Բեմբի
Բեմբի (անգլ.՝ Bambi), 1942 թվականին թողարկված ամերիկյան անիմացիոն կինոնկար։ Ըստ ավստրիացի Ֆելիքս Զալտենի «Բեմբի» գրքի՝ նկարահանել է Ուոլտ Դիսնեյը։ Կինոնկարը թողարկվել է 1942 թվականի օգոստոսի 13-ին RKO ընկերությունում։ Սա Ուոլտ Դիսնեյի դասական անիմացիոն ֆիլմերից հինգերորդն է։
«Բեմբին» առաջադրվել է «Օսկարի» երեք անվանակարգում՝ լավագույն երգ («Love Is A Song»), լավագույն երաժշտություն և լավագույն հնչյունավորում, սակայն չի ստացել և ոչ մի մրցանակ։ Մուլտֆիլմի առաջին ցուցադրությունները կինովարձույթում տապալվեցին, բայց նոր (1947-1948) ցուցադրություններով աստիճանաբար ճանաչում ձեռք բերեց և դարձավ կուլտային։ 1948 թվականին մուլտֆիլմն արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի։ «Բեմբին» նաև Ուոլթ Դիսնեյի ամենասիրելի մուլտֆիլմն էր։
Los Angeles Business-ի 2006 թվականի հարցումների արդյունքում «Բեմբին» ճանաչվեց դիսնեյյան լավագույն մուլտֆիլմը՝ հավաքելով ձայների 21 % (համեմատության համար՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հավաքել էր ձայների 20 %)[13]։
2008 թվականի հունիսին Ամերիկյան ֆիլմերի ինստիտուտը ներկայացրեց յուրաքանչյուր ժանրում իր լավագույն տասնյակը ըստ 1500 մարդկանց քվեարկության։ «Բամբին» զբաղեցրեց երրորդ տեղը անիմացիայից[14]։ 2011 թվականին ֆիլմը ընդգրկվել է ԱՄՆ Ֆիլմերի ազգային ցանկում։
Դիպաշար (սյուժե)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմն սկսվում է անտառի նոր արքայազնի՝ եղնիկ Բեմբիի ծնունդով։ Իր առաջին ընկերների՝ Տոպոտուն նապաստակի և նրա քույրերի հետ նա սովորում է քայլել, խոսել և ծանոթանում է անտառի մյուս բնակիչների հետ։ Անսպասելիորեն հանդիպում է Ֆելինին՝ փոքրիկ էգ եղնիկին, որը Բեմբիի հետ շփումը շատ զվարճալի էր համարում։ Միայն թե Բեմբին բոլորովին էլ չի կիսում Ֆելինի զվարճությունը։ Բեմբին հանդիպում է հորը, որն անտառի Մեծ թագավորն էր՝ անտառի ամենահարգված եղնիկը։
Աշնանը հաջորդում է ձմեռը՝ Բեմբիի կյանքի ամենադժվար ժամանակը, բայց դա էլ անվերջ չէր։ Հայտնվում են գարնանային արևի առաջին շողերը, և Բեմբին մոր հետ նորից ուղևորվում է մարգագետին, որտեղ գտնում է առաջին գարնանային խոտը։
Ավաղ, խաղաղ զբոսանքն ավարտվում է ողբերգությամբ. որսորդի գնդակն այս անգամ այնուամենայնիվ խոցում է Բեմբիի մորը։ Չըմբռնելով կատարվածը՝ Բեմբին ապարդյուն փորձում է փնտրել մորը անտառի գիշերային մթության մեջ։ Բայց, ցավոք սրտի, նա մոր փոխարեն գտնում է Մեծ թագավորին, որը հասկացնում է նրան, որ մայրը երբեք չի վերադառնա։
Գալիս է գարունը, և հին ընկերները՝ Բեմբին, Ծաղիկը և Տոպոտոնը նորից հանդիպում են[15]։ Բեմբին այլևս այն չէր, ինչ որ կար՝ աճել էին նրա կոտոշները, ամաչկոտ և վախկոտ երեխան փոխակերպվել էր երիտասարդ եղնիկի։ Գարունը սիրո շրջան է և հանդիպելով հին ծանոթ Ֆելինին՝ Բեմբին սիրահարվում է նրան։ Սակայն, ամենակարևոր վտանգը դեռ առջևում էր՝ մարդիկ անտառում հրդեհ էին անում։
Անտառը վերածվել էր հրդեհավայրի։ Մուլտֆիլմի վերջում Բեմբին և Ֆելինը ունենում են երկու փոքրիկ եղնիկներ, որոնք զարմանալիորեն նման էին իրենց ծնողներին։ Անտառի Մեծ թագավորը, հասկանալով, որ իր ժամանակն անցել է, իր գահը վերջնականապես հանձնում է հասունացած Բեմբիին։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմբի (անգլ.՝ Bambi)՝ մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Սկզբում մենք Բեմբիին տեսնում ենք շատ փոքրիկ, անգամ չէր կարողանում քայլել։ Նա ամաչկոտ ու վախկոտ է, բայց արագ սովորում է նորը և ուրախանում է կյանքով։
