Լվածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լվածաղիկ
Tansy.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Տրիբա Anthemideae
Ցեղ Լվածաղիկ (Tanacetum)
L., 1753

Լվածաղիկ, տարկավան, ազարիոն, մեղվամուշկ (լատ.՝ Tanacetum), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա բուրավետ խոտաբույսերի ցեղ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի այլ անվանումներն են՝ տարկավան, ազարիոն, մեղվամուշկ։ Հայտնի է եղել դեռևս 3000 տարի առաջ։ Միջնադարում մշակել են Կարլ Մեծի այգիներում (771-814), հարգի է եղել Ելիզավետա Ա թագուհու ժամանակաշրջանի (1558-1603) Անգլիայում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 70, Հայաստանում՝ 18 տեսակ՝ լվածաղիկ արծաթատերև (T. argyrophyllum), լվածաղիկ հազարատերև (T. chiliophyllum), լվածաղիկ բալզամակիրանման (T. balsamitoides), լվածաղիկ կետավոր (T. punctatum), լվածաղիկ սովորական (T.vulgare) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարգերում։ Աճում է չոր, քարքարոտ, ժայռոտ վայրերում, լեռնային մարգագետիններում, բացատներում, թփուտներում, գետերի ու լճերի ափերին։ Հանդիպում են նաև լվածաղիկ փետրաձև (T. pinnatum), լվածաղիկ ալեհեր (T. canescens), լվածաղիկ Զանգեզուրի (T. zangezuricum), լվածաղիկ Կոչիի (T. kotschyi) հազվագյուտ տեսակները։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, երբեմն՝ հիմքում փայտացած, բարձրանում է 20-150 սմ։ Տերևները փետրաբաժան են կամ կտրտված, հերթադիր։ Ծաղկաբույլը վահանանման է՝ կազմված կիսակլոր զամբյուղներից։ Եզրային ծաղիկները իգական են, միաշար, լեզվակավոր, սպիտակ, երբեմն՝ դեղին կամ վարդագույն, կենտրոնականները՝ երկսեռ, խողովակավոր, հետագայում՝ դեղին։ Զամբյուղը շրջապատված է անկանոն շարքերով դասավորված թաղանթաեզր թերթիկներով։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին Պտուղը գլանաձև, հիմքում սեղմված, երկարավուն կողերով սերմիկ է։

Կոչիի լվածաղիկը հազվագյուտ տեսակ է։ Հանդիպում է միայն Վայոց ձորի (Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև) և Սյունիքի (Խուստուփ և Կապուտջուղ լեռներ) մարզերում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Կիրառում և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, ֆլավոնիդներ, ալկալոիդներ, աղաղանյութեր և այլն։ Իբրև դեղամիջոց օգտագործում են ծաղկաբույլերը և դրանցից պատրաստված 2% եթերային յուղը։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես հակատենդային, քրտնաբեր միջոց, նաև՝ առատ ամսականի, սրտային ասթմայի, միգրենի, հոդացավի, թութքի, արնահոսությունը դադարեցնելու, ընկնավորության, դեղանախտի և դողէրոցքի ժամանակ։ Արտաքին օգտագործման համար ընդունում են բույսի թուրմից լոգանքներ և պատրաստում թրջոցներ հոդերի բորբոքման, ճմլվածքների, հոդախախտումների ժամանակ։ Ունի հակամանրէային ազդեցություն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, ճիճվամուղ, հակաբորբոքային, որոշները՝ միջատասպան (պարունակում են պիրեթրին, ցիներին և այլն) միջոց։ Թունավոր է խոշոր եղջերավոր անասունների համար։ Գեղազարդիչ է։ Որպես բուժիչ հումք՝ մթերում են ծաղկաբույլերը (ծաղկման շրջանի սկզբում)։ Կտրում են 2 սմ ոչ երկար հատվածներ, չորացնում օդափոխվող ծածկի տակ՝ն համեմատաբար ցածր ջերմաստիճանի պայմաններում (25 °C-ից ոչ բարձր)։

Պարունակում է օրգանական թթուներ, եթերային յուղեր, դաբաղանյութեր, բուսախեժ, ասկորբինաթթու, ենթավիտամին A, ֆլավոններ, կալիում, ցինկ, սելեն, մեծ քանակությամբ մոլիբդեն, բույսին բնորոշ թունավոր ալկալոիդներ, դառնանյութ, կամֆորա։ Ունի լեղամուղ, հակաբորբոքային, քրտնամուղ, հակահելմինտային, կապող հատկություններ, օգնում է տենդի դեպքում։

Ծաղիկների թուրմը խմում են լամբլիոզի, խոլեցիստիտի, հեպատիտի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, աղիների և միզապարկի բորբոքումների, միգրենի, գլխացավի, մալարիայի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, հոդացավի բուժման, ախորժակը լավացնելու համար որպես որդաթափ միջոց։ Թուրմը լվացումների և թրջոցների տեսքով օգտագործում են խոցերի և վերքերի բուժման ժամանակ որպես սպեղանի։ Այն ունի ախտահանող ազդեցություն։ Բույսի ծաղիկները, տերևները և ցողունն ունեն հակամամանրէային ազդեցություն և օգտագործում են միջատների դեմ։ Չորացրած վիճակում ցեցերի, ճանճերի, մոծակների, լվերի ոչնչացման միջոց է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Երևան, «Չինար» հրատարակչություն,2007

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Атлас лекарственных растений. — «Веда», изд. Словацкой Академии Наук, 1981.
  • Губанов И. А. и др. Определитель высших растений средней полосы… — М.։ Просвещение, 1981.
  • Кудинов М. А. и др. Пряно-ароматические растения. — Минск։ Ураджай, 1986.
  • Меньшикова З. А. и др. Лекарственные растения в каждом доме. — М.։ Адонис, 1993.
  • Gardeners’ Encyclopedia of Plants & Flowers. — Dorling Kindersley Limited, London, 1995.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png