Նիկոլո Պագանինի
Նիկոլո Պագանինի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Niccolò Paganini[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1782[2][3][4][…] Ջենովա, Ջենովայի Հանրապետություն[5][3][6][…] |
Երկիր | Ջենովայի Հանրապետություն |
Մահացել է | մայիսի 27, 1840[2][3][4][…] (57 տարեկան) Նիս, County of Nice, Kingdom of Sardinia[5][3][6][…] |
Գերեզման | Villetta Cemetery[7] |
Ժանրեր | ակադեմիական երաժշտություն |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, ջութակահար, violin virtuos, վիոլինահար, կիթառահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | ջութակ, ալտ և կիթառ |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Niccolò Paganini Վիքիպահեստում |
Նիկոլո Պագանինի (իտալ.՝ Niccolò (կամ Nicolò) Paganini , հոկտեմբերի 27, 1782[2][3][4][…], Ջենովա, Ջենովայի Հանրապետություն[5][3][6][…] - մայիսի 27, 1840[2][3][4][…], Նիս, County of Nice, Kingdom of Sardinia[5][3][6][…]), իտալացի ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր։ Իր ժամանակի ամենահայտնի և վիրտուոզ ջութակահարն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլոն ծնվել է 1782 թվականին Ջենովա քաղաքում։ Նա Անտոնիո և Թերեզա Պագանինիների վեց երեխաններից երրորդն էր։ Վեց տարեկանից հայրը նրան սովորեցրել է նվագել ջութակ, յոթ տարեկանում նա հիանալի տիրապետում էր գործիքին, իսկ ինը տարեկանում տեղի ունեցավ նրա առաջին համերգը։ 1797 թվականին Պագանինին առաջին անգամ հոր հետ մեկնում է շրջագայությունների։ Երիտասարդ Պագանինին սովորել է տեղացի տարբեր ջութակահարների մոտ, այդ թվում Ջիովաննի Սերվետտոյի և Ջիակոմո Կոստայի մոտ, բայց նրա առաջըթացը գերազանցեց նրանց կարողությունները։ Ինքը՝ Պագանինին, երբեք չի նշել, որ սովորել է Սերվետտոյի մոտ, բայց նրա կենսագրաբանները հիշատակում են այդ փաստը [8]։ Այնուհետև Պագանինին հոր հետ մեկնեց Պարմա՝ ստանալու լրացուցիչ ցուցումներ Ալեսանդրո Ռոլլայից։ Բայց Պագանինիին լսելուց հետո, Ռոլլան անմիջապես Պագանինիին ուղղորդեց դեպի իր ուսուցիչ Ֆերդինանդ Պաերը և հետո, Պաերի ուսուցիչ՝ Գասպարո Գիրետտիին։ Թեև Պագանինին երկար չմնաց Պաերի և Գիրետտիի հետ, երկուսն էլ ունեցան զգալի ազդեցություն նրա ստեղծագործական ոճում։
Դեռևս երիտասարդ տարիքում նա արդեն գրում է մի շարք ստեղծագործություններ ջութակի համար (չնայած, դրանք չեն պահպանվել), որոնք բավականին բարդ էին, բայց Նիկոլոն հեշտությամբ կատարում էր դրանք։ Իր առաջին համերգը Պագանինին ունեցավ 1795 թ-ի հուլիսի 31-ին Սբ. Ագուստինի թատրոնում։ Նրանից հավաքված գումարը նախատեսված էր Պագանինիին Պարմա Ալեսանդրո Ռոլլի[9] մոտ ուսման ուղարկելու համար։ Համերգային ծրագրում ներառված էր նաև Պագանինիի՝ «Վարիացիաներ Կարմանյոլայի թեմաներով» ստեղծագործությունը։ Երիտասարդ Պագանինիի այս ստեղծագործությունը չի պահպանվել, բայց Ջենովայի հասարակությունը չէր կարող այն չհավանել։
Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացիները ներխուժեցին հյուսիսային Իտալիա 1796 թվականի մարտին. Ջենովան բացառություն չէր։ Պագանինիները ապաստան էին որոնում իրենց երկրի մաս կազմող Ռոմաիրոնում, Բոլզանետոյի մոտ։ 1800 թվականին Պագանինին և նրա հայրը ուղևորվում են Լիվոռնո, որտեղ Պագանինին նվագում էր համերգների ժամանակ, իսկ հայրը վերսկսում է իր ծովային կարիերան։ 1801 թվականին 18-ամյա Պագանինին արժանանում է Լուկայի Հանրապետության առաջին ջութակի կոչմանը, բայց նրա եկամուտի զգալի մասն ապահովում էր նրա անկախ գործունեությունը։ Նրա՝ ջութակահարի փառքին հակառակ նա նաև խաղամոլի և կնամոլի համբավ էր վայելում։ 1805 թվականին Լուկան միանում է Նապոլեոնական Ֆրանսիային, և նահանգն անցնում է Նապոլեոնի քրոջը՝ Էլիզա Բոնապարտին։ Պագանինին դառնում է Բոնապարտի արքունական ջութակահարը, միևնույն ժամանակ մասնավոր դասեր էր տալիս նրա ամուսնուն՝ Ֆելիսին։ 1807 թվականին Բոնապարտը դառնում է Տոսկանայի դքսուհին, և նրա արքունիքը տեղափոխվում է Ֆլորենցիա։ Պագանինին այդ միջավայրի մի մասն էր կազմում, սակայն 1809 թվականի վերջին նա հեռանում է Բոնապարտից՝ վերսկսելու իր անկախ գործունեությունը։
1797 թվականի սկզբում Պագանինին և նրա հայրը սկսեցին երիտասարդ երաժշտի առաջին համերգային շրջագայությունը, որն անցնում էր Միլանով, Բոլոնիայով, Ֆլորենցիայով, Պիզայով, Լիվոռնոյով։ Լիվոռնոյում Պագանինին մի քանի համերգ ունեցավ, իսկ մնացած ժամանակը հատկացրեց իր տեխնիկայի զարգացմանը և պարապում էր ինքնուրույն, առանց դասախոսների։ Շրջագայությունն ընդհատվեց ռազմական գործողությունների պատճառով, Պագանինին վերադարձավ Ջենովա, և շուտով իր ընտանիքի հետ տեղափոխվեց իր հորը պատկանող տուն, որը գտնվում էր Պոլչևարայում։ Այստեղ նա զբաղված էր իր կատարողական և կոմպոզիտորական հմտությունների զարգացմամբ։ Պագանինին հնարեց և նվագեց դժվարագույն վարժություններ, որոնք նման էին XVII դարի ջութակահար Վալտերի կատարած վարժություններին։ Նա այդ վարժությունները կատարում էր ժամերով, մինչև լիակատար հյուծվածության հասնելը[10]։
Վիրտուոզի շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդող տարիներին Պագանինին շարունակեց շրջագայել Պարմայի և Ջենովայի շրջաններում։ Չնայած նա շատ հայտնի էր տեղի հանդիսատեսի շրջանում՝ Եվրոպայի մնացած հատվածներում նա հայտնի չէր։ Պագանինիի առաջին բեկումնային համերգը տեղի ունեցավ 1813 թվականին Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում։ Համերգը մեծ հաջողություն բերեց։ Արդյունքում Պագանինին սկսեց գրավել այլ հայտնի, թեև ավելի պահպանողական երաժիշտների ամբողջ Եվրոպայում։ Նրա առաջին հանդիպումը Շարլ Ֆիլիպե Լաֆոնի և Լուի Շպորի հետ լուրջ մրցակցություն ստեղծեց Պագանինիի համար։ Այնուամենայնիվ, հաջորդող տարիներին նրա համերգային գործունեությունը սահմանափակվեց միայն Իտալիայի տարածքով։