- Բեմբիի մայրը՝ Բեմբիին թողնում է մենակության մեջ։ Շատ զգույշ և խելացի է, ամբողջ ուժով փորձում է պաշտպանել Բեմբիին հնարավոր վտանգից։ Նրան սպանում են մարդիկ։
- Տոպոտուն (անգլ.՝ Thumper)՝ ուժեղ, եռանդուն և ինքնուրույն նապաստակ է։ Իր անունն ստացել է ոտքով անհրաժեշտության դեպքում կամ անիմաստ թակելու համար։ Սիրում է անզգույշ արտահայտություններ անել, որի համար ստիպված է լինում պատասխան տալ մորը։
- Ծաղիկ (անգլ.՝ Flower)՝ այդ համեստ ու ամաչկոտ ժանտաքիսին Ծաղիկ են անվանում բոլորովին պատահական՝ փոքրիկ Բեմբին շփոթում է նրան ծաղիկի հետ։ Ամեն դեպքում նա գոհ էր իր անունից։
- Ֆելին (անգլ.՝ Faline)՝ էգ եղնիկ՝ Բեմբիի ընկերուհին, որի հետ պատահական ծանոթանում է Բեմբին մարգագետնում։ Ֆելինը շատ աշխույժ և կենսուրախ է սիրահարված է Բեմբիին։ Իրենց ամեն մի հանդիպումը անակնկալ է Բեմբիի համար։
- Մեծ թագավոր (անգլ.՝ Great Prince)՝ Բեմբիի լրջամիտ և սակավախոս հայրն է։ Համաձայն Բեմբիի մոր խոսքերի՝ անտառի ամենախելացի եղնիկն էր։ Նրա խնդիրն է պաշտպանել անտառը Մարդու չարագործություններից։ Բեմբիին հասկացնում է, որ մորն այլևս չի տեսնի։
- Ռոննո (անգլ.՝ Ronno)՝ այս մռայլ և ագրեսիվ եղնիկը հայտնվում է հանկարծակի՝ Ֆելինի ուշադրության համար պայքարելիս՝ որպես անսպասելի հակառակորդ («Բեմբի 2» մուլտֆիլմում Ռոննոն գլխավոր հերոսներից մեկը)։
- Մարդ (անգլ.՝ Man)՝ մուլտֆիլմի գլխավոր հակահերոսն է և անտառի անմիջական թշնամին, որը վախ և մահ է տարածում։ Գլխավոր հերոսի մոր սպանողն է։
- Եղնիկներ՝ գլխավոր հերոսների երեխաները։ Հայտնվում են միայն մուլտֆիլմի վերջում։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականին Ֆելիքս Զալտենի գրքի հիման վրա ֆիլմի ստեղծման իրավունքը գնեց Սիդնեյ Ֆրանկլինը՝ MGM կինոնընկերության գործակալներից մեկը։ Միայն թե որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ նման ֆիլմ անհնար է ստեղծել կինեմատոգրաֆի ավանդական միջոցներով, և 1935 թվականաին Ուոլթ Դիսնեյին առաջարկեցին նկարահանել լիամետրաժ անիմացիոն ֆիլմ։ Արդյունքում «Բեմբին» դարձավ երեխաների սիրելի մուլտֆիլմը և այդ ժամանակի ամենահաջողակ նախագծերից մեկը, որի շահույթը տարբերվում էր ընկերության նախորդ աշխատանքներից։
Աշխատանքի վաղ փուլերում նկարիչներն աշխատում էին հասնել առավելագույն մանրամասնության, սակայն գեղանկարիչ Թայրուս Վոնգի ազդեցությամբ ոճը կտրուկ փոխվեց և շեշտը դրվեց ոչ թե բնականության, այլ զգացմունքայնության և պատկերի մինիմալիզմի վրա, որը թույլ կտար հեռուստադիտողին ինքնուրույն պատկերացնել և ամբողջացնել պատկերը։ Նույն մինիմալիստական համարժեքը կարելի է նկատել նաև երաժշտության մեջ, նաև սյուժեի կառուցման՝ 70 էկրանային րոպեների ընթացքում հերոսները արտասանում են միայն մոտավոր 800 բառ[16]։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Դևիդ Հեն
- Ղեկավար՝ Պեր Պիրս
- Ադապտացիա՝ Լարի Մոուրի
- Երաժշտություն՝ Ֆրենկ Չեչիլ, Էդվարդ Պլամբ
- Դիրիժոր՝ Ալեքսանդր Ստեյներտ
- Նվագախումբ՝ Չարլզ Ուոլքոթ, Պոլ Ջ․ Սմիթ
- Երգչախումբ՝ Չարլես Խենդերսոն
- Պատմություն՝ Ջորջ Ստելինգս, Մելվին Շավ, Կառլ Ֆալբերգ, Չակ Կոուչ, Ռալֆ Վրայտ
- Մյուս ռեժիսորներ՝ Ջեյմս Ալգար, Բիլլ Ռոբերտս, Նորման Վրայտ, Սեմ Արմսթրոնգ, Պոլ Սատերգիլդ, Գրեմ Հեյդ
- Նկարիչներ՝ Թոմաս Հ․ Կոդրիկ, Ռոբերտ Կ․ Կորմակ, Ալ Զինեն, Մակլարեն Ստյուարտ, Լոյդ Հարտինգ, Դեվիդ Հիլբերման, Ջոն Հաբլի, Դիկ Կելսի
