Jump to content

Ռուսական վտանգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական վտանգը
ՀեղինակՌուբեն Դարբինյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքաղաքագիտություն
ԹեմաՀայ-ռուսական հարաբերություններ
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1920 հունիսի 9-հուլիսի 8[1]
Նկարագրում էՀայ-ռուսական հարաբերություններ, Հայաստանի քաղաքականություն, Ռուսաստանի քաղաքականություն
Էջեր55
Երկիր Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակիչ«Ուրարդիա» էլեկտրոտպարան
Հրատարակման տարեթիվ1920
ՎիքիդարանՌուսական վտանգը

Ռուսական վտանգը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանի հանրահայտ գիրքը, որը լույս է տեսել 1920 թվականին[2]։ 1991 թվականին գիրքը վերահրատարակվել է Երևանում՝ «Ազատ խոսք» հրատարակչությունում[1]։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես գրում է գրքի 1991 թվականի վերահրատարակված նմուշի նախաբանում պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը, «Ռուսական վտանգը» է 1920 թվականի ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացման, Հայաստանում դրան հաջորդած Մայիսյան խռովության, այսինքն՝ Այսրկովկասում Ռուսաստանի կրկին երևալու ազդեցության տակ, համենայն դեպս՝ հունիսի 9-ից մինչև հուլիսի 8-ը այն պարբերաբար հրատարակվել է Երևանի «Յառաջ» օրաթերթում «Ռուսական ճակատի վրա (վերագնահատումներ)» խորագրով[1]։

Հայ պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը 1991 թվականի վերահրատարակված նմուշի «Երկու խոսք» անվանված նախաբանում գրում է հետևյալը գրքի մասին[1]՝

Զարմանալի փաստ՝ 160 տարի մասնակիորեն ընդգրկված լինելով Ռուսաց կայսրության կազմի մեջ, ավելին՝ մոտ երեք հարյուրամյակ գտնվելով այդ պետության աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտում, հայությունը թերացել է իրապաշտ հայացքով զննելու ռուսական իրականությունը, պատմությունը, հոգեբանությունը։ Կարելի է վստահաբար ասել, որ մեզանում բացակայել է քաղաքական ռուսագիտությունը (ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի նկատմամբ մշակված հանգամանալից մոտեցումների ու ծրագրերի)։ Սրա պատճառները շատ են, բայց խորքայինը, ամենագլխավորը և հանրահայտը հետևյալն է. հայ ժողովուրդը տևականորեն զրկված էր ազգային պետականությունից, հետևաբար՝ նաև պետական քաղաքականությունն ու մտածողություն կերտելու հնարավորությունից։ Պատահական չէ, ուրեմն, այս աշխատության ծննդյան ժամանակը՝ 1920 թվական - առաջին ամիսներին՝ յոթդարյա անտերության աղետից հետո նորահաստատ Հայաստան պետության (Հանրապետությա՛ն) ներքին ամրապնդման և միջազգային ճանաչման տարի, այնուհետև, ապրիլից սկսած՝ արտաքին ճնշումների տակ նվաճածը կորցնելու զարհուրելի կանխազգացումի և տիտանական պայքարի շրջան։

Բանն այն է, որ հայ քաղաքական մտքի «հայտնությունների» այս թանձրույթը երկնելու համար անհրաժեշտ էին (ոչ միայն «ու, թերևս, ոչ այնքան») հայության երեսնամյա հերոսական կամ անմեղ գերնահատակությունները, այլև Այսրկովկասից ռուսական զորքի աներևակայելի, անմտածելի և անսպասելի նահանջը, ու նաև, առավելաբար՝ հասարակական օրիենտացիոն մտաքարացումները փշրող հայ պետականության երկամյա գոյությունը։

«Ռուսական վտանգը» մի շլացուցիչ և ուշքի բերող ապտակ էր (և է՛) «ռուսական այն հախուռն օրիենտացիային», «որ մենք ընդգրկել էինք ազգովին», և որը «ոչ թե արդյունք էր ռեալ քաղաքական մտածողության կամ հաշիվների, այլ մի անհաղթելի հասարակական պսիխոզ էր, մասսայական խենթություն»։ Ժամանակի թելադրանքով, հայ քաղաքական մտայնության «անպաշտպան մնացած ռուսական ճակատում» այս երկը կարևոր դիրքեր էր գրավում. առաջինը՝ ռուսների տիրապետության տակ ապրելու «նպատակահարմարության» դեռ լիովին չմեռցված ստրկամիտ գաղափարի դեմ, երկրորդը՝ ռուսական նորահաս անաստված կրոն բոլշևիզմի դեմ։ Թվում է, վերջինի ազդեցությամբ են գրվել հեղինակի երբեմն շատ խիստ ու կտրուկ եզրահանգումները ռուս հասարակության, մշակույթի, գրականության վերաբերյալ։ Միաժամանակ, այստեղ անընդունելի է, պատմական ժամանակաշրջանից կտրվելով, ռուս ժողովրդի դեմ ուղղված որևէ վիրավորանք փնտրել։ «Ռուսական վտանգն» այդպես ընկալելու ցանկություն ունեցողներին խորհուրդ կտայինք կարդալ ռուս ամենատաղանդավոր փիլիսոփաներից մեկի՝ Նիկոլայ Բերդյաևի 1918 թ. լույս տեսած «Ռուսաստանի ճակատագիրը» գիրքը, որտեղ հարցադրումները նմանատիպ են կամ ավելի սուր ու, որոշ դեպքերում, իրոք վիրավորական (օրինակ՝ ռուսական հոգու «ստորության, անազատության, արժանապատվության բացակայության, ընտրության» ռուսների՝ «ամենաապաքաղաքական» «կանացի, կրավորական և հնազանդ» ժողովուրդը լինելու, «ծույլ և անգործուն» միտք ունենալու և այլնի մասին:) Մի քանի տասնամյակ անց ամերիկացի աշխարհահռչակ ազգագրագետ Մարգարեթ Միդը խորհրդառուսական բռնատիրությունը բնութագրում էր որպես «ռուս ժողովրդի ավանդական հատկությունների և բոլշևիկյան գաղափարների խառնուրդ», որն ի հայտ է գալիս «ծուլության, ենթակարգության խախտման նկատմամբ անհանդուրժողականության, առանց հարկադրանքի աշխատելու անընդունակության, մարդկության բոլոր մեղքերի ընդունման և դրան համար պատասխանատվության զգացումի» մեջ։

