Ֆովիզմ
Ֆովիզմը (ֆրանսերեն՝ fauve՝ վայրի) արվեստի մոդեռնիստական ուղղություն է, որը ձևավորվել է Ֆրանսիայում 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին և դրսևորվել է գեղանկարչության և երաժշտության մեջ:
Ֆովիզմը գեղանկարչության մեջ[խմբագրել]
1905 թ. փարիզյան ցուցահանդեսում ներկայացվեցին համարձակ և վառ գույներով կտավներ, որոնք, ինչպես դիտորդներին էր թվում, ճառագում էին կիրք և էներգիա: Ֆրանսիացի քննադատ Լուի Վոսելն վերոհիշյալ կտավների հեղինակներին անվանեց վայրի գազաններ (ֆրանսերեն՝ Les Fauves), և այդ պատահական պիտակը ժամանակի ընթացքում ամրագրվեց որպես տվյալ ոճի նկարիչների անվանում: Ֆովիստներն իրենց տարերային դինամիկ աշխատանքներում ընդգծում էին վառ գույների սրաթափանց մաքրությունն ու հակադրությունը, տեղակայված գույների ակնհայտ ինտենսիվությունը, ռիթմի սրությունը:
Ֆովիզմն արտահայտվեց տարածության, պատկերների և ծավալների կտրուկ ընդհանրացմամբ: Հատկանշական է՝ պարզ գույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստային համադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծման աստիճանի, ինչը մերժում է պատկերի լուսաստվերային ձևավորումը և գծային հեռանկարչության օրենքները: Գեղանկարչության նորաստեղծ ուղղությունը կարճատև կյանք ապրեց: Այն ներկայացնող նկարիչների խումբը փարիզյան ցուցահանդեսներին մասնակցեց միայն երեք տարի շարունակ՝ 1905-1907 թթ., որից հետո խումբը ցրվեց, իսկ ներկայացուցիչները շարունակեցին աշխատել գեղանկարչության տարբեր ուղղություններում:[1] «Վայրի գազաններ» անվանումը պատկերացում է տալիս, թե ինչպես է ապշեցրել գունային հուզավառությունն ու «վայրի» արտահայտչականությունն այդ ուղղության ժամանակակիցներին: Նկարիչները, մինչդեռ, երբեք չեն համաձայնել «վայրի գազաններ» պիտակավորման հետ: Շարժման առաջնորդներն էին Անրի Մատիսսը և Անդրե Դերենը: Նրանց ոգեշնչել էին պոստիմպրեսիոնիստներ՝ Վան Գոգը և Գոգենը, որոնք իմպրեսիոնիստներին հատուկ՝ փափուկ և բնական գույներից ավելի նախընտրում էին սուբյեկտիվորեն ընկալվող վառ, թունդ (ինտենսիվ) գույներ: Մատիսսն իր ստեղծագործական աշխատանքներում ներկայացնում է օպտիկական գույնի հեղաշրջում: Նրա նկարներում կնոջ քիթն, օրինակ, միանգամայն հնարավոր է, որ լիներ կանաչ գույնի, եթե դա կնոջը և ընդհանուր կոմպոզիցիային տալիս էր արտահայտչականություն: Մատիսսը պնդում էր. «Ես նկարում եմ ոչ թե կանանց, այլ՝ պատկերները»:
Ֆովիզմը երաժշտության մեջ[խմբագրել]
Երաժշտության և կերպարվեստի համատեղելիության հարցը որոշակիորեն դիտարկել է ռուս գեղանկարիչ, գծանկարիչ և կերպարվեստի տեսաբան Վ. Կանդինսկին` աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը: Նրա կարծիքով` գույնը միջոց է, որի օգնությամբ կարելի է անմիջականորեն ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա:
| Գույնը ստեղնաշար է, աչքը՝ մուրճիկ, իսկ մարդու հոգին՝ բազմալար դաշնամուր: |
Իր այս մտորումներում Կանդինսկին միայնակ չէր: Դեռևս 1905 թ. գերմանացի նկարիչ Ադոլֆ Հյոլցելը (գերմ.՝ Adolf Hölzel), ավարտելով իր «Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ» գեղանկարչական աբստրակտ ստեղծագործությունը, մեկնաբանեց այն հետևյալ կերպ.
| Առարկայի ֆիզիկական գոյությունը պարտադիր չէ այն նկարի համար, որն ըմբռնելի է երաժշտական առումով: |
Սկզբում կերպարվեստ ներթափանցեցին երաժշտական վերացական մեթոդները, հետո գեղանկարչության հիմնակառուցողական ազդեցությունը ներթափանցեց երաժշտության ասպարեզ, որի հետևանքում երևան եկավ երաժշտական լեզվի նոր համակարգ: Աբստրակցիան երաժշտության մեջ, որքան էլ որ դա տարօրինակ լինի, այս առումով գտնվում է կերպարվեստի վերջապահում: Ճիշտ այնպես, ինչպես գեղանկարչության մեջ, երաժշտության մեջ աբստրակցիոնիզմը հանդիպում է ավանգարդ ոճի դրսևորման տարբեր ուղղություններում: Երաժշտության մշակույթում աբստրակտ մեթոդի նախակարապետներն են համարվում երաժշտակական ֆովիզմը և ֆուտուրիզմը:
Երաժշտական ֆովիզմում առաջին պլան է մղվում ռիթմի և դինամիկայի դերը, որը համադրվում է պարզունակ թեմատիկ նյութի մեղեդու հետ: Սա առաջացնում է երաժշտական նյութի զարգացման բոլորովին նոր ձև, որտեղ գերիշխող նշանակություն են ստանում չափի և ռիթմի փոփոխականությունը (պոլիռիթմիան), հարմոնիայի և տեմբրի ինքնատիպ լեզուն:
Երաժշտական ֆովիզմն առավել վառ կերպով արտահայտվել է ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկու ստեղծագործական գործունեության վաղ շրջանի աշխատանքներում, Ս. Պրոկոֆևի և Բ. Բարտոկի ստեղծագործություններում:
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ John Elderfield, The "Wild Beasts" Fauvism and Its Affinities, 1976, Museum of Modern Art, p.13, ISBN 0-87070-638-1
- ↑ Кандинский В.В. Избранные труды по теории искусства: В 2-х т. – М.: Гилея, 2001.
|
|
|
|---|---|
| կլասիցիզմ • ռեալիզմ • իմպրեսիոնիզմ • պոստիմպրեսիոնիզմ • նեո-իմպրեսիոնիզմ • սիմվոլիզմ • յուգենդստիլ • էքսպրեսիոնիզմ • ֆովիզմ • աբստրակցիոնիզմ • կուբիզմ • դադաիզմ • նեո-պլաստիցիզմ • սյուրռեալիզմ • աբստրակտ էքսպրեսիոնիզմ • արտ դեկո • նեո-էքսպրեսիոնիզմ • |
|
|||||||||||||||||