Աշխատակցել է կովկասահայ մամուլին («Մշակ», «Մուրճ»), տպագրել գիտական, քաղաքական, արվեստաբանական հոդվածներ։ 1906 թվականից կատարել է կուսակցական աշխատանք։ Ակտիվորեն մասնակցել է «Փոթորիկ» խմբի աշխատանքներին։ 1906 թվականին մասնակցել է Էջմիածնում գումարված ազգային ընդհանուր ժողովին։ 1909 թվականին, խուսափելով ցարական իշխանությունների հետապնդումներից, հաստատվել է Կ. Պոլսում, աշխատակցել «Ազատամարտին»։ 1913 թվականին գործել է Գերմանիայում (հետապնդումներից և ամբաստանություններից խուսափելու համար ձեռք է բերել անձնագիր՝ Դարբինյան Ռուբեն անունով և մինչև կյանքի վերջը կրել այդ անունը)։ Բեռլինում օգնել է գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը։
1917 թվականին եղել է Հայոց ազգային խորհրդի քարտուղար, 1920 թվականին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է, մինչև 1921 թվականի փետրվարը մնացել բանտում։ Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո (1921) անցել է Թեհրան, ապա՝ ԱՄՆ (Բոստոն), ուր խմբագրել է «Հայրենիք» օրաթերթը և ամսագիրը, գրել պատմագիտական կարևոր հոդվածներ, մասնավորապես՝ «Ինչ պայմաններու մեջ ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը» (1953), «Ի՞նչ կարելի է սպասել Ստալինի հաջորդներից» (1953) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։