Պոլ Վեռլեն
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
| Պոլ Վեռլեն | |
|---|---|
բանաստեղծ |
|
| ԱԱՀ՝ | Պոլ Վեռլեն |
| Ծննդյան օր՝ | մարտ 30, 1844 թ. |
| Ծննդավայր՝ | Մեց, Ֆրանսիա |
| Վախճանի օր՝ | հունվար 8, 1896 թ. |
| Վախճանի վայր՝ | Փարիզ, Ֆրանսիա |
| Ազդվել է՝ | Շառլ Բոդլեր, Շառլ Լըկոնտ դե Լիլ, |
Պոլ Վեռլեն (ֆրանսերեն՝ Paul Verlaine), ֆրանսիացի բանաստեղծ (մարտ 30, 1844 - հունվար 8, 1896):
Կենսագրությունը [խմբագրել]
Ծնվել է 1844-ի մարտի 30-ին Մեց քաղաքում:
1851-ին նրա ընտանիքը հաստատվում է Փարիզում:
1853-1862 սովորում է Լանդրի դպրոցում և Բոնապարտ լիցեյում:
1858-ին գրում է «Մահը» բանաստեղծությունը և ուղարկում Վիկտոր Հյուգոյին: Լիցեյն ավարտելուց հետո
1862-ի հոկտեմբերին ընդունվում է իրավաբանական դպրոց:
1864-ին, հրաժարվելով իրավաբանական կրթությունից, աշխատանքի է անցնում իբրև ապահովագրական ընկերության ծառայող, ապա իբրև գործավար` քաղաքապետարանի բաժանմունքներից մեկում, հետո` Սենի պրեֆեկտուրայում:
1865-ին մամուլում տպագրում է հոդվածներ և բանաստեղծություններ, համագործակցում պառնասականների հետ:
1866-ին հրատարակում է «Սատուրնական քերթվածներ»-ը:
1867-ի սեպտեմբերի 2-ին մասնակցում է Շառլ Բոդլերի հուղարկավորությանը, դեկտեմբերի վերջերին Բրյուսելի թերթերից մեկը գաղտնի հրապարակում է նրա «Ընկերուհիներ» սոնետաշարքը, որը քրեական դատարանը դատապարտում է:
1869-ի մարտին լույս է տեսնում Վեռլենի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն` «Նրբակիրթ տոնահանդեսներ», գրում է «Բարի երգ» գրքի մեծ մասը: Նույն տարում հարբած վիճակում երկու անգամ փորձում է սպանել մորը: Հունիսին խնդրում է տասնվեցամյա Մաթիլդ Մոտեի ձեռքը:
1870-ի հունիսին լույս է տեսնում «Բարի երգ ժողովածուն», օգոստոսին կայանում է Վեռլենի և Մաթիլդ Մոտեի ամուսնությունը, սեպտեմբերին կամավոր մտնում է Ազգային Գվարդիայի շարքերը և դառնում քաղաքի Պետական բյուրոյի զին խմբագիր:
1871-ի սեպտեմբերին Արթյուր Ռեմբոն Շառլըվիլից մի քանի բանաստեղծություններ է ուղարկում Վեռլենին և վերջինի հրավերով հյուրընկալվում է Մոտեների տանը: Վեռլենը գրեթե ամեն օր գինարբուքի մեջ է, սկսում են ընտանեկան անհաշտ կռիվները, որոնք շարունակվում են որդու` Ժորժ Վեռլենի ծնունդից հետո: Տարվա վերջում ճամփորդում է Արդենում:
1872-ի հունվարին, հերթական ընդհարումից հետո, Մաթիլդը հեռանում է ամուսնուց և որդու հետ հաստատվում Պերիգոյում: Վեռլենն ապրում է Ռեմբոյի հետ մինչև մարտի սկիզբը: Մարտին Ռեմբոն մեկնում է Շառլըվիլ: Վեռլենը Մաթիլդի հետ վերահաստատում է ամուսնական կապերը, գաղտնի թղթակցելով Ռեմբոյի հետ, որը մայիսին վերադառնում է Փարիզ: Վեռլենը գրում է «Մոռացված արիետները»: Հուլիսին, լքելով կնոջն ու որդուն, Ռեմբոյի հետ ճանապարհորդում է Ֆրանսիայի հարավում և Բելգիայում: Սեպտեմբերի սկզբին նավարկում են Անգլիա: Շարունակում է աշխատել «Ռոմանս առանց խոսքերի» ժողովածուի վրա: Կինը դատական գործ է հարուցում ամուսնալուծության համար: Դեկտեմբերին Ռեմբոն վերադառնում է Ֆրանսիա, Վեռլենը միայնակ մնում է Լոնդոնում և հիվանդանում:
