Սիմվոլիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերնանդ Կնոպֆ, «Ո՞վ կփրկի ինձ»

Սիմվոլիզմն արվեստում (գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։

Գրականության մեջ սիմվոլիզմի հետևորդներից հայտնի են՝ Ֆրանսիայում՝ Սռեփան Մալարմե, Արթյուր Ռեմբո, Պոլ Վեռլեն, Պոլ Վալերի, Բելգիայում՝ Մորիս Մետերլինկ, Էմիլ Վերհարն, Ավստրիայում և Գերմանիայում՝ Ռայներ Մարիա Ռիլկե, Նորվեգիայում՝ Հենրիկ Իբսեն, Ռուսաստանում՝ Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Բլոկ, Ֆյոդոր Սոլոգուբ, Կոնստանտին Բալմոնտ։