Նրա համբավը տարածվեց ողջ Եվրոպայում, երբ 1828 թվականին նա Վիեննայից սկսեց իր համերգային շրջագայությունը, որը շարունակվեց Գերմանիայի, Լեհաստանի և Բոհեմիայի (ներկայիս Չեխիայի հանրապետություն) խոշոր քաղաքներում։ Այս շրջագայությունը ավարտվեց 1931 թվականին Ստրասբուրգում։ Սրան հաջորդեց շրջագայություներ Փարիզում և Մեծ Բրիտանիայում։ Նրա տեխնիկական ընդունակությունները և դա ցուցադրելու պատրաստակամությունը արժանացան քննադատների հավանությանը։ Բացի ստեղծագործություներից Պագանինին նաև կատարել է վաղ շրջանի կոմպոզիտորների՝ Ռոդոլֆ Կրեյցերի և Ջովաննի Բատիստա Վիոտտիի աշխատանքները (հիմնականում կոնցերտներ)։
Վերջին տարիների աշխատանք և առողջական խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ամբողջ կյանքի ընթացքում Պագանինիին հետապնդում էին քրոնիկ հիվանդությունները։ Չնայած որևէ հստակ բժշկական ապացույցի բացակայությանը՝ տարածված կարծիք կա, որ նա տառապում էր Մարֆանի[11][12] կամ Էյլերս-Դանլոսի համախտանիշով[13]։ Բացի այդ նրա համերգներով հագեցած գրաֆիկը, ինչպես նաև չափից ավելի շռայլ ապրելակերպն իրենց հետքը թողեցին նրա առողջության վրա։ Դեռևս 1822 թվականին նրա մոտ սիֆիլիս էր ախտորոշվել, և դրա դեմ դեղամիջոցը, որը ներառում էր սնդիկ և ափիոն, ֆիզիկական և հոգեբանական կողմնակի լուրջ բարդություններ առաջացրեց։ 1834 թվականին, երբ դեռ Փարիզում էր, Պագանինին բուժվում էր թոքախտից։ Թեև նա վերականգվեց ակնհայտորեն արագ, հետագայում նրա կարիերան տուժեց հաճախակի՝ առողջական խնդիրների (սկսած սովորական մրսածությունից մինչև ընկճախտ՝ մի քանի օրից մինչև ամիսներ տևող) պատճառած հետաձգումներից։
1834 թվականի սեպտեմբերին Պագանինին հրաժեշտ տվեց իր բեմական կարիերային և վերադարձավ Ջենովա։ Ի հակադրություն հայտնի համոզմունքի, ըստ որի Պագանինին ջանում էր թաքցնել իր՝ երաժշտության և տեխնիկայի հետ կապված գաղտնիքները, նա իր ժամանակը նվիրեց իր ստեղծագործությունների և ջութակ նվագելու մեթոդների հրապարակմանը։ Նա աշակերտներ ընդունեց, որոնցից երկուսը՝ ջութակահար Կամիլո Սիվորին և թավջութակահար Գայտանո Չիանդելլին, որոշակի հաջողության հասան։ Բայցևայնպես, նրանցից ոչ մեկը Պագանինիին օգնող և ոգեշնչող չհամարեց։ 1835 թվականին Պագանինին վերադարձավ Պարմա՝ այս անգամ աշխատելով Նապոլեոնի երկրորդ կնոջ՝ էրցհերցոգ Մարի Լուիզ Ավստրիացու համար։ Նրան վստահվել էր արքունի նվագախումբը վերակազմավորելու գործը։ Սակայն նա կոնֆլիկտ ունեցավ նվագողների և արքունիքի հետ և որպես արդյունք նրա մտադրություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Փարիզում նա ընկերացավ 11-ամյա վիրտուոզ Ապոլիներ դը Կոնտսկիի հետ և նրան որոշ դասեր տվեց։ Լայնորեն տարածված սխալ կարծիք կա այն մասին, որ Պագանինիին այնքան էր տպավորել Կոնտսկիի տաղանդը, որ նրան կտակեց իր ջութակները և ստեղծագործությունները։