- Ետին պլան՝ Մերլի Ջեյ Կոկս, Ռիչարդ Էնտոնի, Արտ Ռիլեյ, Ստեն Սպոն, Ռոբերտ Մակջնտոշ, Ռեյ Հուգին, Ֆրավիս Ջոնսոն, Էդ Լևիտ, Ջո Ստելլի
- Անիմացիայի ղեկավար՝ Ֆրանկլին Թոմաս, Միլտոն Կալ, Էրիկ Լարսոն, Օլիվեր Մ․ Ջոնսթոն կրտսեր
- Անիմացիա՝ Ֆրազեր Դևիս, Պրեստոն Բլեյր, Բիլլ Ջաստին, Ջոն Բրադբուրի, Դոն Լասկ, Բերնարդ Գարբուտ, Ռետտա Սկոտ, Ջոշուա Մեադոր, Քենեթ Հալտգրեն, Ֆիլ Դունկան, Կենեթ Օ'Բրայեն, Ջորջ Ռոուլի, Լուի Ցմիթ, Արտ Պալմեր, Արտ Էլիոթ
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չնայած նրան, որ Մարդուն մուլտֆիլմում չենք կարող տեսնել՝ նրա հայտնվելը նշանավորվում է չար երաժշտությամբ։ Դրանից հետո եկող վտանգի այդ մեթոդը (ծանր, հասարակ, կրկնվող մոտիվը) օգտագործել է Սթրվեն Սփիլբերգը իր հայտնի «Ծնոտներ» ֆիլմում։
- Սթիվեն Սփիլբերգը կրկին ինքը խոստովանել է «Newsweek» թերթին հարցազրույցի ժամանակ, որ «Բեմբին» համարում է բոլոր ժամանակների ամենատխուր ֆիլմը։ Նա հիշում է. «Երբ ես երեխա էի, ես հաճախ վեր էի կենում գիշերները և ստուգում էի, թե ամեն ինչ կարգին է ծնողներիս հետ»[17]։
- Ամերիկյան կինոինստիտուտը (American Film Institute, AFI) ճանաչել է Մարդուն կինեմատոգրաֆի 50 չար կերպարներից մեկը[18]։
- Kingdom Hearts խաղում, որը թողարկել է SquareSoft ընկերությունը, Բեմբին ընկերասեր կերպար է, որն օգնում է հերոսներին։
- Ջեյմս Բոնդի մասին «Ադամանդները հավերժ են» ֆիլմի երկու բացասական կանացի կերպարներ անվանակոչված են Բեմբին և Տամպերան (Տոպուտոնը)[19]։
- Սկզբնաղբյուր գրքում Ֆելինից բացի Բեմբին ուներ մեկ ուրիշ ընկեր՝ եղնիկ Գոբոն (Ֆելինի եղբայրը)։ Ռոննոն, որը իրակականում ներկայացված էր որպես պատանի, սակայն արդեն հասուն եղջերու, նաև Կարուսի բարեկամն էր։ Բացի այդ Բեմբիի մոր մահից հետո Նետլան և Մարենան խնամում էին Բեմբիին։ Ֆելինի մորը անվանում էին Ինա (Ena, որոշ թարգմանություններում՝ Էննա)։
- Խորհրդային «Բեմբիի մանկությունը» ֆիլմում գլխավոր հերոսի մորը կոչում էին Ագնիխ[20]։
- Բեմբին Ուոլթ Դիսնեյի թվով երկրորդ մուլտֆիլմն է (առաջինը «Դամբո»-ն է), որի գործողությունները տեղի են ունենում մեր օրերում։
- Kingdom Hearts տեսախաղում, որը թողարկել է SquareSoft ընկերությունը, Բեմբին խաղում է բարեսիրտ հերոսի դեր, որն օգնում է մյուսներին։
- «Բեմբիի» ամենահայտնի տեխնիկական սխալը ջրարջի մեկ հայտնվող, մեկ կորչող ձագուկներն են հրդեհի ժամանակ կենդանիներին փրկելու տեսարանի ժամանակ։ Այս սխալը ուղղվել է 2005 թվականի վերաթողարկված DVD տարբերակի ժամանակ։
- Բեմբիի ու Տամպերայի (Տոպուտոն) պատվին անվանակոչվել են երկու փոքր մոլորակներ՝ համապատասխանաբար 15845 և 16626 համարներով։
«Բեմբին» և Դիսնեյի հաջորդ մուլտֆիլմները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բեմբիի» շատ նյութեր հետագայում օգտագործվեցին Ուոլտ Դիսնեյի ստուդիայի այլ մուլտֆիլմներում։ Ամենաշատը օգտագործվել են Բեմբիի մոր անիմացիան (իր մահից քիչ առաջ իր մահի տեսարանը). դա հանդիպում է «Թուրը քարի մեջ», «Ջունգլիների գիրքը», «Փրկարարները», «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմներում։ Երկրորդային ձևով հաճախ է օգտագործվել նաև տերևների, ծաղկաթերթերի և երկրորդական կերպարների տեսարանները։ Ամենավառ օրինակներից է «Աղվեսն ու որսաշունը» անձրևի տեսարանը. այստեղ երկու անգամ օգտագործվում է իր ձագերի հետ անձրևից փախչող փասիանի տեսարանը։ Նշանակալի է, որ 2006 թվականի «Բեմբի 2» մուլտֆիլմում օգտագործվել է «Բեմբիի» համակարգչային շտկում ստացած ետնապլանները, և այն գաղափարները, որոնք դուրս էին մնացել բնօրինակ մուլտֆիլմի աշխատանքի ժամանակ։
