Ծնվել է Փարիզում արքունական բժշկի ընտանիքում։ Ավարտել է հրեական քոլեջը։ Մինչև 1751 թվականը զբաղեցրել է հարկերի գլխավոր կապալառուի պաշտոնը, ապա զբաղվել է միայն փիլիսոփայությամբ։ Ոգեշնչվելով հակաֆեոդալական տրամադրություններով ` նա մտերմացավ Մոնտեսքյոյի և Վոլտերի հետ, որոնց ազդեցությամբ գրեց իր վաղ աշխատանքները։ 1751 թ. Հելվեցիուսն իրեն ամբողջովին նվիրեց գիտությանը։ Նա հանդիսանում էր Դենի Դիդրոյի և Հոլբախի խմբակի անդամ։ Նրա «Մտքի մասին» (1758 թ.) աշխատանքն ուղղված էր ֆեոդալական կարգերի, կրոնի, եկեղեցու հիմքերի դեմ, որն առաջացրեց ռեակցիոն շրջանների ցասումը։ Աշխատանքը շուտով արգելվեց իշխանությունների կողմից և այրվեց։ Հետագայում այդ գրքի հիմնական մտքերը զարգացվեց Հելվեցիուսի կողմից իր իսկ «Մարդու, նրա մտավոր ունակությունների և դաստիարակության մասին» (1773 թ.) աշխատության մեջ։ Հելվեցիուսը Ջոն Լոկի սենսուալիզմին հաղորդել է բացարձակ մատերիալիստական բնույթ։ Զգացողությունը նրա կողմից դիտվում է որպես մարդու զգացական օրգանների վրա արտաքին առարկաների ազդեցության արդյունք և մարդկային գիտելիքների միակ աղբյուր։ Հելվեցիուսը գտնում էր, որ աշխարհը մատերիական է, անվերջանալի ժամանակի և տարածության մեջ, գտնվում է անընդհատ շարժման մեջ։ Նա ագնոստիցիզմի հակառակորդ է և ապացուցում է, որ անսահման են մատերիական աշխարհի ճանաչողության մեջ մարդկային ինտելեկտի հնարավորությունները։ Հելվեցիուսը սուր քննադատության է ենթարկում հոգու անմահության, աշխարհի ստեղծման, Աստծո գոյության մասին իդեալիստական գաղափարները։ Առաջնորդվելով իր ժամանակի առաջադեմ փիլիսոփայական գաղափարներով՝ այնուամենայնիվ Հելվեցիոսը մնաց մետաֆիզիկայի սահմաններում։ Հելվեցիուսը քննադատում է մարդկանց բնածին ինտելեկտուալ ունակությունների անհավասարությունը, որը հիմք էր հանդիսանում ֆեոդալական հասարակարգի։ Նա պնդում էր, որ մարդիկ ունեն հավասար մտավոր կարողություններ, իսկ նրանց հոգեկան և բարոյական կերպարի տարբերությունները բացատրում էր այն միջավայրով, ուր նրանք դաստիարակվել են։ Հելվեցիուսի ուշադրության կենտրոնում են սոցիալական-քաղաքական, սոցիլոգիական և գեղագիտական խնդիրները։ Ի տարբերություն Մոնտեսքյոյի և Վոլտերի, որոնք համաձայնության եզրեր էին փնտրում արիստոկրատիայի հետ, Հելվեցիուսն առաջ քաշեց ֆեոդալական հարաբերությունները և սեփականությունը վերացնելու պահանջը։ Մերժելով Ռուսոյի էգալիտարիզմը՝ Հելվեցիուսը գտնում է, որ պետությունը պարտավոր է թուլացնել սեփականության անհավասար բաշխումը։ Նա անընդունելի է համարում կառավարման հանրապետական ձևը մեծ պետությունների համար և իր սոցիալ-քաղաքական հայացքների իրագործումը կապում է աբսոլյուտիզմի հաստատման հետ, որի մեջ նա տեսնում է բուրժուադեմոկրատական բովանդակություն։ Նրա սոցիոլոգիական հայացքները ներառում են մտորումներ հասարակական կյանքում նյութական պայմանների դերի կարևորության մասին։ Հելվեցիուսը եսասիրությունը համարում է հասարակության զարգացման շարժիչ ուժ և եսասիրության մասին ուսմունքի մեջ ընդգծում էր մարդու պայքարի գաղափարը կենսական պահանջմունքների բավարարման համար։ Դրա հետ միասին նա նշում է արդյունաբերության մեծ նշանակությունը։ Այս գաղափարները Հելվեցիուսին դարձրին 18-րդ դարի ամենախոր մտածողներից մեկը։ Հելվեցիուսը կարևորում է սոցիալական միջավայրի դերը։ Նա կարծում է, որ սոցիալական կյանքը որոշվում են ընդհանուր առմամբ մարդու գիտակցությամբ։ Մեծ է նրա դերը գեղագիտության զարգացման գործում։ Նա սուր քննադատության է ենթարկում ոչ միայն կրոնական, այլև սպիրիտուալիստական գեղագիտությունը։ Իր աշխատություններում մեծ տեղ է գրավում բարոյական պատկերացումների փորձնական ծագման ապացույցները և դրանց պայմանավորվածությունն անհատի շահերով։ Անհատի շահերը Հելվեցիուսը զուգակցում է հասարակական շահերի հետ։ Հելվեցիուսի գործունեությունը մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարական նախապատրաստման գործում, ինչպես նաև հիմք հանդիսացավ 19-րդ դարի առաջին կեսի ուտոպիական սոցիալիզմի գաղափարական նախապատրաստման համար։
Պատմության ըմբռնմաև հարցում նա իդեալիստ էր։ Սակայն, հասարակական կյանքի առաջադիմական վերափոխման իր պահանջով ու ֆեոդալիզմի քննադատությամբ, նա հանդես է գալիս որպես հասարակագիտական մտքի առաջավոր ներկայացուցիչ։ Ընդունել է հասարակական միջավայրի վճռական դերը մարդու դաստիարակության գործում, հիմնավորել ֆեոդ, հարաբերությունները կապիտալիստականով փոխարինելու անհրաժեշտությունը։ Հասարակության զարգացման գործում վճռական դեր է հատկացրել գիտակցությանը, դաստիարակությանը, լուսավորությանը։ Անձնական և հասարակական շահերի ներդաշնակ զուգակցման, մտավոր ընդունակությունների հավասարության նրա գաղափարները կարևոր դեր խաղացին ուտոպիական սոցիալիզմի զարգացման գործում։ Բնութագրելով նրա հայացքները՝ Մարքսն ու Էնգելսը նշել են. «Զգայական տպավորությունները, եսասիրությունը, հաճույքը և ճիշտ հասկացված անձնական շահը ամբողջ բարոյականության հիմքն են կազմում։ Մարդկային մտավոր ընդունակությունների բնածին հավասարությունը, բանականության հաջողությունների ու արդյունաբերության հաջողությունների միասնությունը, մարդու բնածին բարությունը, դաստիարակության ամենազորությունը ահա նրա մեխանիզմի գլխավոր մոմենտները»