Ինչևիցե, Ռուբեն Դարբինյանի այս փոքրածավալ գրքույկը չխամրած լուսատու է մեր Անկախության ճանապարհին։ Եվ միայն հայոց պետական մտքի 70-ամյա ընդհատման հետևանքով է, որ հայ քաղաքական ռուսագիտության, նաև՝ քաղաքական հայագիտության երախայրիքներից այս մեկը իր պայծառությամբ ցարդ, ցավով ենք նշում, մնացել է չգերազանցված։ Շեշտենք՝ իր հարցադրումների ամբողջականությամբ և չարաբախ կենդանությամբ, «Ռուսական վտանգը» մի ուղեցույց է, որով շարժվել ու դեռ շարունակելու է շարժվել հայ ազգային-քաղաքական-պետական արդեն ոչ տարանջատված, այլ եռամիասնական միտքը։
- Արմեն Այվազյան, 1991 թվական[1]
Գրքի տիտղոսաթերթը

Գիրքը կազմված է 12 մասից՝

I. Երկու ճակատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գլխում Դարբինյանը գրում է, որ «հայ ազգն իր պատմության վերջին շրջանում եղել է երկու մեծ ժողովուրդների՝ ռուսի և թուրքի լծի տակ և հզորապես ենթարկվել է նաև նրանց մտավոր ու բարոյական ազդեցությանը», սակայն «...մինչդեռ, մի կողմից՝ քաղաքական պայմանները, մյուս կողմից՝ հայ ժողովրդի սահմանափակ ուժերը թույլ չէին տալիս, որ այդ պայքարը լիներ երկու ճակատների վրա էլ միաժամանակ և միևնույն թափով»։ 1920 թվականի դրությամբ, ըստ Դարբինյանի, «...հայությունն իրոք կռվել է միայն մեկ ճակատի, թուրքական ճակատի վրա»։ Ընդ որում, վկայում է Դարբինյանը, «թուրքը ճնշել է միայն գերազանցապես իր ֆիզիկական զորությամբ, իր քաղաքական կազմակերպությամբ։ Այդ պատճառով հայ ազատագրական կռիվը թուրքի դեմ կրել է գերազանցապես ֆիզիկական և քաղաքական բնույթ»։ Սակայն ընդհանրապես այլ «...պատկեր է ներկայացնում հայ ժողովրդի ազգային պայքարի երկրորդ մեծ ճակատը՝ ռուսական ճակատը», քանի որ «կրոնական մեծ տարբերություն հայ և ռուս ժողովուրդների միջև չի եղել, ինչպես նաև չի եղել կուլտուրաների խոշոր տարբերություն»[2]։

Կրոնական մեծ տարբերություն հայ և ռուս ժողովուրդների միջև չի եղել, ինչպես նաև չի եղել կուլտուրաների խոշոր տարբերություն։

Ռուս ազգը հանձին իր պետության և ոչ միայն նվաճել էր ֆիզիկապես հայ ժողովրդի մի մեծ հատվածը, ոչ միայն ճնշում էր այն քաղաքականապես, այլ ամեն ջանք էր թափում տարրալուծելու հայ ազգությունը, ձուլելու այն իր մեջ և կուլտուրապես ու բարոյապես դիմազուրկ անելու։

Ռուս պետության այս հայակործան քաղաքականությանը նպաստում էին մեծապես և մեր երկրի տնտեսական պայմանները, որոնց շնորհիվ հայ բուրժուազիան և հայ ինտելիգենցիան դուրս էին եկել իրենց հայրենիքի սահմաններից և կենտրոնացել օտար վայրերում՝ Թիֆլիս, Բաքու, Մոսկվա...

Կտրված իրենց հայրենի հողից և հարազար ժողովրդից՝ հայ ինտելիգենցիան և հայ բուրժուազիան հարաճունորեն ենթարկվում էին այլասերման, օտարացման, բարոյալքման։ Աստճանաբար, միշտ ավելի սպառնական չափերով ռուսական ոգին, ռուսական կուլտուրան իր տիրական դրոշմն էր դնում հայ ինտելեգենցիայի և հայ բուրժուազիայի մտքի և զգացմունքների վրա։

Եվ պատմության դառն հեգնանքով մեր ազգի ռուսահայ հատվածի ամենաբարեկեցիկ և ուսյալ տարրերը, որոնք ուրիշ ազգերի մեջ սովորաբար ազգային կուլտուրայի գլխավոր մշակներն ու սպասավորներն են լինում, մեզ մոտ հետզհետե կորցնում էին իրենց ազգային դիմագիծը, իրենց բնական կապերը հարազար ժողովրդի հետ, անդիմադրելիորեն տոգորվում էին օտար գաղափարներով, օտար տրամադրություններով ու օտար մղումներով։

Բնական է, որ այս հանգամանքը մահացու հարված էր հասցնում մեր ազգային ուրույն կուլտուրայի զարգացման:

«Հայ քաղաքական ղեկավար շրջանները, ստիպված լինելով ուղղել իրենց բովանդակ ուժերը թուրքական ճակատի վրա, հանկարծ զարհուրանքով նկատել են այդ վտանգը և զգացել են, թե որ աստիճան անպաշտպան է մնացել հայ ժողովրդի թիկունքը - ռուսական ճակատը»[2]։ «Եվ կարելի է առանց չափազանցնելու ասել, թե ռուսական այն հախուռն օրիենտացիան, որ մենք ընդգրկել էին ազգովի, ոչ թե արդյունք էր ռեալ քաղաքական մտածողության կամ հաշիվների, այլ մի անհաղթելի հասարակական պսիխոզ էր, մասսայական խենթություն»[2]։ «Վտանգը նրանումն է, որ ռուսական թշնամին մեր մտքի, մեր սրտի, մեր կամքի մեջ է և մեր հոգու ներսից և կարծես ջլատում մեր դիմադրական կարողությունները, ներսից է սպանում մեր ինքնուրույնությունը և անկախությունը»։ Առաջին գլուխը Դարբինյանը եզրակացնում է այն մտքով, որ «ռուսական ճակատի վրա ևս, ինչպես երկար ժամանակ թուրքական ճակատի վրա, մենք պիտի հանդես գանք մեր բովանդակ ազգային ուժով - թե ֆիզիկական, թե մտավոր, թե բարոյական։ Ազգովին մենք պիտի ներշնչենք այն անդրդվելի գիտակցությամբ, որ ռուսն էլ մեր թշնամին է, քանի որ նա չի կամենում հաշտվել Միացյալ և Անկախ Հայաստանի գոյության հետ, և որ մենք կարող ենք կռվել և պետք է կռվենք նրա դեմ»[2]։