Վերջին տարիներ, մահ և թաղում
[խմբագրել | խմբագրել կոդը]1836 թվականին Պագանինին վերադառնում է Փարիզ՝ խաղատուն բացելու։ Սակայն խաղատան անմիջական ֆինանսական անհաջողությունը նրան սնանկացրեց և աճուրդի հանեց իր անձնական ունեցվածքը՝ ներառելով իր երաժշտական գործիքները, որպեսզի փոխհատուցի իր կրած վնասները։ 1838 թվականի Սուրբ Ծննդյան տոնին Պագանինին Փարիզից տեղափոխվեց Մարսել և կարճ ժամանակ անց ճանապարհորդեց դեպի Նիցցա, որտեղ իր վիճակը ավելի վատացավ։ 1840 թվականի մայիսին Նիցցայի եպիսկոպոսը Պագանինիի մոտ է ուղարկում տեղի եկեղեցական համայնքի քահանային, որպեսզի նա կատարի վերջին ծիսակատարությունները։ Պագանինին արարողությունը համարեց վաղաժամ և մերժեց։
Մեկ շաբաթ անց՝ 1840 թվականի մայիսի 27-ին Պագանինին մահացավ ներքին արյունահոսությունից՝ նախքան քահանային հրավիրելը։ Նրա՝ սատանայի հետ կապ ունենալու ասեկոսեների պատճառով եկեղեցին հրաժարվեց նրա մարմինը Ջենովայում կաթոլիկ եկեղեցու կարգով հուղարկավորելուց։ Չորս տարի անց Հռոմի Պապի թույլտվությունից հետո միայն նրա մարմինը տեղափոխեցին Ջենովա, բայց չհուղարկավորեցին։
Նրա աճյունը վերջապես հանգիստ գտավ 1876 թվականին Պարմայի գերեզմանատանը։ 1893 թվականին չեխ ջութակահար Ֆրանտիշեկ Օնդրիցեկը, համոզեց Պագանինիի թոռանը՝ Ատիլային, թույլ տալ տեսնել ջութակահարի մարմինը։ Այս տարօրինակ դեպքից հետո 1896 թվականին Պագանինիի մարմինը վերջնական վերահուղարկավորվեց Պարմայի նոր գերեզմանատանը։
Պագանինիի մասին խոսքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետք է ուժեղ զգաս, որպեսզի ստիպես զգալ։
- Նիկոլո Պագանինի
|
Հունգարացի կոմպոզիտոր Ֆերենց Լիստը Պագանինիին անվանել է «տիեզերահռչակ և աննման ջութակահար», իսկ գերմանացի բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն՝ «հրո և ամպրոպի սյուն»։
«Իտալացի կոմպոզիտորների բախտը բերել է, որ երկաթե կամքի տեր Պագանինին չնվիրվեց օպերային, այլապես նա կստվերեր իր բոլոր մրցակիցներին»։ |
Պագանինին ունեցել է Ստրադիվարիուսի, Գվարներիի և Ամատիի թանկարժեք ջութակների հավաքածու։ Նրա ամենասիրելի ջութակը (վարպետ՝ Գվարների) պահվում է Ջենովայի քաղաքապետարանում՝ ապակե պահարանի մեջ։ Այդ ջութակը նվագելու իրավունք է ստանում ջութակահարների՝ Պագանինիի անվան ամենամյա միջազգային մրցույթի հաղթողը։ Նման պատվի է արժանացել նաև ջութակահար Հենրիկ Սմբատյանը, որը 1963 թվականի մրցույթում ստացել է դիպլոմ։
«Պագանինին պետք է կոմպոզիտորի իր տաղանդը հարգի ավելի, քան վիրտուոզ ջութակահարի՝ իր անսովոր հանճարը»։ |