1873-ի հունվարին Ռեմբոն կրկին մեկնում է Լոնդոն, Վեռլենի մոտ, որին դրամով օժանդակում է մայրը: Ապրիլին երկու բանաստեղծները վերադառնում են Ֆրանսիա և կրկին բաժանվում: Կրկին հանդիպում են մայիսին և մեկնում Լոնդոն, որտեղ Վեռլենը ֆրանսերեն դասեր է դասավանդում: Հուլիսի սկզբին , թողնելով Ռեմբոյին Լոնդոնում, մեկնում է Բրյուսել, նամակներով ազդարարելով Մաթիլդին, իր մորը և Ռեմբոյին, որ ինքնասպան կլինի, եթե Մաթիլդը չհամաձայնի վերահաստատել ամուսնական կապերը: Վեռլենի մոտ Բրյուսել է մեկնում մայրը, մի քանի օր անց` Ռեմբոն:Հուլիսի 10-ին Վեռլենը, հարբած, ատրճանակով երկու անգամ կրակում է Ռեմբոյի վրա և թեթևակի վիրավորում: Նրան ձերբակալում են, դատապարտում երկու տարվա ազատազրկմամբ և 200 ֆրանկ տուգանքի: Պատիժը կրում է Մոնսի բանտում: Այս ընթացքում գրում է մի շարք բանաստեղծություններ, որոնք ընդգրկված են «Իմաստություն», «Մի ժամանակ և վերջերս» և «Զուգահեռաբար» ժողովածուներում:
1874-ին լույս է տեսնում «Ռոմանսներ առանց խոսքերի» ժողովածուն: Քաղաքացիական դատարանը վճռում է Վեռլենի և Մաթիլդ Մոտեի ամուսնալուծությունը:
1875-ի հունվարի 16-ին ազատվում է բանտից: Մայրը նրան տանում է Ֆամպու: Փետրվարին մեկնում է Շտուտգարտ` հանդիպելու Ռեմբոյին, որի հետ ապրում է ընդամենը երկու օր և նորից գժտվելով` ետ վերադառնում: Մարտի վերջին մեկնում է Լոնդոն ուսուցչության: Դասավանդում է Շթիքնեյում: Դեկտեմբերի 12-ին վերջին նամակն է գրում Ռեմբոյին, վերջնականապես խզելով կապերը նրա հետ:
1876-ին վերադառնում է Ֆրանսիա, դասավանդում Բուրնեմութի քոլեջում:
1877-ին ավարտում է «Իմաստություն» ժողովածուն: Հոկտեմբերին դասավանդում է Ռեթելի դպրոցում:
1878-ին մտերմիկ կապեր է հաստատում իր աշակերտ Լյուսիեն Լետինուայի հետ: 1879-ի սեպտեմբերին զրկվելով աշխատանքից, նորից մեկնում է Անգլիա` իր հետ տանելով Լետինուային: Դեկտեմբերին նրանք վերադառնում են Ֆրանսիա:
1880-ին Լյուսիեն Լետինուայի հոր անունով մի անունով մի ագարակ է գնում Ժյունիվիլում և հաստատվում այնտեղ Լյուսիենի և նրա ծնողների հետ: Աշնանը Լյուսիենը մեկ տարով զորակոչվում է բանակ, և Վեռլենը նրա ետևից մեկնում է Ռեյմս, աշխատանքի անցնելով տեղի դպրոցներից մեկում: Նոյեմբերին լույս է տեսնում «Իմաստություն» ժողովածուն:
1881-ին ավարտում է «Մի ֆրանսիացու ճամփորդությունը Ֆրանսիայում» հուշագրությունը: Աշնանը Լետինուան զորացրվում է:
1882-ին, վաճառելով Ժյունիվիլի ագարակը, վերադառնում է Փարիզ, վերահաստատում կապերը մայրաքաղաքի գրական շրջանակների հետ:
1883-ին 23-ամյա հասակում տիֆից մահանում է Լյուսիեն Լետինուան: Վեռլենի մայրը Լետինուայի ծնողներից գնում է մի ագարակ Կուլոմում, որտեղ հաստատվում է որդու հետ:
1884-ին առանձին գրքով լույս է տեսնում Վեռլենի «Անիծված բանաստեղծները», այնուհետև` «Մի ժամանակ և վերջերս» բանաստեղծությունների ժողովածուն:
1885-ին կատաղության նոպայի մեջ մի նոր մահափորձ է կատարում մոր դեմ և դատապարտվում մեկ ամսվա բանտարկության: Բանտից ազատվելով` վերադառնում է Փարիզ: Պառկում է Բրուսեի հիվանդանոցում` ծնկի հիդարթրոզով:
