Մոդեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոդեռն ոճ (ֆր.՝ moderne - նորագույն, արդիական), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եվրոպական և ամերիկյան արվեստի ոճական ուղղության անվանումներից մեկը։ Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում հայտնի է որպես «Նոր արվեստ» (Art Nouveau), Գերմանիա՝ «Ցուգենդստիլ» (Jugendstil), Ավստրիայում՝ «Աեցեսսիոնի ոճ» (Sezessionstil), Իտալիայում՝ «Լիբերտի ոճ» (stile Liberty), Իսպանիայում՝ մոդեռնիզմ (modernismo)։

Պատմությունը[խմբագրել]

«Մոդեռն» առաջացել է բուրժուական մշակույթի ճգնաժամի պայմաններում, որպես նեոռոմանտիկական բողոքի տարատեսակ՝ ընդդեմ գռեհկության, քաղքենիության, հակաէսթետիգմի, պոզիտիվիզմի և պրագմատիզմի։ «Մոդեռն»-ի գեղագիտությունը ձևավորվել է սիմվոլիզմի և էսթետիզմի, Ֆ․ Նիցշեի «Կյանքի փիլիսոփայության» գաղափարների ազդեցությամբ։ Ըստ նրա մի շարք տեսաբանների (բելգիացի Հ․ Կ․ վան դե Վելդե, որը հենվում էր Ու. Մորիսի սոցիալիստական ուտոպիաների վրա), «Մոդեռն» պետք է դառնար իր իսկ ազդեցությամբ ձևավորվող նոր հասարակության կյանքի ոճը, մարդկանց շուրջը գեղագիտորեն հագեցված առարկայական տարածական ամբողջական միջավայր ստեղծեր, նոր, ոչ ավանդական ձևերով ու հնարներով օժտված արվեստների սինթեզի, ժամանակակից նյութերի ու կոնստրուկցիաների օգնությամբ արտահայտեր դարաշրջանի հոգևոր բովանդակությունը։ «Մոդեռն»-ը ամենից ավելի հետևողականորեն իրագործվել է մենատների ճարտարապետության մեջ, բայց կառուցվել են նաև վարչական շենքեր, կամուրջներ, կայարանատներ, թատրոններ՝։

Մոդեռն-ի ձգտումները[խմբագրել]

«Մոդեռն»-ը ձգտել է վերացնել 19-րդ դարի բուրժուական մշակույթին բնորոշ գեղարվեստական և ուտիլիտար սկզբունքների հակադրությունը, գեղագիտորեն իմաստավորել կառուցվածքային նոր համակարգերը, արվեստին հաղորդակցել կյանքի բոլոր ոլորտներն ու մարդուն դարձնել գեղարվեստական ամբողջության մասնիկը։ Կապիտալիստական հասարակության շրջանակներում արվեստի միջոցով աշխարհը վերափոխելու ձգտումը խորապես ուտոպիստական էր։ Եվ գործնականորեն այն դարձավ բուրժուական կենցաղը ձևավորող առաջին, համեմատաբար ամբողջական գեղարվեստական ոճը։ «Մոդեռն»-ը 19-րդ դարի էկլեկտիզմին հակադրել է ոճավորված, ընդհանրացված, ռիթմիկորեն կազմավորված ձևի միասնությունը, ամբողջականությունն ու զարգացման ազատությունը, որի խնդիրն էր շնչավորել նյութաառարկայական միջավայրը, արտահայտել բեկումնային դարաշրջանի տագնապն ու լարվածությունը։ «Մոդեռն»-ի կազմավորման շրջանին (19-20-րդ դարերի սահմանագիծ) բնորոշ են ազգային-ռոմանտիկական հովերը, միջնադարի և ժողովրդական արվեստի նկատմամբ հետաքրքրությունները:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png