Շառլ Բոդլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Բոդլեր

Շառլ Բոդլեր (Շառլ-Պիեռ Բոդլեր, ֆրանսերեն` Charles Baudelaire, 1821, ապրիլ 9 - 1867, օգոստոսի 31), ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան:

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Ծնվել է Փարիզում: Հայրը` Ժոզեֆ Ֆրանսուա Բոդլերը, Նապոլեոն Բոնապարտի օրոք հասել էր պետական բարձր դիրքերի: Բուրբոնների վերադարձից հետո պաշտոնաթող է եղել և մահացել 1827-ին: Մեկ տարի անց նրա կինը ամուսնանում է մայոր Օպիկի հետ, որը հետագայոմ դառնում է գեներալ և ստանձնում Փարիզի զինվորական պարետի պաշտոնը: Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն հոր հիշատակի և իր հանդեպ: Այս զգացումը նրան հետապնդում է մինչև կյանքի վերջը:

1833-ին Բոդլերը ընդունվում է նախ Լիոնի արքայական, ապա Փարիզի Լյուդովիկոս Մեծի քոլեջը: Այստեղ նա գրում է իր առաջին բանաստեղծությունները:

1839-ին բանաստեղծն անհայտ պատճառներով վտարվում է քոլեջից և տրվում բոհեմական կյանքին: Մայրը և հայրացուն նրան այդ մոլությունից ետ պահելու համար ուղարկում են ծովային ճանապարհորդության: Սակայն Բոդլերը Ռեյունյոն և Մավրիկոս կղզիներում կարճատև ճամփորդությունից հետո վերադառնում է Փարիզ: 1842-ին Բոդլերը արդեն չափահաս էր, և ստնալով հոր ժառանգությունը, սկսում է ինքնուրույն կյանք վարել: Մերձենում է երիտասարդ գրողների «Նորմանդյան դպրոց» խմբակցությանը, որը հետևում էր երկրորդ սերնդի «ամենամոլի» ռոմանտիկներին` Պետրյուս Բորելին, Ալոզիուս Բերտրանին, Ժերար դը Ներվալին: «Նորմանդականները» ապրում էին ցոփ ու շվայտ կյանքով, նրանց բոլորին իր խենթություններով Բոդլերը գերազանցում էր: Այդ շրջանում սկսում է նրա երկարատև կապը մուլատուհի Ժաննա Դյուվալի հետ: Երկու տարվա ընթացքում Բոդլերը վատնում է հորից ստացած ժառանգության կեսը, և ընտանիքի պահանջով նրա վրա հաստատվում է ցմահ խնամակալություն: Խնամակալությամբ նա ամսական ստանում էր մի համեստ գումար, որը չէր համապատասխանուն Բոդլերի ծախսերին և շուտով նա խրվում է պարտքերի մեջ, որից չի ազատվում մինչև կյանքի վերջը:

1845-ին լույս է տեսնում Բոդլերի առաջին արվեստաբանական ուսումնասիրությունը` «Սալոն 1845» գրքույկը: Այստեղ քննելով իր նախասիրած գեղանկարիչներին, հատկապես Էժեն Դելակրուայի արվեստը, հանգում է կրքոտ ու անկեղծ ռոմանտիզմի ջատագովությանը:

Բոդլերը մասնակցում է 1848-ի հեղափոխական իրադարձություններին: Հանրապետության հաստատումից հետո Շանֆլերիի հետ հրատարակում է «Հասարակական փրկություն» թերթը, որը լույս է տեսնում ընդամենը երկու համար:

Արդեն 1840-ականներին Բոդլերը պատրաստում է իր բանաստեղծությունների նշանավոր ժողովածուն` «Չարի ծաղիկները» խորագրով, որը լույս է տեսնում 1857հունիսին: Հեղինակին մեղադրում են հասարակական անբարոյականության մեջ, դատապարտում են են մի շարք բանաստեղծություններ և տուգանում թե' բանաստեղծին, թե' հրատարակիչներին: Սակայն Բոդլերի պաշտպանությամբ հանդես եկան ժամանակի առաջավոր մտածողները: «Ես ասում եմ կեցցե', ամբողջ ուժով ասում եմ կեցցե' ձեր հզոր տաղանդին»,-այսպես է նրան ողջունել Վիկտոր Հյուգոն:

«Չարի ծաղիկները» բազմաթիվ նոր բանաստեղծությունների համալրումով լույս է տեսնում 1861-ին, բայց դա էլ չի փրկում պարտքերից ու հալածանքներից:

1864-ին թողնում է Փարիզը և հաստատվում է Բրյուսելում` հույս ունենալով կարգավորել գործերը: Թարգմանում է Էդգար Պոյի ստեղծագործությունները և հրատարակում իր բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու («Բեկորներ», 1866): Նա շրջագայել է Բելգիայի քաղաքներում` ցանկանալով գիրք գրել այդ երկրի մասին: Սակայն այստեղ նա ծանր հիվանդանում է և վերադառնում Փարիզ, որտեղ կաթվածահար, մարմնական ու հոգեկան տառապանքների մեջ կնքում է մահկանացուն:[1],

«Չարի ծաղիկները» [խմբագրել]

Բոդլերի ստորագրությունը

«Չարի ծաղիկները» Բոդլերի բարձրագույն գեղարվեստական նվաճումն է: Ժողովածուի վրա բանաստեղծն աշխատել է գրեթե ամբողջ կյանքում: Նախապես ծրագրած է եղել գիրքը խորագրել «Լեսբոսուհիներ», ապա` «Լիմբոսներ»: Արդեն 1855-ին «Revue des Deux Mondes» ամսագրում «Չարի ծաղիկները» վերնագրով լույս է տեսնում Բոդլերի 18 բանաստեղծություններ: Նույն խորագրով գիրքը լույս է տեսնում 1857-ին:Այս հրատարակության մեջ ընդգրկված էր 100 բանաստեղծություններ, որոնցից վեցի վրա արգելք է դրվում:

Երկրորդ հրատարակությունն իրագործվում է 1861-ին: 126 բանաստեղծություն ընդգրկող այս ժողովածուից վեց դատապարտված գործերը դուրս են մնում: Դրանք դուրս են մնում նաև երրորդ հրատարակությունից, որը կատարվում է բանաստեղծի մահից հետո և ընդգրկում է արդեն 151 բանաստեղծություն:

Բոդլերը բազմիցս նշել է, որ «Չարի ծաղիկները» ոչ թե առանձին բանաստեղծությունների հավաքածու է, այլ ներկայացնում է մի ամբողջ գաղափարագեղարվեստական կառուցվածք, ուր ամեն բանաստեղծություն ունի իր տեղը:

«Չարի ծաղիկները» ձոնված է բանաստեղծ, արձակագիր և քննադատ Թեոֆիլ Գոթիեին, որը եղել է «արվեստը արվեստի համար» տեսության կրքոտ պաշտպան: Բոդլերը թվում է այս ընծայականով իր համակրանքն է հայտնել այդ տեսությանը: Դիմելով Գոթիեին` Բոդլռրն անտարակույս ավելի շատ նկատի է ունեցել նրա մարտաշունչ ռոմանտիկ անցյալը:

Ժողովածուն սկսվում է ընթերցողին ուղղված նախերգանքով, որից պարզորոշ երևում է, որ հեղինակը ձգտել է հետևել Դանթեի «Դժոխքին»: «Չարի ծաղիկների» առաջին հրատարակությունը, որն ընդգրկում էր այս նախերգը և 100 բանաստեղծություն, որոշ իմաստով կրկնում է «Աստվածային կատակերգության» կառուցվածքը, որը բաղկացած է նախերգանքից և 99 երգերից:[2]

«Սպլին և իդեալ» [խմբագրել]

«Չարի ծաղիկների» առաջին բաժինը` «Սպլին և իդեալ», ամենաընդարձակն է և կոմպոզիցիոն առումով ամենաբարդը: այն սկզբնավորող շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունները ներկայացնում են, այսպես ասած, գեղագիտական շարքը:

Բանաստեղծի ճակատագրի վերաբերյալ բոդլերյան տեսությունը բխում է այն ավանդական-ռոմանտիկական պատկերացումից, թե արվեստագետն ի վերուստ ներշնչված ընտրյալ անհատ է: Սակայն Բոդլերն իր հայացքն ավելի շատ բևեռում է բանաստեղծի երկրային տվայտանքներին` դիտելով նրան ոչ այնքան մեկուսացման, որքան մարդկանց հետ բազմաբարդ հարաբերությունների մեջ, թեկուզ և այդ հարաբերությունները խարսխված են փոխադարձ անըմբռնողության և անգամ թշնամանքի վրա: Այս գաղափարն են արծարծում բաժնի առաջին երկու քերթվածները («Օրհնություն», «Ալբատրոսը»):

«Օրհնություն» բանաստեղծության մեջ դրսևորվել է Բոդլերին բնորոշ և 19-րդ դարի ռոմանտիկական մտածողությունից սերվող այն գաղափարը, թե Վիշտը մարդկային հոգու ազնվության բարձրագույն վկայությունն է.

Գիտեմ նաև, որ Վիշտը ազնվությունն է միակ,
Որին հողն ու դժոխքը չեն անարգի երբևէ...

Բոդլերը արվեստի քննադատ [խմբագրել]

Բոդլերի ինքնանկարը

Բոդլերը շարունակաբար գրել է կերպարվեստի, գրականությանն ու երաժշտությանը վերաբերող հոդվածներ, ցուցահանդեսների տեսություններ, գրախոսականներ: Նկարչության հանդեպ դեռևս հորից ժառանգած սերը նրան պատանի հասակից մղել է դեպի կերպարվեստի ցուցահանդեսները, նկարիչների արվեստանոցները, հավաքույթները: Նա մտերմացել է Կուրբեի, Դոմիեի, Էժեն Դելակրուայի և բազում այլ անվանի նկարիչների հետ: Ի դեպ , բանաստեղծն ինքն էլ զուրկ չի եղել նկարչական շնորհքից, և ինչպես նրա մասին ասել է Դոմիեն, նա մեծ նկարիչ կդառնար, եթե չգերադասեր դառնալ մեծ բանաստեղծ:

Բոդլերի արձագանքները հայ իրականության մեջ [խմբագրել]

Բոդլերի ստեղծագործությունները վաղուց ի վեր մեծ արձագանք է գտել հայ իրականության մեջ: 19-րդ դարի վերջերին արդեն «Տարազ», «Մասիս», «Աղբյուր» և այլ թերթերում ու հանդեսներում տպագրվում են Բոդլերի թե' չափածո, թե' արձակ գեղարվեստական գործերից ` արևելահայերեն և արևմտահայերեն թարգմանությամբ:

Բոդլերի առաջին հայ թարգմանիչներից է Գ. Բաբուրյանը, որը Թիֆլիսի «Տարազ» շաբաթաթերթում 1897-ին տպագրել է փոքրիկ արձակ պոեմներից երկուսը:

Բոդլերը հայերեն [խմբագրել]

1975 թվականին Երևանում լույս է տեսել Բոդլերի «Արձակ պոեմներ» գիրքը։ [3]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Հենրիկ Բախչինյան (2004)։ Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 141-144։ 
  2. Հենրիկ Բախչինյան (2004)։ Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 145-147։ 
  3. Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 298։