II. Մոնղոլական և սլավոնական տարերք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուբեն Դարբինյանի լուսանկարը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի արխիվից

Երկրորդ մասը Դարբինյանը սկսում է այն բանից, որ անհրաժեշտ է մեր կյանքի բոլոր ասպարեզներում արմատախիլ անել այն գերազանցապես բացասական հետքերը, որ թողել է մեկ դարի ռուսական տիրապետությունը՝ Հայաստանի քաղաքական անկախությունը և հայ ժողովրդի ազգային ինքնորոշումն ապահովելու համար։ Նա գրում է, որ «Ռուսաստանն այսօր պիտի մերժվի մեր կողմից ոչ միայն իբրև քաղաքական զորություն և քաղաքական սիստեմ, այլև իբրև կուլտուրական ազդեցություն, կուլտուրական արժեք»։ «Ռուսական աշխարհակալությունը մահվան է դատապարտված, ինչպես և թուրքականը»։ Դարբինյանը վկայում է, որ «միջազգային ուժերի փոխհարաբերություների արդի շրջանում Ռուսաստանը, ինչպես և Տաճկաստանը, կարող է հաստատել իր գոյությունը և ճանաչվել մեծ պետությունների կողմից՝ իբրև մի սոսկ ազգային պետություն։ Ռուսաստանը չպիտի կարողանա խաղաղություն ձեռք բերել, մինչև որ չհաշտվի այդ իրողության հետ»։ Դեռ 1920 թվականին Դարբինյանը վկայում էր, որ «Սովետական», «խորհրդային» կոչված սիստեմը ոչ այլ ինչ է, եթե ոչ ռուս ձևափոխված բռնապետություն։ Այդ սիստեմն ունի նույն բռնապետական տենդենցներն ու մեթոդները, ինչ որ մենք ճաշակեցինք ցարերի բռնապետական սիստեմի մեջ»[3]։

Դարբինյանը գրում է[3].

Հայ ժողովուրդը կարող է և պետք է որդեգրի միայն մի սիստեմ, որ հիմնվում է մեծամասնության կամքի վրա և որ, ուժերի նվազագույն լարումով, ընդունակ կլինի պահպանել երկրի ներքին խաղաղությունը։

Աշխարհիս երեսին այդպիսի մեկ սիստեմ կա միայն, և դա դեմոկրատիան, ռամկավարական հանրապետությունն է։

Փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնությանը։

Այս է հրահանգում մարդկային պատմության իմաստությունը։ Այս է պահանջում և՛ մեր հայրենիքի, մեր ազգի շահը:

Դարբինյանը դիպուկ կարծիք է արտահայտում ռուս մշակույթի վերաբերյալ, վկայելով հետևյալը[3].

Սակայն եթե ռուս պետականությունը խորապես ազդել է մեր հանրային մտքի վրա, անհամեմատ ավելի խոր արմատներ է գցել մեր ժողովրդի, մանավանդ վերին խավերի հոգու մեջ ռուսական կուլտուրան։

Ահա թե ինչու ռուսական կուլտուրայի, ռուս կուլտուրական արժեքների վերագնահատությունն այսօր, երբ հայությունը իր ազգային ազատ զարգացման հիմքերն է դնում, դառնում է մի ծայր աստիճան հրատապ խնդիր, հրամայական պահանջ։ Պետք է որ այդ կողմից ևս մենք ճշտենք մեր դիրքերը, պարզենք մեր վերաբերմունքը, ձևակերպենք մեր ազգային շահերին և ոգուն համապատասխան տեսակետներ։

Միայն այդպիսի աշխատանքի միջոցով է որ մենք ի վիճակի պիտի լինենք ազատվելու ոչ միայն ռուս պետականության ծանր լծից, այլ ռուսական կուլտուրայի ստրկությունից:

Հատկանշական է, որ Դարբինյանը կիրառելով «ռուսական ոգի» հասկացությունը, որն, ըստ իրեն, բխում է ռուսական մշակույթից, այդ «ռուսական ոգին» բաժանում է երկու «ներհակ ծայրերի»[3].

Ռուսական ոգին երկու ներհակ ծայրեր ունի։

Մեկը - մոլեգին մղումն է դեպի կոպիտ, բռնի ուժի և նրա պաշտամունքը։ Այդ ձգտումը բնազդական, ես պիտի ասեմ, օրգանական և բնական արտահայտություն է ռուս ժողովրդի երակների մեջ առատորեն հոսող մոնղոլական արյան։

Մյուսը - երազուն է, մեղկ, տարտամ, խորհրդապաշտ (միստիկ), անգործնական, կամազուրկ։ Դա ծնունդ է ռուսի սլավոնական արյան։

Մոնղոլական տարրը միշտ ակտիվ է ռուս ժողովրդի ոգու մեջ, մինչդեռ սլավոնականը գրեթե միշտ պասիվ, կրավորական։ Այդ պատճառով հաղթողն էր գրեթե միշտ մոնղոլական տարրը։

Ցարական ռեժիմը մոնղոլական ոգու, մոնղոլական տարրի տիրապետությունն էր Ռուսաստանում։

Ռուսական ընդդիմադիր, ազատական հոսանքները սլավոնական տարրն էին ներկայացնում:

III. Ռուսական ոգու երկություն և հիվանդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ գլխում Ռուբեն Դարբինյանը գրում է, որ դարերի ընթացքում ռուս բռնակալական ռեժիմը ճնշել, աղճատել, այլանդակել է ռուս ժողովրդի, մանավանդ ռուս մտավորականության հոգեկան աշխարհը, «մեծապես նպաստել է նրա հիվանդոտ կողմերի զարգացման, հրեշավոր չափերով ուժ է տվել այն ծայրահեղ, ներհակ հակումներին, որոնցով ի բնե այնքան հարուստ է ռուսական ոգին»։ Հեղինակը վկայում է, որ ռուս ժողովուրդը տառապում է նիհիլիզմով, մաքսիմալիզմով, բոլշևիզմով, որոնք «ռուս վատառողջ ոգու հիվանդոտ արգասիքներն են»։ Եվ, ըստ Դարբինյանը, «այս հոսանքները հիմնված են իրականության անպայման, անվերապահ ժխտման վրա»[4]։

Բացի այդ, Դարբինյանի կարծիքով, «ռուսական ոգու մեջ կա նաև մի մոլեգին օրգանական մղում ժխտելու, մերժելու Արևմտյան Եվրոպայի կուլտուրան և ես պիտի ասեմ նույնիսկ, առհասարակ ամեն մի կուլտուրա»։ Դարբինյանը գրում է[4].

