Մոնումենտալ արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնումենտալ արվեստ, կոթողային արվեստ, տարածական արվեստների այն բնագավառը, որի ստեղծագործությունները կերտվում են կոնկրետ ճարտարապետական միջավայրի համար և գաղափարով, տեսողական-արխիտեկտոնիկ ու գունային կառուցվածքով համապատասխանում են նրան։

Մոնումենտալ արվեստի գործեր են հուշարձաններն ու կոթողները, կառույցների քանդակագործական, գեղանկարչական, խճանկարչական հարդարանքը, վիտրաժները և ճարտարապետական ստեղծագործությունները (որոշ արվեստաբաններ Մոնումենտալ արվեստի գործեր են համարում նաև ճարտարապետական ստեղծագործությունները)։ Շինության ճակատի և ինտերիերի կոմպոզիցիաները, հրապարակի հուշարձանը սովորաբար մարմնավորում ու պրոպագանդում են տվյալ ժամանակի սոցիալական և փիլիսոփայական առավել ընդհանուր գաղափարներ, նվիրվում ականավոր գործչի կամ նշանավոր իրադարձության հիշատակին։ Համադրվելով ճարտարապետությանը (տե'ս Արվեստների համադրություն)՝ մոնումենտալ արվեստը կոնկրետացնում է կառույցի, անսամբլի կամ ճարտարապետորեն կազմակերպված տարածության գաղափարական բովանդակությունը։ Սակայն հաճախ այդ երկերն ունենում են հարաբերական ինքնուրույն նշանակություն, հանդիսանում են անսամբլի կարևոր դոմինանտը։ Վեհ գաղափարներ արտահայտելու ձգտումով են պայմանավորված այդ գործերի վսեմ գեղարվեստական ձևերը, մարդու, առարկայական-տարածական միջավայրի և բնության հետ դրանց մասշտաբային հարաբերակցությունը։ Այդօրինակ գործերն աչքի են ընկնում աշխարհի, մարդու վսեմության մասին փիլիսոփայական խորհրդածությունների խորությամբ, պատկերավորման սկզբունքի առաջնայնությամբ։ Մոնումենտալ արվեստի մյուս տեսակի գործերը բարձր գաղափարներ չեն կրում և ճարտարապետության մեջ համահունչորեն զարդարում են պատերի, ծածկերի, ճակատների և՛ մակերեսները, և՛ իրենց արխիաեկտոնիկ զարդարվեստային արտահայտչամիջոցներով սահմանակից են դեկորատիվ արվեստին (երբեմն այդ ուղղությունը նշվում է «մոնումենտալ դեկորատիվ արվեստ» տերմինով)։ Սակայն մոնումենտալ արվեստի երկերի այդ երկու տարատեսակների միջև խիստ սահմանագիծ չկա։ Արվեստի պատմությանը հայտնի են մոնումենտալ արվեստի և ճարտարապետության կապի տարբեր ուղիներ, օրինակ` Պոմպեյի տների և հարթազարդապատկերային և տարածական-պատրանքային որմնանկարները կամ հին հունական տաճարների քիվերին, ճակտոններին քանդակներ «ներմուծելը», կամ Միջին Ասիայի կառույցները ամբողջովին մայոլիկայով, XVII դ․ ռուսական եկեղեցիները որմնանկարներով հարդարելու զարդապատկերային-գորգային սկզբունքը։ Մոնումենտալ արվեստը սկզբնավորվել է նախնադարից։ Մենհիրներում, պաշտամունքային արձաններում, ժայռապատկերներում մարմնավորվել են նախնադարյան մարդու պատկերացումները բնության ուժերի զորության մասին, արտացոլել նրա աշխատանքային գործունեությունը։ Դասակարգերի ի հայտ գալով՝ մոնումենտալ արվեստում