Պագանինիի գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պագանինիի սեփականության ներքո կային մի շարք գործիքներ, որոնք ավելի լեգենդար էին, քան դրանց ձեռքբերման պատմությունը։ Դեռևս երիտասարդ տարիքում Լիվոռնոյում մի հարուստ գործարար Պագանինիին վարձակալությամբ ջութակ է տրամադրում։ Ջութակը պատրաստված էր վարպետ Ջուզեպե Գվարներիի ձեռքով և տրամադրվել էր Պագանինիին համերգին հանդես գալու նպատակով։ Բայց համերգից հետո գործարարն այնքան տպավորված էր, որ հրաժարվեց հետ վերցնել գործիքը։ Հենց այդ գործիքը հայտնի դարձավ որպես Գվարներիի գործիք։ Հետագայում, Պարմայում, Պագանինին Պասինիի հետ մրցման ժամանակ շահեց վարպետի մեկ այլ գործիք։ Պագանինիի մյուս գործիքների շարքում են Անտոնիո Ամատի 1600, Նիկոլո Ամատի 1657, Paganini-Desaint 1680 Ստրադիվարի, Գվարների-ֆիլիուս Անդրեա 1706, Լե Բրուն 1712 Ստրադիվարի, Մենդելսոն 1731 Ստրադիվարի ջութակները և Պիատտի 1700 Գոֆրիլեր, Սթենլայն 1707 Ստրադիվարի և Լանդենբուրգ 1736 Ստրադիվարի թավջութակները։ Այս գործիքներից չորսով Տոկիոյի լարային քառյակը հանդես է եկել համերգներով։
Պագանինիի ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պագանինին իր համերգների ընթացքում միայն իր ստեղծագործություններն էր նվագում, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնակի ազդեցությունն է ունեցել ջութակի վարպետության ձևավորման և զարգացման վրա։ Նրա 24 կապրիսները ստեղծվել են 1805-1809 թվականներին։ Նույն ժամանակաշրջանում են ստեղծվել նաև նրա՝ մենակատարների համար գրված ստեղծագործությունները։
Ընդհանուր առմամբ Պագանինիի ստեղծագործությունները տեխնիկապես հարուստ էին և պահանջում էին գործիքի ամբողջ հնչերանգի օգտագործում։ Նա հաճախ նմանակում էր տարբեր կենդանիների ձայնարկություններ։ Այսպիսի մի ստեղծագործություն է «Իսպանական պար» (Il Fandango Spanolo ) ստեղծագործությունը, որը պարունակում է ֆերմայի կենդանիների ձայնարկությունների մի շարք զվարճալի նմանակումներ։
Այնուամենայնիվ Պագանինիի ստեղծագործությունները քննադատվել են պոլիֆոնիկ ուղղվածության պակասի համար։ Իեհուդի Մենուհինը նշել է, որ սրա պատճառ կարող է լինել կոմպոզիտորի ստեղծագորղությունների հիմնվածությունը կիթառի և դրա տեխնիկայի վրա։ Պագանինիի համերգային ծրագրերում նվագախմբի հատվածները լիարժեքորեն լրացնում էին մենակատարին։ Իր ոճի այս կողմով Պագանինին նման է այնպիսի իտալացի կոմպոզիտորների, ինչպիսիք են Ռոսսինին, Պայիսելլոն և Դոնիցետին, ովքեր իրենց հերթին կրում էին Նեապոլի կիթառահարների միջավայրի ազդեցությունը։
Պագանինին շատ հայտնի կոմպոզիտորների ոգեշնչման աղբյուր է եղել։ Ե՛վ «Կամպանելլան», և՛ 24-րդ կապրիսը եղել են հաջորդ ժամանակաշրջանների կոմպոզիտորների ուշադրության կենտրոնում։ Ֆերենց Լիստը, Ռոբերտ Շումանը, Սերգեյ Ռախմանինովը, Բորիս Բլաչերը, Էնդրյու Լոյդ Վեբերը և մի շարք այլ կոմպոզիտորներ համաշխարհային մակարդակի ստեղծագործություններ են գրել՝ հիմնվելով վերոնշյալ երկուսի թեմատիկ հիմքի վրա։
- 24 կապրիս ջութակ-ի համար, Op.1, 1802-1817 թթ.