Թշնամանքը դեպի կուլտուրական աշխարհն ու արժեքները, ատելիությունը դեպի քաղաքակիրթ մարդկությունը չափազանց ուժեղ է ռուս ժողովրդի մեջ և անկասկած ունի մոնղոլական ծագում, և այդ պատճառով նա այնքան հեշտությամբ և ոգևորությամբ յուրացնում է արևմտյան կուլտուրային հակառակ գաղափարներն ու նշանաբանները։ Այդ գաղափարներն ու նշանաբանները խոսում են ռուս ժողովրդի սրտի, հոգու խորքերից։

Այս տեսակետով ռուս ժողովուրդը կարող է համեմատվել միայն իր արյունակից թուրք-թաթարական ցեղի հետ։

Եվ իզուր չէ, որ ասում են՝ քերիր ռուսի կեղևը, և դուրս կգա թաթարը։

Եվ, իրավ, Արևմուտքը, Եվրոպան, ռուսական ոգու կեղևն է միայն կազմում, իսկ նրա էությունը արևելյան է, ասիական, մոնղոլական։

Արևմուտքը և Արևելքը, Եվրոպան ու Ասիան, սլավոնն ու մոնղոլը ռուսական ոգու մեջ դարերի ընթացքում չեն կարողացել հաշտվել, ձուլվել և մի ներդաշնակ ու օրգանական միություն կազմել։ Նրանք միշտ մնացել են անհաշտ, հակամարտ և մի ջլատիչ, տանջալից երկություն են առաջ բերել, մի մեծ, անանցելի վիհ են բացել ռուս մարդու հոգու մեջ։

Այդ պատճառով ռուսական ոգին եղել է հեղափոխ, հախուռն, երերուն, տարտամ:

Ռուբեն Դարբինյանը վկայում է, որ ռուսական ոգու լավագույն մարմնավորումը ռուս մտավորականությունն է, իսկ ռուսական ոգու լավագույն արտահայտիչը, հայելին, ռուս գրականությունն է[4]։ Հեղինակը համոզված է, «հիվանդ է այդ աշխարհը խորապես, այլանդակ է իր արտահայտությունների, իր մղումների մեջ։ Սարսափ է ներշնչում նա ամեն մի առողջ, նորմալ մարդու։ Շինարար տիպեր, դրական երևույթներ չկան այդ աշխարհում։ Ամեն ինչ խարխափում է երկու ծայրահեղությունների մեջ»։ Դարբինյանի կարծիքով, «լինել ոչ ազգասեր և ոչ հայրենասեր՝ դա ռուս ինտելիգենտի առաջին պահանջն է»[4]։

IV. Ազգամերժ ոգի և այլասերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ գլխում Դարբինյանը վկայակոչում է, որ «ազգությունն է հիմնական ճանապարհը մարդկային առաջադիմության։ Ազգության ինքնահատուկ ձևով է միայն, որ կատարվում է մարդկային ստեղծագործող աշխատանքը, կերտվում են մարդկության գերագույն արժեքները։ Ամեն մի առողջ կուլտուրա ծագում է և ծաղկում է ազգային հիմքի վրա։ Ազգությունը հզորագույն ազդակը, գերագույն ֆակտորն է ամեն մի կուլտուրայի»։ Բացի այդ, Դարբինյանը հետաքրքիր համեմատություն է անում. «Ազգությունը հիմք, նախապայմանն է միջազգայնության, ինչպես կապիտալիզմը հիմքն է ու նախապայմանը սոցիալիզմի։ Ամբողջ թափով նպաստել ազգության զարգացմանը՝ նշանակում է լավագույն կերպով նպաստել միջազգայնությանը»[5]։

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, Դարբինյանը պնդում է, որ «ռուսական պետությունը հիմնված էր բազմաթիվ ազգությունների և ցեղերի ստրկացման վրա։ Բռնի ուժի զորությամբ էր միայն, որ տիրող ռուս ազգը կարողանում էր իր լծի տակ պահել բոլոր այլազգի տարրերին»։ Դարբինյանը կարծում է, որ մշակույթը Ռուսաստանի միջոցներից մեկն է հարևան ազգերին կառավարելու համար[5].

Նրա կուլտուրան չէր կարող խորը թափանցել այդ տարրերի մեջ, և հազիվ ի վիճակի էր այլասերել, ապազգայնացնել նրանց վերին խավերը։ Պետությունը չէր կարող և չէր կամենում առողջ ազգային հիմերի վրա դնել բովանդակ երկրի և ժողովուրդնիեր զարգացումը, որովհետև այդ պիտի նշանակեր զարկ տալ կենտրոնախույս ուժերի աճման, այդ պիտի նշանակեր նաև առաջից հաշտվել այդ ուժերի ազատագրման անխուսափելիության հետ։ Մի խոսքով, այդ պիտի նշանակեր գիտակցորեն ընդառաջ գնալ այլազգի զանգվածների անջատմանը տիրող ռուս ազգից և հրաժարվել վերջինիս պատմական նվաճումներից, առանձնահատկություններից, արտոնություններից:

Մի խոսքով, Դարբինյանի կարծիքով, ռուսական մշակույթը, «ինքը դրված չլինելով առողջ հիմքերի վրա, սերմանում էր անտարբերություն կամ արհամարհանք դեպի ազգային իդեալները, դեպի ազգային ազատագրական պայքարը, դեպի այլազան ազգությունների ուրույն կուլտուրաները։ Նա ոչ միայն խթան չէր, այլև արգելք էր այդ ուրույն կուլտուրաների բնականոն զարգացման համար։ Նա տանում էր դեպի այլասերում, դեպի ապազգայնացում»[5]։

V. Թեոկրատիկ պետություն և ապազգային մտայնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ գլխում Դարբինյանն առաջ է քաշում այն թեզը, որ «որպես թեոկրատիկ պետություն, Ռուսաստանն ապազգային, աշխարհաքաղաքացիական, աշխարհակալական պետություն էր։ Ազգային պետություն նա չէր և չէր էլ կարող լինել»։ Բացի այդ, Դարբինյանի կարծիքով, «ռուսական հսկայավիթխար կայսրությունը շինված էր բռնի ուժով և կառավարվում էր սվինով ու մտրակով, հրով ու սրով։ Արտաքին նվաճումներ և ներքին պրոբլեմներ (ջարդեր) - ահա այն միջոցը, որով պահպանվում էր ռուս պետական սիստեմը»։ Ռուբեն Դարբինյանը տեսակետ է հայտնում, որ «ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ չէ հայտնաբերել ազգասիրության, հայրենասիրության պակասի կամ բացակայության այնպիսի հրեշավոր օրինակներ, ինչպես այդ մենք տեսանք ճապոնական և վերջին համաշխարհային պատերազմների ժամանակ և՛ ռուս ինտելիգենցիայի, և՛ ռուս հասարակության ամենալայն խավերի մեջ»[6]։

Դարբինյանը վկայում է[6].