«Բեմբիի» սյուժեն և գեղարվեստական հնարանքները մեծ ազդեցություն են թողել նաև մեկ այլ հայտնի դիսնեյան մուլտֆիլմի՝ «Առյուծ արքան» մուլտֆիլմի վրա[21]։ Օրինակ՝ երկու մուլտֆիլմներն էլ սկսվում են գլխավոր հերոսի ծնունդով, երկու մուլտֆիլմում էլ գլխավոր հերոսները կորցնում են ծնողներին, երկու մուլտֆիլմն էլ ավարտվում է ուժեղ հրդեհով և հետագայում վերածնվող բնությամբ, իսկ երկու մուլտֆիլմների խորհրդանիշներից մեկը՝ գլխավոր հերոսը, կանգնում է ժայռի բարձունքում։ Նույնիսկ «Առյուծ արքան» մուլտֆիլմի ստեղծողները չեն ժխտում «Բեմբիի» նշանակալից ազդեցությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.moviefone.com/movie/bambi/21912/main
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Bambi — 1942.
- ↑ 3,0 3,1 3,2 Walt Disney: a guide to references and resources — G. K. Hall & Co., 1979. — P. 24.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 53. — ISBN 978-0-517-55407-4
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Walt Disney: a guide to references and resources — G. K. Hall & Co., 1979. — P. 25.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 236. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 56. — ISBN 978-0-517-55407-4
- ↑ Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 54. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 236, 103. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://books.google.am/books?id=zDJXnzMh7bkC&printsec=frontcover&client=firefox-a&source=gbs_navlinks_s&redir_esc=y#v=onepage&q&f=false
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=bambi.htm
- ↑ «Poll: Bambi is most beloved animated Disney movie - L.A. Biz». L.A. Biz. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «AFI's 10 Top 10». American Film Institute. 2008 թ․ հունիսի 17. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Inside Walt's Story Meetings, Bambi 2011 Blu-ray
- ↑ Bambi II: Production Notes (PDF)
- ↑ [1]
- ↑ «AFI's 100 Greatest Heroes & Villains». AFI.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Ադամանդները հավերժ են(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Բեմբիի մանկությունը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Առյուծ արքան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wills, John (2015). «Felix Salten's Stories: The Portrayal of Nature in Bambi, Perri and The Shaggy Dog». In Jackson, Kathy Merloch; West, Mark I. (eds.). Walt Disney, from Reader to Storyteller: Essays on the Literary Inspirations. Jefferson (N.C.): McFarland. էջեր 45–61. ISBN 978-0-7864-7232-1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bambi, by Felix Salten
- Հոդված Toonopedia հանրագիտարանում (անգլ.)
- Ամերիկյան DVD-ի տարբերակի պաշտոնական կայքում (անգլ.)
- Ultimatedisney.com: (անգլ.)
- Մուլտֆիլի երկրպագուների ֆորում Արխիվացված 2007-05-31 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեմբի» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 1940-ականների անգլերեն ֆիլմեր
- 1942 մուլտֆիլմեր
- 1942 ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Մուլտֆիլմեր կենդանիների մասին