Վերվոլկի խնդիրը միջին գոտում
Վերվոլկի խնդիրը միջին գոտում | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1991 |
«Վերվոլկի խնդիրը միջին գոտում» (ռուս.՝ «Проблема верволка в средней полосе»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին։ Պատմվածքի կենտրոնում Ռուսաստանում բնակվող մարդագայլերն են (վերվոլկները)։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հերոսը` ուսանող Սաշա Լապինը, գալիս է գյուղ` որոնելու այն վայրը, որը նա տեսել էր գրքի լուսանկարում։ Որոնումների ընթացքում նա մոլորվում է անտառում և հանդիպում մի խումբ մարդագայլերի, որոնք այդ պահին պատրաստվում են մարդկային կերպարանքը փոխելու գայլայինի[1]։
Սաշան նույնպես վերածվում է մարդագայլի։ Նա դառնում է ոհմակի լիիրավ անդամ, երբ մենամարտում հաղթում է մարդագայլ Նիկոլային, որը վարում էր գայլին անհարիր կյանք։ Գայլ դառնալու արդյունքում Սաշայի ինքնագիտակցության մեջ փոփոխություն է տեղի ունենում։ Նա հասկանում է, որ իր նախորդ կյանքը միայն երազ էր, և այժմ նա արթնացել է։ Սաշան ներդաշնակության է հասնում շրջապատող աշխարհի հետ։ Վերջում պարզվում է, որ նա ի սկզբանե էր հակված նման կերպարանափոխման (նա փնտրում էր գայլի լուսանկար)[1]։
Վերվոլկ բառը Պելևինի հորինած նորաբանություն է (գերմաներեն Werwolf-ից՝ մարդագայլ, և ռուսերեն волк-ից՝ գայլ)։ Սրանով հեղինակը շեշտում է եվրոպական երևույթի տեղափոխումը ռուսական հող[1]։
Մարդագայլերը պատմվածքում դրական կերպարներ են։ Նրանք պատերազմում են դարձորյակ բվերի հետ, որոնք մարմնավորում են չարիքը[1]։
Պատմվածքը լի է ռուսական հեքիաթներին ու բանահյուսությանը բնորոշ տարրերով, որոնք միահյուսված են արդիականության հետ։ Հեղինակն անդրադառնում է արդի աշխարհում մարդու դերի մասին XIX-XX դարերի ռուսական գրականության փիլիսոփայական հարցերին[1]։
Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է («Միջին գոտու վերվոլկներ» վերնագրով) «НФ-35» սերիական ժողովածուում[2] 1991 թվականին։ Նույն թվականին այն լույս է տեսել հեղինակի «Կապույտ լապտեր» առաջին գրքում, այնուհետև բազմիցս տպագրվել է հեղինակային այլ ժողովածուներում, ներառյալ՝ 1993 թվականին լույս տեսած պատմվածքների համանուն ժողովածուում։
Ինչպես իր շատ այլ ստեղծագործություններում, այս պատմվածքում նույնպես հեղինակը ստեղծում է հերոսների ընդհանուր աշխարհ, որոնք գրքից գիրք են տեղափոխվում։ «Վերվոլկի խնդիրը միջին գոտում»-ի հերոսներին կարելի է հանդիպել այլ պատմվածքներում և վեպերում (օրինակ՝ «Պետպլանի արքայազնը», «Դարձորյակի սուրբ գիրքը»)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айдачич Д. Перевертень (вовк) у східнослов’янських літературах // Мова і культура. — 2011. — Т. 4, вып. 14. — С. 245.(ուկր.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատմվածքի տեքստը Վիկտոր Պելևինի ստեղծագործության կայքում
- Պատմվածքի ձայնային տարբերակը. «Մոդել հավաքման համար»
- Ռադիոբեմականացում պատմվածքի հիման վրա. «Աուդիո թատրոն» Արխիվացված 2020-04-24 Wayback Machine (ռեժիսոր՝ Դմիտրի Ուրյուպին)