Ռուս ինտելիգենցիան իր գաղափարական քարոզով ու ազդեցությամբ հզորապես նպաստել է հպատակ ազգերի կրթական դասի այլասերման, բարոյալքման, ապազգայնացման, օտարացման, կասեցրել է նրա ազգային երանգը, թմրեցրել է նրա մեջ ազգային արժանապատվության զգացումը և թունավորել է նրամ մեջ ազգային արժանապատվության զգացումը և թունավորել է նրա ազգային գիտակցությունը իր ցնորական տեսություններով ու վատառողջ մտքերով և երազներով։ Իր արհամարհանքով ու ծաղրով նա սիստեմատիկաբար ներշնչել է նպատակ ազգությունների կրթվող դասին մի հրեշավոր մտայնություն, որի պատճառով մարդիկ սկսել են ամաչել իրենց ազգային ծագումից, քաշվել իրենց մայրենի լեզվից, իրենց հարազատ միջավայրից...

VI. Անհատի ազատություն և ազգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուբեն Դարբինյանը Երևանի բանտում՝ Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացումից հետո, 1921 հունվար

Այդ գլխում Դարբինյանը կարծիք է արտահայտում, որ «բոլոր հպատակ ազգերից, որոնք ապրել են ռուսական լծի [ էջ ]տակ, հայ ժողովուրդը, եթե չհաշվենք միայն հրեաներին, թերևս ամենից ավելին աննպաստ պայմանների մեջ է եղել ազգային ինքնապաշտպանության ու զարգացման տեսակետով և բոլորից ավելի խորը կերպով կրել է ռուսական կուլտուրայի այլասերող ազդեցությունը»[7]։

VII գլխում Դարբինյանը վկայում է, որ «ամեն մի ազգի կուլտուրական ստեղծագործության ամենամեծ գործիքն է նրա լեզուն։ Եթե լեզուն դրված է այնպիսի անբնական պայմանների մեջ, որ նա չի կարող զարգանալ բնականոն կերպով, ապա վտանգվում է նաև ազգային կուլտուրայի նորմալ զարգացումը»։ Բացի այդ, հեղինակը վկայակոչում է այն փաստը, որ[8].

Ռուսերենի տիրապետությունը մեր բարձր դասերի մեջ ոչ թե մի օտար լեզվի գիտություն էր սոսկ, այլ բացարձակ վտարումն մայրենի լեզվի, հայերենի։ Մեր կրթված դասերը ոչ միայն սովորում էին խոսել ռուսերեն, այլ և մտածել ռուսերեն ու միաժամանակ արհամարհել իրենց մայրենի լեզուն։

Հայկական լեզվի, հետևաբար նաև հայկական կուլտուրայի զարգացման համար սա մի մեծ, անչափելի չարիք և դժբախտություն էր։ Եվ մեր ազգային այլասերման առաջին և ամենագլխավոր պատճառը այդ էր։

Աղճատվում, այլանդակվում էր հայ անհատի հոգեկան աշխարհը. ընթանում, աղավաղվում, հյուծվում էին հայ անհատի ստեղծագործական կարողությունները. Եվ դրա հետ միաժամանակ աղճատում, անդամալուծում էր և մեր բովանդակ կուլտուրայի զարգացումը:
Երկու տարի է, որ գոյություն ունի հայկական պետությունը։ Բայց մինչև օրս էլ, անգամ մեր պետական հաստատությունների մեջ, ռուսերենը շարունակում է պահպանել իր տիրապետող դիրքը։ Մենք մտցնում ենք այժմ ազգայնացնում, մենք ձգտում են հաստատել հայերենի տիրապետությունը մեր բոլոր պետական ու հասարակական հիմնարկությունների մեջ։ Սակայն կարո՞ղ ենք մենք հաջողություն ունենալ, եթե ռուսերենը տակավին շարունակում է իշխել մեր դպրոցում, մեր ընտանիքում, մեր բարձր, կրթված դասերի մեջ:

Դարբինյանի կարծիքով, «օտար լեզուների գիտությունը պարտադիր պիտի լինի ամենի մի կրթված հայի համար։ Բայց նախ՝ ոչ մի օտար լեզու, որքան էլ նա բարձր ու կարևոր լինի, չի կարող բռնել և չպետք է բռնի մայրենի լեզվի տեղը, և երկրորդ՝ օտար լեզուների մեջ անպայման գերադասություն պիտի տրվի համաշխարհային լեզուներին, այսինքն՝ անգլերենին, ֆրանսերենին կամ գերմաներենին»։ Բացի այդ, «քայլ առ քայլ ռուսական ամբողջ ճակատի վրա ռուս լեզուն անխնայորեն, անվերապահորեն դուրս պիտի շպրտվի այն բոլոր դիրքերից, որոնք ամենայն իրավամբ պիտի պատկանեն մեր պետական և ազգային լեզվին՝ հայերենին»[8]։

Դարբինյանը կարծում է, որ[8].

Ամեն մի գիտակից հայ ամենից առաջ պիտի կռվի ինքն իր դեմ, իր ռուսերեն խոսելու վատ սովորության դեմ։ Ոչ միայն իր հասարակական պարտականությունները կատարելիս, այլև իր մասնավոր հարաբերությունների մեջ ամեն մի հայ ինտելիգենտ պիտի աշխատի խոսել հայերեն և հայերեն խոսելը սովորություն պիտի դարձնի։

Բոլոր ուժերով մենք պետք է ձգտենք արմատախիլ անել հասարակության մեջ տիրող այն ախտավոր մտայնությունը, որով ռուսերեն խոսելը համարվում է բարեկրթության նշան, բարձր տոն։

Ամեն մի հայ պիտի սովորի հարգել, սիրել իր մայրենի լեզուն, պարծենալ հայերենի լավ գիտությամբ, մարզել իր միտքը հայ լեզվով։ Հայ լեզուն պիտի լսվի ամենուրեք - ոչ միայն պետական հաստատությունների մեջ և դպրոցներում, այլև փողոցներում, հրապարակներում, ընտանիքի մեջ, մասնավոր զրույցների ժամանակ, հասարակական ժողովներում։ [ էջ ]Եվ միայն այսպես է, որ մենք պիտի կարողանանք իրապես ազգայնացնել, հայացնել մեր անհատական ու հասարակական կյանքը և ազատվել ռուս լեզվի լծից, ստրկությունից:

VIII. Սոցիալիստական պսիխոզ և հակազգային տենդենց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Դարբինյանի կարծիքով, Հայաստանի հասարակական կյանքի «ոչ մի ասպարեզում թերևս այնքան ցայտուն կերպով հրապարակ չի գալիս ռուսական ազդեցությունը, որքան «քաղաքական աշխարհահայեցողության ձևավորման մեջ»[9]։ Դարբինյանի կարծիքով, «Ռուսական ազդեցությունը, - եթե մենք վերցնենք ռուս ինտելիգենցիայի մեջ տիրող մտայնությունը միայն, - արտահայտվում է երկու շատ բնորոշ կողմերով։ Առաջինը սոցիալիստական այն պսիխոզն է, որով ռուս կրթված հասարակությունը վարակված է անդիմադրելի ուժով ու ոչ մի երկրի մեջ չտեսնված չափերով։ Երկրորդը ապազգային կամ հակազգային այն տենդենցն է, որի նման դժվար է գտնել մի որևէ այլ ժողովրդի և ինտելիգենցիայի մեջ»[9]։ Դարբինյանը ութերորդ գլուխը եզրահանգում է հետևյալ մտքով[9].

Անտարակուսելի է, որ ռուս սոցիալիստական պսիխոզը շատ ուժեղ չափով վարակել է նաև ռուսահայ ինտելիգենցիան և ռուսահայ քաղաքական միտքը։

Ռուսի ազդեցությունը ակնհայտ կլինի միանգամայն, եթե համեմատության դնենք իրար ռուսահայ և թուրքահայ, կամ, առհասարակ, ոչ ռուսահայ ինտելիգենտին։ Կույր, հիվանդագին հակում դեպի սոցիալիստական գաղափարները և անդիմադրելի, մոլեգին ձգտում, ինչ գնով էլ լինի, այդ գաղափարները իրականացնելու կյանքի մեջ. ահա մի գիծ, որից իսպառ զուրկ է թուրքահայը, բուլղարահայը, ամերիկահայը, եգիպտահայը և այլն, և որ ա՛յնքան զարմանալի կերպով հատկանշում է ռուսա [ էջ ]հայ ինտելիգենտին, ինչպես և ռուս ինտելիգենտին։

Եվ մինչև որ ռուսահայ ինտելիգենցիան չթոթափի իր վրայից ռուսական ազդեցությունները, նա չպիտի կարողանա ազատվել նաև ռուս սոցիալիստական պսիխոզից, ռուս սոցիալիստական ռոմանտիզմից, որն այնքան խանգարում է հայ քաղաքական մտքի զգաստացմանը և հստակ, պարզորոշ ձևակերպմանը:

IX. Ազգային այլասերում և քաղաքական մտքի զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իններորդ գլխում Դարբինյանը վկայում է, որ ռուսաստանյան «ապազգային կամ հակազգային տրամադրություններն ու մտայնությունը իրենց խորը կնինքն են դրել» նաև Հայաստանի և հայերի «քաղաքական աշխարհայեցողության վրա»[10]։

Դարբինյանը գրում է[10].

Ճիշտ է, մեր ժողովրդի ազգային բնազդը՝ հակառակ բոլոր աննպաստ պայմաններին՝ միշտ էլ եղել է շատ ուժեղ և նույնիսկ անհաղթելի։ Սակայն մեր կրթված դասերը, շնորհիվ այն հանգամանքին, որ կտրվել են հայության մայր զանգվածից, շատ հեշտությամբ են ենթարկվել ռուսական մտքի ապազգայնացնող ազդեցության։ Հայ ինտելիգենցիան մասնավորապես մի զարմանալի տկարություն էր երևան բերում հանդեպ ապազգգային կամ հակազգային գաղափարների։ Այս տեսակետով առանձնապես ուշագրավ է վերջին երկու տասնամյակի ընթացքում մեր ինտելիգենցիայի և մեր քաղաքական մտքի զարգացումը։

Մեր կողմից՝ մեր ինտելիգենցիայի մի շատ զգալի մասը միանգամայն օտարանում, հեռանում էր հայ քաղաքական կյանքից և անձնատուր լինում հասարակական գործունեության ռուս միջավայրի մեջ ու սկսում ապրել անվերապահորեն ռուսական շահերով, մյուս կողմից՝ հայ ինտելիգենցիայի մի մասը, որ կապված էր հայ ժողովրդի և իրականության հետ, սկսում էր հետզհետե, միշտ ավելի ու ավելի ուժեղ կերպով, ներշնչվել ապազգային, իսկ երբեմն նույնիսկ հակազգային տրամադրություններով, սկսում էր տոգորվել ապազգային գաղափարներով ու մղումներով, աշխատելով միաժամանակ ապազգայնորեն գունավորել այն քաղաքական կազմակերպությունների աշխարհայեցողությունը, որոնք կանգնած էին ազգային տեսակետի վրա և հետապնդում էին գերազանցապես ազգային նպատակներ։

Ապազգայնացման այս պրոցեսը, որ կատարվում էր այս երկու ուղղությամբ, մեծապես կասեցնում էր մեր ժողովրդի ազգային կամքը և անչափելի վնասներ հասցնում մեր ազգային դաստին:

X. Ռուսասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասերորդ գլխում Ռուբեն Դարբինյանը վկայում է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը «էապես տարբերվում էր հայության այս կամ այն հատվածի մեջ ծագած քաղաքական կազմակերպություններից։ Այդ այն է, որ, մինչ՝ բոլոր հայ քաղաքական կազմակերպությունները հատվածային բնույթ ունեին և գործում էին միայն մի որոշ, սահմանափակ շրջանում, Հ.Յ. Դաշնակցությունը, ընդհակառակը, հայ քաղաքական դատի շնորհիվ, համազգային և համատարած մի հսկա կազմակերպություն էր»[11]։ Դաշնակցության մեջ, Դարբինյանը վկայությամբ, հավաքված էին «և՛ ռուսահայեր, և տաճկահաեր, և ամերիկահայեր, և եգիպտահայեր», ուստի «օտար ազդեցությունները, եթե երբեմն այս կամ այն պատճառով զգալի էին դառնում, ամեն պարագային տակ չէին կարող տևականորեն իշխել Հ.Յ. Դաշնակցության մեջ, որովհետև միշտ կար կամ առաջ էր գալիս այնտեղ հակակշիռ մի ուժ, որը ի վերջո վերականգնում էր խախտված հավասարակշռությունը։ Իսկ հավասարակշռություն պահողը կուսակցության մեջ ազգային դատն էր»։ Այս գլխում հեղինակը վկայում է, որ «ռուսահայերի նկատմամբ ռուսական ուժեղ ազդեցությունը անտարակուսելի է անշուշտ»[11]։ Դարբինյանը այս գլուխը եզրահանգում է հետևյալ մտքով[11].