- № 1, մի մաժոր
- № 2, սի մինոր
- № 3, մի մինոր
- № 4, դո մինոր
- № 5, լյա մինոր
- № 6, սոլ մինոր
- № 7, լյա մինոր
- № 8, մի-բեմոլ մա-որ
- № 9, մի մաժոր
- № 10, սոլ մինոր
- № 11, դո մաժոր
- № 12, լյա-բեմոլ մաժոր
- № 13, սի-բեմոլ մաժոր
- № 14, մի-բեմոլ մաժոր
- № 15, մի մինոր
- № 16, սոլ մինոր
- № 17, մի-բեմոլ մաժոր
- № 18, դո մաժոր
- № 19, մի-բեմոլ մաժոր
- № 20, ռե մաժոր
- № 21, լյա մաժոր
- № 22, ֆա մաժոր
- № 23, մի-բեմոլ մաժոր
- № 24, լյա մինոր
- Վեց սոնատ ջութակի և կիթառի համար, Op. 2
- № 1, լյա մաժոր
- № 2, դո մաժոր
- № 3, ռե մինոր
- № 4, լյա մաժոր
- № 5, ռե մաժոր
- № 6, լյա մինոր
- Վեց սոնատ ջութակի և կիթառի համար Op. 3
- № 1, լյա մաժոր
- № 2, սոլ մաժոր
- № 3, ռե մաժոր
- № 4, լյա մինոր
- № 5, լյա մաժոր
- № 6, մի մինոր
- 15 քառյակ ջութակի, կիթառի և ալտի և թավջութակի համար, Op. 4
- № 1, լյա մինոր
- № 2, դո մաժոր
- № 3, լյա մաժոր
- № 4, ռե մաժոր
- № 5, դո մաժոր
- № 6, ռե մաժոր
- № 7, մի մաժոր
- № 8, լյա մաժոր
- № 9, ռե մաժոր
- № 10, լյա մաժոր
- № 11, սի մաժոր
- № 12, լյա մինոր
- № 13, ֆա մինոր
- № 14, լյա մաժոր
- № 15, լյա մինոր
Պագանինիի դրամատիկ կերպար
[խմբագրել | խմբագրել կոդը]Պագանինին կինոարտադրությունում ներկայացվել է մի շարք դերասանների կողմից, ներառյալ՝ Սթյուարթ Գրենգերը 1946 թվականի «Կախարդական աղեղ» կենսագրական ֆիլմում։ Պագանինիի կերպարը ներկայացրած դերասանների շարքում են նաև Ռոքսի Ռոթը, Կլաուս Կինսկին և Դևիդ Գարեթը՝ «Սատանայի ջութակահարը» ֆիլմում։ 1982 թվականին նկարահանված «Նիկոլո Պագանինի» սովետական ֆիլմաշարում կոմպոզիտորի դերում հանդես է եկել հայ դերասան Վլադիմիր Մսրյանը։ Ֆիլմաշարը կենտրոնանում է Պագանինիի և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու փոխհարաբերությունների վրա։ Ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկը սովետական մեկ այլ ականավոր դերասան Արմեն Ջիգարխանյանն է։ Ֆիլմում ներառված են նաև կոմպոզիտորի մասին մեծ տարածում ունեցող լեգենդներն ու առեղծվածները։ Ֆիլմի տեսարաններից մեկում Պագանինիի հակառակորդները կտրում են նրա ջութակի լարերը՝ թողնելով միայն մեկը, բայց կոմպոզիտորը շարունակում է համերգը նույնիսկ մեկ լարով։ Այնուամենայնիվ, իրականում Պագանինին ինքն է կտրել իր ջութակի լարերը համերգի ընթացքում իր վարպետությունը ցուցադրելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.digitale-sammlungen.de/de/view/bsb11142278
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Риман Г. Паганини (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 980—981.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Паганини Никколо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Paganini, Nicolo // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 20. — P. 449.
- ↑ http://www.cimiterodellavilletta.parma.it/villetta/scheda.asp?idItem=14390
- ↑ Տիբալտի-Կյոզա, 2008, էջ 26
- ↑ Տիբալտի Կյոզա, 2008, էջ 30
- ↑ Тибальди-Кьеза, 2008, էջ 41
- ↑ Schoenfeld, Myron R. (1978 թ․ հունվարի 2). «Nicolo Paganini – Musical Magician and Marfan Mutant?». The Journal of the American Medical Association. 239 (1): 40–42. PMID 336919. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Paganini's left hand». Violinist.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ "Creativity and chronic disease Niccolo Paganini (1782–1840)" by Paulf Wolf, in Western Journal of Medicine, November 2001, PMID 11694491
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Պագանինի» հոդվածին։ |
|