Անբախտ վաճառականներ
Անբախտ վաճառականներ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1886 |
Վիքիդարան | Անբախտ վաճառականներ |
Անբախտ վաճառականներ, բալլադ, որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։ Սյուժեն վերցված է ժողովրդական բանահյուսությունից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բալլադի մասին կարդում ենք Թումանյանի «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները» դարձավ «американская»» հոդվածում. «Էդ առակը աշակերտ ժամանակս Լոռի իմ քեռուց եմ լսել ու տպածների մեջ իմ առաջին գրվածքներից մինն է։ Միայն «ջրի պեպենակի» (թիթեռ) տեղը ես դրել եմ ճայ։ Մի ժամանակ (1885-1887) էդ տեսակ բաներ, ժողովրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում բարբառով ու շատ էլ ունեի, բայց որովհետև չէի պահում, դես ու դեն կորան, նրանցից մնացին «Շունն ու կատուն», մին էլ «Անբախտ վաճառականները»[1]։
Նույն հոդվածում կարդում ենք նաև, որ Թումանյանն իմացել է այս ավանդույթի այլ մշակումների մասին ևս։
Բալլադը գրվել է 1886 թվականին[2]։ Հետագայում այն մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել։ 1916 թվականին Ց. Խանզադյանին ուղղված նամակում բանաստեղծը գրել է բալլադի տարբեր վերամշակումների մասին։ Բալլադի վերմշակման մասին նաև վկայություն է թողել Գևորգ Ասատուրը։
Բալլադի ինքնագիրը չի հասել մեզ։ Թումանայանի ընտանիքի արխիվում պահվում է բալլադի մի փոքրիկ սևագիր կտոր։ Այդ հատվածը Ա. Ինճիկյանի կարծիքով «Անբախտ վաճառականներ» բալլադի վերջին մասն է[2]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 1353 ֆոնդում պահվում է «Աղբյուրի մատենադարան» շարքի «Հովհանես Թումանյան» ժողովածու, Թիֆլիս, 1899 և Բանաստեղծություններ, Բաքու, 1908 հեղինակի սեփական օրինականները, որոնց վրա նա շատ է աշխատել։
Առաջին անգամ «Ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով տպագրվել է «Աղբյուրի մատենադարան» շարքի «Հովհաննես Թումանյան» ժողովածու, Թիֆլիս, 1889, համար 54-ում, էջ 3-10, իսկ հետո` Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1903-ում, էջ 52-57, Լեգենդներ, Թիֆլիս, 1904, էջ 9-14, Բանաստեղծություններ, Բաքու, 1908, էջ 72-77, 1909, էջ 128-133, այդ նույն թվականին՝ առանձին պատկերազարդ գրքույկով, Բանաստեղծություններ, Կ. Պոլիս, 1922, էջ 75-80, այնուհետև` Երկերի Լիակատար ժողովածու, 268-271։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի օր չղջիկն ու ճայը որոշում են դառնալ վաճառական և փշից պարտքով գումար են խնդրում։ Ճայը գումարը վերցնում է և գնում է ապրանք բերելու, իսկ չղջիկն սպասում է նրան։ Ետ վերադառնալու ճանապարհին ծովի ալիքները շուռ են տալիս ապրանքով լի նավը, և ճայի ամբողջ գնածը թափվում է ծովի մեջ։ Փուշը չղջիկից պահանջում է պարտքը. վերջինս ամեն ինչ վաճառում է և տալիս փշին, իսկ ինքն ամոթից փախչում է և դրանից հետո թռչում է միայն գիշերները։ Իսկ ճայը մինչև այսօր ծովում փնտրում է իր կորցրածը։