Բալկանյան պատերազմի և 1914 թվի հաշախարհային հրդեհի ժամանակ Հ.Յ. Դաշնակցությունն իր աչքերը կրկին հառեց դեպի սահմանի այս կողմը, իսկ 1917 թվի փետրվարյան հեղափոխությունը եկավ ու վերստին ջերմացրեց հայ ժողովրդի, ինտելիգենցիայի և մասնավորապես Հ.Յ. Դաշնակցության սառած զգացումները հանդեպ Ռուսաստանի։ Թվում էր, թե ցարական սև ռեժիմի անկման հետ միասին, չքացավ նաև այն մղձավանջային ճնշումը, որով ռուս պետությունը կաշկանդում էր հայ ժողովրդի ազատ զարգացումը։ Թվում էր, թե ռուս հեղափոխական կուսակցությունները այլևս չպիտի կամենան ստորադաս, հպատակ վիճակի մեջ պահել հայ ժողովուրդը, ինչպես և այլ օտարազդի ժողովուրդները։

Սակայն դեպքերը նորից մի նոր, մեծ հուսախաբություն առաջ բերին հայ ժողովրդի և նրա ղեկավար քաղաքական շրջանների մեջ:

XI. Ռուսական իմպերիալիզմ և նրա արտահայտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գլխում Ռուբեն Դարբինյանը վկայում է, որ «ինչպես բովանդակ հայության, այնպես էլ հայ քաղաքական ղեկավար տարրերի վերաբերմունքը դեպի ռուսներն ու Ռուսաստանը մինչև վերջին ժամանակ կրում էր բացահայտորեն ռոմանտիկ բնույթ»։ Տասնմեկերորդ գլխում հեղինակը վկայում է[12].

Ռուսը, ինչ դրոշակով ու նշանաբանով էլ նա հրապարակ գա, աշխարհակալ է պատմականորեն. ամեն մի ռուս իշխանության մեջ, որքան էլ նա սոցիալիստական գունավորում ունենա, անխուսափելի կերպով պիտի երևան գան ռուս ժողովրդի ազգային ձգտումները, որոնք աշխարհակալական են անպայման։

Այս է այն հրահանգը, որ տալիս է մեզ ռուս ժողովրդի պատմությունը, ռուս կուսակցությունների գործունեությունը, ռուս պետության շահը և ռուս հեղափոխության վախճանական ընթացքը։ Այս է քաղաքական այն ռեալ տեսակետը, որով մենք պետք է ղեկավարվենք ճշտելու համար մեր դիրքը հանդեպ Ռուսաստանի, ռուս ժողովրդի և ռուս այլևայլ կուսակցությունների։

Ռուսական քաղաքականությունը, լինի դա ցարական, էսէրական թե բոլշևիկյան, միշտ եղել է նենգ ու երկդիմի՝ մանր ազգերի նկատմամբ։ Նենգ ու երկդիմի է եղել նա միշտ և է այսօր նաև՝ հայ ազգի վերաբերմամբ։

Այս մասին է, որ այսուհետև չպետք է լինի այլևս ոչ մի տարակույս:

XII. Երեկ և այսօր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ գլխում Ռուբեն Դարբինյանը վկայում է, որ «Ռուսաստանի տարերային և խուճապային փախուստը տաճկական ճակատից 1917 թվականին, որ ողբերգական վիճակի մատնեց ամբողջ հայ ժողովուրդը, մահացու վտանգ ստեղծելով վերջինիս ֆիզիկական գոյության համար, մի մեծ, իր նշանակությամբ անչափելի իրողություն էր, որ կոչված էր հիմնական հեղաշրջում առաջ բերելու թե հայ ժողովրդական մասսաների և թե հայ քաղաքական ղեկավար տարրերի հոգեբանության մեջ»[13]։

Վերջին գլխում հեղինակը համեմատում է Հայաստանի և Վրաստանը աշխարհագրական դիրքը, արտաքին վտանգները և դրանց հիման վրա կառուցվող վերաբերմունքը դեպի Ռուսաստան[13]։ Բացի այդ, Դարբինյանը գրում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանը «...չէր գիտակցում՝ կամ չէր կամենում գիտակցել քաղաքական այն պարզ ճշմարտությունը, թե ռուսը, որին նա բարեկամ է համարում, անհամեմատ ավելի մեծ թշնամի է դաշնակից պետությունների համար, քան թուրքը։ Հետևաբար բարեկամությունը ռուսի հետ կասկածելի և վտանգավոր էր դարձնում նաև հայի դիրքը և քաղաքականությունը դաշնակից մեծ տերությունների աչքում»[13]։ Դարբինյանը շարունակում է. «Համաշխարհային պատերազմի հոգեբանական ազդեցության տակ հայ ժողովուրդը ոչ միայն շարունակում էր թյուրիմացությամբ ռուսին համարել դաշնակիցների բարեկամը, այլև ի վիճակի չէր որևէ ընտրություն անելու նրանց միջև, մերժելու մեկի թեկուզ փոքրիկ անմիջական օգնությունը՝ ստանալու համար մյուս մեծ, թեև ոչ անմիջական աջակցությունը»[13]։

Դարբինյանը առաջ է քաշում կարևոր մի միտք[13].

Մի այսպիսի կացության մեջ, երբ հայ ժողովուրդը մեկ կողմից՝ գտնում էր արտաքին կործանարար ուժի շարունակական [ էջ ] ահեղ ճնշման տակ և մյուս կողմից՝ արտաքին օգնության հրամայական կարիք էր զգում, անկարելի էր հայ քաղաքական մտքի ազատ, անկաշկանդ ու անկախ զարգացումը, նրա կատարյալ ազատագրումը զանազան «պատմական» օրիենտացիաներից և անվերապահ որդեգրումը միակ նպատակահարմար ու տևական օրիենտացիայից - հայկական օրիենտացիայի։ Սակայն մեր երկամյա անկախ քաղաքական գոյությունը և մեր ազգային ազատագրական պայքարը, որ մենք հարկադրեցինք մղել գրեթե միայն մեր սեփական ուժերով, չէին կարող խոր ակոսներ չփորել մեր հոգու մեջ:

Շարունակելով միտքը, հեղինակը վկայում է[13].