որոշիչ են դարձել հասարակական փոխհարաբերությունները։ Հին Եգիպտոսի արվեստում գերիշխող մոնումենտալության և ստատիկության սկզբունքները ստրկատիրական հասարակության պայմաններում պետք է նպաստեին սոցիալական կարգի անսասանությանը և տիրակալի անձի աստվածացմանը (Գիզայի «Մեծ սֆինքսը»), սակայն ժամանակի արվեստին բնորոշ ձևերով մարմնավորել են մարդու մտքի ուժի, բնության արհավիրքների դեմ մարդկային կոլեկտիվի հաղթանակի մասին պատկերացումները։ Հին հունական ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկման դարաշրջանում ստեղծվել են մարդու գեղեցկության և արժանապատվության նկատմամբ հավատով ներթափանցված մոնումենտալ արվեստի գործեր (Աթենքի Պարթենոնի քանդակները)։ Գոթական տաճարի ողջ գեղարվեստական կառուցվածքը, գեղանկարչական ու քանդակագործական հարդարանքը արտահայտել են ոչ միայն ֆեոդալական հասարակության ու եկեղեցական հիերարխիայի գաղափարները, միջնադարյան կրոնական-դոգմատիկ աշխարհայացքի ողջ համակարգը, այլև քաղաքների աճող ինքնության միտքը, քաղաքային կոմունայի կոլեկտիվի պաթոսը (Ռեյմսի, Շարաբի և այլ տաճարների քանդակային հարդարանքը)։ Բարձր Վերածննդի դարաշրջանի Իտալիայի համազգային հոգևոր վերելքը ամբողջ ուժով դրսևորվել է հասարակական մեծ հնչողություն ունեցող, լարված դրամատիզմով և տիտանական հզորությամբ առլեցուն Մոնումենտալ արվեստի գործերում (Միքելանջելոյի «Դավիթ»-ը, «Մովսես»-ը, Սիքստինյան կապելլայի որմնանկարները և այլն)։ XVI դ․—XVIII դ․ կեսերի Եվրոպայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրների քաղաքական և հոգևոր կյանքը իր արտացոլումն է գտել բարոկկոյի մոնումենտալ արվեստում (Լ․ Բեռնինիի մոնումենտալ քանդակագործությունը, XVIII դ․ կեսի Իտալիայի տաճարների ու պալատների գեղանկարչական ու քանդակային հարդարանքը ևն)։ Ազգային ինքնագիտակցության վերելքը, ֆրանսիական լուսավորականության գաղափարները արտահայտվել են XVIII դ․ 2-րդ կեսի և XIX դ․ 1-ին քառորդի եվրոպական մի շարք երկրների հայրենասիրական պաթոսով և հումանիզմով ներթափանցված, մտահղացմամբ ու արտահայտչամիջոցներով պարզ մոնումենտալ արվեստում (Ռուսաստանում՝ Ֆ․ Շչեդրինի, Ի․ Մարտոսի և այլոց քանդակները)։ XIX դ․ կեսին բուրժ․ հասարակական զարգացումը հանգեցրել է համընդհանուր գաղափարների ու պատկերացումների և կապիտալիստական ռեալ իրականության խզման՝ մոնումենտալ արվեստը հասցնելով անկման, վերացնելով նրա և ճարտարապետության համադրությունը, գաղափարա-գեղարվեստական ամբողջությունը։ Այդ շրջանին բնորոշ էկլեկտիզմը արտահայտվել է նաև մոնումենտալ արվեստում։ XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի մոնումենտալ արվեստը ընթացել է բարդ, հակասական ուղիներով։ Մոդեռն ոճի կառույցների հետ օրգանապես կապված են մոնումենտալ գեղանկարչության երկերը (Մ․ Ա․ Վրուբել, Ֆ․ Հոդլեր, Մ․ Դենի և ուրիշներ)։ XX դ․ սկզբին կրկին երևան է եկել