, դեղին։ Եթերայուղերի պարունակությունը տերևներում 0,4% է։ Սուսամբարը օգտագործվում է հատկապես բուրավետ պարտեզների ստեղծման և համեմունքների ստացման համար։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է որպես սպազմոլիտիկ դեղամիջոց։ Միջատասպան է։
Կարճ, հորիզոնական փայտացող կոճղարմատով, 30-150 սմ բարձրությամբ, կոշտ, ուղիղ վերին մասում ճյուղավոր ցողուններով, թունավոր բազմամյա խոտաբույս է։ Հերթադիր դասավորված, երկար, ատամնաեզր տերևները փետրաձև մասնատված են։ Ստորին տերևները կոթունավոր են, ցողունայինները՝ նստադիր։ Տերևների վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ գորշականաչավուն։ Խիտ, վահանիկաձև ծաղկաբույլերում հավաքված զամբյուղները կազմված են դեղին-ոսկեգույն, խողովակաձև ծաղիկներից։ Զամբյուղների միջին մասում գտնվող ծաղիկները երկսեռ են։ Փաթաթոցի տերևիկներն ունեն թաղանթային, թափանցիկ կամ գորշավուն եզրաշերտ։ Պտուղը երկարավուն կողավոր սերմնիկ է։ Գեղձային կետերով ծածկված տերևների և ծաղիկների մեջ կուտակվում են յուրահատուկ, սուր հոտ ունեցող եթերային յուղեր[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 197)։