Մեր գիտակցության ստորերկրյա ծալքերում աննկատելիորեն կատարվում էր ինքնամփոփման մի պրոցես, որը մի օր, երբ ռուսները նորից եկան իրենց ծանր թաթը դնելու մեր ուսերի վրա, պիտի հիմք դառնա մեր քաղաքական մտքի բյուրեղացման և ինքնորոշման համար։ Եվ եթե ռուսների հեռանալը Անդրկովկասից սկիզբն էր այդ պրոցեսի, կարելի է համարձակորեն ասել, թե նրանց այժմյան վերադարձը դեպի մեր սահմանները պիտի լինի վախճանը այդ պրոցեսի, որով վերջ է դրվում մեր քաղաքական անվերջ որոշումներին, խարխափումներին ու դեգերումներին և մեր ազգային քաղաքական միտքը, բոլորելով իր զարգացման սկզբնական շրջանը, դուրս է գալիս իր սեփական ուղու վրա և դառնում է ինքնուրույն և անկախ:

Դարբինյանն արտահայտում է հետևյալ մի տեսակետ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ[13].

Ռուսը մնացել է իրոք նույն ռուսը, իր աշխարհակալ ձգտումներով, իր ազգամերժ մտայնությամբ, իր օտարակեր տրամադրություններով։

Նա շարունակում է նայել մեզ վրա, որպես իր երեկվա ստրուկի վրա, որը հանդգնել է ապստամբել նրա դեմ և որին պետք է ենթարկել նախկին լծին։

Իսկ մե՞նք...

Մի՞թե նույնն ենք։ Մենք, որ երեկ դառնությամբ էինք բաժանվում մեր ստրկական վիճակից և քաղցրությամբ երազում հյուսիսային օտարների լծի մասին, այսօր զգում ենք մեզ ազատ ու անկախ և ունենք ազատ ու անկախ լինելու կուռ գիտակցությունն ու կամքը։

Այսօր մենք գտել են մեզ, ճանաչում ենք մեր ուժը և հպարտ ենք մեր ուժով, որովհետև նա է մեր միակ փրկությունը։

Այսօր մենք կարիք չունենք այլևս Հյուսիսից օգնություն սպասելու։

Այսօր մենք, ընդհակառակը, կարիք ունենք, որ Հյուսիսը մեզ հանգիստ թողնի, մեզանից հեռու մնա։

Այսօր մենք վախենում ենք Հյուսիսից, որովհետև մենք անկախ են և շատ թերահավատ, կասկածամիտ դեպի ամեն մի ուժ՝ որ գալիս է մեր դռները բախելու։ Ավելի ևս դեպի մի ուժ, որ երեկ մեր տերն էր և որ այսօր էլ չի հրաժարվել տակավին իր՝ տիրոջական հավակնություններից։ Այդպիսի հարևանի առաջ մեր դռները պիտի պինդ փակենք և միշտ արթուն մնանք ոտքից մինչև գլուխ սպառազինված, որպեսզի հանկարծակիի չգանք:

Վերջին գլուխը հեղինակը եզրափակում է հետևյալ նախադասությամբ. «նոր կյանք է սկսվել մեզ համար, նոր հորիզոններ են բացվել մեր առջև - և պետք է, որ մենք արժանի լինենք այդ նոր կյանքին և պատրաստ լինենք աչքաբաց ու համարձակ դիմագրավելու նոր հորիզոնները...»[13]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 , Ռուսական վտանգը, Երևան, «Ազատ խօսք», 1991 — 80 էջ։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ռուբեն Դարբինյան, Ռուսական վտանգը, Երևան, ««Ուրարդիա» էլեկտրոտպարան», 1920 — 3-8, էջեր 3-8 — 55 էջ։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ռուբեն Դարբինյան, Ռուսական վտանգը, Երևան, ««Ուրարդիա» էլեկտրոտպարան», 1920 — 8-13, էջեր 8-13 — 55 էջ։
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ռուբեն Դարբինյան, Ռուսական վտանգը, Երևան, ««Ուրարդիա» էլեկտրոտպարան», 1920 — 13-20, էջեր 13-20 — 55 էջ։
  5. 5,0 5,1 5,2 Ռուբեն Դարբինյան, Ռուսական վտանգը, Երևան, ««Ուրարդիա» էլեկտրոտպարան», 1920 — 21_25, էջեր 21_25 — 55 էջ։
  6. 6,0 6,1 Ռուբեն Դարբինյան, Ռուսական վտանգը, Երևան, ««Ուրարդիա» էլեկտրոտպարան», 1920 — 25-29, էջեր 25-29 — 55 էջ։
  7. Ռուբեն Դարբինյան, Ռուսական վտանգը, Երևան, ««Ուրարդիա» էլեկտրոտպարան», 1920 — 29-33, էջեր 29-33 — 55 էջ։
  8. 8,0 8,1 8,2 Ռուբեն Դարբինյան, Ռուսական վտանգը, Երևան, ««Ուրարդիա» էլեկտրոտպարան», 1920 — 33-36, էջեր 33-36 — 55 էջ։
  9. 9,0 9,1 9,2 Ռուբեն Դարբինյան, Ռուսական վտանգը, Երևան, ««Ուրարդիա» էլեկտրոտպարան», 1920 — 36-41, էջեր 36-41 — 55 էջ։
  10. 10,0 10,1 Ռուբեն Դարբինյան, Ռուսական վտանգը, Երևան, ««Ուրարդիա» էլեկտրոտպարան», 1920 — 41-44, էջեր 41-44 — 55 էջ։
  11. 11,0 11,1 11,2 Ռուբեն Դարբինյան, Ռուսական վտանգը, Երևան, ««Ուրարդիա» էլեկտրոտպարան», 1920 — 45-47, էջեր 45-47 — 55 էջ։
  12. Ռուբեն Դարբինյան, Ռուսական վտանգը, Երևան, ««Ուրարդիա» էլեկտրոտպարան», 1920 — 47-50, էջեր 47-50 — 55 էջ։
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Ռուբեն Դարբինյան, Ռուսական վտանգը, Երևան, ««Ուրարդիա» էլեկտրոտպարան», 1920 — 50-55, էջեր 50-55 — 55 էջ։
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ռուսական վտանգը