արիփտեկտոնիկ սկզբունքներով ստեղծված մոնումենտալ քանդակագործությունը (Ա․ Մայոլ, Է․ Ա․ Բուրդել)։ XX դ․ մոնումենտալ արվեստը կրել է խորը փոփոխություններ։ Ստեղծագործություններում արտացոլվել են բուրժուական քաղաքակրթության անկման շրջանի հակասությունները, հեղափոխական հզոր ցնցումները, նոր սոցիալիստական հասարակարգի հաստատումը։ Միաժամանակ ֆաշիզմի, իմպերիալիզմի, գաղութային ճնշման դեմ մղված պայքարը, սոցիալական և ազգային-ազատագրական շարժումները նպաստել են մոնումենտալ արվեստի վերածննդին, նրան հաղորդել կրքոտություն և համոզչականություն։ XX դ․ մոնումենտալիստ-արվեստագետներին բնորոշ է սուր հրապարակախոսական ուղղվածությունը, թեմայի բացահայտման հուզականությունը՝ հաճախ դասակարգային մոտեցմամբ (մեքսիկական մոնումենտալիստների գործերը, Իտալիայի և Ֆրանսիայի քաղաքների կոմունիստական մունիցիպալիտետների շենքերի որմնանկարները)։ Սոցիալիստական հասարակության մեջ մոնումենտալ արվեստը, շարունակելով հումանիզմի գաղափարները հավաստող անցյալի մեծ վարպետների ավանդույթները, կոչված է մասնակցելու իրականության ակտիվ վերափոխմանը։ Սոցիալիզմի օրոք մոնումենտալ արվեստ ազատագրվելով շահագործող դասակարգերի շահերին ծառայելու անհրաժեշտությունից, լրիվ դրսևորում է իր դեմոկրատական հասարակական սկզբունքը։ Սոցիալիստական հասարակությունը նոր բովանդակություն է ներմուծել մոնումենտալ արվեստի մեջ, ընդարձակել է նրա ազդեցության ոլորտը՝ ընդգրկելով քաղաքներ և հասարակական ու արդյունաբերական խոշոր համալիրներ։ Դեռևս 1918 թվականին սկսեց իրականացվել մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագիրը։ Գաղափարա-գեղարվեստական բարձր հատկանիշներով են աչքի ընկնում Ն․ Ա․ Անդրեևի, Վ․ Ի․ Մուխինայի, Ի․ Դ, Շադրի, Ս․ Դ․ Մերկուրովի, Մ․ Գ․ Մանիզերի մոնումենտալ քանդակները, Ե․ Ե․ Լանսերեի, Վ․ Ա․ Ֆավորսկու, Պ․ Դ․ Կորինի, Ա․ Ա․ Դեյնեկայի և ուրիշների մոնումենտալ գեղանկարչությունը։ 1960-ական թթ․ մոնումենտալ արվեստ դարձել է հոցակառույցների անքակտելի մաս (Սալասպիլսում, 1961—1967, քանդակագործներ՝ Լ․ Վ․ Բուկովսկի, Ցա․ Զարին և ուրիշներ, Վոլգոգրադի հուշադամբարանաբլուրում, 1963—1967, քանդ․՝ Ե․ Վ․ Վուչետիչ և ուրիշներ, սատինում, բացվել է 1969 թվականին, ճարտարապետներ՝ Ցոլ․ Մ․ Գրադով, Վ․ Պ․ Զանկովիչ, Լ․ Մ․ Լևին, քանդակագործ՝ Ս․ Ի․ Սելիխանով, լենինյան մրցանակ, 1970)։ Սոցիալիստական հասարակարգում ստեղծված են բոլոր նախադրյալները, որպեսզի մոնումենտալ արվեստը դառնա մարդու աշխատանքային և հասարակական ամենօրյա գործունեության գաղափարապես հագեցված, ինչպես նաև գեղարվեստորեն ձևավորված միջավայրի կարևոր բաղադրատարրը։