1886-ի հունվարի 21-ին մահանում է մայրը: Հիվանդության պատճառով Վեռլենը չի կարողանում մասնակցել մոր հուղարկավորությանը: Գրեթե ընչազուրկ է: Բուժվում է Տենոնի և Բրուսեի հիվանդանոցներում: Տպագրում է «Լուիզ Լըկլերկ», «Մի ամուրիի հուշերը» երկերը և Ռեմբոյի «Պայծառացումները»:
1887-ին գրեթե ամբողջ տարին անց է կացնում հիվանդանոցներում:
1888-ին լույս է տեսնում Շառլ Մորիսի «Պոլ Վեռլեն» գիրքը, իսկ Վեռլենը հրատարակում է «Սեր» բանաստեղծական ժողովածուն և «Անիծված բանաստեղծների» ամբողջական տարբերակը:
1889-ին լույս է տեսնում «Զուգահեռաբար» ժողովածուն: Նույն տարում անընդհատ հիվանդանոցից հիվանդանոց է տեղափոխվում:
1890-ին տպագրվում է «Ընծայականներ» գիրքը, որին հետևում է «Կանայք» գրքի գաղտնի հրատարակությունը:
1891-ի մայիսին Արտ թատրոնը ի նպաստ Վեռլենի և Պոլ Գոգենի տալիս է մի ներկայացում, որի ծրագրում էր նաև Վեռլենի «Ոմանք և մյուսները» մեկ գործողությամբ չափածո կատակերգությունը: Տպագրվում են «Երջանկություն» և «Ընտիր բանաստեղծություններ» ժողովածուները, իսկ տարվա վերջին` «Երգեր նրա համար» և «Իմ հիվանդանոցները» գրքերը:
1892-ին դուրս է գալիս հիվանդանոցից և ապրում Էժեն Կրանցի հետ: Ապրիլին հրատարակում է «Մտերմիկ պարագաներ» գիրքը: Օգոստոս-հոկտեմբերին նորից Բրուսեի հիվանդանոցում է, նոյեմբերին մեկնում է Հոլանդիա` մասնակցելու գրական համաժողովի:
1893-ի փետրվար-մարտին մասնակցում է Բելգիայում, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին` Անգլիայում կազմակերպված գրական համաժողովին, որտեղ դասախոսություններ է կարդում իր ստեղծագործությունների մասին: Հրատարակում է «Եղերերգություններ» և «Ներբողներ իր պատվին» ժողովածուները, ապա «Իմ բանտերը» և «Տասնհինգ օր Հոլանդիայում» գրքերը: Հուլիսին առաջադրվում է Ակադեմիայի անդամության թեկնածու:
1894-ի մեծ մասը հիվանդանոցում է: Մայիսին լույս է ընծայում «Լիմբոսներում» գիրքը: Լըկոնտ դը Լիլի մահից հետո հռչակվում է «բանաստեղծների արքա»: Ժողովրդական կրթության նախարարությունը նրան 500 ֆրանկ նպաստ է հատկացնում: Դեկտեմբերին հրատարակում է իր «Էպիգրամները»:
1895-ին, դուրս գալով հիվանդանոցից, կրկին ապրում է Էժեն Կրանցի հետ: Հուլիսին լույս է ընծայում «Խոստովանություններ» գիրքը: Հիվանդությունն ավելի է սրվում: Նրան դրամական օգնություն է հատկացնում բարձրաշխարհիկ անձանց և գրողների մի խմբակցություն:
1896-ի հունվարի 8-ին Վեռլենը վախճանվում է: Հունվարի 10-ին բազմահազարանոց սգո թափորը Փարիզի փողոցներով տանում է նրա դին Բատինյոլ գերեզմանատուն, որտեղ մահախոսականներով հանդես են գալիս Լըպլետյեն, Մորեասը, Կանը, Մենդեսը, Բառեսը, Կոպեն և Ստեֆան Մալարմեն:[1],
Պոլ Վեռլենը հայերեն [խմբագրել]
- Պոլ Վեռլեն, Ընտիր բանաստեղծություններ, Երևան, «Ապոլլոն» հրատարակչություն, 1995, 204 էջ, թարգմանությունը ֆրանսերենից և ծանոթագրությունները Հենրիկ Բախչինյանի:
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Պոլ Վեռլեն (1995)։ Ընտիր բանաստեղծություններ։ Երևան: Ապոլլոն, էջ 7-12։