Հայկական լեռնաշխարհում մոնումենտալ արվեստի գործեր են ստեղծվել դեռևս նախնադարյան արվեստի շրջանում։ Պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ (վիշապներ, ժայռապատկերներ, մենհիրներ, կոթողներ ևն)։ Գրավոր տեղեկություններ են հասել հոյակերտ մեհյանների (Բագարանում, Աշտիշատում, Արմավիրում, Արտաշատում և այլուր), բրոնզաձույլ ու ոսկեձույլ բագինների (Արամազդի, Անահիտի, Վահագնի, Աստղիկի, Տիրի և այլն) մասին։ Էրեբունիի որմնանկարները ենթադրել են տալիս այդ շրջանի մոնումենտալ գեղանկարչության բարձր զարգացածությունը։ Մոնումենտալ արվեստի յուրատիպ հուշարձաններ են ստեղծվել ճարտարապետության բնագավառում։ Մ․թ․ սկզբից պահպանվել է Գառնիի տաճարը։ Մոնումենտալ-դեկորատիվ բարձրարվեստ խճանկարչության օրինակ է Գառնիի բաղնիքի հատակը։ Քրիստոնեության շրջանում կառուցվել են տարբեր տիպերի տաճարներ, պալատներ, որոնց պահպանված օրինակները վկայում են մոնումենտալ արվեստի խնդիրների, ինքնուրույն, յուրօրինակ ազգային լուծումների մասին (Զվարթնոց, Անիի մայր տաճար, Գագկաշեն և այլն)։ Արվեստների համադրության վաղագույն օրինակներից են Աղթամարի տաճարը (ինչպես և պալատը՝ ըստ գրավոր նկարագրության), Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Անիում և այլն, որոնցում ճարտարապետության վեհությունը համահնչուն է և' բարձրաճաշակ ու բազմազան արտահայտամիջոցներով քանդակագործությանը, և' որմնանկարչությանը։ Յուրակերպ գեղարվեստական մտածողության արդյունք են խաչքարերը, որոնց մոնումենտալ հնչողություն է հաղորդվել և' տվյալ ճարտարապետական միջավայրում, և' առանձին կանգնած, որպես հուշարձան, կոթող։ Մոնումենտալ արվեստի խնդիրներին է ծառայել նաև հայկական զարդապատկերը՝ ժամանակի պահանջմունքները, ճաշակը բավարարող բազմաթիվ գործեր են ստեղծել Հովնաթանյան ընտանիքի վարպետներից Նաղաշ Հովնաթանը (Երևանի Պողոս-Պետրոս, Սբ․ Անանիա եկեղեցիներում, Էջմիածնի տաճարում), Հակոբ և Հարություն Հովնաթանյանները (Ապրակունիսի Սբ․ Կարապետ վանքում)։ Մոնումենտալ արվեստն աննախընթաց զարգացման է հասել Հայաստանում։ Մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագիրը մարմնավորելիս հայ արվեստագետներն ստեղծել են մնայուն գործեր։ Դրանց թվում յուրահատուկ տեղ են գրավում Մ․ Սարյանի ստեղծած Սունդուկյանի անվան թատրոնի վարագույրը, նրա էսքիզներով վիտրաժները («Հայհամերգ»-ի փոքր դահլիճում)։ Հ․ Գյուրջյանի, Դ․ Մերկուրովի, Գ․ Ցակուլովի, Ա․ Սարգսյանի, Ս․ Ստեփանյանի և ուրիշների սկսած նոր մոնումենտալ արվեստն իր զարգացումն է գտել հայ արվեստագետների ավագ, միջին և երիտասարդ սերնդի գործերում։ Ե․ Քոչարի «Սասունցի Դավիթ»-ը առաջնակարգ տեղ է գրավում այդ ասպարեզում։ Ազգային մոնումենտալ արվեստը Հայաստանում առաջընթաց է ապրում Գիյանջյանի, Ղ․ Չուբարյանի, Ա․ Հարությունյանի, Ն․ Նիկողոսյանի, Հ․ Մինասյանի, Վ․ Խաչատրյանի, Ե․ Վարդանյանի, Ս․ Մանասյանի, Ա․ Շահինյանի, Ա․ Գրիգորյանի, Գ․ Բադալյանի, Ս․ Նազարյանի, Ա․ Հովսեփյանի, Ռ․ Գառգալոյանի, Ա․ Շիրազի, Լ․ Թոքմաջյանի և ուրիշների ստեղծագործության շնորհիվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 19